ՀԱՍՄԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հոկտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 57 | ՀԱՍՄԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 հոկտեմբերի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Հասմիկ Աբգարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Հասմիկ Աբգարյանը (ներկայացուցիչներ փաստաբաններ Արամ Օրբելյան և Աշոտ Պողոսյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հոկտեմբերի 10-ին) խնդրելով. «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին» ՀՀ օրենքը այնքանով, որքանով դրանում չի նախատեսվում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի հարուցման վիճարկման հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, փոխկապակցված 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 75-րդ հոդվածի հետ, հակասող և անվավեր»: Դիմողը հայտնում է, որ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ գլխավոր դատախազության Արամ Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ թիվ 22-51-20 ուսումնասիրություն սկսելու մասին գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 2020 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման ընդունման կատարմամբ իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։ Սույն հայցադիմումը վերահասցեագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, որը 2022 թվականի հունվարի 3-ին կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում։ Հաջորդիվ դիմողը հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը բողոքարկել է վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը 2022 թվականի մարտի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի մարտի 21-ի որոշման դեմ ներկայացված դիմողի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մայիսի 25-ի որոշմամբ թողել է առանց քննության։ Վկայակոչելով դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները դիմողը նշում է, որ իրավական պետության մեջ չպետք է գոյություն ունենան ոլորտներ (անկախ նրանից քաղաքացիական, վարչական, թե քրեական) կամ կատարվեն գործողություններ, որոնք թեև միջամտում են անձի հիմնական իրավունքներին, բայց դուրս են դատական վերահսկողությունից։ Դիմողը գտնում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին այնքանով, որքանով դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում, տրվել է նորմատիվ այնպիսի բովանդակություն, որի համաձայն գլխավոր դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի հարուցման և ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ որոշումները որևէ դատարանի կողմից վերահսկման ենթակա չեն։ Դիմողը նշում է, որ գործադիր իշխանության գործողությունների նկատմամբ դատական վերահսկողության հնարավորության բացակայությունը չունի որևէ իրավաչափ հիմք։ Ըստ դիմողի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում լիազոր մարմնի կողմից ուսումնասիրություն սկսելն ինքնին մի շարք հիմնական իրավունքների նկատմամբ միջամտություն է․ այդ պարագայում ևս նման ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ որոշումը պետք է ամբողջովին ենթակա լինի վերահսկողության առնվազն դրա օրինականության տեսանկյունից։ Դիմողը կարծում է նաև, որ վարույթի հարուցումը վիճարկելու հնարավորության բացակայությունը խնդրահարույց է անձի պատվի և բարի համբավի անձեռնմխելիության երաշխավորման մասով հաշվի առնելով ուսումնասիրության իրականացումը հրապարակայնացնելու հնարավորությունը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության իրավունքի երաշխավորման մասով հաշվի առնելով, որ ուսումնասիրության ընթացքում հավաքվում և մշակվում են անձնական տվյալներ, իսկ ժամանակը գործում է ի վնաս այդ հիմնական իրավունքը կրողի։ Ըստ դիմողի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի նորմերին տրվել է այնպիսի բովանդակություն, որով իսպառ բացառվում է վարույթ ընդունման ենթակա հայցի ներկայացումը դատարան․ նույնիսկ եթե անձի նկատմամբ ուսումնասիրությունը (վարույթը) իրականացվում է ոչ իրավաչափ, միևնույն է նա պետք է հանդուրժի դա չկարողանալով վիճարկել ինքնին վարույթի ոչ օրինական հիմքերով կամ կամայական հարուցումը։ Դիմողի պնդմամբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին» օրենքում դատախազության կողմից վարույթ հարուցելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու հնարավորության մասին կարգավորման բացակայությունն օրենսդրական բաց է, որը հանգեցնում է դատական պաշտպանության իրավունքի իրացման անհնարինության։ Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին կցված դատական ակտերի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է 2022 թվականի մարտի 21-ի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնելով բողոքարկվող որոշումը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2022 թվականի մարտի 21-ի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մայիսի 25-ի որոշմամբ թողնվել է առանց քննության այն հիմքով, որ այն վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չէ։ Առաջնորդվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դատավարական կանոններով Վճռաբեկ դատարանը պատճառաբանել է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի միջանկյալ դատական ակտերը վճռաբեկության կարգով ենթակա են բողոքարկման միայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում, իսկ հայցադիմումի ընդունումը մերժելու որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու իրավունք Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի գործով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով վերջնական դատական ակտը սույն գործում վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի մարտի 21-ի որոշումն է, որը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ուժի մեջ է մտել կայացման պահից։ Մինչդեռ Սահմանադրական դատարան դիմումը ներկայացվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, այսինքն վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց։ Այսինքն սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնելու պահին արդեն իսկ լրացել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը։ Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմանների առկայությանը, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 69-րդ հոդվածի 3, 5 և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հասմիկ Աբգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ա. Խաչատրյան
Ե. Խունդկարյան
18 հոկտեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ–57
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հոկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-57
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
