«ԳԵՂԱՄ ՄԱՉԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ, 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-132)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 սեպտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 132 | «ԳԵՂԱՄ ՄԱՉԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ, 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԳԵՂԱՄ ՄԱՉԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1961 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ, 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գեղամ Մաչանյանի դիմումի հիման վրա՝ 1961 թվականի մարտի 7-ի ՀՀ Քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի, 44-րդ հոդվածի 4-րդ մասի, 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ Քրեական օրենսգրքի 12-րդ, 13-րդ հոդվածների և 75-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի օգոստոսի 1-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գեղամ Մաչանյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Արայիկ Ղազարյան, Կարեն Տոնոյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 25-րդ, 27-րդ, 61-րդ, 63-րդ, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել 1961 թ․ մարտի 7-ի ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածը և 44-րդ հոդվածի 4-րդ մասը, 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածները՝ հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, համաձայն որոնց մահապատժի վերացումից հետո դատարանները շարունակում են պահպանել վաղեմության ժամկետի կիրառման հայեցողությունը:
ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 25-րդ, 27-րդ, 61-րդ, 63-րդ, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել 1961 թ․ մարտի 7-ի ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը և 2003 թ. ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը՝ այնքանով, որքանով դրանք բավարար չափով որոշակի չեն»:
2. Դիմողը, ներկայացնելով քրեական գործի դատավարական նախապատմությունը, եզրահանգում է, որ «(...) 1961 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն՝ Անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե նրա կողմից հանցագործություն կատարելու օրից անցել է հետևյալ ժամկետները՝ (...) 4) տասը տարի, այնպիսի հանցագործություն կատարելու օրից, որի համար ըստ օրենքի կարող է նշանակվել ավելի խիստ պատիժ, քան հինգ տարի ժամանակով ազատազրկումը: (...) Վաղեմության ընթացքը կասեցվում է, եթե հանցագործություն կատարած անձը թաքնվում է քննությունից կամ դատից: Այդպիսի դեպքերում վաղեմության ընթացքը վերսկսում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում՝ անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործությունը կատարելու ժամանակից անցել է տասնհինգ տարի և վաղեմությունն ընդհատված չի եղել նոր հանցագործության կատարմամբ։
Վաղեմության կիրառման հարցն այն անձի նկատմամբ, որն այնպիսի հանցագործություն է կատարել, որի համար ըստ օրենքի կարող է մահապատիժ նշանակվել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմություն կիրառել, ապա մահապատիժ չի կարող նշանակվել, և այն փոխարինվում է ազատազրկմամբ»:
Դիմողը պնդում է, որ վիճարկվող հոդվածների վերլուծությունից բխում է, որ վաղեմության ժամկետն անցնելու դեպքում, որի առավելագույն չափը 15 տարին է, անձն առանց դատարանի հայեցողության պետք է ազատվի քրեական պատասխանատվությունից, իսկ եթե անձի արարքը կարող է ըստ օրենքի պատժվել մահապատժով, ապա վաղեմություն կիրառելու հարցի լուծումը թողնված է դատարանին:
Նշվածի համատեքստում Դիմողը, բարձրացնելով այն հարցադրումը, թե արդյո՞ք Դիմողի արարքը դատավճիռ կայացնելու պահին կարող է ըստ օրենքի պատժվել մահապատժով, հիմնավորում է, որ Դիմողին վերագրվող արարքի կատարման պահին այն համապատասխանել է 1961 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածին, որի կատարումը պատժվել է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով կամ մահապատժով: Այս առումով Դիմողը փաստում է, որ 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ հիմնական պատիժները՝ 1) ազատազրկում. 2) աքսոր. 3) արտաքսում. 4) ուղղիչ աշխատանքներ առանց ազատազրկման. 5) որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում. 6) տուգանք. 7) պաշտոնանկությունը. 8) պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը. 9) հասարակական պարսավանք», իսկ նույն օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «Որպես բացառիկ պատժամիջոց՝ մինչև նրա լիակատար վերացումը, թույլատրվում է մահապատժի (գնդակահարության) կիրառում՝ «Պետական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական հանցագործությունների համար, դիտավորյալ սպանության համար պատասխանատվություն սահմանող ՀՀ քրեական օրենքներում ու սույն օրենսգրքի հոդվածներում նշված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ հատկապես նախատեսված առանձին դեպքերում՝ նաև մի քանի այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար»:
Դիմողը, վկայակոչելով 1961 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածը, գտնում է, որ Դատարանը պատիժը նշանակում է նշված օրենսգրքի դրույթներին խիստ համապատասխան օրենքի այն հոդվածի սահմաններում, որը պատասխանատվություն է նախատեսում կատարված հանցագործության համար: Ըստ Դիմողի՝ 1961 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են այդ արարքը կատարելու պահին գործող օրենքով»: Նմանատիպ կարգավորում է սահմանվել նաև 01.08.2003 թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով, որի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»:
Դիմողի կարծիքով վերը նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ 1961 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված են եղել պատժի կոնկրետ տեսակներ, և դատարանները պատիժ սահմանելիս պետք է այն նշանակեին 1961 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված պատիժների տեսակների շրջանակներում, իսկ մահապատիժը՝ որպես պատժի տեսակ, ՀՀ քրեական օրենսգրքից հանվել է 01.08.2003 թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով, որի 49-րդ հոդվածով սահմանվել են հետևյալ պատժի տեսակները՝ «(...) 1) տուգանքը. 2) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը. 3) հանրային աշխատանքները. 4) հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը. (...) 5) գույքի բռնագրավումը. 6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-119-Ն). 7) կալանքը. 8) կարգապահական գումարտակում պահելը. 9) ազատազրկումը որոշակի ժամկետով. 10) ցմահ ազատազրկումը»:
Այս համատեքստում դիմողը եզրակացնում է, որ «(...) մահապատժի վերացումից հետո 1961 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի սանկցիան կազմում է միայն 8-15 տարի ժամկետով ազատազրկումը, ինչից հետևում է, որ անձի նկատմամբ չի կարող կիրառվել, թե մահապատիժ, թե մահապատժից ածանցվող հետևանքներ, ինչը տվյալ դեպքում հանդիսանում է վաղեմության ժամկետի կիրառման հայեցողությունը: Կիրառելի չի կարող լինել նաև 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ցմահ ազատազրկում պատժի տեսակը, քանի որ նման պատժատեսակ 1961 թ. ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չի եղել»։
Նման պայմաններում Դիմողը գտնում է, որ մահապատժի վերացումը հանդիսացել է անձի իրավական վիճակը բարելավող օրենք, և այն ենթակա է կիրառման, սակայն դրան պետք է հետևի ոչ թե ցմահ ազատազրկում ենթադրող հոդվածի կիրառումը, այլ մեկ աստիճան նվազ խստության՝ 8-15 տարվա ազատազրկում սահմանող հոդվածի կիրառումը:
Բացի դրանից, Դիմողը նշում է, որ «(...) 1961 թ. մարտի 3-ի ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը սահմանում է, որ Վաղեմության կիրառման հարցն այն անձի նկատմամբ, որն այնպիսի հանցագործություն է կատարել, որի համար ըստ օրենքի կարող է մահապատիժ նշանակվել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմություն կիրառել, ապա մահապատիժ չի կարող նշանակվել, և այն փոխարինվում է ազատազրկմամբ:
(...) 2003 թ. ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում»:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «(...) Վիճարկվող դրույթները չունեն բավարար չափով որոշակիություն, քանի որ դրանցում սահմանված չեն չափանիշներ, որոնց առկայության դեպքում դատարանները կարող են հանգել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից ազատելու, կամ չազատելու մասին հետևության, ինչն իր հերթին հանգեցրել է անձի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքի խախտման»: Ավելին, ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթներում այդպիսի չափանիշների բացակայությունը իրավակիրառողին տալիս է անսահմանափակ ու անվերահսկելի հայեցողություն, իսկ մարդու համար չեն ապահովում որոշակիություն և կանխատեսելիություն:
Բացի դրանից, Դիմողը դատական պրակտիկայի ուսումնասիրության հիման վրա ցույց է տալիս, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառական պրակտիկայում հաղորդվել է այնպիսի մեկնաբանություն, որ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական պատասխանատվությունից չազատելը պայմանավորվել է արարքի հանրային վտանգավորությամբ, արարքի բնույթով, հանցագործության օբյեկտով՝ մարդու կյանք, իսկ որոշ դեպքերում դատարաններն ընդհանրապես չեն պատճառաբանել, ինչը, ըստ Դիմողի, անընդունելի է։
2. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով 1961 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի և 44-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև 2003 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 12-րդ, 13-րդ հոդվածների և 75-րդ հոդվածի 5-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Սահմանադրական վեճի առաջացման հիմք հանդիսացող թիվ ԵԴ/0338/01/20 գործով առաջին ատյանի դատարանը 23.03.2023թ. դատավճռով ընդհանրապես չի անդրադարձել Վիճարկվող դրույթների կիրառման հարցին: Դատարանը նույնիսկ չի նշել, թե ինչու չի անդրադարձել այդ դրույթների կիրառման հարցին: Դրա պատճառը վերը նշված անսահմանափակ ու անվերահսկելի հայեցողությունն է, որ պատիժ նշանակելիս տրամադրել է դատարաններին օրենքի անկատարությունը»:
Դիմողը նաև ներկայացրել է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում՝ «Սույն գործով ձևավորված դատական պրակտիկան ցույց է տալիս, որ Վիճարկվող դրույթի բավարար չափով որոշակի չլինելու, դրա կիրառման չափանիշներ սահմանված չլինելու պատճառով, դատարանները իրենց պարտավորված չեն համարում պատճառաբանել դրա չկիրառումը»:
Միաժամանակ Դիմողը նշել է. «Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, երբ դատարանները կիրառում են Վիճարկվող դրույթները, ապա վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին չեն ազատում քրեական պատասխանատվությունից: Դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրության արդյունքում չենք գտել որևէ գործ, որում դատարանը կիրառեր Վիճակվող դրույթը և անձին ազատեր քրեական պատասխանատվությունից»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/0338/01/20 քրեական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ 1961 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի և 44-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև 2003 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 12-րդ, 13-րդ հոդվածների և 75-րդ հոդվածի 5-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քրեական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Այսպիսով, սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Գեղամ Մաչանյանի դիմումի հիման վրա՝ 1961 թվականի մարտի 7-ի ՀՀ Քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածի, 44-րդ հոդվածի 4-րդ մասի, 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ Քրեական օրենսգրքի 12-րդ, 13-րդ հոդվածների և 75-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
5 սեպտեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-132
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-132
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
