ԱՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 փետրվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 4 | ԱՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 6 փետրվարի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանիդատական կազմը`
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով Արամ Հայրապետյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Արամ Հայրապետյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունվարի 20-ին) խնդրելով. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով այն չի նախատեսում հայցային վաղեմության կիրառումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը պատասխանողի կողմից վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 28, 61 և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. Դիմողը բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր, նշելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն գործին մասնակցող անձինք վերաքննության կարգով կարող են բողոքարկել առաջին ատյանի դատարանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները, սակայն այդ որոշումների ցանկում բացակայում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Դրանով պայմանավորված քաղաքացիական գործով պատասխանողը չունի այդ որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն: Անդրադառնալով օրենքի բացի խնդիրը Սահմանադրական դատարանի կողմից քննության ենթակա լինելու հանգամանքին և վկայակոչելով օրենքի բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները դիմողը գտնում է, որ տվյալ դեպքում օրենսդրության մեջ առկա չեն օրենքի բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, իսկ օրենսդրության մեջ առկա իրավական երաշխիքները գործնականում չեն ապահովում դիմողի բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը: Ըստ դիմողի այդ մասին է վկայում այն փաստը, որ ինքն իրացրել է իր բողոքարկման իրավունքը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելով, սակայն ապարդյուն: Դիմողն արձանագրում է, որ դատարանը հայցային վաղեմության կիրառման հիմքերի առկայության պարագայում հայցային վաղեմություն չի կիրառել, իսկ ինքը որպես տվյալ քաղաքացիական գործով պատասխանող, օրենքի բացի արդյունքում զրկվել է դատարանի հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունից այն դեպքում, երբ հայցային վաղեմություն կիրառելը տվյալ դեպքում կանխորոշում էր քաղաքացիական գործի ելքը: Արդյունքում, ըստ դիմողի գոյություն ունեցող իրավակարգավորումը խախտում է պատասխանողի դատավարական կարգավիճակ ունեցող անձի ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության, դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով, մասնավորապես, 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ « .... օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»։ Այսպես, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի կողմից վիճարկվող օրենքի բացը չի կարող Սահմանադրական դատարանի քննության առարկա լինել, քանզի այն չի խոչընդոտում դիմողի մատնանշած սահմանադրական իրավունքների իրացմանը: Սույն գործով կայացված միջանկյալ ակտը հայցային վաղեմության կիրառումը մերժելու մասին որոշումը, գործի վարույթի հետագա ընթացքը չկասեցնող որոշում է: Այդ պատճառով օրենսդիրը դրա բողոքարկման անմիջական կարգ չի նախատեսել, ինչը, սակայն, չի նշանակում, որ այն բողոքարկելիությունից զրկված ակտ է և այդ առումով նաև վերջնական, այլ գործն ըստ էության լուծող դատական ակտի շրջանակում բողոքարկման ենթակա ակտ է: Հետևաբար, այս համատեքստում օրենսդրության մեջ առկա է դիմողի կողմից նշված բացը լրացնելու այլ իրավական երաշխիք: Սահմանադրական դատարանն իր 02.11.2010թ. ՍԴՈ-922 որոշմամբ արձանագրել է. « …. օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»: Հետևաբար, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արամ Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
6 փետրվարի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-4
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 փետրվարի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-4
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
