Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼՈՒՍՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼՈՒՍՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6023 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-60)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 հոկտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 60 | ԼՈՒՍՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 հոկտեմբերի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Լուսյա Դանիելյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Լուսյա Դանիելյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Սերգեյ Մկրտչյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հոկտեմբերի 8-ին, որով Դիմողը խնդրել է.

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, այն է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում, դրույթը ճանաչել՝ հակասահմանադրական»:

2. Ներկայացնելով թիվ 2-5171 և ԵԴ2/0011/15/23 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ստորադաս դատարաններին թիվ ԵԴ2/0011/15/23 քաղաքացիական գործով ներկայացվել են կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու իրական փաստերը, որոնք կարող էին հիմք հանդիսանալ դատարանի կողմից տվյալ ժամկետը բաց թողնելը հարգելի ճանաչելու համար, սակայն այդ փաստերը համարվել են անբավարար, և համապատասխան միջնորդությունը մերժվել է: Ըստ Դիմողի՝ նման փաստերը դատական պրակտիկայում եզակի չեն. բազմակի դեպքերում պատասխանողը, կատարելով վճռով իր վրա դրված պարտականությունը, որոշակի ժամանակահատված հետո դադարում է այն կատարել, և պահանջատերը, դիմելով դատարան՝ կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմումով, ստիպված է լինում հիմնավորել կատարողական թերթ պահանջելու՝ օրենքով սահմանված բաց թողնված ժամկետի հանգամանքները, որոնք միշտ չէ, որ դատարանի կողմից դիտարկվում են հարգելի:

Դիմողն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում բացակայում է վիճակագրությունը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու և այն բավարարելու տվյալների վերաբերյալ, որի պարագայում ակնհայտ է, որ տվյալ ցուցանիշը բացասական է:

Դիմողը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ ԴԱՀԿՕ) 23-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, համաձայն որի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում, հակասահմանադրական է, խաթարում է արդարադատության բուն էությունը, բազմաթիվ դեպքերում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը թողնում է անկատար: Դիմողի պնդմամբ՝ այն չի բխում Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

Ամփոփելով՝ Դիմողը Սահմանադրական դատարանին խնդրում է ԴԱՀԿՕ 23-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը ճանաչել Սահմանադրության 3, 10, 31, 60, 61 և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝ ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից, բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել են վիճարկվող դրույթները, գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով, դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Նշյալի համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմումի համակարգային վերլուծությունից հետևում է, որ դրանում, ըստ էության, բարձրացվում է ԴԱՀԿՕ-ով սահմանված՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման վաղեմության ինստիտուտի սահմանադրաչափության հարցն այնքանով, որքանով վերջինիս կիրառումն այն դեպքերում, երբ դատական ակտը վերաբերում է ոչ թե սեփականության իրավունքի ճանաչմանը, այլ արդեն իսկ ճանաչված, օրենքով սահմանված կարգով գրանցված և իր սահմանադրաիրավական բնույթով բացարձակ սեփականության իրավունքի իրացման արդյունավետ կառուցակարգի սահմանմանը, առերևույթ կարող է հանգեցնել սեփականության իրավունքից փաստացի զրկվելուն:

Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործով սահմանադրաիրավական վեճն առերևույթ այն է, թե արդյոք ԴԱՀԿՕ 23-րդ հոդվածն այնքանով, որքանով չի սահմանում կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետային սահմանափակման բացառություն օրենքով սահմանված կարգով ճանաչված և գրանցված սեփականության իրավունքի իրացման արդյունավետ կառուցակարգ սահմանող դատական ակտի կատարման համար, համատեղելի է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձի սեփականության իրավունքի հետ:

Նշյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը կարևոր է համարում նաև դատական ակտի կայունության և վերջնականության սահմանադրաիրավական հատկանիշների դիտարկումը որպես սեփականության իրավունքի երաշխավորված և արդյունավետ իրացման ուրույն երաշխիքներ՝ պատասխանելով, ի թիվս այլնի, նաև այն հարցադրմանը, թե որն է նշյալ երկու սահմանադրաիրավական արժեքների միջև համարժեք հավասարակշռության ապահովման արդյունավետ կառուցակարգը: Մասնավորապես՝ Դիմողի փաստարկներից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության բացարձակ բնույթի և դրանից ածանցվող՝ դատական ակտի կատարման պարտադիրության պայմաններում դատական ակտի կատարման ժամկետային սահմանափակումն առերևույթ հանգեցնում է դատական ակտի կատարման կառուցակարգի խաթարման, մինչդեռ սեփականության իրավունքի բացարձակ պաշտպանությունը և սեփականության իրավունքի իրացման ապահովման ուղղությամբ պետության պոզիտիվ պարտականությունը ենթադրում են սեփականության իրավունքի անխոչընդոտ և անվերապահ պաշտպանություն:

Հետևաբար՝ դատական ակտի կատարման ընտրված միջոցն այլ հավասար պայմանների դեպքում չի կարող կանխորոշել սեփականության իրավունքի ճակատագիրը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Լուսյա Դանիելյանի դիմումի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Հ. Թովմասյան

Ա. Վաղարշյան

23 հոկտեմբերի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-60

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-60
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել