ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 նոյեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 57 | ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 նոյեմբերի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Մանվել Մկրտչյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մանվել Մկրտչյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հոկտեմբերի 19-ին)` խնդրելով. «ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/12657/05/18 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը չի նախատեսում որևէ իրավադրույթ առ այն, որ քաղաքացին պարտավոր է որևիցե տեղ ներկայացնել որևէ դիմում: Դիմողը պնդում է, որ վարչական վարույթը տվյալ դեպքում կարող է հարուցվել ինչպես քաղաքացու դիմումի հիման վրա, այնպես էլ վարչական մարմնի նախաձեռնությամբ հաշվի առնելով, որ օրենսդիրը նույն հոդվածով երաշխավորել է քաղաքացիների նախապատվության իրավունքը հողամասի օգտագործման կամ սեփականության իրավունքի ձեռքբերման հարցում: Դիմողը գտնում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով երաշխավորված նախապատվության իրավունքը չի կարող անտեսվել որևէ կերպ այն համատեքստում, որ եթե քաղաքացին դիմում չի ներկայացրել իր իրավունքի իրացման համար և չունի համայնքի ղեկավարի որոշում կամ դատական ակտ, ապա այդ իրավունքը պարզապես վերանում է: Հակառակը, ըստ Դիմողի, վերոգրյալ հոդվածի վերլուծությունից բխում է, որ ժամանակային առումով օրենսդիրը նախատեսել է ընդամենը մեկ ցենզ, այն է առնվազն տասը տարին, ուստի տասը տարուց հետո քաղաքացու այդ իրավունքն արդեն իսկ համարվում է ձեռք բերված, որը ֆորմալ առումով տրամադրվում է համայնքի ղեկավարի որոշմամբ կամ դատական կարգով: Հավելելով Դիմողը նշում է, որ տասը տարուց հետո ևս քաղաքացու կողմից տվյալ դիմումը ներկայացվելու համար սահմանված չէ ժամանակային որևէ սահմանափակում, եթե անգամ վերջինս պետք է պարտադիր անձամբ դիմում ներկայացնի: Դիմողն ընդգծում է, որ վերոգրյալ դեպքում Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի շրջանակներում գործի օբյեկտիվ քննության և ողջ փաստական հանգամանքների բացահայտման իմպերատիվ պարտավորության շրջանակներում վարչական մարմինը տվյալ գույքի հետ կապված որևէ գործընթաց սկսելիս պարտավոր է ուղղակի պարզել արդյո՞ք տվյալ հողամասի նկատմամբ առկա է որևէ անձի ձեռքբերման վաղեմության իրավունք, քանի որ եթե այն առկա է համայնքի ղեկավարն օժտված չէ տվյալ իրավունքը չտրամադրելու իրավազորությամբ: Դիմողի պնդմամբ տվյալ դեպքում վարչական մարմինն այդպիսի տեղեկատվություն կարող է ստանալ տարածքի հասարակ ակնադիտարկմամբ կամ օրենքով իրեն վերապահված այլ լիազորությունների իրացման միջոցով, եթե դա հնարավոր է: Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա իրավանորմը մեկնաբանելն այն համատեքստում, որ քաղաքացին պետք է տասը տարի տիրապետելուց հետո հասցնի արագ դիմել համայնքին կամ դատարան և ստանա որոշում կամ դատական ակտ, այլապես այդ իրավունքը վերանում է, իրավաչափ մեկնաբանություն չէ հաշվի առնելով Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասը: Դիմողը նաև փաստում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասը հավասարապես կիրառելի է նաև լեգիտիմ ակնկալիքի նկատմամբ անկախ նրանից, թե ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված համայնքի ղեկավարի որոշումը կամ դատական ակտն ընդունվել է, թե ոչ: Դիմողը գտնում է, որ հակառակ մեկնաբանության դեպքում այն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածին, որպիսի իրավիճակ առկա է վիճարկվող նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պարագայում: Ըստ Դիմողի լեգիտիմ ակնկալիքը չի կարող համարվել գոյություն չունեցող, քանի դեռ առկա չէ դատական կամ վարչական ակտ, քանի որ դրանց կայացումից հետո այն այլևս ոչ թե լեգիտիմ ակնկալիք է, այլ առկա և ֆորմալիզացված իրավունք:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(...) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Այսպես, ՀՀ հողային օրենսգրքի Հողամասի տրամադրումը ձեռքբերման վաղեմության իրավունքի ուժով» վերտառությամբ 72-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանվում է առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման պետության կամ համայնքի հողերից օգտվող քաղաքացիների և իրավաբանական անձանց այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքը որոշակի նախապայմանների առկայությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի Դիմողի կողմից վիճարկվող 2-րդ պարբերությամբ սահմանվում է ձեռքբերման վաղեմության իրավունքի տրամադրման կարգը, այն է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ դատական կարգով: Հետևաբար ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նախապատվության իրավունքի տրամադրումն իրականացվում է երկու եղանակով, մասնավորապես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ դատական կարգով: Ուստի ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացու կամ իրավաբանական անձի պետության կամ համայնքի հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքի առկայությունը հաստատվում է միայն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշման կամ դատական ակտի հիման վրա: Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/12657/05/18 վարչական գործով 2023 թվականի ապրիլի 13-ին կայացված որոշմամբ արձանագրել է. … հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագմանը նախորդում է այդ հողամասի նկատմամբ այն օգտագործող անձանց ձեռքբերման վաղեմության իրավունքի դատական կամ արտադատական կարգով տրամադրումը: Ուստի, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետական կամ համայնքային հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքի վարչական կամ դատական կարգով ճանաչումն այն նախադրյալն է, որից հետո միայն անձը կարող է իրացնել իրեն տրամադրված իրավունքը, ինչի դրսևորում կարող է հանդիսանալ հողամասի` ուղղակի վաճառքի եղանակով օտարման դեպքում այլ գնորդների նկատմամբ գնման առաջնահերթություն ունենալը» (ընդգծումները Սահմանադրական դատարանի): Այսինքն Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/12657/05/18 վարչական գործի շրջանակներում ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի Դիմողի կողմից վիճարկվող 2-րդ պարբերությանը որևէ նոր մեկնաբանություն չի տվել, այլ կիրառել է տվյալ իրավակարգավորումը: Ավելին, տվյալ գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է. Երևանի քաղաքապետարանը սույն պարագայում չի ունեցել որևէ հիմք, որը խոչընդոտ կհանդիսանար հողամասն աճուրդով օտարելու համար, ուստի վեճի առարկա հողամասի նկատմամբ գնման նախապատվության իրավունքի առկայության փաստը հաստատող դատական ակտի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման բացակայության պայմաններում այն աճուրդի միջոցով իրացնելն իրավաչափ է: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ սույն գործով հայցվորի կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ օրինական ակնկալիքի առկայության փաստը սույն գործի քննության համար որևէ նշանակություն ունենալ չի կարող հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված նյութաիրավական պահանջը հանգում է Երևանի քաղաքապետի որոշման իրավաչափությունը պարզելուն, այլ ոչ թե ձեռքբերման վաղեմության իրավունքով սեփականության իրավունքի տրամադրմանը: Ամբողջ վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Երևանի քաղաքապետարանը վեճի առարկա գույքն աճուրդի միջոցով իրացնելիս չի ունեցել տվյալ հողամասն աճուրդով վաճառելու օրենսդրությամբ սահմանված որևէ արգելք, այն է տվյալ հողամասի նկատմամբ Մանվել Մկրտչյանի գնման նախապատվության իրավունքը սահմանող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշում կամ դատական ակտ»: Թիվ ՎԴ/12657/05/18 վարչական գործի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողն իր ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի թիվ 123/8 հասցեում գտնվող անշարժ գույքի գնման նախապատվության իրավունքի առկայությունը հավաստող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման կամ դատական ակտի կայացմանն ուղղված որևէ գործողություն չի կատարել, և այդպիսի որոշում կամ դատական ակտ չի կայացվել: Ավելին, թիվ ՎԴ/12657/05/18 վարչական գործի շրջանակներում ևս Դիմողը չի դիմել, և վերջինիս չի տրամադրվել վեճի առարկա անշարժ գույքի գնման նախապատվության իրավունքը, քանի որ, ինչպես արձանագրել է Վճռաբեկ դատարանը. սույն գործով ներկայացված նյութաիրավական պահանջը հանգում է Երևանի քաղաքապետի որոշման իրավաչափությունը պարզելուն, այլ ոչ թե ձեռքբերման վաղեմության իրավունքով սեփականության իրավունքի տրամադրմանը»: Հետևաբար սույն անհատական դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին: Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման փաստը, հետևաբար և տվյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մանվել Մկրտչյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ` Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
28 նոյեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-57
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-57
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
