ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ, ՆՈՒՆԵ ՆԻԿՈԼՅԱՆԻ, ՀՐԱՆՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՎ ՆԱՏԵԼԼԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-63)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 63 | ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ, ՆՈՒՆԵ ՆԻԿՈԼՅԱՆԻ, ՀՐԱՆՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՎ ՆԱՏԵԼԼԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 դեկտեմբերի 2023թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ս. Սաֆարյանի
Քննության առնելով Գագիկ Բեգլարյանի, Նունե Նիկոլյանի, Հրանտ Բեգլարյանի և Նատելլա Բեգլարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գագիկ Բեգլարյանը, Նունե Նիկոլյանը, Հրանտ Բեգլարյանը և Նատելլա Բեգլարյանը (այսուհետ Դիմողներ), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 8-ին), խնդրել են հետևյալը. «(…) Սահմանադրության 28-րդ, 61-րդ, (մաս 1), 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող ճանաչել «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը»։
2. Դիմողները նշում են, որ ո՛չ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում, ո՛չ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում չկա որևէ արգելք առ այն, որ այս իրավահարաբերության շրջանակում պատասխանողը հակընդդեմ հայցի միջոցով չի կարող վիճարկել իրավասու մարմնի որոշումները որպես իրավաբանական փաստեր։ Ըստ դիմողների վիճարկվող դրույթների` Սահմանադրության 28-րդ հոդվածին հակասությունը դրսևորվում է նրանում, որ վիճարկվող դրույթները Դիմողներին թույլ չեն տալիս համարժեք չափով անարգել իրացնել իրենց սուբյեկտիվ իրավունքները և հակընդդեմ հայցի շրջանակում իրավունքի չարաշահման արգելքի որպես իրավունքի պաշտպանության եղանակի միջոցով վիճարկել իրավասու մարմնի որոշումների իրավաչափությունը։ Մինչդեռ համեմատելի իրավիճակում գտնվող միևնույն կատեգորիայի կամ հակադիր շահերով օժտված անձինք առհասարակ կարողանում են օգտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված իրավունքի պաշտպանության եղանակից։ Այս առումով վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 28-րդ հոդվածին, ինչը հանգեցնում է Դիմողների օրենքի առջև ընդհանուր հավասարության և դատական պաշտպանության հիմնական իրավունքների խախտման։ Բացի դրանից, Դիմողները նշում են, որ եթե վիճարկվող դրույթներով սահմանափակվում է իրենց իրավասու մարմինների որոշումների իրավաչափությունը հակընդդեմ հայցի շրջանակում իրավունքի չարաշահման արգելքի միջոցով վիճարկելու հնարավորությունը, և միևնույն ժամանակ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով չի նախատեսվում այն համաչափ իրավական կառուցակարգը, որն իրավասու մարմնին կստիպի զերծ մնալ իրավունքն այլ ձևով չարաշահելուց, իսկ չարաշահելու դեպքում կրել համապատասխան իրավական հետևանքը, նշանակում է, որ Դիմողների օրենքի առջև ընդհանուր հավասարության և դատական պաշտպանության հիմնական իրավունքների այդպիսի սահմանափակումը չի կարող համաչափ լինել։ Ելնելով վերոնշյալից Դիմողները գտնում են, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով Դիմողներին թույլ չեն տալիս հակընդդեմ հայցի շրջանակում իրավունքի չարաշահման արգելքի որպես իրավունքի պաշտպանության եղանակի միջոցով վիճարկել իրավասու մարմնի` ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը, որոշմանը նախորդող տասը տարին, ինչպես նաև մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը որպես ուսումնասիրվող ժամանակահատված սահմանելու գործողությունը, ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ որոշումը, ուսումնասիրության նախնական արդյունքների վերաբերյալ ամփոփագրի հիման վրա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու որոշումը որպես իրավաբանական փաստեր, և որպես հետևանք պահանջել հայցի մերժում, հակասում է Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 78 և 79-րդ հոդվածներին։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…): Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանադրական վերոնշյալ դրույթին և դրա հիմքում ընկած սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությանը համահունչ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականնությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Սահմանադրական դատարանը, 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ անդրադառնալով կոնկրետ սահմանադրական վերահսկողության ինստիտուտին, նշել է, որ անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության նպատակը Սահմանադրության դրույթների անմիջական գործողության երաշխավորումն է, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը։ Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողությանը մասնավորապես բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա: Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը: Սահմանադրական դատարանի դատական կազմն իր հերթին 2021 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴԴԿՈ-58 որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիման վրա իրականացվում է կոնկրետ վերահսկողություն, ինչը ենթադրում է, որ նորմատիվ ակտի սահմանադրականությունն առնչվում է դատաքննության առարկա դարձած այս կամ այն կոնկրետ գործին: Ի վերջո Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության ինստիտուտի դիմողի համար վերջնական և հիմնական հետևանքը դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայումն է։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանում կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությունն իր նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականության գնահատման միջոցով կարող է տեղի ունենալ բացառապես կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա հարուցված կոնկրետ գործի շրջանակում։ Այսինքն Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող են դառնալ ենթադրյալ սահմանադրականության վերաբերյալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված է կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա հարուցված կոնկրետ գործով դատարանի կողմից կիրառված նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարց։ Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողն ըստ էության բարձրացնում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարց, այնինչ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրական լինելու առնչությամբ ներկայացված հիմնավորումները համատեղելի չեն սույն դիմումով քննության առարկա դատական գործի փաստերի բովանդակային ծավալի հետ, մասնավորապես Դիմողների կողմից բարձրացված հարցի վերաբերյալ հիմնավորումները ներկայացվել են սույն դիմումով քննության առարկա դատական գործի փաստերից այնքան վերացարկված, որպիսի պարագայում վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության հարցը կարող է դառնալ ոչ թե կոնկրետ սահմանադրական վերահսկողության, այլ վերացական սահմանադրական վերահսկողության առարկա։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող դրույթների և Դիմողների իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։ Ինչ վերաբերում է դիմողի կողմից բարձրացված այն հարցին, որ ոչ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ոչ էլ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով չկա որևէ արգելք այս իրավահարաբերության շրջանակում պատասխանողի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու վերաբերյալ, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ի հակադրումն հակակոռուպցիոն դատարանի վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արձանագրել է պատասխանողի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքի առկայությունը նշելով, որ «(…) ո՛չ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը, ո՛չ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, ո՛չ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որևէ արգելք, սահմանափակում չեն նախատեսել հակակոռուպցիոն դատարանում արդեն իսկ հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում հակընդդեմ հայց ներկայացնելու համար»: Իսկ ահա այն հարցը, թե Դիմողների կողմից նման իրավունքի իրացումն ինչպիսի հարցերի պարագայում կարող է դրսևորվել, Սահմանադրական դատարանի դատական կազմի գնահատմամբ` Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չէ այն պատճառաբանությամբ, որ դիմումում բարձրացված նշված հարցին առնչվող իրավական փաստարկներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների իրավաչափությանը։ Այսինքն Դիմողների կողմից բարձրացված վերոնշյալ հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականնության հարցի գնահատում, այլ դատարանների կողմից կայացված դատական ակտերի օրինականության ստուգում, որպիսի լիազորությամբ Սահմանադրական դատարանն օժտված չէ։ Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գագիկ Բեգլարյանի, Նունե Նիկոլյանի, Հրանտ Բեգլարյանի և Նատելլա Բեգլարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
26 դեկտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-63
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-63
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
