Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-916 հունվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 հունվարի 2024թ. ՍԴԱՈ - 9 | ««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ

404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ԱՄԻՕ ԲԱՆԿ»[1] ՓԲԸ (այսուհետ նաև Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի ապրիլի 4-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. « Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 4, 6 և 61, 63, 78, 79 ու 80, 81-րդ, 162, 164-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասը: և/կամ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 4, և 61, 63, 78, 79 ու 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասն, այնքանով, որքանով չի սահմանում վճռաբեկ բողոքով վիճարկվող որոշումների չվիճարկվող մասերի, չվիճարկվող որոշումների, այդ թվում նույն գործով դատական նախորդ շրջափուլերի ընթացքում կայացված բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման և նույն անձանց մասնակցությամբ սնանկության դատարանի պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման օրինականությունը ստուգելն արգելող նորմատիվ պահանջ: և/կամ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 4, և 61, 63, 78, 79 ու 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասը և 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը իրավակիրառական պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի, ՀՀ վճռաբեկ դատարանը կաշկանդված չլինելով վճռաբեկ բողոքի պահանջով, դուրս է գալիս վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից»:

2. Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. «Միլլար» ՍՊԸ-ն, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի քաղաք Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 4, 8, 11, 12, 13, 15, 17, 18, 24, 27, 28, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 55, 56, 58, 59, 62, 64 բնակարանների, թիվ 29, 67, 68, 69, 74 տարածքների արտադատական կարգով բռնագանձումը։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2014 թ. որոշմամբ «Միլլար» ՍՊԸ հայցադիմումն ընդունվել է վարույթ։

«Միլլար» ՍՊԸ-ն, 12.03.2015 թ. դատարան դիմում ներկայացնելով, պահանջել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից բռնագանձել 16.412.874 ՀՀ դրամ: 02.06.2018 թ. «Միլլար» ՍՊԸ-ն դատարան է ներկայացրել միջնորդություն` հայցապահանջն ավելացնելու մասին և պահանջել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից բռնագանձել 1.578.166.864,3 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.11.2018 թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի, վճռվել է. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից հօգուտ «Միլլար» ՍՊԸ- ի բռնագանձել 1.025.483.000 ՀՀ դրամ որպես պարտավորության գումար, ինչպես նաև 600.118.100 ՀՀ դրամ գումար որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկը 1.025.483.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ, շարունակել 17.11.2018 թվականից սկսած, մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: «Միլլար» ՍՊԸ հայցը 1.602.997,1 ՀՀ դրամ գումարի մասով, մերժել, անշարժ գույքերի արտադատական կարգով բռնագանձում տարածելն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճել հայցից հրաժարվելու հիմքով:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թ. որոշմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.11.2018 թ. վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.09.2019թ. որոշումներով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թ. որոշման դեմ «Միլլար» ՍՊԸ-ի և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.01.2021 թ. վճռով «Միլլար» ՍՊԸ-ի հայցը բավարարվել է մասնակի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից հօգուտ «Միլլար» ՍՊԸ-ի բռնագանձվել է 1.025.483.000 ՀՀ դրամ որպես գույքի իրացման գնի և շուկայական արժեքի տարբերություն։ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից հօգուտ «Միլլար» ՍՊԸ-ի հաշվեգրվել և բռնագանձվել են 1.025.483.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսած տոկոսները համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, սկսած 13.01.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը։ Անշարժ գույքերի արտադատական կարգով բռնագանձումն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է հայցվորի հայցից հրաժարվելու հիմքով։ Հայցը 1.602.997,1 ՀՀ դրամ գումարի մասով, մերժվել է։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2021 թ. որոշմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Երևան քաղաքի ընդհանուր իարավասության դատարանի 15.01.2021 թ. վճիռը մասնակի բողոքարկված հայցի բավարարման մասով, բեկանվել և փոփոխվել է, հայցը մերժվել է։

Սույն գործով «Միլլար» ՍՊԸ-ն և ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը ներկայացրել են վճռաբեկ բողոք։

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հունվարի 31-ին որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2021 թ. որոշումը և փոփոխել, հայցը բավարարել մասնակիորեն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից հօգուտ «Միլլար» ՍՊԸ-ի բռնագանձել 814.765.238 ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ սկսած 23.07.2013 թվականից մինչև գումարը փաստացի վերադարձնելու օրը։

3. Ներկայացնելով թիվ ԵԿԴ/0954/02/14 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ իր համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել Վճռաբեկ դատարանի կողմից իր նկատմամբ կիրառված թիվ ԵԿԴ/0954/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի հունվարի 31-ի որոշման մեջ թեև անմիջականորեն չվկայակոչված, սակայն փաստացի կիրառված, inter alia, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին և 2- րդ մասերի, ինչպես նաև անմիջականորեն վկայակոչված և փաստացի կիրառված 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները:

Մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներ վկայակոչելով Դիմողը եզրահանգել է, որ մրցակցության կանոնի սահմանումը պարունակում է դատավարության մասնակցին տրված երաշխիք առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում դատարանները չեն կատարի տվյալ անձի դատավարական հակառակորդի գործառույթ:

Դիմողը փաստում է, որ եթե Վճռաբեկ դատարանն իրավասու լինի մրցակցող կողմերից որևէ ցանկացած մեկի փոխարեն բողոքի պահանջին, հետևաբար իրավական հիմքի ընտրության փոփոխությանն ուղղված գործողություններ իրականացնելու, ապա Վճռաբեկ դատարանը դուրս կգա դատավարությունում անկողմնակալ իր դերի շրջանակներից իրականացնելով արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ: Ըստ Դիմողի հենց այդպիսի իրավասություն են Վճռաբեկ դատարանին վերապահում սույն դիմումով բարձրացված սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները:

Դիմողը գտնում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներով դատարանին սեփական նախաձեռնությամբ բողոքի առարկան պահանջը, հիմքը փոփոխելու լիազորություն վերապահելը պատրանքային է դարձնում բողոքարկման վարույթում պաշտպանվելու իրավունքը բողոքի իրավական հիմքերի, բողոքի պահանջի դեմ հակափաստարկներ և առարկություն ներկայացնելու իրավունքը:

Ըստ Դիմողի եթե դատարանին օրենքով ակտիվ դերակատարություն տրվի, մասնավորապես, Վճռաբեկ դատարանում իր նախաձեռնությամբ բողոքի պահանջի, որ նույնն է իրավական հիմքերի փոփոխության լիազորություն վերապահվի, ապա դատարանի իրավասությունները չեն համապատասխանի նրա գործառույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, անհամատեղելի կլինեն Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի հետ:

Դիմողը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, Վճռաբեկ դատարանին «արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի», «Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի հետ անհամատեղելի» լիազորություն վերապահելով, խախտել է նաև Սահմանադրության 4-րդ հոդվածով հռչակված սկզբունքը: Դիմողի պնդմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404 և 405-րդ հոդվածների դրույթներն իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ հանդերձ հակասում են Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված իրավական պետության սկզբունքին, ինչպես նաև 61 և 63-րդ հոդվածներին: Դիմողն ընդգծում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներն այնքան անորոշ են ձևակերպված, որ ստեղծում են հայեցողության լայն կամայական մեկնաբանության հնարավորություն, ինչը կարող է միևնույն իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորման վտանգ առաջացնել: Ըստ Դիմողի Վեճի առարկա դրույթներում առկա է իրավական անորոշություն, իրավական բաց, որը չի սահմանափակվում որևէ սկզբունքով, չափանիշով կամ չափորոշիչով, որոնք և΄ իրավակիրառողին, և΄ դատավորներին հնարավորություն կտային կանխատեսելի դարձնել տվյալ նորմի կիրառությունը, իրավահարաբերության մեջ մտնելու իրավական հետևանքը»: Դիմողը նաև նշում է, որ նման կարգավորման արդյունքում իրավակիրառողը ձեռք է բերում հայեցողության լայն հնարավորություն, որը չի ապահովում կամայականության դեմ արդյունավետ երաշխիք առաջացնելով իրավունքի գերակայության և իրավական պետության սկզբունքների խախտում դրանով իսկ սահմանափակելով մարդու իրավունքները:

Միաժամանակ Դիմողն ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթների անհստակ, ոչ որոշակի ձևակերպված լինելը «օրենքի որակին» ներկայացվող պահանջները չբավարարելը, հակասում է Սահմանադրության 1-ին, 3 և 75-րդ հոդվածներին:

4. Ազգային ժողովը (այսուհետ նաև Պատասխանող) հայտնում է, որ Վճռաբեկ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Այսպես գործող օրենսդրական կանոնակարգման պայմաններում Վճռաբեկ դատարանում գործի քննությունը սահմանափակված է վճռաբեկ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն ստացվում է, որ վճռաբեկ բողոք բերելու եղանակով կողմերն իրենք են կանխորոշում վճռաբեկության կարգով վերանայման սահմանները: Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասին Պատասխանողը նշում է, որ անհիմն է Դիմողի այն դիրքորոշումը, որ սահմանադրաիրավական վեճի դրույթները դատարանին վերապահել են սեփական նախաձեռնությամբ բողոքի առարկան պահանջը, հիմքը փոփոխելու լիազորություն: Անդրադառնալով վիճարկվող իրավանորմերի որոշակիության հարցին Պատասխանողը գտնում է, որ այդ նորմերում իրավական անորոշության փաստարկման հնարավորությունը բացակայում է: Դրանք բավարար չափով որոշակի են, որպեսզի դրանց հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Վկայակոչելով օրենսդրական բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումները Պատասխանողը հայտնում է, որ օրենսդիրն ամբողջությամբ կարգավորել է վարույթը Վճռաբեկ դատարանում և սահմանել է վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքին, դրա հիմքերին և բովանդակությանը, այն վարույթ ընդունելու (առանձնահատուկ) հիմքերին, Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմաններին, Վճռաբեկ դատարանի նիստի նախապատրաստմանը, Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակին, արդարացման դատավճռի բեկանման առանձնահատկություններին, Վճռաբեկ դատարանի որոշումների բովանդակությանը և Վճռաբեկ դատարանի կողմից դատավճիռը կամ որոշումը բեկանելու դատավարական հետևանքներին վերաբերող կանոններ: Ամբողջացնելով իր դիրքորոշումները Պատասխանողը խնդրում է

««Հայբիզնեսբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները և այդ դրույթների մեկնաբանությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

5. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ դիմումն ակնհայտ անհիմն է, և դրանում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, ուստի գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրաիրավական վերոնշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես տվյալ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն այդ պահանջներն են.

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

5.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Հիշյալ պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով Սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն:

Միաժամանակ Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Վերահաստատելով նախկինում հայտնած իր իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումների իրավաբանորեն հիմնավորված լինելու կարևորությունը, ի թիվս այլնի, այն է, որ Սահմանադրական դատարանը, առաջնորդվելով սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր բացառիկ լիազորությամբ, իրավասու է քննության առարկա դարձնելու բացառապես սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունեցող հարցերը, որպիսի պայմաններում դիմումով բարձրացվող հարցադրումները պետք է լինեն առնվազն այնչափ հստակ և հիմնավորված, որ Սահմանադրական դատարանի համար դիմումի ընդունելիության, ապա նաև գործի քննության փուլում պարզորոշ լինեն ինչպես սահմանադրաիրավական վեճի առարկայի շրջանակները, այնպես էլ դիմողի կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով սահմանադրական արդարադատություն հայցելու վերաբերյալ սպասելիքներն ու ակնկալիքները:

Տվյալ դեպքում գործի ուսումնասիրությունը վկայում է, որ անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրականության և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում: Մասնավորապես վերջինս բավարար չափով չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել (սահմանափակվելով միայն վերացական սահմանադրական վերահսկողությանը բնորոշ դատողություններով իր Սահմանադրության 61, 63, 75 և 79-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության, որոշակիության սկզբունքի սահմանադրաիրավական պահանջների խախտման վերաբերյալ), ինչպես նաև ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և իր համապատասխան սահմանադրական իրավունքների խախտման/սահմանափակման փաստի միջև, ինչն անհրաժեշտ պայման է անհատական դիմումով գործի քննության համար:

Դիմողը հայտնել է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներն այնքան անորոշ են ձևակերպված, որ ստեղծում են հայեցողության լայն կամայական մեկնաբանության հնարավորություն, ինչը կարող է միևնույն իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորման վտանգ առաջացնել: Ըստ Դիմողի Վեճի առարկա դրույթներում առկա է իրավական անորոշություն, իրավական բաց, որը չի սահմանափակվում որևէ սկզբունքով, չափանիշով կամ չափորոշիչով, որոնք և΄ իրավակիրառողին, և΄ դատավորներին հնարավորություն կտային կանխատեսելի դարձնել տվյալ նորմի կիրառությունը, իրավահարաբերության մեջ մտնելու իրավական հետևանքը»:

Մինչդեռ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Դիմողը չի պատճառաբանել, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասում և 405- րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում (իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ հանդերձ) առկա ենթադրյալ անորոշությունն ու իրավական բացն ինչպե՞ս են կոնկրետ դեպքում անմիջականորեն խախտում/սահմանափակում իր կողմից հիշատակված սահմանադրական իրավունքները:

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, Դիմողը չի առաջնորդվել Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջներով, այն է Դիմողը պատշաճ կերպով չի հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված ենթադրյալ հակասահմանադրական մեկնաբանության հետևանքով Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր ո՞ր հիմնական իրավունքը/ազատությունն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթների և իր իրավունքների/ազատությունների խախտման փաստի միջև:

Ողջ վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 5.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Վերոգրյալից ելնելով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Այսինքն Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Հակառակ պարագայում անհատական դիմումը չի կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ նման դիմումի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ.

սույն գործի ուսումնասիրությունը վկայում է, որ անհատական դիմումով Դիմողի կողմից որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը: Այսինքն սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից: Միաժամանակ, անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հարցին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255) իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որոնք խախտում են կամ կարող են խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով նշված իրավական դիրքորոշումը Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն պարագայում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:

Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված են համապատասխան իրավակարգավորումներ, որոնցից բխում է այդ առնչությամբ օրենսդրի կամքը:

Այսպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածով ամրագրված են վճռաբեկության սահմանները: Նույն հոդվածի Դիմողի կողմից վիճարկվող 2-րդ մասով արձանագրված է, որ Վճռաբեկ դատարանը կաշկանդված չէ բողոք բերած անձի պահանջով: Ուստի նշված դրույթի առնչությամբ օրենսդրի կամքը ենթադրում է Վճռաբեկ դատարանի բողոք բերած անձի պահանջով կաշկանդվածության բացակայություն:

Այս առումով Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Այսինքն այս համատեքստում Վճռաբեկ դատարանը կաշկանդված է վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, ինչից նախատեսված է բացառություն:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակը հստակ և սպառիչ կերպով սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով, որով էլ սահմանափակված է և որի շրջանակում էլ պարտավոր է գործել Վճռաբեկ դատարանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Այսպիսով, նշված դրույթով նախատեսված է օրենսդրի կողմից Վճռաբեկ դատարանին վերապահված լիազորություններից մեկը, որն էլ սույն գործով Վճռաբեկ դատարանն իրացրել է:

Դիմողը նշել է, որ դատարանին սեփական նախաձեռնությամբ բողոքի առարկան պահանջը, հիմքը փոփոխելու լիազորություն վերապահելը պատրանքային է դարձնում բողոքարկման վարույթում պաշտպանվելու իրավունքը բողոքի իրավական հիմքերի, բողոքի պահանջի դեմ հակափաստարկներ և առարկություն ներկայացնելու իրավունքը: Բացի դրանից, Դիմողն ընդգծել է. « Եթե հնարավոր լիներ դատական մեկնաբանությամբ հաղթահարել սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթում առկա իրավական բացը, ապա Վճռաբեկ դատարանն առաջնորդվելով վերոգրյալ իրավունքի աղբյուրներով կաներ դա կհաղթահարեր սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթում առկա իրավական բացը: Հարկավոր է նկատի ունենալ նաև, որ սույն դիմումում մեջ են բերվել Վճռաբեկ դատարանի դատական կազմի դատավորների հատուկ կարծիքներում արտահայտած իրավական դիրքորոշումներ, որոնցում արձանագրված է, ըստ էության, սահմանադրաիրավական նույն խնդիրն, ինչ մեր կողմից առաջադրվում է սույն դիմումով:

Հետևաբար, հաղթահարելի չէ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա իրավական բացը: Կարգավորումների բացակայության մասով դրանք հակասահմանադրական են, այսինքն, պարունակում են ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի մեկնաբանությամբ չհաղթահարվող իրավական բաց, քանի որ չեն ապահովում արդար դատաքննության իրավունքի պատշաճ կենսագործումը»: Ինչպես ակնհայտ է Դիմողի վերը ներկայացրած դիրքորոշումներից վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԿԴ/0954/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակությանը: Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից վիճարկվող դրույթների դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկներն ու թեզերն առավելապես վերաբերում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը հայտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները Սահմանադրական դատարանը հայտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման նաև դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի վարույթը ենթակա է կարճման նաև առաջադրված հարցերը Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

16 հունվարի 2024 թվականի

ՍԴԱՈ-9

----------------------

[1] Սահմանադրական դատարանը սույն գործը քննության է ընդունել ««Հայբիզնեսբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա: ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 14.11.2023 թ. թիվ 194 Ա որոշմամբ վերաձևակերպվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 40 լիցենզիան պայմանավորված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ֆիրմային անվանման փոփոխության հետ ֆիրմային նոր անվանումն է ԱՄԻՕ ԲԱՆԿ»

ՓԲԸ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հունվարի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-9
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել