Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 193-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 193-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-9718 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-97)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 հունիսի 2024թ. ՍԴԱՈ - 97 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 193-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 193-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի մայիսի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ՎԴ/2164/05/24 վարչական գործով ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու մասին» 2024 թվականի մայիսի 6-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).

«Դիմել ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համապատասխանությունը որոշելու հարցով»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/2164/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը և տվյալ գործի համառոտ նկարագիրը, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 191-193-րդ հոդվածների վերաբերելի կարգավորումները, մեջբերելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանձին դիրքորոշումներ՝ Դիմողը նշում է. «(...) վարչական դատարանին ընդդատյա են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը, որպիսի գործերով վարչական դատարան կարող են դիմել նաև պետական մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք: Մասնավորապես, պետական մարմինները կարող են դիմել վարչական դատարան, եթե համարում են, որ վարչական մարմնի նորմատիվ իրավական ակտով խախտվել են պետության այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածով սահմանված են նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան դիմելու ժամկետներ: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում (պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայցադիմումներով (համապատասխանում է քննարկվող դեպքին)) վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում։ Մինչդեռ, նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում (պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայցադիմումներով (համապատասխանում է քննարկվող դեպքին)) վարչական դատարան կարելի է դիմել առանց ժամկետային սահմանափակման։

Ստացվում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատարան դիմելու համար ժամկետային տարբեր կարգավորումներ է սահմանել նույն դեպքի և սուբյեկտների համար՝ մի կողմից դատարան դիմելու իրավունքի իրացումը հատկորոշված սուբյեկտների համար պայմանավորելով նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետով և միաժամանակ մյուս կողմից նույն սուբյեկտների համար նորմատիվ իրավական ակտի վիճարկման համար դատարան դիմելու իրավունքի իրացումը չպայմանավորելով որևէ ժամկետով։

Նման պայմաններում կարելի է պնդել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ամրագրված կարգավորումներում առկա է հակասություն»:

Ի հիմնավորումն վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության՝ Դիմողը նշում է, որ քննարկվող դեպքում ներկայացված վերաքննիչ բողոքի ըստ էության քննության համար առանցքային նշանակություն ունի դիմումի ներկայացման ուղեգծում բողոքաբերի կողմից դատավարական ժամկետների պահպանված լինելու կամ չլինելու հարցի որոշումը՝ Օրենսգրքի 193-րդ հոդվածի կիրառելիության տեսանկյունից՝ պայմանավորված այն հանգամանքով, թե քննարկվող դեպքը ենթարկվում է Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին, թե՞ նույն հոդվածի 5-րդ մասով ամրագրված կանոնակարգմանը։

Այս համատեքստում Դիմողը պնդում է. «(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի նորմերի միջև առկա հակասությունը քննարկվող դեպքում հնարավոր չէ հաղթահարել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված 40-րդ հոդվածով ամրագրված կանոնակարգմամբ՝ հաշվի առնելով, որ քննարկվող դեպքում գործ ունենք միևնույն իրավաբանական ուժն ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմերի հետ, որոնք զետեղված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի միևնույն մասում, ավելին՝ նույն հոդվածում, ուժի մեջ են մտել միաժամանակ, իսկ դիմումատուն պետական մարմին է։

Նման պայմաններում կարելի է պնդել նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ամրագրված կանոնակարգումները կարող են հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության», ուստի՝ Դիմողի գնահատմամբ՝ վիճարկվող կարգավորումներն իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց են:

3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը նշում է, որ դատարանների՝ սահմանադրական արդարադատություն հայցելու սահմանադրաիրավական հնարավորությունն ամրագրված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում.

«4. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

Վկայակոչված կարգավորումն իր ամրագրումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրն ուրվագծել է դատարանների սույն սահմանադրաիրավական իրավասությունը կենսագործելու օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրի կողմից դատարաններին՝ սույն սահմանադրաիրավական իրավասությամբ օժտելու հիմնարար նպատակը հանգում է դատարանների կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պարագայում կոնկրետ սահմանադրական վերահսկողությունը կարող է իր նպատակին ծառայել, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ դատարանները Բարձր դատարան ներկայացվող դիմումներում հիմնավորեն՝

1) տվյալ գործի՝ իրենց վարույթում գտնվելու հանգամանքը,

2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալը: Այլ խոսքով՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի՝ Սահմանադրությանը ենթադրյալ հակասության պատճառաբանված դիրքորոշումը՝ հիմնված ներքին համոզման վրա,

3) տվյալ գործի՝ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորությունը:

Վերոհիշյալ սահմանադրաիրավական պահանջների պահպանումը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի ընդունելիության և գործի քննության գրավականն է, ուստի՝ արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական առաքելություն կրող հիշյալ սուբյեկտների կողմից ենթակա է առանձնահատուկ ուշադրության՝ հաշվի առնելով հակասահմանադրական նորմերի կիրառման անթույլատրելիության՝ Սահմանադրի անխախտ կամքը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, պետք է ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բազմաբովանդակ պատճառաբանությունը, որը կհիմնավորի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի առկայությունը:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելիս դատարանները Սահմանադրական դատարան դիմելու մասին համապատասխան որոշման շրջանակներում, ի շարս այլնի, պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու դիրքորոշումները: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատության բովանդակային սահմաններից դուրս է առանձին օրենսդրական կարգավորումների միջև ենթադրյալ հակասությունների քննությունը, եթե անգամ դրանք ներկայացվում են ենթադրյալ իրավական անորոշության շղարշի՝ Սահմանադրական դատարանի արտահայտած վերաբերելի դիրքորոշումների ներքո:

Դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստել, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Բարձր դատարան ներկայացրած դիմումով Դիմողը սահմանափակվել է թիվ ՎԴ/2164/05/24 վարչական գործի դատավարական նախապատմության, գործի համառոտ նկարագրի, Սահմանադրական դատարանի վերաբերելի դիրքորոշումների, ինչպես նաև Օրենսգրքի 191, 192 և 193-րդ հոդվածների առանձին դրույթների վկայակոչմամբ՝ պատճառաբանելով, որ «(…) օրենսդիրը ՀՀ վարչական դատարան դիմելու համար ժամկետային տարբեր կարգավորումներ է սահմանել նույն դեպքի և սուբյեկտների համար՝ մի կողմից դատարան դիմելու իրավունքի իրացումը հատկորոշված սուբյեկտների համար պայմանավորելով նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետով և միաժամանակ մյուս կողմից նույն սուբյեկտների համար նորմատիվ իրավական ակտի վիճարկման համար դատարան դիմելու իրավունքի իրացումը չպայմանավորելով որևէ ժամկետով։

Նման պայմաններում կարելի է պնդել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ամրագրված կարգավորումներում առկա է հակասություն»:

Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներկայացրած դիրքորոշումները պայմանավորված են լոկ խնդրո առարկա դրույթների միջև առկա ենթադրյալ հակասությամբ, որը Դիմողի դիտարկմամբ՝ «(…) քննարկվող դեպքում հնարավոր չէ հաղթահարել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված 40-րդ հոդվածով ամրագրված կանոնակարգմամբ՝ հաշվի առնելով, որ քննարկվող դեպքում գործ ունենք միևնույն իրավաբանական ուժն ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմերի հետ, որոնք զետեղված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի միևնույն մասում, ավելին՝ նույն հոդվածում, ուժի մեջ են մտել միաժամանակ, իսկ դիմումատուն պետական մարմին է։

Նման պայմաններում կարելի է պնդել նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ամրագրված կանոնակարգումները կարող են հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության»։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանների՝ Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը չի ենթադրում վիճարկվող իրավակարգավորումների էության՝ այլ կարգավորումների համատեքստում բացահայտում Սահմանադրական դատարանի կողմից, դրանց միջև ենթադրյալ հակասության լուծում կամ օրենսդրի կամքի վերհանում: Սույն հարցադրումներն առավելապես եռաստիճան դատական համակարգի տիրույթում են:

Հիշյալ սահմանադրաիրավական կարգավորումները միտված են բացառապես դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի՝ սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալու կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու իրավասության իրացման ապահովմանը:

Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի հիմնավորումներն առավելապես հանգում են դրանց՝ Սահմանադրության՝ «Մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 2-րդ գլխում բովանդակվող դրույթներին ենթադրյալ հակասությանը, մինչդեռ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող սահմանադրական վերահսկողության առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը չի հիմնավորել նաև հանրային իշխանության համապատասխան մարմնի՝ խնդրո առարկա իրավահարաբերության շրջանակներում Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության կրողը լինելու սահմանադրաիրավական հնարավորությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

18 հունիսի 2024 թվականի

ՍԴԱՈ-97

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-97
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել