Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՐԶՊԵՏ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ԷՄԱՆՈՒԵԼ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՐԶՊԵՏ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ԷՄԱՆՈՒԵԼ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1531 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 մարտի 2025թ. ՍԴԴԿՈ - 15 | ՄԱՐԶՊԵՏ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ԷՄԱՆՈՒԵԼ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 31 մարտի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի (այսուհետ՝ Դիմողներ, ներկայացուցիչ՝ փաստաբան Հրանտ Անանյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի մարտի 11-ին: Դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումով խնդրել են.

«(…)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածին, 304-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները և (կամ) օրենսդրական բացը ճանաչել ՀՀ սահմանադրության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 80-րդ հոդվածի (դրույթներին) հակասող և մասնակի անվավեր վերոնշյալ իրավական փաստարկների լույսի ներքո»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0413/11/23 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողները նշում են, որ ուսումնասիրելով վերոնշյալ գործով Վերաքննիչ քրեական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումները և տվյալ որոշումները համադրելով դրանց կայացման համար հիմք հանդիսացած քրեական վարույթի նյութերին, հատուկ վերանայման բողոքով ներկայացված փաստարկներին, հիմնավորումներին և պահանջներին՝ հանգում են հետևության, որ Վերաքննիչ քրեական դատարանն իրավաչափորեն արձանագրել է բողոքաբերների իրավունքների խախտման փաստը և բավարարել բողոքը, սակայն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում առկա է որոշակի խզում, ինչը թերի պատճառաբանվածության կամ եզրափակիչ մասով դրա ոչ հստակ շարադրման հետևանքով հակադիր շահ ունեցող կողմերը կարող են փորձել մեկնաբանել այլ կերպ, այդ թվում՝ կրկին կայացնել բողոքաբերների իրավունքները խախտող դատավարական ակտ, որը հիմք կհանդիսանա «2-րդ, 3-րդ և անսահմանափակ թվով շրջաններով դատական ստուգման ենթարկելու համար»:

Ըստ Դիմողների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ մասը ևս հստակ սահմանում է, որ բողոքը բավարարելու դեպքում դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա դնում է անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն, ուստի՝ տվյալ դեպքում ևս բողոքը բավարարելուց հետո դատարանը պետք է պարտավորեցներ կայացնել կոնկրետ վարութային ակտ, այլ ոչ թե պարզապես նշեր պատճառաբանված որոշում կայացնելու մասին, քանի որ կոնկրետ վարութային ակտ կայացնելու պահանջի դեպքում այն կլիներ անվիճելի բոլոր կողմերի համար, իսկ պատճառաբանված ակտի դեպքում այն ցանկացած կողմի համար կլինի սուբյեկտիվ և չի բացառի երկրորդ շրջանով դատական ստուգման անհրաժեշտությունը:

Դիմողները գտնում են, որ դատարանները սույն գործով որոշում կայացնելիս ըստ էության առաջնորդվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածով նախատեսված՝ որոշման դատական բողոքարկման կապակցությամբ կայացվող որոշումների տրամաբանությամբ՝ փորձելով զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնին հանձնարարություններ տալուց, մինչդեռ պետք է ղեկավարվեին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի տրամաբանությամբ և արձանագրեին շահագրգիռ անձանց՝ իրենց իրավունքների խախտումներն այն կոնկրետ ձևակերպումների մասով, որոնց վերաբերյալ իրենք փաստարկել էին իրենց վերաբերյալ վերջնական քրեադատավարական որոշման դեմ ներկայացված բողոքում:

Դիմողները նաև նշում են, որ Վերաքննիչ քրեական դատարանը, առաջարկելով Դատախազությանը կայացնել պատճառաբանված որոշում, իրենց կողմից բարձրացված հարցերի և իրավունքների խախտման հանգուցալուծումը թողել է անորոշ ապագային և կրկին այն մարմինների տիրույթում, որոնք արդեն իսկ ունեն կաշկանդվածություն նախկինում կայացրած որոշումներից, ինչը նշանակում է, որ մեծապես հավանական է նախորդից քիչ տարբերվող նոր որոշման կայացումը, ինչը հանգեցնելու է իրենց իրավունքների դատական պաշտպանության ոչ արդյունավետության: Արդյունքում, Դիմողների պնդմամբ՝ իմաստազրկվում է այն ողջ գործընթացը, որը ձեռնարկել է տուժող կողմը՝ իր իրավունքների պաշտպանության համար դատական պաշտպանության դիմելիս:

Ամփոփելով՝ Դիմողները գտնում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածին և 304-րդ հոդվածի 3-րդ մասին տրված նման մեկնաբանությունները խախտում են տուժող կողմի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված հիմնարար իրավունքները, ինչպես նաև 80-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական սկզբունքը:

3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողների ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողների կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողները, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի և 304-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում են տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` Դիմողներն, ի թիվս այլնի, ներկայացրել են դիրքորոշում, համաձայն որի՝ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ մասը ևս հստակ սահմանում է, որ բողոքը բավարարելու դեպքում դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա դնում է անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն, ուստի՝ տվյալ դեպքում ևս բողոքը բավարարելուց հետո դատարանը պետք է պարտավորեցներ կոնկրետ վարութային ակտ կայացնելու մասին, այլ ոչ թե նշեր պարզապես պատճառաբանված որոշում կայացնելու մասին, քանի որ կոնկրետ վարութային ակտ կայացնելու պահանջի դեպքում այն կլիներ անվիճելի բոլոր կողմերի համար, իսկ պատճառաբանված ակտի դեպքում այն ցանկացած կողմի համար կլինի սուբյեկտիվ և չի բացառի 2-րդ շրջանով դատական ստուգման անհրաժեշտությունը»:

Բացի դրանից, Դիմողները նշել են. «Դատարանները սույն գործով որոշում կայացնելուց ըստ էության առաջնորդվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածով նախատեսված որոշման դատական բողոքարկման կապակցությամբ կայացվող որոշումների տրամաբանությամբ՝ փորձելով զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնին հանձնարարություններ տալուց, մինչդեռ պետք է ղեկավարվեին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի տրամաբանությամբ և արձանագրեին շահագրգիռ անձի՝ դիմողի, իրավունքների խախտումներն այն կոնկրետ ձևակերպումների մասով, որոնց վերաբերյալ վերջիններս փաստարկել էին իրենց վերաբերյալ վերջնական քրեադատավարական որոշման դեմ ներկայացրած բողոքում»:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, նկատի ունենալով նաև Դիմողների կողմից դիմումում ներկայացված այլ դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողներն իրենց անհամաձայնությունն են հայտնում թիվ ԵԴ1/0413/11/23 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի և 304-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են վերոնշյալ գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Այսպիսով` սույն անհատական դիմումով բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար` Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

31 մարտի 2025 թվականի

ՍԴԴԿՈ–15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել