Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-9423 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-94)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 հոկտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 94 | ԿԱՐԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երևան 23 հոկտեմբերի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Վ. Վարդանյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Կարեն Ավդալյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Կարեն Ավդալյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հոկտեմբերի 5-ին, որով Դիմողը խնդրել է.

«Որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի և 4-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով դրանց՝ դիմողի նկատմամբ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, մասնավորապես՝

1․ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի և 4-րդ մասի 3-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 27, 66 և 67-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մեղադրյալի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը չընդունելը, այդ թվում՝ մեղադրական դատավճիռը բողոքարկելով իր անմեղությունը պնդելը և արդարացում պահանջելը, ինչպես նաև դրա հետ միասին արձանագրված՝ չզղջալը կարող են նրա դեմ հաշվի առնվել որպես հանցանք կատարածի անձը բացասաբար բնութագրող հանգամանք՝ նշանակված ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս.

2․ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի և 4-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ Սահմանադրության 27 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, ինչպես նաև նշանակված ազատազրկումն իրականում կրելու անհրաժեշտությունը գնահատելիս կարող է որպես անձի համար անբարենպաստ չափանիշ հաշվի առնվել օրենքով չսահմանված «տվյալ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը».

3․ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի և 4-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ Սահմանադրության 27 և 28-րդ հոդվածներին՝ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության սկզբունքի համատեքստում, համապատասխանության հարցը՝ այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը գնահատելիս գույքային վնասին կարող է լրացուցիչ բացասական քրեաիրավական նշանակություն տրվել այն պատճառով, որ տվյալ վնասը պատճառվել է պետությանը»:

Դիմողը ներկայացրել է նաև պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0018/01/24 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. «(...) կարո՞ղ են արդյոք ՔՕ 84-րդ հոդվածի բաց գնահատողական չափանիշներն ունենալ այնպիսի սահմանադրաիրավական բովանդակություն, որն այդ չափանիշների շրջանակում թույլ է տալիս անձի դեմ օգտագործել մեղադրանքը չընդունելը, օրենքով չսահմանված պետական քրեական քաղաքականության ուղղվածությունը կամ վնասը հենց պետությանը պատճառված լինելու հանգամանքը՝ նշանակված ազատազրկումը փաստացի կրելու հարցը լուծելիս»:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 1-ին մասը և 4-րդ մասի 3-րդ կետը կիրառվել են այնպիսի բովանդակությամբ, ըստ որի՝ մեղադրանքը չընդունելը և դրա հետ միասին չզղջալը կարող են դիտարկվել որպես անձը բացասաբար բնութագրող և ազատազրկում կրելու օգտին խոսող հանգամանք:

Դիմողը նշում է, որ տվյալ գործով պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս, որպես գնահատման գործոն, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն օգտագործել է նաև «տվյալ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածություն» արտահայտությունը՝ ներառելով այն հանցանքի բնույթի, վտանգավորության և պատիժը փաստացի կրելու անհրաժեշտության գնահատման մեջ, և հավելում, որ ինքը վիճարկում է ոչ թե «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի պատճառաբանության բավարարությունը», այլ Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի և 4-րդ մասի 1-ին կետին հաղորդված այն իրավական բովանդակությունը, որը թույլ է տալիս ազատությունից փաստացի զրկելու հարցը պայմանավորել օրենքով չսահմանված չափանիշով:

Դիմողը հայտնում է նաև, որ օրենսդրի կողմից օրենքով չսահմանված՝ «տվյալ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածություն» չափանիշը որպես նրա համար անբարենպաստ գործոն կիրառելը, անձի ազատության սահմանափակման համար կիրառվող իրավական չափանիշների շրջանակը դարձնում է ոչ կանխատեսելի և հակասում է Սահմանադրության 27 և 79-րդ հոդվածներին:

Ըստ Դիմողի՝ մեղադրանքը վիճարկելու իր իրավունքի իրացման հետ կապված վերջինս հայտնվել է խնդրահարույց ընտրության առջև, ըստ որի՝ կա՛մ պետք է շարունակի պնդել իր անմեղությունը և դրանով վտանգի տակ դնի պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը, կա՛մ պետք է հրաժարվի իր պաշտպանական դիրքորոշումից՝ պատժի իրական կատարումից խուսափելու հնարավորությունը մեծացնելու նպատակով: Տվյալ պարագայում Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասը և 4-րդ մասի 3-րդ կետը չեն կարող Սահմանադրության 66-րդ, 67-րդ հոդվածներին համապատասխանող բովանդակություն ունենալ, եթե թույլ են տալիս մեղադրանքը չընդունելը, այդ թվում՝ մեղավորությունը վերաքննության կարգով վիճարկելն ու արդարացում պահանջելը օգտագործել անձի դեմ՝ նշանակված ազատազրկումը փաստացի կրելու անհրաժեշտությունը հիմնավորելիս:

Դիմողի պնդմամբ՝ մեղադրանքը չընդունելու և չզղջալու համատեքստում սույն անհատական դիմումով վիճարկվող մեկնաբանության և Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքին միջամտելու միջև առկա է անմիջական նյութական կապ:

Դիմողի կարծիքով՝ Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի և 4-րդ մասի 1-ին կետին հաղորդվել է այնպիսի բովանդակություն, որը խնդրահարույց է Սահմանադրության 28-րդ հոդվածով երաշխավորված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության տեսանկյունից՝ Սահմանադրության 10-րդ հոդվածով սահմանված՝ սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության սկզբունքի համատեքստում, ինչպես նաև Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքի առումով:

3. Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենքի) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ դրույթն ամրագրված է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 16-ի ՍԴԱՈ-104 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն. «(…) իրավական նորմերի կիրառման իրավաչափության հարցերը, ըստ էության, դուրս են Սահմանադրական դատարանի քննության առարկայական սահմաններից, քանի որ դրանք վերաբերում են իրավակիրառ գործունեության օրինականության վերահսկմանը։ Սահմանադրական դատարանի իրավասությունը ծագում է միայն այն դեպքում, երբ վիճարկման առարկան նորմն է, դրա սահմանադրաիրավական բովանդակությունը կամ իրավակիրառ պրակտիկայում նորմին հաղորդված այնպիսի իմաստը/մեկնաբանությունը, որը կարող է հակասել սահմանադրական արժեբանությանը։ Հենց այս տարբերակման միջոցով է ապահովվում սահմանադրական արդարադատության և սովորական դատական վերահսկողության գործառութային տարանջատումը, ինչպես նաև պահպանվում է Սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրականության երաշխավորի առանձնահատուկ տեղն իրավական համակարգում»։

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, վիճարկելով Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց, և որքան էլ Դիմողը փորձել է դատական ակտերի հետ ունեցած իր անհամաձայնությունը ներկայացնել սահմանադրական վեճի առկայության տիրույթում, այնուհանդերձ՝ դիմումի բովանդակության գնահատումը հաստատում է սահմանադրաիրավական վեճի բացակայությունը:

Այսպես, Դիմողը սույն անհատական դիմումով, ըստ էության, բարձրացրել է Վերաքննիչ դատարանի կողմից տրված գնահատակաների սահմանադրականության հարց՝ դրանք դիտարկելով որպես հակասահմանադրական մոտեցումներ և արձանագրելով, որ իր վկայակոչած յուրաքանչուր հանգամանք Վերաքննիչ դատարանի կողմից ներառվել է Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցի գնահատման տիրույթում, իսկ այդ գնահատման անմիջական հետևանքը եղել է Դիմողի նկատմամբ նշանակված 4 տարվա ազատազրկման փաստացի կիրառումը, կամ գտել է, որ մեղադրանքը վիճարկելու սահմանադրորեն պաշտպանվող վարքագծին Վերաքննիչ դատարանը հաղորդել է Դիմողի համար անբարենպաստ քրեաիրավական հետևանք:

Սահմանադրական դատարանի դատական կազմը Դիմումի բովանդակության առնչությամբ արձանագրում է հետևյալը.

Օրենսգրքի 70-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանքները, իսկ 71-րդ հոդվածը՝ քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքները: Նշված երկու դրույթների կիրառման հարցում օրենսդիրը սահմանել է միմյանցից տարբերակվող մեկ ընդգծված հատկանիշ, այն է՝ եթե պատիժ նշանակելիս մեղմացնող հանգամանքները կիրառելու հարցում դատարանը կարող է հաշվի առնել նաև Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասով չնախատեսված մեղմացնող այլ հանգամանքներ, ապա քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքներով պատիժ նշանակելիս դատարանը որպես ծանրացնող հանգամանք չի կարող հաշվի առնել Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասով չնախատեսված այլ հանգամանքներ: Այսինքն՝ վերջինս ունի սպառիչ ցանկ, որը դատական կամայականություններից զերծ պահելու երաշխիք է: Սա այն սահմանադրական արմատն է, որի շուրջ օրենսդիրը կառուցել է պատիժ նշանակելու ընդհանուր պայմանները:

Հետևապես՝ վերը նշվածից դուրս Դիմողի մատնանշած հանգամանքներին այլ բովանդակություն հաղորդելն ինքնին դատարանի գնահատողական տիրույթում է և սահմանադրաիրավական վեճի մակարդակով ձևակերպում չի ստացել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը սահմանում է անմեղության կանխավարկածի բովանդակությունը, որի 3-րդ մասի համաձայն՝ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնին ցույց տալ որևէ աջակցություն:

Ընդ որում՝ մեղադրյալը ազատ է ցուցմունք տալու և իր պաշտպանությունը կազմակերպելու հարցում, օգտվում է լռելու իրավունքից և դատարանի համար օրենսդրորեն ամրագրված՝ ապացույցների ազատ և բարեխիղճ գնահատման պարտադիր պահանջից:

Վերը նշված վերլուծությունը Սահմանադրական դատարանի դատական կազմին հնարավորություն է տալիս արձանագրելու, որ բոլոր այն հանգամանքները, որոնք օրենսդրորեն ամրագրված չեն, ուստի և չեն կարող բացասական ազդեցություն ունենալ մեղադրյալի պատժատեսակի ընտրության և պատժաչափի վրա, իսկ ինչ վերաբերում է պետության քրեական քաղաքականության ուղղվածության «չափանիշին», որը կիրառել է դատարանը, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ այդ քաղաքականությունն ամփոփված է քրեական դատավարության և քրեական օրենսդրության մեջ, հետևաբար՝ դրանից դուրս այդ քաղաքականությունը չի կարող ընդգծված ազդեցություն ունենալ պատիժ սահմանելիս:

Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի ապրիլի 17-ին կայացված որոշմանը՝ մասնավորապես պատժի պայմանականորեն չկիրառման ինստիտուտի շրջանակներում, հարկ է արձանագրել հետևյալը.

պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի իրացման հարցի լուծումը ենթադրում է գործի կոնկրետ հանգամանքների ամբողջական, համակողմանի, օբյեկտիվ գնահատում՝ պարտադիր կերպով հաշվի առնելով ինչպես կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, այնպես էլ հանցանքը կատարողի անձը, արարքի մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել։ Վերոնշյալ հանգամանքները ենթակա են գնահատման կոնկրետ գործը քննող դատարանի կողմից՝ միմյանց հետ փոխկապակցվածության մեջ, սակայն սահմանադրական արմատը ենթակա է պահպանման:

Վերոշարադրյալը հիմք է տալիս Սահմանադրական դատարանի դատական կազմին եզրահանգել, որ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է ոչ թե վիճարկվող դրույթների՝ Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ ՀԿԴ/0018/01/24 քրեական գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1․ Բավարարել Կարեն Ավդալյանի՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2․ Կարեն Ավդալյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Վ. Վարդանյան

Ա. Վաղարշյան

23 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-94

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-94
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել