ՎԱՐԴԳԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 ապրիլի 2026թ. ՍԴԴԿՈ - 28 | ՎԱՐԴԳԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 15 ապրիլի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Ա. Զեյնալյանի
Քննության առնելով Վարդգես Թադևոսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վարդգես Թադևոսյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արմինե Ավետիսյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մարտի 31-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է. «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմ/եր/ին թիվ ԱՎԴ/10588/02/22 գործով տրված և կիրառվող մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 39-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր:
(...) Տրամադրել արտոնություն՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին»:
2․ Դիմողը, ներկայացնելով թիվ ԱՎԴ/10588/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, գտնում է, որ խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանները նախ հակասահմանադրական մեկնաբանությամբ են կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմը, ապա նույն օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նորմը՝ անհամեմատ ծանր և ոչ համաչափ պարտականություններ սահմանելով իր նկատմամբ: Արդյունքում՝ ակնհայտորեն դատարանի պարտականությունը համարվող գործողությունը՝ որպես դատավարական բեռ, ոչ իրավաչափ կերպով դրվել է դատավարությանը մասնակցող անձանց վրա՝ էականորեն սահմանափակելով դատական սխալի դեպքում անգամ դատական ակտի վերանայման իրավունք-հնարավորությունը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով կարևորված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները:
Դիմողի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմի կիրառությունը՝ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում, ոչ այլ ինչ է, քան Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության գաղափարին, տնտեսական և հասարակական կարգի պահպանման գաղափարին հակասող գործողություն, հանրային շահը հավասարակշռող միջոցի պահպանման անտեսում:
Ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է իմպերատիվ իրավունք և այդ իրավունքը իրացնելու համար անհրաժեշտ իմպերատիվ պայման, այն է՝ ծառայությունների մատուցման տնտեսական հարաբերություններում պայմանագրի կատարումից պատվիրատուն կարող է հրաժարվել` կատարողի կատարած փաստացի ծախսերը հատուցելու պայմանով: Դրան հակառակ` Դիմողի պնդմամբ՝ խնդրո առարկա գործով կողմերի միջև կնքված պայմանագրով պայմանագրի կատարումից վաղաժամկետ հրաժարվելու համար ինքը պարտավորվել է վճարել 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամի չափով տույժ և 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամի չափով տուգանք, ինչը չի կարող համարվել քաղաքացիաիրավական հարաբերությանը բնորոշ դիսպոզիտիվությամբ ընձեռված հնարավորություն, ընդհակառակը՝ տվյալ մասով տնտեսական հարաբերությունները պետք է իրականացվեն այն իրականացնելու համար իմպերատիվ նորմով նախատեսված շրջանակներում, որը միայն կհամարվի իրավաչափ:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Դիմողը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից տրված մեկնաբանության արդյունքում խաթարվում է վերը նշված նորմի բուն, տառացի մեկնաբանությունը, նշանակությունը, որի հետևանքով՝ տվյալ նորմի կիրառությունն իմաստային առումով դառնում է հեղհեղուկ՝ առաջացնելով հետևյալ հարցերը՝ «(...) 1. արդյոք այն ունի իմպերատիվ թե՞ դիսպոզիտիվ նշանակություն, 2. տնտեսական գործունեություն իրականացնելիս հարաբերության սուբյեկտները կարո՞ղ են համարել, որ պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում պետությունը կապահովի կանխատեսելի հետևանքներ, 3. տնտեսական հարաբերության սուբյեկտը նման պայմաններում ունի՞ արդյոք օրենսդրական բավարար հենք, որը կապահովի իրավահարաբերության ճակատագրի կանխատեսելիությունը իր համար»:
Ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ «առարկություն» և «դիրքորոշում» եզրույթներից, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունից բխում է, որ «(...) անձը կարող է կրել միայն գործով փաստական հանգամանքների և/կամ դրանք հիմնավորող ապացույցների չներկայացման բացասական հետևանքները (այնքանով, որ դրա հետևանքով առանց դատական սխալի կայացված դատական ակտը կարող է չհամընկնել օբյեկտիվ իրականության արդարացիության հետ), այնուամենայնիվ այն ևս անձի տնօրինչականության զանգվածում ընդգրկված հայեցողություն է, իսկ դրան զուգահեռ գործում է գործին համապատասխան նյութական իրավունքի նորմի կիրառության և պատշաճ իրավական գնահատական տալու՝ դատարանների պարտականությունը»։ Դիմողի պնդմամբ՝ հակառակ պարագայում ՀՀ դատարանները կաշկանդված կլինեին անձանց ներկայացրած իրավական գնահատականով, որը կխեղաթյուրեր իրավակիրառի՝ որպես պետության առջև դրված սահմանադրական նպատակներն իրականացնողի նշանակությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում կառաջանար «կոլապս»:
Դիմողի համոզմամբ ուշագրավ է նաև այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի շարադրանքից բխում է, որ սահմանված ժամկետում կողմերը կարող են ներկայացնել միջնորդություններ և հայցապահանջը կամ առարկությունները հիմնավորող ապացույցներ, հետևաբար՝ «(...) եթե անգամ ելնենք այն պնդումից, որ նորմով սահմանվածը գործին մասնակցող անձանց պարտականությունն է, ապա դրանով որևէ կերպ անդրադարձ չի կատարվում կոնկրետ առարկություն ներկայացնելու իրավունքին/պարտականությանը»։ Ըստ Դիմողի՝ նշվածի հետևանքով ծագում են հետևյալ հարցերը՝ «(...) 1. արդյո՞ք նորմից հնարավոր է բխեցնել պարզեցված վարույթով նաև առարկություններ ներկայացնելու իրավունք/պարտականություն, 2. և ի վերջո արդյո՞ք, այնուամենայնիվ, նորմով սահմանվածը կարող ենք համարել պարտականություն՝ հաշվի առնելով անձի սահմանադրական իրավունքների պահպանման՝ պետության կարևորագույն պարտականությունը»:
Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումով ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն՝ այն հանգամանքների հաշվառմամբ, որ խնդրո առարկա թիվ ԱՎԴ/10588/02/22 քաղաքացիական գործով ինքը ծանրաբեռնվել է նշված գործով հայցվոր «Վիրուս նետ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված պահանջը բավարարելու պարտականությամբ, ինչպես նաև դատական պաշտպանության իր իրավունքն իրավաչափորեն իրացնելու նպատակով կրել է դատավարական ծախսեր: Այս առումով Դիմողը նաև ընդգծում է, որ իր դատավարական գործողություններից ակնհայտ է, որ ինքը չի ընդունում համապատասխան պահանջը ոչ միայն այն պատճառով, որ օբյեկտիվ իրականությունում չի կարող ծանրաբեռնվել նման պարտականությամբ, այլ նաև այն պատճառով, որ ինքը, հանդիսանալով ֆիզիկական անձ և ապավինելով ամենամսյա աշխատավարձին, օբյեկտիվորեն չի կարող տվյալ պահի դրությամբ վճարել պայմանագրի հիմքով ծագած տույժը և տուգանքը:
3․ Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում ընդգծել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի, 379-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Մասնավորապես՝ Դիմողը, ի թիվս այլնի, դիրքորոշում է ներկայացրել՝ համաձայն որի՝ «(...) Թեև, ՀՀ վերաքննիչ դատարանը արդարացիորեն ընդունել է, որ Դատարանը գործը ըստ էության է քննում և քննում է փաստը, այնուամենայնիվ, շարունակելով, շարադրանքում մտահանգումը կապում է իրավահարաբերությանը նյութաիրավական բնորոշում տալու՝ անձի պարտականությանը: Մասնավորապես՝ ՀՀ վերաքննիչ դատարանը մի կողմից ընդունում է, որ առկա է դատական սխալ, մյուս կողմից գտնում է, որ նյութաիրավական նորմը ինչ կերպով մեկնաբանելու վերաբերյալ առաջին ատյանում պատասխանողի կողմից դիրքորոշում չի արտահայտվել հետևաբար այդ մասով և պատճառաբանությամբ չի կարող ներկայացվել վերաքննիչ բողոք: Ստացվում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բացի այն, որ Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի նորմով նախատեսվածը համարում է պատասխանողի իմպերատիվ պարտականությունը և այն չկատարելու հետ կապված հետագայում առաջացող բացասական հետևանքների ծանրությունը կրելը կապում պատասխանողին, այլև թե՛ Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմը, թե՛ Օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նորմը մեկնաբանում է այնպես, որ ստացվում է, որ մի դեպքում «առարկություն» եզրույթը, մյուս դեպքում՝ «դիրքորոշում» եզրույթը հասկացվում է որպես նյութաիրավական բնորոշում և գնահատական տալու պարտականություն»:
Դիմողը նաև նշել է հետևյալը. «(...) անդրադարձ չկատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմին տված առաջին ատյանի ինչ կերպով կիրառության հարցին և՛ ՀՀ վերաքննիչ դատարանը, և՛ ՀՀ վճռաբեկ դատարանը անուղղակի կերպով հաստատել են առաջին ատյանի կողմից նորմի սխալ կիրառությունը, այն է՝ խախտելով օրենսդրի կամքը առ այն, որ պատվիրատուն իր՝ ծառայությունների մատուցման պայմանագրից հրաժարվելու իրավունքը կարող է իրացնել կատարողի՝ միայն փաստացի կատարած ծախսերը հատուցելով, իրավաչափ է համարել պայմանագրով սահմանված պայմանին իմպերատիվ նորմի նկատմամբ գերապատվություն տալը»:
Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԱՎԴ/10588/02/22 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի, 379-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Այսպիսով, սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Վարդգես Թադևոսյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարուﬕց ազատելու մասին ﬕջնորդությունը։
2. Վարդգես Թադևոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Ա. Զեյնալյան
15 ապրիլի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
