Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-656 ապրիլի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 ապրիլի 2021թ. ՍԴԱՈ - 65 | «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՀԱՊԱՂ ԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՈՐԵՎԷ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՀԱՊԱՂ ԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՈՐԵՎԷ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» (այսուհետ Օրենք) ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի այնքանով, որքանով ոստիկանության իրավասու ծառայողի կողմից անհետաձգելի միջամտության որոշումն անհապաղ կայացնելուց որևէ բացառություն չի նախատեսում, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու վերաբերյալ առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. ՀՀ վարչական դատարանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։ Դիմողն իր Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ որոշել է. «Դիմել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի այնքանով, որքանով ոստիկանության իրավասու ծառայողի կողմից անհետաձգելի միջամտության որոշումն անհապաղ կայացնելուց որևէ բացառություն չի նախատեսում, ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»:

2. Անդրադառնալով անհետաձգելի միջամտության որոշումն անհապաղ կայացնելու վերաբերյալ պահանջին դիմողը նշում է, որ այն, ինքնին, խնդրահարույց չէ, այլ խնդրահարույց է այդպիսի պահանջի իմպերատիվ և սպառիչ սահմանումը, ինչի արդյունքում ստացվում է, որ վարույթը պետք է իրականացվի կողմերի պատշաճ վարչարարության իրավունքի խախտմամբ: Դիմողի համոզմամբ վարույթային առանձնահատկություններից ելնելով թերևս արդարացված է լսումներ չանցկացնելու փաստը, սակայն, գործի անաչառ, արդարացի, օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացման բացառումն ակնհայտորեն հակասում է պաշտաճ վարչարարության իրավունքին այն դեպքում, երբ Սահմանադրությամբ և որևէ այլ իրավական ակտով նախատեսված չէ վարչարարության օբյեկտիվության և բազմակողմանիության սահմանափակման հնարավորություն: Կողմերի պատշաճ վարչարարության իրավունքի խախտումը դիմողը հիմնավորում է նրանով, որ երբեմն գործի բազմակողմանի քննության համար անհրաժեշտ են ապացույցների համակցություն և այլ իրավական գործողություններ, մինչդեռ դրանք անհնարին է իրականացնել անհապաղ ժամկետում, քանի որ վիճարկվող նորմով վարույթի ժամկետներ նախատեսված չեն, և օրենսդիրն այն սահմանափակել է անհապաղ իրականացնելով: Դիմողն արձանագրում է նաև, որ ֆիզիկական և սեռական բռնության հասկացությունները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով, և ոստիկանության իրավասու պաշտոնատար անձն ունի պարտականություն սահմանված կարգով բացահայտելու բռնության կիրառման փաստը, ինչը նույնպես անհնարին է իրականացնել անհապաղ: Նման պայմաններում դիմողը գտնում է, որ օրենսդրի կողմից վարույթն իրականացնելու համար նախատեսված առանց բացառության անհապաղության պահանջն հանգեցրել է վարչարարության բազմակողմանիության, օբյեկտիվության և անաչառ քննության անհիմն և չարդարացված սահմանափակման հակասելով Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորված անձի պատշաճ վարչարարության իրավունքին:

3. Պատասխանողը, վերլուծելով վիճարկվող դրույթը, նշում է, որ նման վարույթներն ունեն առանձնահատկություններ: Դրանք են վարույթի իրականացման սեղմ ժամկետները և ընտանեկան, միջանձնային բնույթը: Ուստի, վարչարարություն իրականացնելիս վարչական մարմինները պետք է հաշվի առնեն նման վարույթների առանձնահատկությունները և օբյեկտիվորեն գնահատեն կատարվածը սեղմ ժամկետներում առաջնորդվելով Օրենքի սկզբունքերով: Պատասխանողը գտնում է, որ առաջ քաշելով Օրենքի 7-րդ հոդվածի սահմանադրականության հարցը անհետաձգելի միջամտության որոշման անհապաղ կայացման պահանջն այնքանով, որքանով չի նախատեսում որևէ բացառություն վարույթի օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար, դիմողն արհեստականորեն հակադրություն է ստեղծում վարույթի իրականացման սեղմ ժամկետների և վարչական վարույթի իրականացման բազմակողմանիության և օբյեկտիվության պահանջների միջև: Պատասխանողն ընդգծում է, որ հաշվի առնելով վարույթի առանձնահատկությունները, որոշման կայացման, ուժի մեջ մտնելու, անհապաղ կատարման և չկասեցման առանձնահատուկ իրավակարգավորումները օրենսդրությամբ սահմանվել են նման գործերի դատական քննության բավականաչափ սեղմ ժամկետներ, որպեսզի անձը, որի նկատմամբ կիրառվում են սահմանափակման միջոցները, լրացուցիչ հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը: Պատասխանողի համոզմամբ թեև վարույթը պետք է իրականացվի խիստ սեղմ ժամկետում, այդուհանդերձ այն չի կարող բացառել բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու վարչական մարմնի պարտականությունը, ուստի Օրենքով սահմանված կանոնից բացառություններ սահմանելը կխախտի այս տրամաբանությունը: Պատասխանողի հետևությունն այն է, որ Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը այնքանով, որքանով ոստիկանության իրավասու ծառայողի կողմից անհետաձգելի միջամտության որոշումն անհապաղ կայացնելուց որևէ բացառություն չի նախատեսում, համապատասխանում է Սահմանադրությանը:

4. Ուսումնասիրելով դիմումը, կողմերի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենքի վերաբերելի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սույն իրավակարգավորումն ամրագրված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում: 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Ինչպես ուղղակիորեն բխում է վերոնշյալ իրավադրույթներից, դատարանների Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին ներկայացվում են երկու փոխլրացնող և փոխկապված պահանջներ: Առաջին դատարանները պետք է ունենան հիմնավոր կասկածներ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ և հետևաբար դիմումում համապատասխանաբար պետք է հիմնավորեն դրա Սահմանադրությանը հակասելու հանգամանքը: Երկրորդ դատարանն իր դիմումում պետք է հիմնավորի այն հանգամանքը, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Օրենսդրական այս դրույթի իրավական բովանդակությունից տրամաբանորեն բխում է, որ դատարանը պետք է հանդիսանա տվյալ իրավադրույթը կիրառող սուբյեկտ, և առանց այդ իրավադրույթի կիրառման հնարավոր չէ լուծել դատական գործը: Սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ (և հետագա մի շարք այլ որոշումներով (13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլն) վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ... ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ: Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են Սահմանադրական դատարանի կողմից առավելապես ոչ սահմանադրական նորմերի (կոնկրետ վեճի լուծման համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կիրառման ենթակա նորմերի) բովանդակության մեկնաբանությանը անկախ սահմանադրականության գնահատման հարցադրման հանգամանքից, որով Սահմանադրական դատարանը փաստացի կստանձնի կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող դատարանի, ինչի իրավասությունը, Սահմանադրության համաձայն, Սահմանադրական դատարանը չունի: Այլ կերպ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ օրենքի, վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի այնքանով, որքանով ոստիկանության իրավասու ծառայողի կողմից անհետաձգելի միջամտության որոշումն անհապաղ կայացնելուց որևէ բացառություն չի նախատեսում, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

6 ապրիլի 2021 թվականի

ՍԴԱՈ-65

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 ապրիլի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-65
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել