ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 146 — Վերաքննիչ դատարանի որոշումը 1.
Ամփոփում
Հոդված 146. Վերաքննիչ դատարանի որոշումը 1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ 2. Որոշման ներածական մասը բովանդակում է` 1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը. 2) վարչական դատարանի անվանումը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի (դատավորների) անունը, ազ
Ամբողջ Տեքստ
Հոդված 146. Վերաքննիչ դատարանի որոշումը 1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
2. Որոշման ներածական մասը բովանդակում է` 1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը. 2) վարչական դատարանի անվանումը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի (դատավորների) անունը, ազգանունը. 3) դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում՝ նաև պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը)։
3. Որոշման նկարագրական մասը բովանդակում է` 1) գործի դատավարական գործընթացի նկարագրությունը, վճռի հրապարակման օրը, վարչական դատարանի վճռի եզրափակիչ մասի հակիրճ բովանդակությունը. 2) գործը վերադաս դատարանից նոր քննության ուղարկելու դեպքում` նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը. 3) նշում՝ վարչական դատարանի՝ առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին. 4) նշում` վերաքննիչ դատարանի՝ առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին. 5) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք բերած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացնողի դիրքորոշումը և հիմնավորումները։
4. Որոշման պատճառաբանական մասը բովանդակում է` 1) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ներառյալ` ա. այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը և վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել, բ. այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի մասով վարչական դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցների վրա, գ. այն փաստերը, որոնք հաստատել է վարչական դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի մասով վարչական դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե վարչական դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ վարչական դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով վարչական դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին, դ. այն փաստերը, որոնք չի հաստատել վարչական դատարանը, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանը վարչական դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում, ե. այն փաստերը, որոնք հաստատել է վերաքննիչ դատարանը. 2) եզրահանգում` բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին. ա. արդյո՞ք հիմնավոր է տվյալ պահանջը` բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում կամ անկախ դրանցից, բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ պատճառաբանմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի և այլ իրավական ակտի նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի այն նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, դ. վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջի հիմնավորվածության դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը. 3) սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով. 4) եզրահանգումներ` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը համարել է, որ վարչական դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան կամ սխալ է որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը. 4.1) եթե վերաքննիչ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով, ընդունելով բողոքարկված դատական ակտի թե փաստական, թե իրավական հիմնավորումները, հանգում է այն եզրակացության, որ վարչական դատարանը գործի լուծման մասով եկել է ճիշտ եզրակացության, և բացակայում է սխալ պատճառաբանված դատական ակտն ամբողջությամբ պատճառաբանելու կամ թերի պատճառաբանված դատական ակտը մասնակի պատճառաբանելու անհրաժեշտությունը, ապա առանց լրացուցիչ պատճառաբանելու միայն հղում՝ բողոքարկված դատական ակտով հաստատված փաստերին, դրա իրավական հիմնավորումներին և պատճառաբանություններին. 5) դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը։
5. Որոշման եզրափակիչ մասը բովանդակում է` 1) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը. 2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը. 3) եզրակացություն` հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու վերաբերյալ. 4) եզրակացություն` դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ. 5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշումը կամովին չկատարվելու դեպքում որոշումը պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին. 6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է բերվել բողոքը։
6. Վերաքննիչ դատարանի որոշումը ստորագրում և կնքում են որոշումը կայացրած դատավորները: (146-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն, լրաց.
04.03.26 ՀՕ-57-Ն ) ( 04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
