ԵԴ/24298/02/22
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՎարույթը վերաքննիչ դատարանումԱմփոփում
քննելով ըստ «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ «ՄՈՒՇ ԹԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Կազմակերպության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21 ․ 02 ․ 2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը , Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 89 ․ 165 ․ 717 ՀՀ դրամ։ Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Կ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24298/02/22 2026 թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24298/02/22 Նախագահող դատավոր` Դ ․ Սերոբ յան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող Գ. Հ ակոբյան զեկուցող Ն. Հ ՈՎՍԵՓՅԱՆ Ա․ Ա ԹԱԲԵԿՅԱՆ Ս․ Մ ԵՂՐՅԱՆ Ա. Մ ԿՐՏՉՅԱՆ Է. Ս ԵԴՐԱԿՅԱՆ Վ. Ք ՈՉԱՐ ՅԱՆ 20 2 6 թվականի մարտի 13-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ «ՄՈՒՇ ԹԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Կազմակերպության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21 ․ 02 ․ 2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 89 ․ 165 ․ 717 ՀՀ դրամ։ Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 88 ․ 578 ․ 125 ՀՀ դրամ և 88 ․ 578 ․ 125 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03 ․ 12 ․ 2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը՝ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին, մերժվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29 ․ 01 ․ 2025 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Վերաքննիչ դատարանի 21 ․ 02 ․ 2025 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի 26 ․ 09 ․ 2025 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 29 ․ 01 ․ 2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացվել է։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Էմանուել Անանյան ) : Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմք եր ի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61- րդ և 63- րդ հոդվածները , «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6- րդ , 9-րդ, 55-րդ, 56-րդ, 66-րդ, 368-րդ, 370-րդ և 372- րդ հոդվածները : Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել, որ Էմանուել Անանյանը սույն գործով գրեթե սկզբնական փուլից հանդիսանում է Կազմակերպության ներկայացուցիչը, ով մշտապես մասնակցել է գործով դատական նիստերին, ներկայացրել է գրավոր առարկություններ, միջնորդություններ, վերաքննիչ բողոքներ, որոնք մշտապես քննության են ենթարկվել և երբևէ կասկածի տակ չեն դրվել նրա լիազորությունները։ Բողոքաբերի համար անընդունել է Վերաքննիչ դատարանի այն վերլուծությունը, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված լիազորագրով Է ․ Անանյանը չունի դատական ակտը բողոքարկելու լիազորություն։ Վերաքննիչ դատարանի՝ «Վերաքննիչ բողոք ը վերադարձնելու մասին » որոշումը ստանալուց հետո Էմանուել Անանյանի կողմից փոստային ծառայության միջոցով կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացված լիազորագրում նշված է ներկայացուցչի՝ դատական ակտը բողոքարկելու լիազորությունը, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21 ․ 02 ․ 2025 թվականի « Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին » որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ, 56-րդ, 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Սահմանադրության 61- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք : Սահմանադրության 63- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի , հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք : Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հ իմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան : Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հ իմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները : Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ( ... ) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը ( տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվական ի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ , սահմանափակումը Կոնվենցիայի 6- րդ հոդվածի 1- ին կետին չի համապատասխանի , եթե կիրառված միջոցների և հետապնդվո ղ նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44) : Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36): Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28): Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե ՛ ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը ) : Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (…) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22 ․ 03 ․ 2007 թվականի վճիռը, կետ 125)։ Դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին անդրադարձ է կատարել նաև Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում՝ այդ կապակցությամբ հայտնելով որոշ սկզբունքային իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես, անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը: Մեկ այլ, այն է՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ Սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։ Բացի այդ, Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ‑1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մ ի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ` - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը , իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության ի րավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, -դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը, -դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, -իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման: Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված փաստաթղթերի բնօրինակները դատարանի ստուգելուց հետո կարող են վերադարձվել այն ներկայացրած անձին՝ դատարանի հաստատած պատճենները կցելով գործի նյութերին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ակտը բողոքարկելու։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ (…) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտումներ։ Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու դատարան` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Դրանում ի նկատի ունենալով նաև բողոքարկման իրավունքը՝ օրենսդիրը սահմանել է, որ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք: Անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչի կարգավիճակին՝ օրենսդիրը նշել է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցներ են գործին մասնակցող անձանց ներկայացուցիչները և վերջիններս գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձինք են։ Միևնույն ժամանակ օրենսդիրն անդրադարձել է քաղաքացիական դատավարության շրջանակներում ներկայացուցչի միջոցով գործին մասնակցող անձի հանդես գալու կարգին՝ նշելով, որ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել ներկայացուցչի միջոցով և այդ դեպքում՝ ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակը դատարանի ստուգելուց հետո կարող է վերադարձվել այն ներկայացրած անձին՝ դատարանի հաստատած պատճենը կցելով գործի նյութերին։ Վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, միաժամանակ ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը, և նման պայմանների չպահպանման դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է։ Այն դեպքում, երբ բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտում, նման բողոքի ընդունումը մերժվում է։ Օրենսդիրը նշել է, որ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ակտը բողոքարկելու, որի կատարման համար լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը։ Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքը անձի՝ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ /0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը): Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը կարևորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին պարտադիր կցել ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը), եթե վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից (տե՛ս, Հարություն Բետխեմյանն ընդդեմ Հայկ Բետխեմյանի, Գրիգոր Բետխեմյանի, Ալվարդ Բետխեմյանի թիվ ԵԴ/33311/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20 ․ 04 ․ 2021 թվականի որոշումը)։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 03 ․ 12 ․ 2024 թվականի որոշմամբ Կազմակերպության հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է ( գործի հավելվածի հատոր 1-ին, գ ․ թ ․ 150-154 )։ Դատարանի նշված որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյան ը ներկայացրել է վերաքննիչ բողոք ( գործի հավելվածի հատոր 2-րդ, գ ․ թ ․ 6-13 )։ Վերաքննիչ դատարանի 29.01.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ ․ «( ․․․ ) վերաքննիչ բողոքը « Մուշ թաուերս » ՍՊԸ - ի անունից ստորագրել է Էմանուել Անանյան ը, մինչդեռ և՛ սույն գործի նյութերում, և՛ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում բացակայում է « Մուշ թաուերս » ՍՊԸ - ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ՝ Էմանուել Անանյան ին տրված բնօրինակ լիազորագիր, որը հիմք կհանդիսանար վերաքննիչ բողոքը ստորագրած անձի լիազորությունները հավաստելու համար։ Ինչ վերաբերում է սույն քաղաքացիական գործի նյութերում առկա « Մուշ թաուերս » ՍՊԸ - ի կողմից Էմանուել Անանյան ին 30 ․ 06 ․ 2022թ ․ տրված լիազորագրին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված լիազորագիրը հիմք չի հանդիսանում սույն վերաքննիչ բողոքը ստորագրած անձ Էմանուել Անանյան ի լիազորությունները հաստատելու համար, քանի որ այն պատճենի տեսքով է։ (…)»։ ( գործի հավելվածի հատոր 2-րդ, գ ․ թ ․ 18 )։ Վերաքննիչ դատարանը 21 ․ 02 ․ 2025 թվականին կայացրել է «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում հետևյալ պատճառաբանությամբ՝ «(…) բողոք բերող անձի կողմից 12 ․ 02 ․ 2025 թ ․ և 13 ․ 02 ․ 2025 թ ․ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներում բողոք բերող անձի կողմից թույլ է տրվել նոր խախտում , այն է՝ վերաքննիչ բողոքը ստորագրած փաստաբան Էմանուել Անանյանին դատական ակտը բողոքարկելու լիազորություն չի վերապահվել, մասնավորապես, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներին կցված «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ՝ Էմանուել Անանյանին 02 ․ 09 ․ 2024 թ ․ տրված լիազորագրերով փաստաբան Էմանուել Անանյանին չի վերապահ վել դատական ակտը բողոքարկելու լիազորություն: (…)»: ( գործի հավելվածի հատոր 2-րդ, գ ․ թ ․ 85 )։ Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը ․ Վերաքննիչ դատարանի 29 ․ 01 ․ 2025 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանը Դատարանի 03 ․ 12 ․ 2024 թվականի որոշման դեմ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրան կից ներկայացնելով Կազմակերպության տնօրենի կողմից 02 ․ 09 ․ 2024 թվականին երեք տարի ժամկետով տրված լիազորագիր, որով Էմանուել Անանյանը լիազորվել է Կազմակերպության և վերջինիս տնօրենի անունից հանդես գալու (…) ՀՀ դատական բոլոր ատյաններում՝ (…) վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում՝ կատարելով մի շարք դատավարական գործողություններ, այդ թվում՝ ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ։ Քննարկվող պարագայում, Դատարանի 03 ․ 12 ․ 2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի ներածական մասում նշված է «Բողոք բերող՝ թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործով պատասխանող «Մուշ Թաուերս» ՍՊ ընկերություն», իսկ հաջորդ տողում առանձին նշված է «Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Էմանուել Սերգեյի Անանյան», ավելին՝ վերաքննիչ բողոքը ստորագրել է Էմանուել Անանյանը, ով հանդես է գալիս Կազմակերպության տնօրենի կողմից 02 ․ 09 ․ 2024 թվականին տրված լիազորագրի հիման վրա։ Նշված լիազորագիրը ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպությունը Դատարանի 03 ․ 12 ․ 2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը բողոքարկելու իր իրավունքը նպատակ է ունեցել իրացնել ներկայացուցչի, տվյալ դեպքում՝ Էմանուել Անանյանի միջոցով, որպիսի հանգամանքով պայմանավորված էլ Էմանուել Անանյանը Կազմակերպության անունից՝ վերջինիս կողմից 02 ․ 09 ․ 2024 թվականին տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ բողոքի ներածական մասում նշելով իր անունը՝ որպես Կազմակերպության ներկայացուցիչ։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լիազորագրում առկա «ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ» ձևակերպումը իր բովանդակությամբ համընկնում է դատական ակտի բողոքարկման լիազորության էությանը և տվյալ իրավիճակում չի կարող մեկնաբանվել այլ կերպ։ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործով Դատարանի 03 ․ 12 ․ 2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է նշված որոշումը Կազմակերպության անունից բողոքարկելու իրավունք ունեցող անձի՝ Էմանուել Անանյանի կողմից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, որպիսի պատճառաբանությամբ էլ անհիմն կերպով մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը։ Ինչ վերաբերում է լիազորագրի բնօրինակի հետ կապված վճռաբեկ բողոքում բերված փաստարկներին, ապա այս մասով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քննարկվող որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է ոչ թե այն հիմքով, որ բողոքին կից ներկայացված լիազորագիրը բնօրինակի տեսքով չի ներկայացվել, այլ այն հիմքով, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ՝ Էմանուել Անանյանին 02 ․ 09 ․ 2024 թվականին տրված լիազորագրով վերջինիս չի վերապահվել դատական ակտը բողոքարկելու լիազորություն, ուստի վճռաբեկ բողոքով բարձրացված այդ հարցին չի անդրադառնում։ Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, 21 ․ 02 ․ 2025 թվականին կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ և 372-րդ հոդվածները՝ միաժամանակ սահմանափակելով Կազմակերպության ` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օ րենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 21 ․ 02 ․ 2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար։ Ընդ որում նշված որոշումը վերացնելու դեպքում Կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օ րենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր, կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված է եղել նաև վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, որին Վերաքննիչ դատարանն իր 21 ․ 02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ անդրադարձ չի կատարել՝ պատճառաբանելով, որ «Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոք բերող անձի կողմից ներկայացված միջնորդությանը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու պայմաններում Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում նշված միջնորդությանը»: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21 ․ 02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Գ. հ ակոբյան Զ եկուցող Ն. Հ ՈՎՍԵՓՅԱՆ Ա․ Ա ԹԱԲԵԿՅԱՆ Ս. Մ եղրյան Ա. Մ կրտչյան Է. Ս ԵԴՐԱԿՅԱՆ Վ. Ք ՈՉԱՐ ՅԱՆ Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ/24298/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
