«ՅՈՒՐԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՈՐ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ԵՐԲ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-100)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 մայիսի 2021թ. ՍԴԱՈ - 100 | «ՅՈՒՐԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՈՐ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ԵՐԲ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԻՄՔԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՅՈՒՐԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՈՐ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ԵՐԲ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԻՄՔԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Յուրի Բեգլարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածն այնքանով, որքանով որ այն չի նախատեսում մեղադրյալի ազատության մեջ հայտնվելու բացարձակ հնարավորություն բոլոր այն դեպքերում, երբ էականորեն նվազել են մեղադրյալին կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Յուրի Բեգլարյանի (այսուհետ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի փետրվարի 12-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածն այնքանով, որքանով որ այն չի նախատեսում մեղադրյալի ազատության մեջ հայտնվելու բացարձակ հնարավորություն բոլոր այն դեպքերում, երբ էականորեն նվազել են մեղադրյալին կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին հակասող և անվավեր»: Սահմանադրական դատարանի դատական կազմի 03.03.2021 թ. ՍԴԴԿՈ-12 որոշմամբ նշված գործն ընդունվել է քննության: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` նաև Օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից: Օրենսգրքի «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան» վերտառությամբ 290-րդ հոդվածը սահմանում է. «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:
4. Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին: Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը: Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն:
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին»: Ընդունման պահից ի վեր Օրենսգրքի 290-րդ հոդվածը չի փոփոխվել, իսկ 290-րդ հոդվածի 1-ին մասի «...և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված` նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը` սահմանափակվել են մարդու` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր 07.12.2009 թ. ՍԴՈ-844 որոշմամբ:
2. Դիմողի դիրքորոշումը, ըստ էության, հանգում է նրան, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թ. ապրիլի 14-ի ՀՕ-196-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պաշտպանության կողմը զրկված է խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունն ուղղակիորեն և պատեհ պահի դատարանին ներկայացնելու հնարավորությունից, քանի որ, ըստ Դիմողի, օրենսդրական փոփոխության համաձայն, նման միջնորդություն ներկայացնելու հնարավորությունն առկա է միայն այն դեպքում, երբ մեղադրյալն արդեն իսկ գտնվում է անազատության մեջ, և առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին և չէին կարող հայտնի լինել: Դիմողի կարծիքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում տեղ գտած դրույթը չի երաշխավորում մեղադրյալի ազատության մեջ հայտնվելու հնարավորությունն այն բոլոր դեպքերում, երբ ընդհանրապես վերացել են կամ էապես նվազել են մեղադրյալին կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը: Դիմողի մեկնաբանությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասը կաշկանդում է վարույթն իրականացնող մարմնին, այդ թվում դատարանին խափանման միջոց կալանավորումն ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու հարցին անդրադառնալ բացառապես այն դեպքում, երբ ի հայտ են եկել նախկինում անհայտ հանգամանքներ, և ոչ թե էականորեն նվազել են մեղադրյալին կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված հիմքերը: Ուստի Դիմումի ուսումնասիրությունից կարելի է եզրահանգել, որ ըստ Դիմողի 2020 թ. ապրիլի 14-ի ՀՕ-196-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, անձի անձնական ազատության իրավունքի պաշտպանության ապահովում հնարավոր չէ որևէ այլ կերպ, քան դատախազին կալանավորումն ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու միջնորդություն ներկայացնելու, իսկ նման միջնորդության մերժման մասին որոշման կայացված լինելու դեպքում դատախազի այդ որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով դատարան բողոքարկելու ձևով, «քանի որ որևէ այլ դատավարական նորմ պաշտպանության կողմին հնարավորություն չի տալիս փոփոխելու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այն դեպքում, երբ պաշտպանության կողմը համարում է, որ ոչ թե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել, այլ երբ համարում է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն արդեն բացակայում են կամ այդ հիմքերում նշված գործողությունների կատարման հավանականությունը էապես նվազել է»: Վերոգրյալի հիման վրա Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում մեղադրյալի ազատության մեջ հայտնվելու բացարձակ հնարավորություն բոլոր այն դեպքերում, երբ էականորեն նվազել են մեղադրյալի կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը, հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին:
3. Պատասխանողը պնդում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա կարող են դառնալ նախնական քննության մարմինների այն որոշումները և գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, և որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Պատասխանողի կարծիքով արդեն իսկ կիրառված կալանավորումը դատարանի կողմից այլ խափանման միջոցով կարող է փոխարինվել այն դեպքում, երբ ներկայացվել են այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել, հակառակ պարագայում դատարանի կողմից ընտրված կալանավորումը մինչդատական վարույթում կարող է փոփոխվել դատախազի կողմից: Պատասխանողը գտնում է, որ դատախազի որոշումը բավարարել կամ մերժել կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ կողմի միջնորդությունը, չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա նկատելով, որ հակառակ պարագայում դատարանի կողմից այդ որոշման ստուգումը և դրա վերաբերյալ եզրահանգումները կհանդիսանային նախաքննությանը անհարկի միջամտություն, ինչը, ըստ պատասխանողի, անթույլատրելի է: Պատասխանողի համոզմամբ դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուց առաջ դիտարկում է ավելի մեղմ խափանման միջոցների ընտրության հնարավորությունը, և միայն համոզվելով, որ առավել մեղմ խափանման միջոցները պիտանի չեն մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի այս կամ այն դրսևորման հավանականությունը բացառելու համար, ընտրում է կալանավորումը: Ուստի նման հետևության հանգելուց հետո դատարանը կարող է փոխել իր դիրքորոշումը միայն այն դեպքում, երբ նրա ուշադրությանը ներկայացվեն այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել: Ուստի Օրենսգրքում ՀՕ-196-Ն օրենքով կատարված փոփոխությունը համահունչ է ՍԴՈ-1480 որոշմանը և չի հակասում Սահմանադրության 27-րդ հոդվածին: Պատասխանողը ընդգծում է, որ Դիմողը չի մեկնաբանել, թե ինչպես կարող են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը նվազել առանց նոր հանգամանքի ի հայտ գալու նկատելով, որ դիմողը փորձ է արել մեղադրյալին կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերի էապես նվազումը ներկայացնել որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումից տարբեր իրավիճակ, «մինչդեռ նրա կողմից բարձրացված հարցը հենց կարգավորվում է Օրենսգրքի 137-րդ հոդվածով»: Հիմք ընդունելով վերոշարադրյալը պատասխանողը խնդրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածին համապատասխանող:
4. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության ու վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. հաշվի առնելով անձի անձնական ազատության իրավունքին կալանավորման առավել ինտենսիվ միջամտող բնույթը կալանավորումը իբրև խափանման միջոց (ծայրահեղ միջոց) կարող է կիրառվել այն դեպքում միայն, երբ քրեադատավարական ներգործության այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Մյուս կողմից, ելնելով անձի անձնական ազատության իրավունքի հիմնարար նշանակությունից և այդ իրավունքը անհամաչափորեն (ոչ իրավաչափ) չսահմանափակելու սահմանադրական պահանջից բոլոր այն դեպքերում, երբ անձի նկատմամբ կիրառվել է ծայրահեղ միջոցը կալանավորումը, սակայն դրա կիրառման ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք (ա) կա՛մ վերացնում են անձի անձնական ազատության զրկման անհրաժեշտությունն ընդհանրապես (օրինակ, երբ վերանում են խափանման միջոցներ կիրառելու հիմքերը (Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մաս), կամ վերանում են (բացակայում են) կալանավորման կիրառման պայմանները հիմնավոր կասկածը, արարքը ապաքրեականացվում է և այլն), (բ) կա՛մ թեկուզև շարունակում են առկա մնալ խափանման միջոցի կիրառման պայմանները և հիմքերը, սակայն որոշակի ժամանակ անցնելու և/կամ որոշակի այլ հանգամանքների առաջ գալու հետևանքով պայմանավորված նվազում է մեղադրյալի Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հնարավոր ոչ պատշաճ վարքագծի այս կամ այն դրսևորման հավանականությունը (նվազում են ռիսկերը), ապա տվյալ անձինք պետք է իրավասու մարմնի կողմից համապատասխան գնահատականի առկայության դեպքում ազատ արձակվեն, հակառակ դեպքում տեղ կգտնի անձնական ազատության իրավունքից անհամաչափ զրկում (սահմանափակում): Ընդ որում, Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե վերոգրյալ ա) կետի դեպքում պետք է տեղ գտնի անձի անձնական ազատության իրավունքի լիարժեք վերականգնում, ապա բ) կետի դեպքում «անձնական ազատության իրավունքից «զրկումը» պետք է փոխարինվի դրա «սահմանափակմամբ» կալանավորումը վերացվի, և ընտրվի անձի անձնական ազատության իրավունքը առավել նվազ սահմանափակող քրեադատավարական ներգործության միջոց: Համանման դիրքորոշում է տեղ գտել նաև Սահմանադրական դատարանի 21.11.2017 թ. ՍԴՈ-1387 որոշման 7-րդ կետում «...եթե վերացել են անձնական ազատության իրավունքից զրկելու կամ սահմանափակելու սահմանադրական և դրանց հիման վրա օրենքով նախատեսված հիմքերը, ապա անձնական ազատության սահմանափակումն այլևս անիրավաչափ է, և այդ իրավունքը ենթակա է վերականգնման (պաշտպանության) հանրային իշխանության իրավասու մարմինների կողմից Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված կարգով ու իրավական պաշտպանության համապատասխան միջոցներով։ ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունից է նաև բխում հանրային իշխանության իրավասու այս կամ այն մարմնի իրավունքն ու պարտականությունը սահմանափակելու հանրորեն վտանգավոր արարքի կատարման մեջ մեղադրվող անձի ազատության իրավունքը, եթե առկա են իրավական բավարար հիմքեր»: Մեկ այլ որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է, որ «....անձնական ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակումն իրավաչափ է միայն դատարանի որոշմամբ, որն ընդունվել է դատական նիստում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված կալանքի հիմքերի և հիմնավորումների համակողմանի և անաչառ քննության, այդ թվում մեղադրյալի և/կամ նրա պաշտպանի իր դիրքորոշումը դատարանին ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում (ՍԴՈ-1421, 4.1-ին կետ): Նույն որոշման նույն կետում ընդգծվել է, որ «....կալանքի որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննման դեպքում (...) անհրաժեշտ է դատարանի կողմից իրականացնել իրավական և փաստական հիմքերի ուսումնասիրություն, այդ թվում էական հանգամանքների ինքնուրույն գնահատման միջոցով որոշում կայացնելու համար ապահովելով պաշտպանության և մեղադրանքի կողմերին իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունը, բացառելով կամայական, սուբյեկտիվ հայեցողական և չհիմնավորված մոտեցումները»: Թեև մեջբերված դիրքորոշումը արտահայտվել է քրեական դատավարության դատական քննության նախապատրաստելու փուլում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում, դրա հիմնավոր լինելու կամ չլինելու օրենսդրական կարգավորումների սահմանադրականության գնահատման շրջանակներում, վերջինս ամբողջությամբ վերաբերելի է նաև անձի կալանավորման (դրա շարունակականության) հարցի քննարկման (անձնական ազատության իրավունքից զրկման) բոլոր դեպքերին այդ թվում մինչդատական վարույթում անձին կալանավորելու, այդ ժամկետի երկարացման, կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունների քննարկման դեպքերում: Անձնական ազատությունից զրկված անձի իրեն ազատությունից զրկելու իրավաչափության վիճարկումը կարող է տեղ գտնել ինչպես վերադաս դատական ատյան բողոքարկելու ձևով, այնպես էլ վիճարկման այլ ձևով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (կալանավորման ժամկետի երկարացման հարցի, կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունների քննության ժամանակ) հակափաստարկներ, առարկություններ, միջնորդություններ ներկայացնելու ձևով: Վերոգրյալի հիման վրա գնահատելով դիմումում բարձրացվող հարցին առնչվող առկա օրենսդրական կարգավորումները Սահմանադրական դատարանը արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1480 որոշմամբ Օրենսգրքի որոշ դրույթների Սահմանադրությանը հակասող ճանաչվելու արդյունքում 14.04.2020 թ. ՀՕ-196-Ն օրենքով Օրենսգրքում կատարվեցին լրացումներ և փոփոխություններ, որոնցով, մասնավորապես հստակ ամրագրվեց, որ կալանավորումն իբրև խափանման միջոց (ծայրահեղ միջոց) կարող է կիրառվել այն դեպքում միայն, երբ քրեադատավարական ներգործության այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Կատարված փոփոխությունների արդյունքում գործող Օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունում սահմանվեց, որ «Դատարանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժում է, եթե սույն Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ` այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը»: Ընդ որում քննարկվող դեպքերում գործող օրենսդրական կարգավորումներով երաշխավորվում է նաև անձի կալանավորվելու դեպքում դատական ստուգման կարգով իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքը, և այդ իրավունքը իրացվում է կայացված որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու ձևով (Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մաս, 287-րդ, 288-րդ հոդվածներ): Մյուս կողմից գործող օրենսդրական կարգավորումներով հաշվի է առնված նաև այն իրավիճակը, երբ անձի նկատմամբ նշանակված կալանքի կիրառման ընթացքում են ի հայտ գալիս անձի անձական ազատության իրավունքից զրկումը (սահմանափակումը) ոչ իրավաչափ դարձնող հանգամանքներ: Նման պայմաններում մինչդատական վարույթում կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատախազը (այդ թվում սեփական նախաձեռնությամբ) (Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մաս): Բացի դրանից, Օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված փոփոխություններով սահմանվեց, որ «Դատարանը մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժում է, եթե սույն Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ` այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը»: Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ առկա է նաև անձի անձնական ազատության իրավունքից զրկման իրավաչափությունը վիճարկելու կառուցակարգ ևս, որի գործարկմամբ հնարավորություն է ստեղծված խուսափել անձի անձնական ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումներից: Եվ մասնավորապես թե՛ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում և թե՛ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը (Օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ, 139-րդ հոդվածի 2-րդ մասեր): Ու թեև նշված հոդվածներում սահմանված է, որ «նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել» և ըստ այդմ այդ «նոր հանգամանքների առկայության» գնահատման հարցը վերապահվում է դատարանին, միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ նաև դատարանների կողմից այդպիսի «նոր հանգամանքի» գնահատման ազատությունը անսահմանափակ չէ և սահմանափակված է ժամանակի ընթացքը (ժամանակային գործոն) և/կամ այլ էական հանգամանքներ պարտադիր հաշվի առնելով: Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1487 որոշմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը: Նույն որոշման մեջ տեղ է գտել այն դիրքորոշումը, որ մինչ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են վերաքննության կարգով անմիջական բողոքարկման առաջին ատյանի դատարանների կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով: Իրավակիրառ պրակտիկան, ելնելով նշված դիրքորոշումներից, իրավացիորեն զարգացել է այն ուղղությամբ, որ մինչդատական վարույթի ընթացքում նույնպես կալանքը փոփոխելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ևս գնահատվում են իբրև վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանների կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննարկվող դեպքում, երբ անձի նկատմամբ նշանակված կալանքի կիրառման ընթացքում են ի հայտ գալիս անձի անձնական ազատության իրավունքից զրկումը (սահմանփակումը) ոչ իրավաչափ դարձնող հանգամանքներ, օրենսդրորեն երաշխավորված է անձնական ազատությունից զրկված անձի դատական ստուգման կարգով իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը: Ակնհայտ անհիմն են նաև դիմողի այն պնդումները, թե «...ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասն օրենսդրորեն չի երաշխավորում մեղադրյալի անձի ազատության մեջ հայտնվելու հնարավորությունն այն բոլոր դեպքերում, երբ էապես նվազել են մեղադրյալին կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը: Այլ խոսքով մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանավորումն այլ ավելի մեղմ խափանման միջոցով փոփոխելը պայմանավորելով ոչ թե կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերի էական նվազմամբ, այլ նախկինում անհայտ հանգամանքների ի հայտ գալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասը կաշկանդում է վարույթն իրականացնող մարմնին, այդ թվում դատարանին խափանման միջոց կալանավորումն ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու հարցին անդրադառնալ բացառապես այն դեպքում, երբ ի հայտ են եկել նախկինում անհայտ հանգամանքներ և ոչ թե էականորեն նվազել են մեղադրյալին կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը»: Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքում նախատեսված են անձնական ազատության իրավունքից զրկված անձի դատական ստուգման կարգով իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու կառուցակարգերը, ուստի ակնհայտ անհիմն է նաև դիմողի այն պնդումը, թե «….կալանավորման հիմքերի էապես նվազման կամ վերացած լինելու պայմաններում, մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելուց հրաժարվելու մասին դատախազի որոշումը կարող էր բողոքարկվել միայն Օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով, քանի որ որևէ այլ դատավարական նորմ պաշտպանության կողմին հնարավորություն չի տալիս փոփոխելու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այն դեպքում, երբ պաշտպանության կողմը համարում է, որ (...) մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն արդեն բացակայում են կամ այդ հիմքերում նշված գործողությունների կատարման հավանականությունը էապես նվազել է»: Մյուս կողմից անձի դատական ստուգման կարգով իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու կառուցակարգերի առկայության պայմաններում դատարանների այն մեկնաբանությունը, թե կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը փոփոխելու (վերացնելու) միջնորդությունը դատախազի կողմից մերժելու մասին որոշումը ենթակա չէ Օրենսգրքի 290-րդ կարգով բողոքարկման, չի սահմանափակում անձի անձնական ազատության իրավունքը: Նշված մոտեցումը համահունչ է նաև ՍԴՈ-1487 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշմանը, որ «...երբ գործն ըստ էության չլուծող դատական ակտով սահմանափակվում է անձնական ազատության հիմնական իրավունքը, ապա այդ իրավունքի պաշտպանությունն արդյունավետ չի իրացվում հետաձգված բողոքարկման միջոցով, քանի որ անձը դատական քննության ողջ ընթացքում շարունակում է մնալ կալանքի տակ անորոշ ժամկետով չունենալով այդ ընթացքում կալանքի իրավաչափությունը բողոքարկելու հնարավորություն»: Քննարկվող իրավիճակում, քանի որ առկա է անձի անձնական ազատության իրավունքից զրկման իրավաչափությունը վիճարկելու այլ կառուցակարգ, ապա Օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կարգով դատախազի կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը փոփոխելու (վերացնելու) միջնորդությունը մերժելու որոշման բողոքարկման բացառումը չի կարող դիտվել իբրև անձի անձնական ազատության իրավունքը սահմանափակող: Այս առումով հարկ է նկատել, որ ՍԴՈ-719 որոշման մեջ վերլուծելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկմանն առնչվող դրույթները նշվել է. «…օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը…»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում հիշյալ օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված է, որ անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումը բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորված չէ: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 69-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Յուրի Բեգլարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածն այնքանով, որքանով որ այն չի նախատեսում մեղադրյալի ազատության մեջ հայտնվելու բացարձակ հնարավորություն բոլոր այն դեպքերում, երբ էականորեն նվազել են մեղադրյալին կալանքի տակ պահելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հիմքերը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
14 մայիսի 2021 թվականի
ՍԴԱՈ-100
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մայիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-100
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
