Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԽԱՉԱՏՈՒՐ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԵԼԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԽԱՉԱՏՈՒՐ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԵԼԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-111 հունիսի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 հունիսի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 11 | ԽԱՉԱՏՈՒՐ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԵԼԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

1 հունիսի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Մ. Թոփուզյանի

Քննության առնելով քաղաքացիներ Խաչատուր Նազարյանի և Հելեն Շահբազյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Խաչատուր Նազարյանը և Հելեն Շահբազյանը 2012թ. մայիսի 14-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը և 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 8-րդ և 31-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ

1. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 11-րդ հոդվածը վերաբերում է հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության դիմաց փոխհատուցմանը։

Դիմողները նշում են, որ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը վերաբերում է սեփականատիրոջ կամքին հակառակ նրա սեփականությունը դատական կարգով հասարակության և պետության կարիքների համար վերցնելու գործընթացին, երբ «բաց և մրցակցային շուկայում» նույն սեփականության արժեքի ձևավորման սովորաբար կիրառվող սկզբունքները ոչ միայն կիրառելի չեն, այլ հակասում են նշյալ դրույթի իրավակարգավորման բուն էությանը։

Ըստ դիմողների ...«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունն այս բացը փորձել է լրացնել նրանով, որ հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության դիմաց

համարժեք փոխհատուցում է համարել օտարվող գույքի շուկայական արժեքը, որին ենթակա է գումարման a priori որոշված 15 տոկոսի հավելումը։ Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասն օտարվող սեփականության արժեքի հիմքում դրել է «բաց և մրցակցային շուկայի համար» կիրառվող չափանիշները, որոնք կիրառելի չեն ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածում հիշատակվող սեփականության հարկադիր օտարման գործընթացի նկատմամբ։

Դիմողների կարծիքով նման պայմաններում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությամբ սահմանված 15 տոկոսի հավելման հասկացությունը խիստ կամայական է, քանի որ չունի որևէ ողջամիտ բացատրություն։

2. Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողների համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում են դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Դիմողների փաստարկները հիմնականում ուղղված են վիճարկվող դրույթով սահմանված «15 տոկոսի հավելում» հասկացությանը, և դիմումի ընդհանուր բովանդակությունից ակնհայտ է, որ դիմողներն իրենց նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքները կապում են փոխհատուցման համար տրամադրվող գումարի չափի որոշման դատարանի կողմից կիրառված և իրենց կարծիքով խնդրո առարկա իրավահարաբերության նկատմամբ գնահատման անհամատեղելի մեթոդի կիրառման հետ։ Փաստորեն, դիմողները ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում են այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։

Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Այսինքն առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

3. Ինչ վերաբերում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա դիմողների նկատմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշյալ դրույթի վերաբերյալ որևէ անդրադարձ չկա ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված դատական ակտերում։

Այսպես, դիմողների ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացրած փաստարկները վերաբերել են օտարվող հողամասերի դիմաց տրվող փոխհատուցման չափին։ Իսկ համարժեք փոխհատուցումը կատարվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափով, ըստ որի համարժեք փոխհատուցում է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից 15 տոկոս ավելի գումարը։ Մինչդեռ, անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթի կիրառումն է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից։ Այս պայմանը, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացիներ Խաչատուր Նազարյանի և Հելեն Շահբազյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

1 հունիսի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/2-11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 հունիսի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-11
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել