Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՄՍՏՐՈՅ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՄՍՏՐՈՅ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-9027 դեկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-90)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 դեկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 90 | «ԱՐՄՍՏՐՈՅ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 դեկտեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «ԱՐՄՍՏՐՈՅ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱՐՄՍՏՐՈՅ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ն, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի նոյեմբերի 8-ին), խնդրել է հետևյալը. «Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասը այնքանով, որքանով չի նախատեսում Վարչական դատարանի վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կայացված նոր ակտով վարչական ակտի կատարումը կասեցվելու դեպքում շահագրգիռ անձի կողմից կասեցումը փոփոխելու կամ կասեցման ժամկետ սահմանելու կամ կասեցման որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությամբ Վարչական դատարանում հանդես գալու իրավունք, և չի նախատեսում Վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կայացված նոր ակտով վարչական ակտի կատարումը կասեցվելու դեպքում, այդ որոշումը Վարչական դատարանի կողմից վերացնելու, փոփոխելու կամ կասեցման ժամկետ սահմանելու լիազորություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատական ակտը վերացնելու կամ փոփոխելու կամ կասեցման ժամկետ սահմանելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող»:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում վարչական դատարանի վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կայացված նոր ակտով վարչական ակտի կատարումը կասեցվելու դեպքում շահագրգիռ անձի կողմից կասեցումը փոփոխելու կամ կասեցման ժամկետ սահմանելու կամ կասեցման որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությամբ վարչական դատարանում հանդես գալու իրավունք, և չի նախատեսում վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կայացված նոր ակտով վարչական ակտի կատարումը կասեցվելու դեպքում, վերաքննիչ վարչական դատարանի վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշումը վարչական դատարանի կողմից վերացնելու, փոփոխելու կամ կասեցման ժամկետ սահմանելու լիազորություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատական ակտը վերացնելու կամ փոփոխելու կամ կասեցման ժամկետ սահմանելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն, հակասում է Սահմանադրության 75-րդ հոդվածին, քանի որ դրանցով չեն սահմանվել դատարանի մատչելիության, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ինչը տվյալ դեպքում հանգեցրել է դիմողի Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված դատարանի մատչելիության, արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքների խախտման: Դիմողի կարծիքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի վիճարկվող դրույթը չի համապատասխանում նաև իրավական որոշակիության պահանջին այն առումով, որ դրանով չի սահմանվել վարչական դատարանի վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կայացված նոր ակտով վարչական ակտի կատարումը կասեցվելու դեպքում շահագրգիռ անձի կողմից կասեցումը փոփոխելու կամ կասեցման ժամկետ սահմանելու կամ կասեցման որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությամբ վարչական դատարանում հանդես գալու և վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կայացված նոր ակտով վարչական ակտի կատարումը կասեցվելու դեպքում վերաքննիչ վարչական դատարանի վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշումը վարչական դատարանի կողմից վերացնելու, փոփոխելու կամ կասեցման ժամկետ սահմանելու համար բավարար հստակ ձևակերպված ընթացակարգ։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ վերոնշյալ պահանջն ինքնանպատակ չէ և միտված է դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված հիմնական իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհատական դիմումի շրջանակներում դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման վերաբերյալ բարձրացված հարցին կարող է անդրադառնալ, եթե դիմողի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ առկա է համապատասխան դատական ատյանի կամ ատյանների կողմից ձևավորված իրավակիրառ պրակտիկա։ Սույն գործով դիմողը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասը, Վարչական դատարան է ներկայացրել 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 01/18-104100-1540 շինարարական թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ Վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը վերացնելու մասին միջնորդություն, որպիսի միջնորդության քննարկումը Վարչական դատարանի կողմից 2021 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ մերժվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով Վարչական դատարանի համար նման իրավասություն սահմանված չլինելու հիմնավորմամբ։ Տվյալ դեպքում դիմողը Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքն իրացնելու կապակցությամբ նշում է, որ Վարչական դատարանի վերոնշյալ որոշմամբ սպառվել են վերջինիս դատական պաշտպանության բոլոր միջոցները, քանի որ նշված որոշմամբ սահմանվել է, որ այն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։ Ընդ որում դիմողը, ի թիվս այլնի, բարձրացրել է նաև այն հարցը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չէ այդ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն։ Սահմանադրական դատարանի դատական կազմը, ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, արձանագրում է, որ դիմողի կողմից Վարչական դատարանի 2021 թվականի հուլիսի 12-ի «Միջնորդության քննարկումը մերժելու մասին» որոշումը վերադաս դատական ատյաններում չի բողոքարկվել, այսինքն դիմողը Սահմանադրական դատարան է դիմել իր կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված դատական պաշտպանության բոլոր հնարավորությունների չսպառման և վերադաս դատական ատյանների կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ ձևավորված կայուն իրավակիրառ պրակտիկայի բացակայության պայմաններում։ Ինչ վերաբերում է դիմողի կողմից ներկայացված այն պատճառաբանությանը, որ Վարչական դատարանի կողմից որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է տվյալ որոշման բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ լինելու հանգամանքը, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Վարչական դատարանի կողմից նշված դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության հարցի կապակցությամբ դրսևորված վարքագիծը չի կարող համարվել որպես այդ հարցի առնչությամբ ձևավորված կայուն դատական պրակտիկա։ Վերջինս կարող էր առկա լինել բացառապես Վարչական դատարանի նման դիրքորոշումը վերադաս դատական ատյանների կողմից հաստատված լինելու դեպքում։ Ավելին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողը նույնաբովանդակ միջնորդություն է ներկայացրել նաև Վերաքննիչ վարչական դատարան, որպիսի միջնորդությունը Վերաքննիչ վարչական դատարանի կողմից թողնվել է առանց քննարկման այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու լիազորություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով Վերաքննիչ վարչական դատարանին վերապահված չէ, և նշված հարցը ենթակա է քննարկման Վարչական դատարանի կողմից։ Վերոնշյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Վերաքննիչ վարչական դատարան նույնաբովանդակ միջնորդություն ներկայացնելը չի կարող համարվել որպես դատական պաշտպանության բոլոր հնարավորությունների սպառում, ավելին ներկայացված միջնորդության վերաբերյալ Վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված որոշման բովանդակությունից հետևում է, որ դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Վերաքննիչ վարչական դատարանը դրսևորել է այլ մոտեցում (այն է նման միջնորդությունը որակվել է որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված միջնորդություն, որից և հետևում է նման միջնորդության կապակցությամբ Վարչական դատարանի կողմից դատական ակտ կայացնելու պարտականություն, որպիսի դատական ակտն էլ, որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտ, ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով), ինչն էլ վկայում է դիմողի կողմից բարձրացված հարցի առնչությամբ դատական ատյանների կողմից ձևավորված կայուն իրավակիրառ պրակտիկայի բացակայության մասին։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքն իրացրել է նախքան դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելը, ուստի գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքերով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԱՐՄՍՏՐՈՅ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

27 դեկտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-90

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 դեկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-90
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել