Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՄԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 237-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՄԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 237-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-9126 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-91)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 մայիսի 2026թ. ՍԴԱՈ - 91 | «ԱՐՄԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 237-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 237-ՐԴ ՀՈԴ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՄԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 237-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 237-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՍԵՐՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմանուշ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, 237-րդ հոդվածի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, մասերով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Արմանուշ Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Լարիսա Բաղդասարյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունվարի 19-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...) Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի՝ այն մասով, որ մասով օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով չի նախատեսել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ դիմումով պահանջը՝ որպես հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործ՝ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը:

(...) Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ այն մասով, որ մասով թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2025 թվականի որոշմամբ և թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2025 թվականի որոշմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման դիմումով պահանջը հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործ չի դիտարկվել՝ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը»:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Ձեռքբերման վաղեմություն» վերտառությամբ 187-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է.

«1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)»:

Հիշյալ հոդվածի 1-ին մասը չի փոփոխվել և/կամ լրացվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Օրենսգրքի՝ «Հատուկ վարույթի կարգով քննվող գործերը» վերտառությամբ 236-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է.

«1. Դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը.

1) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը.

2) շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերը.

3) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) գործերը.

4) քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու վերաբերյալ գործերը.

5) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործերը.

6) երեխայի որդեգրման վերաբերյալ գործերը.

7) անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերը.

8) քաղաքացուն բժշկական հարկադիր հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ գործերը.

9) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթերով հավաստված իրավունքները վերականգնելու վերաբերյալ գործերը (կոչի վարույթ).

10) հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վերաբերյալ գործերը.

11) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ գործերը.

12) առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու, դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գործերը»:

Հիշյալ հոդվածի 1-ին մասը լրացվել է 12-րդ կետով 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-117-Ն օրենքով:

Օրենսգրքի՝ «Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ դատարանի կողմից քննվող գործերը» վերտառությամբ 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված է.

«1. Առաջին ատյանի դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

2. Դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`

1) անձանց ազգակցական հարաբերություններին.

2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.

3) ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցմանը.

4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.

5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.

6) դժբախտ պատահարին.

7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.

8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.

9) անհաղթահարելի ուժի առկայությանը»:

Հիշյալ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը չեն փոփոխվել և/կամ լրացվել:

3. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, ներկայացնելով թիվ ՇԴ/3260/02/22 և ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները, մասնավորապես, նշում է. «Թիվ ՇԴ/3260/02/22 քաղաքացիական գործով (...) Դատարանը 27.10.2023 թվականի վճռով գտել է, որ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը պետք է ներկայացվի վեճի առարկա անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ դեմ, որպիսի պայմաններում միայն դատարանը հնարավորություն կունենա պատշաճ կերպով գնահատել կողմերի դրսևորած վարքագիծը՝ բարեխղճության ծագման փաստի հաստատման տեսանկյունից։ Նշվածը վերաբերում է այն դեպքերին, երբ անշարժ գույքը ունի գրանցված սեփականատեր և, ըստ այդմ, կողմերի միջև առկա է իրավունքի մասին վեճ։ Դատարանի համոզմամբ, այլ է իրավունքի պաշտպանության եղանակը, երբ գույքը չունի գրանցված սեփականատեր, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է ընձեռել նման իրավահարաբերության մասնակիցներին իրենց իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինել հատուկ վարույթների միջոցով»:

Դիմողը հավելում է. «Հաշվի առնելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված պատճառաբանությունները՝ (…) 05.06.2025թ. հատուկ վարույթով դիմում է ներկայացրել Դատարան՝ Բնակարանի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջով»:

Դիմողը նշում է. «Թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով Դատարանը 16.06.2025 թվականին կայացրել է որոշում Դիմումի ընդունումը մերժելու մասին՝ արձանագրելով, որ Արմանուշ Հարությունյանի կողմից վկայակոչված փաստերից և դիմումին կից վերջինիս կողմից Դատարան ներկայացված փաստաթղթերից ուղղակիորեն հետևում է, որ դիմողին հայտնի է եղել այն հանգամանքը, որ Անշարժ Գույքի նկատմամբ իրավունքներ կրող անձ է հանդիսացել Հովհաննես Ավետիսյանը, և դիմողը կարող էր կանխատեսել սույն գործով իրավունքի մասին վեճի ծագման հնարավորությունը: Ավելին, նույնիսկ այն դեպքում, եթե Հովհաննես Ավետիսյանը չի վիճարկում դիմողի կողմից վիճելի գույքը բարեխիղճ, բացահայտ, տասը տարի անընդմեջ, որպես սեփական գույք տիրապետելու փաստերը, նշվածը չի բացառում իրավունքի մասին վեճի առկայությունը: (...) Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտել է, որ դիմողի կողմից ներկայացված պահանջը կարող է քննվել միայն հայցային վարույթի կարգով (...):

Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով թվարկված են հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործերը, սակայն նշված նորմով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին գործերի հատուկ վարույթի կարգով քննության ընթացակարգ նախատեսված չէ»:

Դիմողը նշում է նաև, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 29.07.2025 թ. որոշմամբ իր վերաքննիչ բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ դատարանը հատուկ վարույթի ընթացակարգի շրջանակներում չի հաստատում սեփականության իրավունքի ծագումը, այլ միայն կարող է արձանագրել իրավական վիճակը:

Դիմողն ընդգծում է. «(...) հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործերում՝ քննության առարկա է հանդիսանում միայն դիմողի որևէ գույքային կամ ոչ գույքային իրավունքի ճանաչումը, փոփոխումը և դադարումը: Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը և նույն օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասը չի սահմանում, որ դատարանը քննում է այն գործերը, որոնք վերաբերում են գույքի սեփականության իրավունքի ճանաչմանը, օրենսդրի կողմից հատուկ շեշտադրում է կատարվել՝ այն գործերը, որոնք վերաբերում են շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերին և սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը՝ թողնելով իրավական անորոշություն նշված գործերի քննության կապակցությամբ, թե արդյո՞ք նշված գործերի մեջ ենթադրվում է նաև անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչման պահանջը ձեռքբերման վաղեմության ուժով՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ հատուկ վարույթի գործ»:

Ըստ Դիմողի՝ «Հետևապես օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատումը մեր դիտարկմամբ պետք է վերաբերեր նաև ձեռքբերման վաղեմությամբ անշարժ գույքի տիրապետմանը և այդ հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն, իսկ հակառակ մեկնաբանման արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը պրակտիկորեն չէր իրագործվի, և վերջինիս գործողությունը ի չիք կդառնա:

Միաժամանակ հարկ է նշել, որ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (...):

(…) փաստացի իրավական պրակտիկայում նշված կարգավորման բացակայությունը տեղի է տվել տարընկալման, ոչ որոշակի դատաիրավական պրակտիկայի զարգացման՝ հաշվի առնելով, որ նշված գործերով չի ապահովվում իրավական որոշակիության սկզբունքի կիրառումը (...)»:

Դիմողը եզրահանգում է. «Նման պայմաններում գտնում եմ, որ սահմանափակվել է Դիմողի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, քանի որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման դատական պաշտպանության կառուցակարգը լիարժեք չի նախատեսել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով և առաջնահերթ տարբերակված մոտեցում է դրսևորել տիրազուրկ շարժական գույքի և տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերի քննության միջև՝ չնախատեսելով տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերի հատուկ վարույթ, մյուս դեպքում տարբերակված մոտեցում է դրսևորել անշարժ գույքի սեփականության իրավունքի տիրապետման՝ որպես հատուկ վարույթով նախատեսված իրավաբանական փաստի հաստատման վերաբերյալ գործի և անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչման՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ գործերի միջև, ինչն ակնհայտորեն սահմանափակում է դատական պաշտպանություն հայցող անձի` սույն դեպքում Դիմողի արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, ինչպես նաև սահմանափակել՝ Դիմողի սեփականության իրավունքի ճանաչման և պաշտպանության իրավունքների իրացումը, քանի որ մի դեպքում շահագրգիռ անձին օրենսդիրը տվել է իրավունք իր՝ անշարժ գույքի տիրապետման փաստի հաստատման պահանջով հատուկ վարույթով դիմելու, իսկ մի դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչման պահանջով հատուկ վարույթով դիմելու իրավունք չի նախատեսել, նման պայմաններում առաջանում է իրավական անորոշություն, անհամաչափություն և ոչ արդարացված մոտեցում, այդ թվում օրենսդրական բաց, որը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածներին՝ հաշվի առնելով, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված նշված միջոցը պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, քանի որ նման օրենսդրական մեկնաբանման և կիրառման արդյունքում էականորեն խաթարվում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ պահանջով անձի՝ արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները՝ հատուկ վարույթի գործերով նշված գործերի չնախատեսմամբ»:

4․ Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 60, 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածները, մեջբերելով վիճարկվող դրույթներով սահմանված և այլ վերաբերելի իրավակարգավորումներ, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի որոշումներում արտացոլված իրավական դիրքորոշումները, մասնավորապես, նշում է. «(...) Դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների մեկնաբանությունը, հաշվի առնելով այդ ամբողջ հոդվածի (Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերի տարածքային ընդդատությունը), գլխի (Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերի վարույթը), բաժնի (Հատուկ վարույթներ) կարգավորման համատեքստը, ցույց է տալիս, որ անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը, որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և դրանց հաստատման ընթացքը քննվում են հատուկ վարույթի շրջանակներում: Հետևաբար անձը զրկված չէ՝ գույքի փաստացի տիրապետման հանգամանքի՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջով հատուկ վարույթի շրջանակներում դիմում ներկայացնելու իրավունքից: Ասվածից բխում է, որ սույն դեպքում անձը քննարկվող գույքի տիրապետման փաստի հաստատման պահանջով իրավունք ունի դիմելու դատարան, որի հաստատման պարագայում վերջինս ձեռք կբերի սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմության հիմքով):

(...)

(...) Դիմողը, վիճարկվող դրույթի շրջանակներում զրկված չի եղել ներկայացնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման դիմում, որտեղ կարող էր նշել, թե ինչ նպատակի համար է նրան անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը (այն է՝ սեփականության իրավունքի ձեռքբերում (ձեռքբերման վաղեմություն)), որի հաստատման արդյունքում անձը ձեռք կբերեր սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)՝ իր կողմից տիրապետվող գույքի նկատմամբ:

Ասվածից բխում է, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հանգամանքից կարող են ծագել իրավունքներ, որը սույն դեպքով անձի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերումն է: Այստեղ խոսքը չի վերաբերում արդեն իսկ գոյություն ունեցող սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը (Դատավարության օրենսգրքի հոդված 237, մաս 2, կետ 8), այլ տվյալ դեպքում անձի մոտ ծագում է սեփականության իրավունքը՝ Դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ փաստերի հաստատման արդյունքում, երբ դատարանը հաստատում է այնպիսի փաստ, որի հետևանքով անձի մոտ ծագում է գույքային իրավունք: Սեփականության իրավունքը ինքնին չի հանդիսանում փաստ, այլ՝ որոշակի փաստերի հաստատումն ու ամրագրումն է հանգեցնում սեփականության իրավունքի ծագմանը:

(...)

(...) Դիմողի կողմից վիճարկվող իրավադրույթների համակարգային համատեքստում ակներև է այն հանգամանքը, որ չկա որևէ արգելք, անձի կողմից տվյալ գույքի փաստացի տիրապետման փաստի ուժով, տվյալ գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք՝ հատուկ վարույթի շրջանակներում:

Վերոնշյալի լույսի ներքո կարելի է արձանագրել, որ վիճարկվող դրույթներն իրենց իրավակարգավորիչ դերով ոչ միայն չեն սահմանափակում անձի սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքները, այլև հանդիսանում են արդյունավետ երաշխիքներ դրանց պատշաճ իրացման համար: Մասնավորապես, վիճարկվող դրույթների ուժով անձը հնարավորություն է ստանում ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք բերել սեփականության իրավունք՝ այդպիսով անխոչընդոտ կերպով իրացնելով իր սահմանադրական իրավունքները»:

Պատասխանողը հավելում է. «(...) հատուկ վարույթի շրջանակներում անձը զրկված չէ փաստի հաստատման ուժով ձեռք բերել սեփականության իրավունք: Այլ կերպ՝ վիճարկվող դրույթները թույլ են տալիս անձի կողմից գույքի փաստացի տիրապետման փաստի հաստատումը:

Տվյալ դեպքում հաստատված փաստը կարող է հետագայում հիմք հանդիսանալ իրավունքի առաջացման համար, և այդ դեպքում դատարանը ոչ թե ճանաչում է իրավունքը, այլ միայն հաստատում է փաստը:

(...)

Ուստի, եթե իրավունքի վեճը փաստացի բացակայում է, եթե հատուկ վարույթով հաղթահարվելու է իրավական անորոշությանը, ապա տվյալ դեպքում ձեռքբերման վաղեմության ուժով անձի սեփականության՝ որպես հետևանք ծագող իրավունքը հանդիսանում է անձի՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի, այդ թվում՝ սեփականության իրավունքի պատշաճ իրացման համար կարևոր երաշխիք: Ընդ որում, նշված պայմանների առկայությունը կամ բացակայությունը գնահատվում է դատարանի կողմից՝ այդ մասին կայացնելով դատական ակտ: Ինչն էլ իր հերթին ինքնանպատակ չէ, քանի որ անձի կողմից կոնկրետ գույքի տիրապետումը, դրա բացահայտ կերպով լինելը, անձի բարեխիղճ լինելը, գույքի տիրապետման անընդհատությունը գնահատողական իրավական կատեգորիաներ են և դատարանն այս պայմաններում իրականացնում է իրավական որակավորում, որոշելով քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև առերևույթ փոխադարձ կապի առկայությունը կամ բացակայությունը»:

Պատասխանողը գտնում է, որ «(...) օրենսդիրը քննարկվող իրավակարգավորումը սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը և այդպիսի ընթացակարգի սահմանումը եղել է օրենսդրի նպատակը, մասնավորապես՝ փաստի հաստատման հիմքով օրենսդրական կառուցակարգերի համատեքստում ապահովված է ձեռքբերման վաղեմության հիմքով ծագող սեփականության իրավունքի արդյունավետ իրացումը»:

Պատասխանողը պնդում է, որ տվյալ դեպքում օրենքի բացը հաղթահարելու անհնարինություն առկա չէ, քանի որ վիճարկվող դրույթների համատեքստում անձը հատուկ վարույթի շրջանակներում հնարավորություն ունի գույքը տիրապետելու փաստի հաստատման պահանջով դիմելու դատարան, որի հաստատման արդյունքում ձեռք բերել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք:

Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

5. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Ուսումնասիրելով սույն անհատական դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործին առնչվող այլ փաստաթղթեր և նյութեր` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, մասերով, ենթակա է կարճման ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Սույն անհատական դիմումի և թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներով պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, համապատասխանությունը Սահմանադրությանը, չի ներկայացրել դրանց ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի համար բացասական իրավական հետևանքներ, ըստ էության, առաջացրել են ոչ թե Դիմողի կողմից վկայակոչված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասը, Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը, 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը), այլ Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Ուստի՝ Դիմողի պնդումն առ այն, որ հիշատակված դրույթները (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել են իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտմանը, ակնհայտ անհիմն է:

Հաշվի առնելով ողջ վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) մասերով, ակնհայտ անհիմն է, հետևաբար՝ սույն գործի վարույթը՝ վիճարկվող հիշյալ դրույթների մասերով, ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արմանուշ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, 237-րդ հոդվածի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, մասերով, կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 մայիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-91

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-91
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել