Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱԹԵՎՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱԹԵՎՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1668 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-166)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2026թ. ՍԴԱՈ - 166 | «ՄԱԹԵՎՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԱԹԵՎՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մաթևոս Դավթյանի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2026 թվականի հունիսի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մաթևոս Դավթյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«Սահմանադրության 60-րդ և 78-րդ հոդվածներին հակասող ճանաչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի որպես ապօրինի ծագում ունեցող բռնագանձվի այնպիսի գույք, որը կապված չէ Իրավասու մարմնի կողմից ուսումնասիրություն սկսելու հիմքի, հետևաբար՝ իրականացված ուսումնասիրության հիմքի հետ»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին հայցադիմումի բովանդակությունը կարող է հանգել բռնագանձման ենթակա ու ապօրինի ծագում ունեցող համապատասխան գույքերի՝ և՛ համապատասխան հանցանքի հետ կապ ունենալու հանգամանքին, և՛ համապատասխան պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելուց հետո ձեռք բերված լինելու հանգամանքին, եթե ուսումնասիրությունն սկսվել և (կամ) շարունակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկի և նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետով նախատեսված հիմքի հիման վրա, այսինքն՝ այն պայմաններում, երբ ուսումնասիրություն սկսելու մասին որոշման հիմքում ընկած փաստական տվյալները հանգում են նրան, որ, բացի անձին մեղսագրված համապատասխան հանցանքի հետ առերևույթ կապ ունեցող՝ առերևույթ ապօրինի ծագում ունեցող գույքից, առկա է նաև գույք, որն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում նշված պաշտոնատար անձը ձեռք է բերել հիշյալ պաշտոնն ստանձնելուց հետո, և որն առերևույթ ունի ապօրինի ծագում։ Այսինքն՝ Դիմողը գտնում է, որ վերոգրյալը վկայում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավորության դեմ պայքարի՝ օրենսդրի հետապնդած նպատակները «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի կիրառմամբ միմյանց փոխլրացրել են:

Դիմողն ընդգծում է, որ այն դեպքում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում նշված պաշտոնատար անձը պաշտոնն ստանձնելուց հետո առերևույթ կատարել է նույն օրենքով նախատեսված կոռուպցիոն բնույթի հանցանք, որի արդյունքում ձեռք է բերել առերևույթ ապօրինի ծագում ունեցող գույք, ապա նման պայմաններում է, որ ուսումնասիրության՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ բացառապես 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով իրականացված լինելը, այլ կերպ` ուսումնասիրություն սկսելու մասին որոշման մեջ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը չնշելը, կարող է չհանդիսանալ խոչընդոտ՝ ապօրինի ծագում ունեցող հիշյալ գույքը բռնագանձելու պահանջ ներկայացնելու համար այնքանով, որքանով տվյալ պարագայում փաստվում է այն իրավիճակը, երբ օրենսդրի հետապնդած՝ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավորության դեմ պայքարի նպատակները նույն գույքի կապակցությամբ միմյանց համընկել են:

Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1776 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ տվյալ որոշման 102-րդ կետով արտահայտված վերաբերելի դիրքորոշումը երբեք չի կարող մեկնաբանվել այն բովանդակությամբ, որ, եթե ուսումնասիրությունն սկսվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այսինքն՝ փաստական այն պատճառաբանությամբ, որ վերոգրյալ օրենքով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ դրանով նախատեսված պաշտոնն ստանձնելուց հետո և այդ օրենքով նախատեսված՝ համապատասխան հանցանք կատարելու համար հարուցվել է քրեական հետապնդում, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ մեղադրյալին կամ վերջինիս հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա այդ փաստն ինքնին բավարար է «ինքնաշխատ» կամ փաստացի կերպով համարելու, որ առկա է եղել ուսումնասիրություն սկսելու՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վիճարկվող՝ 5-րդ հոդվածի 1-ին մասի նաև 5-րդ կամ 6-րդ կետով նախատեսված հիմքը:

Դիմողը պնդում է, որ այն դեպքում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով պաշտոնատար անձին առերևույթ պատկանող գույքի վերաբերյալ տվյալ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով սկսվում է ուսումնասիրություն, ապա դա չի կարող նշանակել նաև այն, որ բռնագանձման ենթակա գույքը կարող է գեներացված լինել ոչ թե քրեական հետապնդում հարուցելու հիմք հանդիսացած՝ պաշտոնատար անձի հանցավոր արարքի արդյունքում, այլ պաշտոնատար անձի` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված պաշտոնն ստանձնելուց հետո դրսևորած այնպիսի վարքագծի արդյունքում, որը հանցավոր չէ կամ թեկուզև հանցավոր է, սակայն այդ արարքի կապակցությամբ պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության 60 և 78-րդ հոդվածներին այնքանով, որքանով այն թույլ է տալիս իր գույքն ազատորեն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու` Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնարար իրավունքը միայն օրենքով սահմանափակելու՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշը չապահովել, և դա այն դեպքում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերելի գործիքակազմն ակնհայտ բավարար է` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշը լիարժեք ապահովելու, հետևաբար՝ հիշյալ չափանիշի գերակայությունը փաստելու համար:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում (…)»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները (…)»:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելուն։

Սույն գործի հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, սույն գործով բացակայում է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը, որի շրջանակներում դեռևս կարող է լուծում ստանալ Դիմողի բարձրացրած հարցը: Այսինքն՝ տվյալ պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Հետևաբար՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Մաթևոս Դավթյանի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 հուլիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-166

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-166
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել