Ա/Ձ ԱՐՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-48)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 սեպտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 48 | Ա/Ձ ԱՐՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Վ. Գրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 7 սեպտեմբերի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Ա/Ձ Արմիկ Հարությունյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ա/Ձ Արմիկ Հարությունյանի դիմումը (ներկայացուցիչ` Ա. Ծատինյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի օգոստոսի 25-ին, որով դիմողը խնդրել է. ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 11-րդ հոդվածին, 79-րդ և 81-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Վկայակոչելով Սահմանադրության մի շարք դրույթներ, Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերով արտահայտված իրավական դիրքորոշումներ դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի մեկնաբանությունը, որը տրվել է թիվ ՍնԴ/1500/04/21 սնանկության գործով սնանկության դատարանի և վերաքննիչ դատարանի կողմից, չի համապատասխանում Սնանկության մասին» օրենքի նպատակներին, քանի որ պարտատիրոջ միակողմանի կամահայտնությամբ բարեխիղճ պարտապանը զրկվում է իր բնականոն գործունեությունը շարունակելու, ֆինանսական դժվարությունները հաղթահարելու և կենսունակությունը վերականգնելու իրական հնարավորությունից, բացի դրանից, անհամաչափ կերպով սահմանափակում է վերջինիս սեփականության իրավունքը։ Նման մեկնաբանության արդյունքում պարտապանը կարող է զրկվել ֆինանսական առողջացման հնարավորությունից, ինչը օրենսդրի կողմից սահմանված սնանկության նպատակները դարձնում է հռչակագրային և խախտում է իրավական որոշակիության սկզբունքը: Վերոգրյալը, ըստ դիմողի, հանգեցնում է նաև արդար դատաքննության իրավունքի խախտման: Դիմողի պնդմամբ տվյալ պարագայում պարտապանի իրավունքների սահմանափակումը որևէ կերպ պայմանավորված չէ պարտատիրոջ շահերի պաշտպանության իրավաչափ նպատակով, քանի որ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման դեպքում ևս պարտատերն ամբողջ ծավալով ստանում է պարտավորության գումարն ըստ ժամանակացույցի: Այսինքն ըստ դիմողի առանց որևէ իրավաչափ նպատակի սահմանափակվում են պարտապանի իրավունքները, ընդ որում, այն աստիճան, որ հակասում են Սնանկության մասին» օրենքի նպատակներին: Ըստ դիմողի «Սնանկության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի համաձայն ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելիս պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև գրավադրված առարկաներն օգտագործելու վերաբերյալ պարտատիրոջ համաձայնությունը: Նշված մեկնաբանությունը, ըստ դիմողի, հակասում է սեփականության իրավունքի վերաբերյալ Սահմանադրության իրավակարգավորումներին, քանի որ գրավի առարկայի սեփականատերը զրկվում է իր գույքը օգտագործելու հնարավորությունից, և նման հնարավորությունը անվերապահ կերպով կախվածության մեջ է դրվում պարտատերերի կամքից: Մասնավորապես, դիմողը նշել է․ «Սույն գործի փաստական հանգամանքներից երևում է, որ գրավադրված գույքերը ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գոշի փողոց, 7 շենք, թիվ 1 հասցեի անշարժ գույքը և ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց, 11 շենք. թիվ 80 հասցեի անշարժ գույքը հանդիսանում են պարտապան ԱՁ Արմիկ Հարությունյանի և իր ամուսին Արմեն Հարությունյանի սեփականությունը և սույն պարտավորաիրավական հարաբերությունների հետ կապված նրանք պարտատեր Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ կնքել են թիվ 2060557 և թիվ 2060558 պայմանագրերը, որոնց համաձայն գրավի առարկան պետք է գտնվի գրավատուների տիրապետության տակ: Քանի որ գրավադրված գույքերը հանդիսանում են պարտավորության ապահովման միջոց և դրա հետ կապված ԱՁ Արմիկ Հարությունյանը իր պարտավորությունը մարելու համար ներկայացրել է ֆինանսական առողջացման ծրագիր. տրամաբանությունը կայանում է նրանում, որ առողջացման ծրագիրը իրագործվելու է գրավադրված գույքերի օգտագործման արդյունքում, որը բխում է գույքի տեսակից, (...) հետևաբար առողջացման ծրագրի քննարկման արդյունքում անտեսվել է պարտապանների սեփականության իրավունքը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան առողջացման ծրագիրը թողնվել առանց քննության»: Վերոգրյալի լույսի ներքո դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Սահմանադրության 10-րդ, 11-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 79 և 81-րդ հոդվածներին:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է անհատական դիմումներին ներկայացվող հիմնավորվածության պահանջը, ըստ որի` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ պահանջները պահպանված չեն։ Դիմողը, մասնավորապես, նշում է․ «(...) սնանկության մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի մեկնաբանությունը, որը տրվել է սնանկության դատարանի և վերաքննիչ դատարանի կողմից չի համապատասխանում սնանկության մասին օրենքի նպատակներին, քանի որ պարտատիրոջ միակողմանի կամահայտնությամբ բարեխիղճ պարտապանը զրկվում է իր բնականոն գործունեությունը շարունակելու, ֆինանսական դժվարությունները հաղթահարելու և կենսունակությունը վերականգնելու իրական հնարավորությունից, բացի այդ անհամաչափ կերպով սահմանափակում է վերջինիս սեփականության իրավունքը»: Բացի դրանից, դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին սույն սնանկության գործով տրված մեկնաբանությունը օրենսդրի կողմից սահմանված սնանկության նպատակները դարձնում է հռչակագրային և խախտում է իրավական որոշակիության սկզբունքը, իսկ վերոգրյալի արդյունքում խախտվում է նաև պարտապանի արդար դատաքննության իրավունքը: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված հիմնավորվածության պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու իր սահմանադրական իրավունք(ներ)ի ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող օրինադրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ բավարար հիմնավորումներ։ Տվյալ դեպքում դիմողը նշել է, որ «Սնանկության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Սահմանադրության 10-րդ, 11-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ և 81-րդ հոդվածներին, սակայն չի ներկայացրել բավարար հիմնավորումներ ֆինանսական առողջացման ծրագրի քննարկման կամ հաստատման համար ապահովված պարտատիրոջ համաձայնության որպես ֆինանսական առողջացման ծրագրին ուղղված պարտադիր պահանջի առկայությունը ի՞նչ պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում անձի սեփականության իրավունքի, դատական պաշտպանության իրավունքի ենթադրյալ խախտման հետ, որքանո՞վ է ֆինանսական առողջացման ծրագրին ուղղված վերոնշյալ պահանջը հակասում Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության սկզբունքին, Սահմանադրության 81-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքների ու ազատությունների վերաբերյալ դրույթները մեկնաբանելիս միջազգային իրավական պրակտիկան հաշվի առնելու պահանջին։ Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված հիմնավորվածության պահանջը սույն դիմումում պահպանված չէ, ուստի սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ա/Ձ Արմիկ Հարությունյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ա. Խաչատրյան
Վ. Գրիգորյան
7 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ–48
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-48
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
