ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 օգոստոսի 2023թ. ՍԴԴԿՈ - 30 | ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 17 օգոստոսի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ Հ. Հովակիմյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Լևոն Հարությունյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Լևոն Հարությունյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հուլիսի 26-ին) խնդրելով. «Սույն դիմումն ընդունել վարույթ։
Որոշել իրավահարաբերության ծագման պահին 11.06.2014թ.-ից մինչև 25.03.2021թ.-ը (11.06.2014թ., ՀՕ-64-Ն, 13.06.2016թ., ՀՕ-94-Ն, 23.03.2018թ., ՀՕ-269-Ն, 21.01.2020թ., ՀՕ-69-Ն, 25.03.2021թ., ՀՕ-131-Ն) գործող խմբագրությամբ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրության 3-րդ, 29-րդ, 49-րդ, 57-րդ, 60-րդ, 66-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը բացահայտելով դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը»։
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/0676/05/20 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի նորմերի վերլուծությունից հետևում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքով սահմանված էր, որ քրեական գործ հարուցվելու հետևանքով ազգային անվտանգության մարմինների կադրերի տրամադրության տակ թողնված ծառայողը համարվում է ազգային անվտանգության մարմինների ծառայող, որն ունի վարձատրության իրավունք, ընդ որում քրեական գործ հարուցվելու հետևանքով ազգային անվտանգության մարմինների ծառայողը թողնվում էր կադրերի տրամադրության տակ մինչև տվյալ գործով վերջնական որոշում կայացնելը, իսկ վերջինիս վարձատրությունն իրականացվում էր համապատասխան խոչընդոտները վերացվելուց հետո: Ավելին, ըստ Դիմողի` կադրերի տրամադրության տակ թողնվելիս ազգային անվտանգության մարմինների ծառայողը համարվում է ազգային անվտանգության մարմինների ծառայող, որն իրավունք չունի կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։ Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները Դիմողը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ բացառապես քրեական գործ հարուցված լինելու փաստով պայմանավորված, մինչև տվյալ գործով վերջնական որոշում կայացնելը կադրերի տրամադրության տակ թողնելու մասով, ինչպես նաև նույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է ազգային անվտանգության մարմինների ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում, մասնավորապես աշխատավարձի վճարումը պայմանավորելով «խոչընդոտները վերանալու» հանգամանքով (ծառայողի գործողություններում հանցակազմի բացակայության պարզմամբ), հակասում են Սահմանադրությանը, քանի որ նախատեսում են բացառապես քրեական գործ հարուցելու փաստի հիմքով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի այդ պաշտոնից ածանցվող իրավունքի սահմանափակումներ։ Դիմողի պնդմամբ տվյալ դեպքում անձը, մի կողմից հանդիսանալով ազգային անվտանգության ծառայող, գտնվելով կադրերի տրամադրության տակ և հնարավորություն չունենալով այլ տեղում անցնել աշխատանքի, նախ զրկվում է հանրային ծառայության անցնելու և աշխատանքի ազատ ընտրության իրավունքից, իսկ մյուս կողմից կրկին հանդիսանալով ազգային անվտանգության ծառայող և գտնվելով կադրերի տրամադրության տակ, չի ստանում աշխատավարձ զրկվելով իր և իր ընտանիքի գոյության ապահովման նվազագույն միջոցներից։ Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված իրավահարաբերության ծագման պահին գործող «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է խտրական հիմքերով հանրային ծառայողի պաշտոնավարման իրավունքի միջամտություն նման խտրականությունը պայմանավորելով ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի փաստով, որը, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն, անթույլատրելի է։ Դիմողը հավելում է, որ տվյալ դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստով պայմանավորված վերջինս, մինչև նշված գործով վերջնական դատական ակտի կայացումը, թողնվում էր կադրերի տրամադրության տակ, այսինքն հանդիսանում էր ազգային անվտանգության մարմինների ծառայող իրավունք չունենալով կատարել այլ վճարովի աշխատանք։ Հետևաբար, ըստ Դիմողի` խտրականորեն սահմանափակվում էին ազգային անվտանգության մարմինների ծառայողի հանրային ծառայության անցնելու իրավունքը, աշխատանքի ընտրության ազատության իրավունքը, անմեղության կանխավարկածի սկզբունքը, համաչափության և իրավական որոշակիության սկզբունքները։ Ըստ Դիմողի իրավահարաբերության ծագման պահին գործող և իր նկատմամբ կիրառված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով մինչև մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը սահմանափակում է անձի վարձատրություն ստանալու իրավունքը, այսինքն աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում է նախատեսում, ուղղակի կամ անուղղակի կանխորոշում է անձի մեղավորությունը ենթադրյալ հանցագործություն կատարելու համար։ Ամփոփելով Դիմողը, Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ առկա չէ որևէ հիմնավորում բացառապես քրեական գործ հարուցված լինելու փաստի հիմքով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի ազգային անվտանգության մարմինների ծառայողի այդ պաշտոնից ածանցվող որևէ իրավունքի սահմանափակման համար։ Բացի դրանից, ըստ Դիմողի` ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը, նրա աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում սահմանելը չեն կարող հետապնդել Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակ, այսինքն նշվածները հակասում են Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ Ողջ վերոգրյալի հիման վրա Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերը չեն համապատասխանում Սահմանադրությանը, և դրանց վերաքննիչ վարչական դատարանի կողմից սույն դիմումում նշված մեկնաբանությամբ իր նկատմամբ կիրառման հետևանքով խախտվել են իր հանրային ծառայության անցնելու իրավունքը (որն իր մեջ ներառում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը), աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, անմեղության կանխավարկածի սկզբունքը, քանի որ ինքը, բացառապես քրեական գործ հարուցված լինելու փաստով պայմանավորված, թողնվել է կադրերի տրամադրության տակ, սակայն չի ստացել ազգային անվտանգության մարմինների ծառայողին հասանելիք վարձատրություն այդպիսով հայտնվելով մի իրավիճակում, երբ մի կողմից չի կարողանում ընտրել վարձատրվող այլ աշխատանք, մյուս կողմից առանց աշխատավարձի հնարավորություն չունի հոգալու նյութական և սոցիալական նվազագույն կարիքները ապահովելու համար իր և իր ընտանիքի կենսապահովման նվազագույն կարիքների բավարարումը։ Դիմողը նաև գտնում է, որ քրեական հետապնդման ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի չվճարման և ծառայությունից դուրս գալու միաժամանակյա արգելքը հանգեցրել է իր անմեղության կանխավարկածի սկզբունքի սահմանադրաիրավական երաշխիքից բխող իրավունքների անհամաչափ սահմանափակման, որն էլ, իր հերթին, պարունակում է իր վիճակն էականորեն վատթարացնող և պատժիչ բնույթ ունեցող տարրեր։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը նկատի ունենալով, որ
1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
2) դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է
ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակից,
բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,
գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դ) դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Լևոն Հարությունյանի դիմումի հիման վրա «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի (մինչև 2021 թվականի մարտի 25-ն ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող Հ. Թովմասյան
Անդամներ Հ. Հովակիմյան
Վ. Գրիգորյան
17 օգոստոսի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-30
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-30
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
