ՆՇԱՆ ԻՍՊԻՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հոկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 31 | ՆՇԱՆ ԻՍՊԻՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
21 հոկտեմբերի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Թունյանի
Ուսումնասիրելով Նշան Իսպիրյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Նշան Իսպիրյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին)` խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 1- ին և 4-րդ կետերում առկա «կատարելով համեմատական վերլուծություն» արտահայտությունները, 231-րդ հոդվածի 3-րդ մասում առկա «հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումը ազդել է գործի ելքի վրա» արտահայտությունները ճանաչել ՀՀ Սահմանադրության (06.12.2015թ.-ի փոփոխություններով) 1-ին, 61-րդ, 63-րդ, 79-րդ և ՀՀ Սահմանադրության (27.11.2005թ.-ի փոփոխություններով) 92-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով դրանք դիմումատուին հնարավորություն չեն ընձեռում կանխորոշելու «համեմատական վերլուծություն» կատարելու և դատական սխալը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը «հիմնավորելու» չափանիշներն ու պայմանները»: Ըստ դիմողի օրենսդրի կողմից «համեմատական վերլուծություն» արտահայտության ընդհանուր և վերացական ձևակերպված լինելը հանգեցնում է դիմումատուի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքի խախտմանը:
Դիմողը գտնում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի որևէ այլ նորմում չի բացահայտել, թե որոնք են այն չափանիշներն ու պայմանները, որոնք պետք է պահպանված լինեն դատական սխալի վերաբերյալ հիմնավորումները և վերլուծությունները շարադրելիս:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի, այդ թվում` դատական ակտերի, նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մասնակի ընդունման` հետևյալ պատճառաբանությամբ.
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 1- ին կետի առնչությամբ.
դիմողի կողմից վիճարկվող իրավադրույթը նրա նկատմամբ չի կիրառվել: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում օրենքի դրույթի կիրառման պայմանը։
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանա- դրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը Սահմանադրական դատարանը բացահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի... », ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60- րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել»
բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»:
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»,
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4- րդ կետում առկա` «կատարելով համեմատական վերլուծություն» արտահայտության առնչությամբ.
հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴԱՈ-91 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված` «Աղասի Տեր-Եսայանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2- րդ մասի, 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել 2016 թվականի դեկտեմբերի 27-ը: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով, գտնում ենք, որ հիշյալ գործին կարող է միավորվել Նշան Իսպիրյանի` վիճարկվող հոդվածի դրույթի մասով դիմումով գործը,
3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասում առկա` «հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումը ազդել է գործի ելքի վրա» արտահայտության առնչությամբ.
դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու`«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է`
• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.
• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32, 39 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Նշան Իսպիրյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մասով մերժել:
2. Նշան Իսպիրյանի անհատական դիմումով գործը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում առկա` «կատարելով համեմատական վերլուծություն» արտահայտության մասով ընդունել քննության և առաջարկել այն միավորել ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴԱՈ-91 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված` «Աղասի Տեր-Եսայանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործին:
3. Նշան Իսպիրյանի անհատական դիմումով գործը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասում առկա` «հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումը ազդել է գործի ելքի վրա» արտահայտության մասով ընդունել քննության։
4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
21 հոկտեմբերի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-31
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հոկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-31
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
