«ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-112)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հուլիսի 2025թ. ՍԴԱՈ - 112 | «ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Աշոտ Պետրոսյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հունիսի 9-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Աշոտ Պետրոսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) քննության առնել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը՝ ի տես իրողության, որ նշյալ կետերի գործող ձևակերպումները թույլ են տվել իրավակիրառ պրակտիկայում ֆինանսական այնպիսի բեռ դնել քաղաքացու վրա, որ անմատչելի դառնա ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումը»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/13524/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերին իրավակիրառ պրակտիկայում տրվում է այնպիսի հակաօրինական մեկնաբանություն և կիրառություն, որ գործնականում անձը վճռաբեկ բողոք ներկայացնելու համար, որպես պետական տուրք, հարկադրվում է վճարել ոչ թե Վարչական դատարանում համապատասխան վարչական ակտի վիճարկման համար վճարված պետական տուրքի չափին «գումարած բազային տուրքի 20-ապատիկի չափը», այլ «գումարած բազային տուրքի 140-ապատիկի չափը»:
Դիմողը գտնում է, որ նման աստղաբաշխական և ոչ իրավաչափ գումարային պահանջն անձին զրկում է (թիվ ՎԴ/13524/05/21 վարչական գործով իրեն զրկել է) իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից, այդ կերպ խախտելով թե՛ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, թե՛ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթները:
Դիմողը պնդում է, որ ՀՀ վարչական դատավարության համակարգում վերադաս յուրաքանչյուր դատական ատյան դիմելիս պետական տուրքը բարձրանում է բազային տուրքի 10-ապատիկի չափով: Մինչդեռ ըստ Դիմողի` Վճռաբեկ դատարանի վարչական պալատը, «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետին տալով ապօրինի և կամայական մեկնաբանություն, հաշվարկել է, որ ինքը վճռաբեկ բողոքի ներկայացման համար պետք է վճարի 177.800 ՀՀ դրամ, այսինքն՝ Վարչական դատարանում հայցի ներկայացման համար վճարված 37.800 ՀՀ դրամին գումարած ոչ թե «բազային տուրքի 20-ապատիկի չափով», այլ «բազային տուրքի 140-ապատիկի չափով» գումար:
Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերին իրավակիրառ պրակտիկայում փաստացի տրվում է այնպիսի մեկնաբանություն և կիրառություն, որ անձին զրկում է և կոնկրետ իրեն զրկել է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրացումից: Վիճարկվող դրույթների գործող խմբագրությունները, ըստ Դիմողի, ՀՀ դատարաններին թույլ են տալիս քաղաքացուց պահանջել դիտավորությամբ սխալ հաշվարկված և վարչական գործերի համար աստղաբաշխական չափերի հասնող գումարաչափեր:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29-րդ և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթների (սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթները (տվյալ դեպքում նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 61-րդ հոդվածին համապատասխանությունը, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
թիվ ՎԴ/13524/05/21 վարչական գործի շրջանակներում Դիմողն իր վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է նաև «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ» միջնորդություն, որով խնդրել է՝ «հետաձգել թիվ ՎԴ/13524/05/21 գործով վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարումը մինչև բողոքի վերաբերյալ որոշման կայացումը և վճարվող պետական տուրքի չափի (ըստ իս՝ 57 800 դրամ) հստակեցումը»: Վերոգրյալ բողոքի և միջնորդության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 9-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, որով որոշել է.
«1․ Աշոտ Պետրոսյանի՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը, մերժել։
2․ Վերադարձնել թիվ ՎԴ/13524/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26․07․2024 թվականի (հրապարակված՝ 29․07․2024 թվականին) որոշման դեմ Աշոտ Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքը:
3․ Սույն որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:
(...)»:
Տվյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) թեև բողոք բերած անձը միջնորդել է կիրառել պետական տուրքի գծով արտոնություն, սակայն միջնորդությանը կից չի ներկայացրել գույքային դրության վերաբերյալ որևէ ապացույց, որը բավարար հիմք կհանդիսանար պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու և պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու համար, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի): Բացի դրանից, Վճռաբեկ դատարանը միևնույն որոշմամբ նշել է. «Տվյալ դեպքում բողոք բերած անձը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, նշել է նաև, որ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, սակայն չի նշել, թե բողոքում վկայակոչված թիվ ՎԴ/10443/05/20 և թիվ ՎԴ/3885/05/21 վարչական գործերով կայացված դատական ակտերում կոնկրետ որ նորմն է կիրառվել կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ։
Այսինքն՝ բողոք բերած անձը թեև վճռաբեկ բողոքում նշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու նաև վերոնշյալ հիմքը, սակայն չի նշել այդ հիմքի վերաբերյալ հիմնավորումը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
Դիմողը սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի՝ «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ թողնվել է առանց քննության: Նշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Այժմ, բողոք բերած անձը, շտկելով վերը նշված որոշմամբ արձանագրված սխալները, կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ թույլ տալով նոր խախտումներ։ Մասնավորապես՝ թեև բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում նշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմնավորումը, սակայն վճռաբեկ բողոքում կատարելով բովանդակային փոփոխություններ, վճռաբեկ բողոքին չի կցել բովանդակային փոփոխության ենթարկված վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը։ Բացի այդ, վճռաբեկ բողոքին կցված չէ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, և առկա չէ միջնորդություն պետական տուրքի գծով որևէ արտոնություն կիրառելու վերաբերյալ» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
Ստացվում է, որ Դիմողի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքում, բացի սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բացակայությունից, բացակայել է նաև բովանդակային փոփոխության ենթարկված վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը, որը ևս հանդիսացել և Վճռաբեկ դատարանի կողմից դիտարկվել է որպես կրկին ներկայացված վճռաբեկ բողոքում թույլ տրված նոր խախտում: Վերջինս, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ուժով, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմք է: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը Դիմողի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշման կայացման հիմքում դրել է նաև վերջինիս կողմից բովանդակային փոփոխության ենթարկված վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը չկցելու հանգամանքը, ինչն ինքնին կրկին ներկայացված վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմք է: Ուստի՝ նույնիսկ սահմանված չափով պետական տուրքի վճարման հետ կապված խնդիր չառաջանալու պայմաններում, միևնույն է, Դիմողի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա էր առանց քննության թողնման:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքին:
Այսինքն` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Աշոտ Պետրոսյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 հուլիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-112
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-112
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
