«ԱՐՄԻՆԵ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21 ԵՎ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 3-ՐԴ ԳԼԽԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 մայիսի 2026թ. ՍԴԱՈ - 65 | «ԱՐՄԻՆԵ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21 ԵՎ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 3-ՐԴ ԳԼԽԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 3-ՐԴ ԳԼԽԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՄԻՆԵ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21 ԵՎ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 3-ՐԴ ԳԼԽԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 3-ՐԴ ԳԼԽԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմինե Տեր-Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածների, ինչպես նաև 3-րդ գլխի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի և 3-րդ գլխի՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության մասով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
Արմինե Տեր-Ավետիսյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Ռոբերտ Առաքելյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 25-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«ճանաչել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ, 22-րդ հոդվածները, ինչպես նաև ընդհանրապես 3-րդ գլուխը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, որ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Երեխայի շահերին վերաբերող գործերով հայցադիմումը ներկայացվում է երեխայի փաստացի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան, կամ
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն իրավասու են քննել այնպիսի ընտանեկան վեճեր, որտեղ (I) դատարանները որոշում են ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները, (II) ծնողներն ու զավակները համատեղ բնակության վայր չունեն, նույնիսկ այն դեպքում, եթե պատասխանողի դատավարական կարգավիճակ ունեցող ծնողը Հայաստանի Հանրապետությունում հաշվառման կամ բնակության վայր չունի, և (III) երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»:
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմողը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Դատարան) ընդդեմ Հարություն Թորգոմի Աշչյանի, իրավասու մարմին՝ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ վերջիններիս անչափահաս երեխայի բնակության վայրը մոր՝ Դիմողի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին։
Դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին կայացրել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում։ Նշյալ որոշմամբ Դատարանը մասնավորապես նշել է.
«Երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ հայցերով բացառիկ տարածքային կամ հայցվորի ընտրությամբ ընդդատություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ գլխով սահմանված չէ։
Դատարանը գտնում է, որ երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջով ներկայացված հայցը ընդդատյա չէ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին, հետևաբար, հայցադիմումը ենթակա է վերադարձման»։
Վերոնշյալ որոշման դեմ Դիմողի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)։ Վերաքննիչ դատարանը, քննության առնելով նշված բողոքը, 2025 թվականի նոյեմբերի 24-ին որոշել է ներկայացված բողոքը մերժել՝ Դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ԵԴ2/10619/02/25 որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանը վերոնշյալ որոշմամբ նշել է.
«(…) ընդդատության կանոնների խախտմամբ ներկայացված հայցադիմումն ենթակա է վերադարձման: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված է քաղաքացիական գործերի ընդհանուր տարածքային ընդդատությունը, ըստ որի՝ հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան:
Դատարանին, ի թիվս այլնի, հայցադիմումի՝ ընդդատության կանոնների պահպանմամբ ներկայացված լինելու հանգամանքը ստուգելու հնարավորություն ընձեռելու նպատակով օրենսդիրը իմպերատիվ կերպով սահմանել է հայցադիմումում պատասխանողի հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում բնակվելու վայրի հասցեն նշելու պարտականությունը:
Տվյալ դեպքում 10․09․2025 թվականի (փաստ 2), ինչպես նաև հայցադիմումը ներկայացնելու օրվա (փաստ 1) դրությամբ պատասխանողը Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվելու, Ֆրանսիայի Հանրապետությունում պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի հասցեի վերաբերյալ փաստական տվյալներ առկա են հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունում (փաստ 2) և հայցադիմումում (փաստ 1)։
Վերոգրյալ պայմաններում գործը Դատարանին ընդդատյա չլինելու, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունը Վերաքննիչ դատարանը գնահատում է իրավաչափ, միևնույն ժամանակ հակառակի վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկները սույն որոշման պատճառաբանությունների ուժով անհիմն են»։
2. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը պնդում է, որ թիվ ԵԴ2/10619/02/25 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 2025 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ կիրառված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 21 և 22-րդ հոդվածներով, ինչպես նաև ընդհանրապես Օրենսգրքի 3-րդ գլխով սահմանված նորմերով խախտվել են իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները:
Ըստ Դիմողի՝ «ՀՀ ընտանեկան օրենսգրքի վկայակոչված իրավանորմերի և ՔԴՕ 3-րդ գլխով նախատեսված վկայակոչված իրավանորմերի միջև իրավացիորեն կարող ենք արձանագրել, որ առկա են հակասություններ, որոնք արտահայտվում են ՔԴՕ 3-րդ գլխում առկա իրավունքի բացի ձևով, հատկապես՝ իրավունքի բաց, որն առկա է, ըստ իս, ՔԴՕ 21-րդ հոդվածում, ինչպես նաև 22-րդ հոդվածի 4-րդ կամ 7-րդ մասում, քանի որ մի դեպքում ՀՀ ընտանեկան օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ծնողների և զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է երեխան, այդ թվում նաև այն վեճերը, որոնք կապված երեխայի բնակության վայրի սահմանման հետ, իսկ հակառակ դրա, ՔԴՕ 3-րդ գլխում առկա չէ հատուկ կարգավորում, որը թույլ կտա դատարաններին չխախտել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը /օրինականության սկզբունքը/ ՔԴՕ 1-ին հոդվածի 1-ին և 3-րդ հոդվածները, այլ կերպ ասած՝ դատարանները չունեն համապատասխան իրավասություններ կենսագործելու ՀՀ ընտանեկան օրենսգրքի 146-րդ, 148-րդ հոդվածներով սահմանված իրավանորմերը՝ դարձնելով դրանք իմաստազուրկ, առարկայազուրկ»:
Դիմողը գտնում է, որ «Առնվազն տրամաբանական չէ, որ Օրենսդիրը կկարևորեր ալիմենտ բռնագանձելու, հայրությունը որոշելու, ամուսնալուծության հետ կապված ընտանեկան վեճերով գործերը, սահմանելով դրանց համար հատուկ ընդդատության կանոններ՝ թողնելով այն հարաբերականորեն հայցվորի ընտրությանը, իսկ մյուս դեպքում գիտակցված կհրաժարվեր կարգավորել այնպիսի կարևորագույն հարց, ինչպիսին է երեխայի բնակության վայրի որոշումը: Այլ կերպ ասած՝ պնդում եմ, որ նշված հարցի կապակցությամբ առկա է իրավունքի մասնակի բաց, նկատի ունենալով, որ առկա են ալիմենտ բռնագանձելու, հայրությունը որոշելու, ամուսնալուծության հետ կապված ընտանեկան վեճերով ընդդատության հատուկ կանոններ, իսկ երեխայի բնակության վայրի որոշման հետ կապված գործերով առկա չեն»:
Դիմողը նշում է․ «Սույն գործով ընդդատության կանոնները, ըստ իս, պետք է ավելի լայն և ճկուն մեկնաբանվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին մասի 8-րդ, 2-րդ, 146-րդ և 148-րդ հոդվածների համատեքստում, այլ կերպ ասած՝ հաշվի առնելով, որ գործը երեխայի բնակության վայրը սահմանելուն է վերաբերում, ինչն ուղղակիորեն բխում է երեխայի լավագույն շահերից, դատարանները ընդդատության կանոնները կիրառելիս պետք է առաջնահերթ հաշվի առնեն Երեխայի լավագույն շահերը, և միևնույն ժամանակ, ըստ իս, Բարձր Դատարանի կողմից պետք է ճանաչվի, որ ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշելիս Դատարանները քննության ընթացքում ընդդատության կանոնները կիրառելիս պետք է հաշվի առնեն, որ գործը ենթակա է ՀՀ դատարանների կողմից քննության, եթե (I) ծնողներն ու զավակները համատեղ բնակության վայր չունեն, (II) երեխան, ով բովանդակային առումով ծնողների միջև ծագած վեճի օբյեկտն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Նշվածի կիրառմամբ, ըստ իս, համանման քաղաքացիական գործերով ընդդատության հատուկ կանոնների բացը կհաղթահարվի և ոչ իրավաչափորեն չի սահմանափակվի դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները»:
Ըստ Դիմողի՝ «(…) ՔԴՕ 21-րդ, 22-րդ, 203-րդ հոդվածները ամուսնաընտանեկան վեճեր քննելիս պետք է ավելի լայն մեկնաբանվեն, մասնավորապես՝ հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, այլ իրավական ակտերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով՝ ՔԴՕ 203-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում, այն է՝ ընտանեկան վեճեր քննելիս գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները»։
Դիմողն արձանագրում է, որ «(…) որպես ընդդատության առանձնահատուկ կանոն՝ հաշվի առնելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 148-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն իրավասու են քննել այնպիսի ընտանեկան վեճեր, որտեղ (I) դատարանները որոշում են ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները, (II) ծնողներն ու զավակները համատեղ բնակության վայր չունեն, նույնիսկ այն դեպքում, եթե պատասխանողի դատավարական կարգավիճակ ունեցող ծնողը Հայաստանի Հանրապետությունում հաշվառման կամ բնակության վայր չունի, և (III) երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»։
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները՝ Օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածները, ինչպես նաև ընդհանրապես 3-րդ գլխով սահմանված իրավակարգավորումները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, չեն համապատասխանում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների պահանջներին՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 8-րդ մասի, 146 և 148-րդ հոդվածների համատեքստում:
3. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը, ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների վերաբերելի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Օրենսգրքի վիճարկվող դրույթները, արձանագրում է, որ «(...) երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարեկեցության ապահովումը պահանջում է իրավականորեն հստակ և հիմնավորված որոշում՝ նրանց բնակության և խնամքի կազմակերպման վերաբերյալ։ Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ թե ծնողական իրավունքների ձևական համադրման, այլ երեխաների շահերի առավել արդյունավետ պաշտպանության տեսանկյունից»:
Պատասխանողը նշում է․ «(...) հաշվի առնելով, որ երեխան հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և գտնվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո, հետևաբար նրա իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը ենթակա են կարգավորման և լուծման Հայաստանի Հանրապետության իրավակարգավորումների շրջանակներում»։
Անդրադառնալով վիճարկվող դրույթի իրավական նշանակությանը՝ Պատասխանողը նշում է. «Թեև ընդդատության ընդհանուր կանոնի համաձայն վեճը ենթակա է քննության պատասխանողի գտնվելու (բնակության) վայրի դատարանում, սակայն տվյալ դեպքում առկա են այնպիսի իրավական և փաստական հանգամանքներ, որոնք հիմնավորում են նաև Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությունը: Մասնավորապես, հաշվի առնելով, որ երեխան ՀՀ քաղաքացի է և նրա իրավունքների պաշտպանության հարցը ուղղակիորեն առնչվում է նրա լավագույն շահի ապահովմանը, վեճը կարող է քննվել նաև Հայաստանի Հանրապետության դատարանում, ինչի մասին է վկայում նաև Վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/33825/02/20 որոշմամբ ձևավորված նախադեպը»:
Պատասխանողը մատնանշում է, որ «Երեխայի բնակության վայրի որոշման գործերով ընդդատության և կիրառելի իրավունքի հարցերը ենթակա են լուծման գործող իրավակարգավորման համակարգային և նպատակային մեկնաբանության միջոցով՝ հաշվի առնելով ընտանեկան իրավահարաբերությունների առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահի գերակայության սկզբունքը»:
Ըստ Պատասխանողի՝ «(…) առկա հնարավոր անորոշությունը հաղթահարելի է Վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/33825/02/20 որոշմամբ, որը կրում է նախադեպային բնույթ և ապահովում է իրավունքի միատեսակ կիրառություն: Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշմամբ հստակեցվել է համապատասխան նորմերի կիրառման շրջանակը: Հետևաբար, տվյալ պարագայում խոսք չի կարող լինել օրենսդրական բացի կամ դրա հիմքով սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին, քանի որ իրավական անորոշությունը հաղթահարվել է դատական մեկնաբանությամբ և նախադեպային իրավունքի ձևավորմամբ»:
Պատասխանողը խնդրում է. «Արմինե Տեր-Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածների, ինչպես նաև 3-րդ գլխի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, Դատական դեպարտամենտից ստացված սույն քաղաքացիական գործի նյութերն ու Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղեկատվությունը, գտնում է, որ «Արմինե Տեր-Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածների, ինչպես նաև 3-րդ գլխի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի և 3-րդ գլխի՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության մասով, ենթակա է կարճման՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոնշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանին ներկայացվող դիմումների հիմնավորվածության վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր՝ ձեռնպահ մնալով քաղաքական կամ ոչ իրավական բնույթի հարցադրումներից ու արտահայտություններից»:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Հիշատակված իրավակարգավորումների և Սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Օրենսգրքի 21-րդ հոդվածի և 3-րդ գլխի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն իրավակարգավորմամբ օրենսդիրը սահմանել է քաղաքացիական գործերի ընդհանուր տարածքային ընդդատության կանոնը, որի համաձայն՝ հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Դիմողի դիրքորոշումների տրամաբանությունը հանգում է նրան, որ վերջինիս սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված է երեխայի բնակության վայրի որոշման վերաբերյալ հայցի ներկայացման դեպքում հայցվորի ընտրությամբ տարածքային ընդդատության կանոնների բացակայությամբ, մինչդեռ խնդրո առարկա կանոնները վերաբերելի են Օրենսգրքի 22-րդ հոդվածի իրավակարգավորման առարկային, այլ ոչ թե Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 21-րդ հոդվածին: Ավելին, Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումի շրջանակներում ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են հենց Օրենսգրքի 22-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականությանը:
Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակում վիճարկում է Օրենսգրքի ամբողջ 3-րդ գլխի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը։ Մինչդեռ, Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը պահանջում է, որ անհատական դիմումը հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի դրույթի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ հենց վիճարկվող դրույթն է (իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) անմիջականորեն հանգեցրել Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Ամփոփելով ողջ վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումը՝ Օրենսգրքի 21-րդ հոդվածի և 3-րդ գլխի՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականության մասով, ակնհայտ անհիմն է, ուստի՝ սույն գործի վարույթը հիշատակված մասով Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արմինե Տեր-Ավետիսյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածների, ինչպես նաև 3-րդ գլխի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի և 3-րդ գլխի՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության մասով, կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
6 մայիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-65
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-65
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
