ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 փետրվարի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 2 | ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
6 փետրվարի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Սվետլանա Մաթևոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սվետլանա Մաթևոսյանը 18.01.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1192-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. դիմողի կարծիքով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1192-րդ հոդվածի 1-ին մասում առկա նորմը` նույն օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին մասին և 1199-րդ հոդվածի 1-ին մասին հակասելու հիմքով ստեղծում է իրավական անորոշություն և հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 39-րդ և 79-րդ հոդվածներին, որն էլ իր հերթին հանգեցնում է ՀՀ Սահմանադրության /06.12.2015թ. փոփոխություններով/ 61- րդ, 63-րդ հոդվածների խախտման:
Ըստ դիմողի` վիճարկվող իրավանորմի և կտակի ազատության սկզբունքի, ինչպես նաև ցանկացած գույքի վերաբերյալ կտակային հանձնարարություն տալու կտակարարի իրավունքի միջև առկա հակասությունն առաջ է բերում իրավական անորոշություն, քանի որ անձի համար անհասկանալի է, թե կտակում ինչպիսի գույքի վերաբերյալ կարգադրություն կարող է ներառվել:
Դիմողը գտնում է, որ անձը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ և 1199-րդ հոդվածներում առկա իրավակարգավորումը, կազմում է կտակ, որում ներառում է ինչպես սեփականության իրավունքով իրեն պատկանող, այնպես էլ չպատկանող և ապագայում ձեռքբերվելիք գույքի վերաբերյալ կտակային հանձնարարություն, սակայն իրավակիրառող մարմինը հիմք ընդունելով 1192-րդ հոդվածը` անվավեր է ճանաչում կտակը, քանի որ կտակ կազմելիս այդ գույքը կտակարարին չի պատկանել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելիս դիմողը գտնում է, որ «պատճառաբանված որոշում» արտահայտության չբացահայտվածությունը և անորոշությունը հանգեցնում են դատարանի կամայական մեկնաբանության, քանի որ չկա պատճառաբանվածության այն հստակ չափանիշը, որով դատարանը պետք է առաջնորդվի որոշում կայացնելիս:
Դիմողը նշում է նաև, որ վիճարկվող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանել է պահանջ, ըստ որի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված: Սակայն պատճառաբանվածության պարտադիր պահանջը չի վերաբերում այն դեպքերին, երբ բողոք է բերվել իրավունքի զարգացման անհրաժեշտության հիմնավորմամբ` առաջացնելով օրենսդրական բաց:
Դիմողի կարծիքով` վերոնշյալի համատեքստում իր համար անհասկանալի է և կանխատեսելի չէ դատարանի որոշումը, քանի որ անձը «իրավունքի զարգացման խնդրի» հիմքով բողոք բերելիս դատարանից ակնկալում է պատճառաբանված դատական ակտի կայացում, որը հնարավորություն կտա նաև հետագայում այդ հիմքով բողոք բերելու դեպքում իր վարքագիծը համապատասխանեցնել որոշման պատճառաբանական մասին:
3. Դատական կազմը ելնելով դիմումի և կից փաստաթղթերի
ուսումնասիրությունից` գտնում է, որ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1192-րդ հոդվածի առնչությամբ
Խնդրո առարկա դրույթի համաձայն` կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Այսինքն` օրենսդիրը, կանոնակարգելով ժառանգման իրավունքի իրացման հետ պայմանավորված հարաբերությունները, առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգություն կարող է բացվել բացառապես ժառանգատուին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին:
Անհատական դիմումին ներկայացվող պահանջներից է այն, որ դիմողը պետք է հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնց չպահպանումը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Խնդրո առարկա դիմումի շրջանակներում դիմողը չի հիմնավորել վիճարկվող դրույթի հակասահմանադրականության հետևանքով իր կողմից մատնանշված սահմանադրական իրավունքների խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ
Նշյալ դրույթի սահմանադրականությունը դիմողը վիճարկում է երկու առումով` նշելով, որ, նախ` այս դրույթում բացահայտված չէ «պատճառաբանված որոշում» արտահայտությունը, ինչը հանգեցնում է անորոշության, դատարանի կողմից կամայական մեկնաբանության, երկրորդ` առկա է օրենսդրական բաց այն առումով, որ պատճառաբանվածության պարտադիր պահանջը չի վերաբերում այն դեպքերին, երբ բողոք է բերվել իրավունքի զարգացման անհրաժեշտության հիմնավորմամբ: ՀՀ սահմանադրական դատարանը 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ մի շարք իրավական դիրքորոշումներ է արտահայտել վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշման պատճառաբանված լինելու վերաբերյալ` արձանագրելով, մասնավորապես, «... Սահմանադրական դատարանի գնահատմամբ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար: Վճռաբեկ վարույթում բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ոչ միայն վճռաբեկ բողոքի բովանդակության վերաբերյալ պարտադիր պայմաններ սահմանելը, այլև բողոքը վերադարձնելու պատճառաբանման նորմատիվ պահանջի սահմանումը... »: Նշյալ իրավական դիրքորոշումներում Սահմանադրական դատարանը շեշտադրել է այն, որ վճռաբեկ բողոքը վերադարձելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, և օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի այդ որոշման պատճառաբանման նորմատիվ պահանջի սահմանումը` չանդրադառնալով պատճառաբանվածության իրավական բովանդակության բացահայտման անհրաժեշտությանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դիմողի կողմից վիճարկվող` խնդրո առարկա դրույթը պարունակող 233.2-րդ հոդվածով լրացվել է 10.06.14 ՀՕ-49-Ն օրենքով, ըստ որի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Այսինքն` օրենսդրական հետագա փոփոխությունները կատարվել են Սահմանադրական դատարանի նշյալ որոշման մեջ արտահայտված` պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջին վերաբերող դիրքորոշումների համատեսքում: Ինչ վերաբերում է «պատճառաբանվածություն» եզրույթի իրավական բովանդակությանը, շրջանակներին, տարրերին, ապա յուրաքանչյուր կոնկրետ գործի առանձնահատկություններով պայմանավորված` «պատճառաբանվածություն» եզրույթը կարող է ունենալ տարբեր նրբերանգներ, և վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակներում է գտնվում նորմատիվ այս պահանջին բովանդակություն հաղորդելը: Հետևաբար, ՀՀ սահմանադրական դատարանի նշյալ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակում դիմողի առաջադրած փաստարկներն ակնհայտ անհիմն են: Ինչ վերաբերում է դիմողի այն փաստարկներին, որոնց համաձայն պատճառաբանվածության պարտադիր պահանջը չի վերաբերում այն դեպքերին, երբ բողոք է բերվել իրավունքի զարգացման անհրաժեշտության հիմնավորմամբ, ապա դրանք ուղղված են նշյալ դրույթի հակասահմանադրականության հիմնավորմանը ենթադրյալ օրենսդրական բացի լույսի ներքո: ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում Սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ- 914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածը, սահմանելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, ի թիվս այլնի, նշում է, որ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևությանը, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Օրենսդրորեն ամրագրված` «օրենքի միատեսակ կիրառություն» եզրույթն ընդգրկուն բովանդակություն ունի, և իրավունքի զարգացման խնդիրը դրա դրսևորումներից մեկն է: Ընդ որում, եթե մնացած դրսևորումներն ուղղակիորեն վերաբերում են անձի խախտված իրավունքների վերականգնմանը, և օրենսդիրը վճռաբեկ դատարանի համար պարտադիր է համարել դրանցից յուրաքանչյուրի բացակայության հիմնավորումը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելիս, ապա «իրավունքի զարգացման խնդիր» եզրույթն ունի այլ, ավելի վերացարկված բովանդակություն: Այս հարցում օրենսդրական կանոնակարգումը ևս ունի առանձնահատկություն առ այն, որ վճռաբեկ դատարանը պետք է գտնի, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, հետևաբար` պատահական չէ, որ օրենսդիրը դրա համար չի նախատեսել հիմնավորման պահանջ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Սվետլանա Մաթևոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
6 փետրվարի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 փետրվարի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
