Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403 ԵՎ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9 ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 122-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ ՆՀ-103-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403 ԵՎ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9 ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 122-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ ՆՀ-103-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-569 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 ապրիլի 2024թ. ՍԴԱՈ - 56 | «ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403 ԵՎ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9 ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 122-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ ՆՀ-103-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 403 ԵՎ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9 ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 122-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ ՆՀ-103-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հակոբ Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403 և 404-րդ հոդվածների, 483-րդ հոդվածի 9 և 10-րդ մասերի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 122-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի մարտի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հակոբ Խաչատրյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) պարզել՝

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթների՝

Հոդված 483.

9. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների, ինչպես նաև հիմնարար խախտման հիմքով բերված բողոքները սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: բերված բառի և

Հոդված 483.

10. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բացառիկ վերանայման բողոքները բերվում և քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով: - սահմանադրականությունը:

(...) Սահմանադրականությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի՝ ժամանակի սահմանափակման առումով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի՝ միայն հօգուտ տվյալ մեղադրյալի՝ հիմնարար խախտման հիմքերի բնորոշումների թերության-պակասության առումով: Օրինակ ավելացվի կետ՝ անձը իրենից անկախ պատճառներով զրկվել է բողոքարկման՝ իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքից:

(...) ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 122-րդ հոդվածի սահմանադրականությունը՝ բողոքարկելու ժամանակի սահմանափակման առումով՝ այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում մի այնպիսի խնդրի բողոքարկման վերաբերյալ, որը տեղի է ունեցել մինչև 01.07.2022թ-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նոր ժամկետային կարգավորումները և որը անձից անկախ պատճառներով հնարավոր չի եղել նախկինում բողոքարկել:

(...) 01.08.2003 թ-ի ՀՀ նախագահի թիվ 103-Ա ներման հրամանի սահմանադրականությունը՝ համընդհանուր սկզբունք՝ Nullum poena sine lege – չկա պատիժ առանց այդ մասին օրենքում նշված լինելու, ՀՀ Սահմանադրության 73 հոդված՝ 1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն և ՀՀ Սահմանադրության 61 հոդված՝ 1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք (այն բողոքարկելու անհնարինության) համատեքստում»:

2. Ներկայացնելով թիվ ԿԴ/0018/15/23 և թիվ 1/161-2002 քրեական գործերի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ընդհուպ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ին ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը չի եղել իրավական գործիք այդ հրամանագիրը բողոքարկելու, և դրանով խախտվել են Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքները, մասնավորապես՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը:

Դիմողի պնդմամբ՝ ներկա ձևակերպմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 122-րդ հոդվածը չի կարող անդրադառնալ 20 տարի առաջ ի հայտ եկած իրավունքի խախտմանը, որի ներգործությունը մինչ օրս ճակատագրեր է խեղում, և որը նախկին իշխանությունների և օրենսգրքերի օրոք անհնարին էր բողոքարկել, քանզի առհասարակ չկար այդ հրամանագիրը (Հայաստանի Հանրապետության նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագիրը) բողոքարկելու իրավական գործիքներ: Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 122-րդ հոդվածը՝ իր ժամանակային սահմանափակմամբ թույլ չի տալիս վերականգնել իր խախտված իրավունքները:

Դիմողը նշում է՝ չնայած ՀՀ նախագահը իրավունք ուներ «ներում շնորհել դատապարտյալներին», միաժամանակ նրա հրամանագրերը չէին կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ օրենքներին, մինչդեռ վերջինս, անտեսելով վերոգրյալը և յուրացնելով արդարադատությունը, Դիմողին «ներում շնորհեց»՝ դատապարտելով օրենքով չնախատեսված, նոր ի հայտ եկած, մինչ այդ գոյություն չունեցող անմարդկային պատժատեսակի՝ ցմահ ազատազրկման, որն ինքը չէր կարող բողոքարկել: Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրով իր վիճակը վատթարացել է և իր վրա ունեցել է ճակատագրական բացասական ազդեցություն:

Դիմողը պնդում է, որ իրեն Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2003 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը բողոքարկելու հնարավորություն չի տրվել: Բացի դրանից, Դիմողի համոզմամբ՝ իր անձնական գործում առկա չէ իր կողմից այդ որոշմանը ծանոթանալու մասին փաստաթուղթ: Վերոգրյալի հիման վրա՝ Դիմողը գտնում է, որ ինքը զրկվել է դատարանի մատչելիության, իր հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներից:

Դիմողը նշում է, որ իր պարագայում հիմնարար խախտման էությունն այն է, որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարադատություն չի իրականացրել, այլ վերահաստատել է Հայաստանի Հանրապետության նախագահի ապօրինի հրամանագիրը՝ կայացնելով արդարադատության բուն էությունը խաթարող անօրինական դատական ակտ՝ նշանակելով իր կատարած հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ և պատժաչափ: Դրա արդյունքում, Դիմողի պնդմամբ, խախտվել է «չկա պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» սկզբունքը:

Դիմողը փաստում է, որ եթե ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի օրոք առանց ժամանակի սահմանափակման ինքն իրավունք ուներ հիմնարար խախտման հիմքով բողոքարկելու Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2003 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը, ապա ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի օրոք, ՀՀ դատարանների որոշումների հիման վրա, ինքն այդ իրավունքը չունի: Հետևաբար, Դիմողի պնդմամբ, կարելի է հանգել այն հետևության, որ իր հանդեպ հետադարձ կարգով կիրառվել են իր իրավական վիճակը վատթարացնող օրենքներ, որոնք իրեն զրկել են իր՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

Սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վկայակոչել է երկու առանձին դատական գործեր, իր նկատմամբ իրականացվել են երկու առանձին դատավարություններ, մասնավորապես՝ թիվ 1/161-2002 և թիվ ԿԴ/0018/15/23 գործերով, և կայացվել են համապատասխանաբար տարբեր դատական ակտեր: Երկու դատավարությունների ընթացքում ընդունված դատական ակտերն էլ Դիմողը ներկայացրել է սույն անհատական դիմումով:

Հավելելով՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ հենց Դիմողն է իր անհատական դիմումում ներկայացրել պնդում առ այն, որ ինքը, վերոգրյալ 2 գործերը միացնելով, անհատական դիմում է ներկայացնում Սահմանադրական դատարան:

Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողության սահմանադրական և օրենսդրական կարգավորումների տրամաբանությունից բխում է, որ յուրաքանչյուր ոք իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան իր նկատմամբ կիրառված օրենսդրական նորմի (նորմերի) սահմանադրականությունը վիճարկելու համար և կարող է դիմում ներկայացնել իրեն վերաբերող կոնկրետ դատավարության արդյունքներով, ինչը բացառում է դիմողի կողմից մեկից ավելի գործերով և մեկից ավելի վերջնական դատական ակտերով դիմում ներկայացնելու հնարավորությունը։

Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից չի պահպանվել «կոնկրետ գործով» Սահմանադրական դատարան դիմելու պահանջը, քանի որ Դիմողն իր անհատական դիմումով որպես կոնկրետ գործ ներկայացրել է 2 քրեական գործ, իսկ որպես վերջնական դատական ակտ՝ տվյալ գործերով կայացված 2 տարբեր դատական ակտ։ Մինչդեռ այս համատեքստում հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողությանը, մասնավորապես, բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը կոնկրետ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը դուրս է եկել Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրեն վերապահված կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառված օրենսդրական նորմի (նորմերի) սահմանադրականությունը պարզելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրացման թույլատրելի սահմաններից և Սահմանադրական դատարան է դիմել մեկից ավելի գործերին առնչվող հարցադրումների կապակցությամբ, ինչի իրավասությունը Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով չունի:

Վերոշարադրյալի լույսի ներքո, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ հարկ է արձանագրել, որ տվյալ պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Հետևաբար՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:

3.2. Դիմողի կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ հարկ է արձանագրել նաև հետևյալը.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Այսինքն՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և (կամ) դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության գնահատումը: Հակառակ դեպքում՝ տվյալ դիմումները չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ դրանցով բարձրացված հարցերը դուրս են վերջինիս իրավասության շրջանակից:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի), 404-րդ հոդվածի, 483-րդ հոդվածի 9 և 10-րդ մասերի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 122-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «Չնայած որ ՀՀ Նախագահը իրավունք ուներ «ներում շնորհել դատապարտյալներին», միաժամանակ նրա հրամանագրերը չէին կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ օրենքներին, իսկ նա այս ամենը անտեսելով և յուրացնելով արդարադատությունը՝ ինձ «ներում շնորհեց»՝ դատապարտելով՝ օրենքով չնախատեսված, նոր ի հայտ եկած, մինչ այդ գոյություն չունեցող անմարդկային պատժատեսակի՝ պատժի (ՀՀ Սահմանադրության 26 հոդված)՝ ցմահ ազատազրկման, որը (…) ես չէի կարող բողոքարկել (...) համաձայն՝ ՀՀ Սահմանադրության 61 հոդվածի»։

Դիմողը նաև նշել է․ «(…) եթե Նախագահը օրենքի համաձայն, ներումով ինձ տար ժամկետային ազատազրկում, ապա Դատարանը այդ ազատազրկումը չէր կարող դարձնել ցմահ ազատազրկում։ Նույնը նաև այն պարագայում, եթե Նախագահը ինձ ներում տված չլիներ։ Այս դեպքում նույնպես Դատարանը ինձ չէր կարող տալ այդ նոր պատժատեսակը, որովհետև օրենքը, հետադարձության սկզբունքը դա թույլ չէր տալիս և իմ պատժատեսակը 28.10.2003թ-ի դրությամբ արդեն վերացել էր։ (...)»։

Բացի դրանից, Դիմողը վկայակոչել է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «Իսկ ինձ հնարավորություն չտվեցին բողոքարկելու 28.10.2003թ-ի Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը, կից ներկայացնում եմ տեղեկանք, որ իմ անձնական գործում առկա չէ իմ կողմից այդ որոշմանը ծանոթանալու մասին փաստաթուղթ։ Իսկ դրանով ինձ զրկեցին՝ դատարանի մատչելիության, իմ իրավունքների և ազատությունների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից»։

Միաժամանակ, Դիմողը վկայակոչել է պնդում առ այն, որ «(…) իմ պարագայում, հիմնարար խախտման էությունն այն է, որ 28.10.2003թ-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը արդարադատություն չի իրականացրել, այլ վերահաստատել է ՀՀ Նախագահի ապօրինի հրամանագիրը՝ իր որոշման հիմքում դրել է հրամանագիրը՝ կայացնելով արդարադատության բուն էությունը խաթարող անօրինական դատական ակտ՝ նշանակելով իմ կատարած հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ և պատժաչափ: Խախտելով՝ «չկա պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» սկզբունքը: Հենց այս դատական սխալն է ազդել գործի ելքի վրա, քանի որ, եթե չլիներ Նախագահի հրամանագիրը իմ պատիժը գործող օրենքի համաձայն կարող էին փոխարինել միայն ազատազրկման։

Նաև այն, որ ինձ զրկել են բողոքարկելու իրավունքից»։

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները ևս՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի), 404-րդ հոդվածի, 483-րդ հոդվածի 9 և 10-րդ մասերի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 122-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Հայաստանի Հանրապետության նախագահի գործողությունների, մասնավորապես՝ վերջինիս կողմից ընդունված համապատասխան հրամանագրի իրավաչափությանը, ինչպես նաև թիվ ԿԴ/0018/15/23 և թիվ 1/161-2002 գործերով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների և Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի սահմանադրականության գնահատում, այլ Հայաստանի Հանրապետության նախագահի գործողությունների (ընդունած համապատասխան հրամանագրի), ինչպես նաև թիվ ԿԴ/0018/15/23 և թիվ 1/161-2002 գործերով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Հակոբ Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403 և 404-րդ հոդվածների, 483-րդ հոդվածի 9 և 10-րդ մասերի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 122-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

9 ապրիլի 2024 թվականի

ՍԴԱՈ-56

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-56
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել