Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 110-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 110-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-995 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-99)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 սեպտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 99 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 110-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 110-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածի այնքանով, որքանով չեն նախատեսում գործի քննության ընթացքում պատասխանողի սնանկ ճանաչվելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքում պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու օրենսդրական հնարավորություն, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 1.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հունիսի 5-ին: Դիմողը 2023 թվականի մայիսի 31-ին որոշել է («Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշում). «Թիվ ՍնԴ/0155/02/22 քաղաքացիական գործով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը այնքանով, որքանով չեն նախատեսում գործի քննության ընթացքում պատասխանողի սնանկ ճանաչվելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքում պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու օրենսդրական հնարավորություն ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով»:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից: Օրենսգրքի «Դատական ծախսերի բաշխումը հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում» վերտառությամբ 110-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «1. Հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի»: «Պետական տուրքի մասին» օրենքը (այսուհետ նաև Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1997 թվականի դեկտեմբերի 27-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 1998 թվականի հունվարի 10-ին և ուժի մեջ է մտել 1998 թվականի հունվարի 11-ից: Օրենքի «Պետական տուրքը վերադարձնելը» վերտառությամբ 38-րդ հոդվածով, մասնավորապես, սահմանված է. «Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`

(...)

գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը, կամ վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու դեպքում. (...)»:

3. Գործի դատավարական նախապատմությունը

Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է, մասնավորապես, հետևյալին.

«ՍՊԻՏԱԿ-1» ԲԲԸ-ի կողմից հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «ՍԱԴԵ» ԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղի` 17.04.2014թ. թիվ SUBC001/320/2014 ենթակապալի պայմանագրից բխող` «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ և «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի միջև իրավահարաբերությունները դադարած ճանաչելու պահանջի մասին (թիվ ԵԴ/24458/02/19 քաղաքացիական գործ): Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.09.2019թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղը 24.02.2020թ. հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Սպիտակ-1» ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և միջնորդություն է ներկայացրել դատարան պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 22.05.2020թ. որոշել է «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի ընդդեմ «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, հակընդդեմ հայցն ընդունել վարույթ և այն քննել սկզբնական հայցի հետ համատեղ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 22.02.2021թ. որոշել է ըստ հայցի «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ-ի ընդդեմ «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի 17.04.2014թ. թիվ SUBC001//320/2014 ենթակապալի պայմանագրից բխող «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ և «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի միջև իրավահարաբերությունները դադարած ճանաչելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի ընդդեմ «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հայցի «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ-ի ընդդեմ «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի իրավահարաբերությունները դադարած ճանաչելու պահանջների մասին, ըստ հակընդդեմ հայցի «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի ընդդեմ «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԵԴ/24458/02/19 և թիվ ԵԴ/40227/02/19 քաղաքացիական գործերի վարույթները միացնել, քաղաքացիական գործերի քննությունը շարունակել թիվ ԵԴ/24458/02/19 քաղաքացիական գործի համարի տակ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2022թ. որոշմամբ թիվ ԵԴ/24458/02/19 քաղաքացիական գործն ըստ ենթակայության փոխանցվել է Սնանկության դատարան: Սնանկության դատարանի 06.05.2022թ. որոշմամբ թիվ ԵԴ/24458/02/19 միացյալ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ: Սնանկության դատարանը «Առանձին պահանջի մասով գործի վարույթն առանձնացնելու մասին» 14.12.2022թ. որոշմամբ թիվ ԵԴ/24458/02/19 քաղաքացիական գործից առանձնացրել է «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի հակընդդեմ հայցերն ընդդեմ «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ-ի, երրորդ անձ թիվ ՍնԴ/0405/04/21 սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյան` գումարի բռնագանձման պահանջի մասին: Առանձնացված պահանջի մասով գործին տրվել է թիվ ՍնԴ/0155/02/22 համարը:

Սնանկության դատարանը 15.12.2022թ. որոշմամբ թիվ ՍնԴ/0155/02/22 գործի վարույթն ըստ «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի հակընդդեմ հայցի (հայցի) ընդդեմ «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ-ի 937.526,65 եվրոյին համարժեք 484.748.154,38 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի հակընդդեմ հայցի (հայցի) ընդդեմ «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ-ի 579.337.888,80 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին կարճել է և որոշել «ՍԱԴԵ» ԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 21․281․720 ՀՀ դրամ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի մարտի 4-ի և 2020 թվականի մայիսի 22-ի որոշումներով հետաձգված պետական տուրքի գումար։ Վերոնշյալ որոշման դեմ «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանի 01.03.2023թ. որոշմամբ ընդունվել է վարույթ: «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից ներկայացվել է միջնորդություն «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքում սույն գործով Սնանկության դատարանի կողմից դատական ծախսերը բաշխելիս կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրության 60, 61 և 75-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու նպատակով գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին: Դիմողը 2023 թվականի մայիսի 31-ին որոշել է («Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշում). «1. «ՍԱԴԵ» ԲԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի կողմից ներկայացված ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և դրա հիմքով սույն գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել. Թիվ ՍնԴ/0155/02/22 քաղաքացիական գործով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Թիվ ՍնԴ/0155/02/22 քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչև կասեցումն առաջացրած հանգամանքի վերանալը»: 4․ Դիմողի դիրքորոշումները

Դիմողի գնահատմամբ Օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասը և Օրենքի 38-րդ հոդվածն այնքանով, որքանով չեն նախատեսում գործի քննության ընթացքում պատասխանողի սնանկ ճանաչվելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքում պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու օրենսդրական հնարավորություն, հակասում են Սահմանադրության 60, 61, 63 և 75-րդ հոդվածներին: Դիմողը, մասնավորապես, գտնում է, որ «(...) այն դեպքերում, երբ պետական տուրքի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները վերաբերում են դատարան դիմելու իրավունքին, պետք է ապահովվեն ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները, իսկ այն դեպքերում, երբ պետական տուրքի վերաբերյալ օրենսդրական կանոնակարգումները վերաբերում են դատավարության հետագա ընթացքին, այդ թվում դրանց բաշխմանը, վերադարձին, ազատմանը և այլն, պետք է ապահովվեն ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության սահմանադրական պահանջները: (...)

(...) Սահմանադրության 60-րդ հոդվածի կանոնակարգումների տրամաբանությունը պատահական չէ: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, սահմանելով անձի օրինական հիմքերով ձեռք բերված սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը, դրա սահմանափակման և սեփականությունից զրկելու չափանիշները, նույն հոդվածի 8-րդ մասում սահմանել է օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր մուծելու սահմանադրական պարտականությունը: (...) նշված կանոնակարգման սահմանադրական բովանդակությունը հետևյալն է.

1. մի կողմից անձն ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, մյուս կողմից պետության հայեցողությունն է սահմանել հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ:

2. պետության կողմից հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ սահմանելու հայեցողությունն ուղղակի կապ ունի անձի սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքի հետ, քանի որ անձից հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ գանձելով պետությունը միջամտում է անձի սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքին:

3. պետության կողմից տուրքեր սահմանելու հայեցողական լիազորությունն իրացնելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պետությունը չի կարող անձից ուղղակի գանձել պետական տուրք դրանով միջամտելով անձի սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքին չապահովելով պետական տուրք սահմանելու օրենսդրական նպատակները»: Վկայակոչելով Սահմանադրության 75-րդ հոդվածը Դիմողը գտնում է. «(...) պետության կողմից պետական տուրքի վերաբերյալ Սահմանադրության վերը նշված հոդվածներին չհամապատասխանող կարգավորումներ սահմանելու պահանջը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ օրենսդիրը ընդհանուր, թեկուզև սահմանադրական կարգավորումներ նախատեսելու պայմաններում չի սահմանում պետական տուրքի վերաբերյալ այնպիսի կարգավորումներ, առանց որոնց գործող, ինքնին սահմանադրական կարգավորումները չեն ապահովում ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածների պահպանումը»: Դիմողի գնահատմամբ Օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասը թույլ չի տալիս որևէ այլ օրենքով, այդ թվում «Պետական տուրքի մասին» օրենքով, սահմանել պետական տուրքի մասով բացառություն նախատեսող այնպիսի կարգավորում, որի դեպքում գործի վարույթը կարճելու որոշ դեպքերում պետական տուրքի վճարման պարտականությունը չի դրվի հայցվորի վրա, կամ այն դրվելուց հետո հայցվորը կարող է ազատվել դրանից կամ չկրել պետական տուրքի վճարման պարտականությունը այն վերադարձվելու հիմքով: Ըստ Դիմողի գործող կարգավորումների ուժով հայցվորը զրկված է հայցի հիման վրա ըստ էության չքննված գործով նախապես վճարված պետական տուրքի գումարը եզրափակիչ դատական ակտով հետ ստանալու իրական հնարավորությունից չունենալով որևէ առնչություն սնանկության գործով պարտապանի (քաղաքացիական գործով պատասխանողի) սնանկ ճանաչվելու վճռի հետ, ինչպես նաև որևէ իրավական հնարավորություն կանխորոշելու հայցը դատարան ներկայացնելուց հետո պատասխանողի հնարավոր սնանկ ճանաչվելու հանգամանքը և գնահատելու դրա հավանականությունը: Դիմողը պնդում է, որ «(...) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «գ» կետը, սահմանելով պետական տուրքը հետ վերադարձնելու հնարավորություն դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձվելու կամ դրանց ընդունումը մերժվելու, միայն վեճը դատարանում քննության ենթակա չլինելու դեպքերի համար գործի վարույթը կարճելու համար և նույնպիսի արտոնություն չսահմանելով նաև սույն գործով քննարկվող նույնաբովանդակ դեպքի համար, այն դեպքում, երբ գործի վարույթը կարճվում է կրկին վեճն ըստ էության այդ առաջին ատյանի ընդհանուր իրավասության կամ սնանկության դատարանում և քաղաքացիական դատավարության կարգով առանձին հայցի շրջանակներում քննության ենթակա չլինելու հիմքով ըստ էության չի հիմնավորել նման տարբերակված մոտեցման օբյեկտիվ հիմքերն ու իրավաչափ նպատակները: Այս դեպքում ըստ էության ստացվում է, որ բովանդակային առումով միևնույն նպատակներով գործի վարույթը կարճելու դեպքերի նկատմամբ ըստ էության օրենքի 38-րդ հոդվածով օրենսդրորեն սահմանված կարգավորմամբ օրենսդիրը դրսևորել է այլ մոտեցում, քանի որ բովանդակային առումով գործը համարելով քննության ոչ ենթակա քաղաքացիական դատավարության կարգով տվյալ դատարանի կողմից, միևնույն ժամանակ համարելով քննության ենթակա այլ դատարանի կողմից, զրկել է քաղաքացիական դատավարության կարգով գործի քննությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող պետական տուրքը հետ վերադարձնելու արտոնությունից»։ 5․ Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև Պատասխանող), մասնավորապես, գտնում է, որ «Դիմողը նույնացրել է գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով և գործը ենթակա չէ դատարանում քննության հասկացությունները, մինչդեռ օրենսդիրը նախատեսել է այնպիսի կարգավորում, համաձայն որի ցանկացած դեպքում, երբ գործի վարույթը կարճվել է այն հիմքով, որ ենթակա չէ քննության դատարաններում, պետական տուրքը ենթակա է լրիվ կամ մասնակի վերադարձման (Օրենքի 38-րդ հոդվածի «գ» կետ): (...)

Պետական տուրքի վերադարձման վիճարկվող դրույթով ստեղծված են բավարար իրավական երաշխիքներ, որոնց միջոցով ապահովվում է պատշաճ սահմանադրաիրավական հավասարակշռություն պետության և անձի վերոհիշյալ շահերի միջև: Օրենքի 38-րդ հոդվածի «գործը ենթակա չէ դատարանում քննության» Օրենսգրքի 182-րդ հոդվածի «գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով» եզրույթները տարբեր իրավական հետևանքներ են առաջացնում: Օրենսգիրքը որպես գործի վարույթի կարճման հիմք, ի թիվս այլնի սահմանել է նաև, որ գործը ենթակա է կարճման, եթե ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, մինչդեռ Օրենքը սահմանել է պետական տուրքի մասնակի կամ լրիվ վերադարձման ընդհանուր հիմքերը ցանկացած դատավարության շրջանակներում, և այդ հիմքերից մեկն էլ հենց «գործը ենթակա չէ դատարանում քննության» հիմքն է, որը ենթադրում է այնպիսի հիմքով գործի կարճում, որի հետևանքով տվյալ գործը այլևս ենթակա չի լինի քննության դատարաններում: Անհրաժեշտ է ընդգծել, որ Օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանվում է քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի վարույթը կարճելու հիմքերը, մինչդեռ Օրենքի 38-րդ հոդվածի «գ» կետով ի թիվս այլնի սահմանվում է պետական տուրքի լրիվ կամ մասնակի վերադարձման հիմքը պայմանավորված այն հանգամանքով, որ տվյալ գործը բոլոր դեպքերում ենթակա չէ դատարանում քննության: Օրենքի քննարկվող կարգավորման լայն մեկնաբանման պայմաններում հանգում ենք նրան, որ բոլոր դեպքերում, եթե գործը որևէ հիմքով ենթակա չի դարձել դատարանում քննության, ապա արդեն իսկ վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման: (...)

Գործի քննության կարճումը անձի կամքից անկախ հանգամանքներով, որը պայմանավորված է գործի ինչ-որ փուլից տվյալ դատարանում քննության ենթակա չլինելու փաստով, ապա անձը զրկվում է իր կողմից ներկայացված պահանջի արդյունավետ և ամբողջական քննության հնարավորությունից: Հետևապես, Օրենքի քննարկվող կարգավորումը սահմանում է պետական տուրքը վերադարձնելու ընդհանուր կանոն պայմանավորված այն հանգամանքով, որ գործը ենթակա չէ դատարանում քննության: Ինչից հետևում է, որ վիճարկվող դրույթը նախատեսում է նաև գործի քննության ընթացքում պատասխանողի սնանկ ճանաչվելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքում (երբ գործը այլևս ենթակա չէ դատարանում քննության) պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու օրենսդրական հնարավորություն: (...) գտնում ենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի գ) ենթակետը և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ և 75-րդ հոդվածներին այն մեկնաբանությամբ, համաձայն որի Օրենքի 38-րդ հոդվածի գ) ենթակետի «գործը ենթակա չէ դատարանում քննության» եզրույթը հնարավորություն է տալիս վճարված պետական տուրքը վերադարձնել բոլոր այն հիմքերով գործի կարճման դեպքերում, երբ գործը այլևս ենթակա չէ քննության համապատասխան դատարանում»:

6. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոնշյալ նորմն արտացոլված է սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում: Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Սահմանադրության վկայակոչված դրույթի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն ներքոնշյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները

1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և

2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշման մեջ նշված է. «Դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այդ առումով առանցքային կարևորություն ունի դատարանի կողմից ներկայացված դիմումի շրջանակում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն պատշաճ պատճառաբանության ներկայացումը, որը կբացահայտի դատարանի Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»: Սահմանադրական դատարանը 2021 թվականի ապրիլի 8-ի ՍԴԱՈ-74 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) օրենքի, վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին (...)»: Սույն դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ըստ էության, բարձրացրել է վիճարկվող նորմերում ենթադրյալ օրենսդրական բացի առկայության հարց: Մասնավորապես Դիմողի կողմից բարձրացվել է Օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի և Օրենքի 38-րդ հոդվածի այնքանով, որքանով դրանք չեն նախատեսում գործի քննության ընթացքում պատասխանողի սնանկ ճանաչվելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքում պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու օրենսդրական հնարավորություն, Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ փաստել է. «Օրենսդրական բացի սահմանադրականության հարց քննելիս սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե տվյալ օրենսդրական բացը հանդիսանում է իրավակարգավորման թերությունը, թե՞ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը: (...)

(…) օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»: Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 8-ի ՍԴՈ-1143 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը»: Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-254 աշխատակարգային որոշման մեջ արձանագրված է. «(...) կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում օրենքի բացի և դրա արդյունքում դրա սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին ևս կարող է խոսվել միայն այն դեպքում, երբ դատարանը հանգի այն եզրակացության, որ դատական մեկնաբանման որևէ մեթոդի կիրառմամբ անհնար է հաղթահարել այդ բացը»: Այդ համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի/դրույթի սահմանադրականության վերաբերյալ դատարանի սահմանադրաիրավական իմաստով «հիմնավոր կասկածի» մասին խոսք կարող է լինել բացառապես այն պարագայում, երբ դատարանը հանգի համոզման, որ ենթադրյալ օրենսդրական բացն անհնար է հաղթահարել դատական մեկնաբանման միջոցով: Վերոնշյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի հանգամանքների հետ Սահմանադրական դատարանն արձանագրում է. Օրենսգրքի 110-րդ հոդվածը վերաբերում է դատական ծախսերի բաշխմանը հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում: Օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (վիճարկվող նորմ) սահմանված է, որ հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի: Օրենսդիրն Օրենսգրքի հիշյալ հոդվածի 2-4-րդ մասերում սահմանել է նշված բացառությունները, որոնց շրջանակում, սակայն չի անդրադարձել պատասխանողին սնանկ ճանաչելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի բաշխման հարցին: Միաժամանակ, Օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված են պետական տուրքը վերադարձնելու կարգավորումները: Օրենսգրքի նշված հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» օրենքով, իսկ 2-րդ մասով վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատարանը պարտավոր է դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները: Ուսումնասիրելով Օրենքի 38-րդ հոդվածով (վիճարկվող նորմեր) ամրագրված իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքը, հանդիսանալով պետական տուրքի հետ կապված հարցերի ընդհանուր կանոնակարգումները սահմանող նորմատիվ իրավական ակտ, նախատեսում է պետական տուրքի լրիվ կամ մասնակի վերադարձման ընդհանուր հիմքերը, այդ թվում գործը դատարանում քննության ենթակա չլինելու դեպքում տվյալ գործով վարույթի կարճման հիմքը (1-ին մասի «գ» կետ): Օրենքի ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ պետական տուրքը ենթակա է լրիվ կամ մասնակի վերադարձման բոլոր այն դեպքերում, երբ գործն օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ենթակա չէ դատարանում քննության: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի սույն նորմով կանոնակարգված են գործի դատարանում քննության ենթակա չլինելու դեպքերը ցանկացած դատավարության համար: Այսինքն «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում գործածված «գործը ենթակա չէ դատարանում քննության» ձևակերպումը բովանդակային առումով ենթակա է լայն մեկնաբանման ներառելով գործի քննության անհնարինության դեպքերը համապատասխան դատարանում անկախ դատավարության տեսակից: Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են քաղաքացիական դատավարության շրջանակներում գործի վարույթը կարճելու հիմքերը: Օրենսգրքի հիշյալ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով: Միաժամանակ, Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված է, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթն օրենքով նախատեսված այլ դեպքերում: Փաստորեն, օրենսդիրն Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ էության, սահմանելով գործի վարույթը կարճելու իմպերատիվ հիմքերի սպառիչ ցանկ (1-11-րդ կետեր), միաժամանակ, նախատեսել/սահմանել է բաց թվարկում (12-րդ կետ), ինչը ենթադրում է, որ օրենսդրի կողմից կարող են ընդունվել հատուկ կարգավորումներ սահմանող այլ օրենքներ, որոնք կնախատեսեն (Օրենսգրքում նշվածներից զատ) գործի վարույթը կարճելու այլ հիմքեր: Այսպես «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում նշված օրենքով սահմանված ժամկետներում և կարգով: «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով սնանկության վարույթն ունի առանցքային առանձնահատկություն, այն է` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը: Ընդ որում հիշատակված հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության: Նման կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է այն ողջամիտ տրամաբանությունը, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունները պետք է մեկտեղվեն սնանկության վարույթում: Օրենսդրի որդեգրած նման մոտեցումը հնարավորություն է ընձեռում երաշխավորելու բոլոր պարտատերերի շահերը օրենքով սահմանված առաջնահերթությամբ վերջիններիս պահանջները բավարարելու նպատակով: «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այն սահմանում է տվյալ գործի դատարանում քննության անհնարինության հիմք, ինչը ենթադրում է նման գործերի քննության անհնարինություն ինչպես քաղաքացիական և վարչական դատավարության կարգով, այնպես էլ արբիտրաժային կարգով: Սնանկության դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ թիվ ՍնԴ/0155/02/22 գործի վարույթն ըստ «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի հակընդդեմ հայցի ընդդեմ «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ-ի 937.526,65 եվրոյին համարժեք 484. 748.154,38 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի հակընդդեմ հայցի ընդդեմ «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ-ի 579.337.888,80 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին կարճվել է այն պատճառաբանությամբ, որ սույն դեպքում «ՍԱԴԵ» ԲԸ հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականի փետրվարի 24-ին հակընդդեմ հայցադիմումներով «ՍՊԻՏԱԿ 1» ԲԲԸ-ի նկատմամբ ներկայացրել է գումարի բռնագանձման պահանջ, որը պարտապանի հանդեպ ունեցած պահանջի տեսքով ներկայացվել է թիվ ՍնԴ/0405/04/21 սնանկության գործի շրջանակներում: Այս համատեքստում դատարանը փաստել է, որ սնանկ ճանաչված պարտապանի հակընդդեմ հայցերով ներկայացված գումարի բռնագանձման պահանջը քաղաքացիական դատավարության կարգով ենթակա չէ քննության թիվ ՍնԴ/0405/04/21 սնանկության գործի շրջանակում որպես առանձին քաղաքացիական գործ, այլ այն որպես պահանջ պետք է քննվի թիվ ՍնԴ/0405/04/21 սնանկության գործով, ուստի «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն այդ մասով գործի վարույթը ենթակա է կարճման: Վերոգրյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետն ինքնին նախատեսում է գործի քննության ընթացքում պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու օրենսդրական հնարավորություն այն դեպքում, երբ գործի վարույթը կարճվում է, ենթակա չէ քննության համապատասխան դատարանում (տվյալ վարույթի/դատավարության շրջանակներում), այն է այն դատարանում, որի վարույթում տվյալ պահին գտնվում է տվյալ գործը, ինչը, սակայն, չի բացառում այդ գործի քննությունն այլ դատարանում (տվյալ պարագայում սնանկության վարույթում պահանջի քննության շրջանակներում, այլ ոչ թե սնանկության գործի շրջանակներում որպես առանձին քաղաքացիական գործ), որի ենթակայությանը վերապահված է տվյալ գործի քննությունը: Ամփոփելով վերոնշյալը Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված քաղաքացիական գործի վարույթը կարճելու կարգավորումն Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հիմքի լույսի ներքո մեկնաբանելու պայմաններում Դիմողի կողմից չի հիմնավորվում Օրենքի 38-րդ հոդվածում ենթադրյալ օրենսդրական բացի առկայությունը: Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ պայման հանդիսացող հիմնավոր կասկածի առկայության շեմը հաղթահարված չէ: Վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի փաստարկները չեն կարող բավարար չափով հիմնավոր համարվել, քանզի Դիմողը որևէ կերպ չի հիմնավորել վիճարկվող կարգավորումները Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը, որպիսի հանգամանքը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը: Ուստի սույն գործի վարույթը ենթակա է կարճման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածի այնքանով, որքանով չեն նախատեսում գործի քննության ընթացքում պատասխանողի սնանկ ճանաչվելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքում պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու օրենսդրական հնարավորություն, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

5 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-99

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-99
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել