«ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-16-Ն ՕՐԵՆՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-87)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 մայիսի 2024թ. ՍԴԱՈ - 87 | «ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-16-Ն ՕՐԵՆՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-40-Ն ՕՐԵՆՔԻ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-16-Ն ՕՐԵՆՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՕ-40-Ն ՕՐԵՆՔԻ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմեն Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ին ընդունված ՀՕ-16-Ն օրենքի 32-րդ հոդվածի և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ին ընդունված ՀՕ-40-Ն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
1. 2024 թվականի ապրիլի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմեն Հարությունյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«1) Գործն ընդունել քննության,
2) Որոշել ««ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 թվականի հունվարի 21-ին ընդունված, ՀՕ-16-Ն օրենքի 32-րդ հոդվածի, որով նախատեսվել է ուժը կորցրած ճանաչել «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2004 թվականի փետրվարի 18-ին ընդունված, ՀՕ-40-Ն օրենքի 42-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 49, 57, 60, 75, 78, 79, 80 և 81 հոդվածներին,
3) Ինչպես նաև որոշել «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2004 թվականի փետրվարի 18-ին ընդունված, ՀՕ-40-Ն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 49, 57, 60, 75, 78, 79, 80 և 81 հոդվածներին»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/8729/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ին ընդունված ՀՕ-16-Ն օրենքի 32-րդ հոդվածը, որով նախատեսվել է ուժը կորցրած ճանաչել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ին ընդունված ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 42-րդ հոդվածը, խախտում է Սահմանադրության 3, 49, 57, 75 և 78-րդ, ինչպես նաև 80-րդ հոդվածներով սահմանված՝ հիմնական իրավունքների և ազատությունների էությունն այն հիմնավորմամբ, որ հանիրավի և անհարկի սահմանափակում է անձի աշխատանքի վերականգնվելու իրավունքն այն պայմաններում, երբ դատական իշխանության մարմինները ոչ իրավաչափ են ճանաչել անձի իրավունքների խախտումը և աշխատանքում վերականգնման հետագա անհնարինությունը՝ դրանով իսկ խաթարելով անձի սահմանադրական իրավունքները:
Դիմողը գտնում է, որ «(...) աշխատանքից ազատված անձը, ում աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ գործատուի անհատական իրավական ակտը դատական կարգով ճանաչվել է անվավեր՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար, պետք է առանց որևէ բացառության հնարավորություն ունենա օգտվելու «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հավասար իրավունքներից, եթե նույնիսկ չի վերականգնվել զբաղեցրած պաշտոնում և փոխարենը ստացել է չվերականգնման դիմաց փոխհատուցում»:
Ըստ Դիմողի՝ «(...) ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված ճանաչված անձի, տվյալ դեպքում Դիմողի, դատական կարգով փաստացի հարկադիր պարապուրդում գտնվելը ճանաչված լինելու պարագայում, անձին՝ ծառայությունում վերականգնվելու որևէ անհնարինության պայմաններում, անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս՝ չհաշվարկելը, անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածում, առաջացնում է քննարկվող իրավական ակտի դրույթի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննարկելու անհրաժեշտության»:
Դիմողը նշում է նաև, որ «(...) դատական պաշտպանություն հայցելով, խնդրել է աշխատանքից անհիմն ազատված լինելու հիմքով վերականգնել իր խախտված իրավունքը՝ ի թիվս աշխատանքի վերականգնվելու և այլ խախտված իրավունքների, նաև լեգիտիմ ակնկալիք է հետապնդել, կամ վերականգնվել աշխատանքի կամ ձեռք բերել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք, որն ինչպես նշեցինք Բարձր դատարանի և ՄԻԵԴ տրված իրավակիրառ մեկնաբանությամբ հավասարեցվում է սեփականության իրավունքին: Ինչից բխում է, որ վիճարկվող իրավական ակտի դրույթները հակասում են Սահմանադրությանը և խախտում են Դիմողի նաև Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը»:
Ամփոփելով՝ Դիմողը գտնում է, որ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-16-Ն օրենքի 32-րդ հոդվածը, որով նախատեսվել է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 42-րդ հոդվածը, ինչպես նաև Օրենքի 44-րդ հոդվածը չեն համապատասխանում Սահմանադրության 3, 49, 57, 60, 75, 78 և 80-րդ հոդվածներին՝ «(...) այն հիմնավորմամբ, որ հանիրավի ու անհարկի սահմանափակվել է, խաթարվել է Դիմողի սահմանադրաիրավական իրավունքները, փաստացի չի ապահովվել Դիմողի աշխատանքի վերականգնվելու իրավունքն ու դրանից բխող սոցիալական երաշխիքներ ստանալու իրավունքն այն պայմաններում, երբ դատական իշխանության մարմինները ոչ իրավաչափ են ճանաչել անձի իրավունքների խախտումը և աշխատանքում վերականգնման հետագա անհնարինությունը»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն գործի հանգամանքները, գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ՎԴ/8729/05/21 վարչական գործի շրջանակում Դիմողի նկատմամբ 2020 թվականի հունվարի 21-ին ընդունված ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-16-Ն օրենքի 32-րդ հոդվածի և Օրենքի 42-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) կիրառված լինելը:
Այսպես` Դիմողի կողմից սույն անհատական դիմումի շրջանակում որպես վերջնական դատական ակտ է ներկայացվել թիվ ՎԴ/8729/05/21 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 1-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Հետևաբար՝ սույն դիմումի շրջանակում հիմք են ընդունվում տվյալ գործով կայացված դատական ակտերը։
Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/8729/05/21 վարչական գործի շրջանակում 2023 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը.
«(...) «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը դատական ակտի կայացման պահի դրությամբ այլևս ուժը կորցրած էր /հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն օրենքով/, բացի այդ, հաշվի առնելով, որ նշված նորմով չի սահմանվել աշխատողի վերականգնման անհնարինության դեպք, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված մասով և փոխհատուցում տրամադրելու մասով կիրառելի են ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերը»:
Դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթների` իր նկատմամբ կիրառված լինելու հանգամանքը։
Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը, մասնավորապես, Դիմողի կողմից վիճարկվող դրույթները սույն անհատական դիմումի հիմքում դրված թիվ ՎԴ/8729/05/21 վարչական գործի շրջանակում չեն կիրառվել վերջինիս նկատմամբ: Հետևաբար՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը` 2020 թվականի հունվարի 21-ին ընդունված ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-16-Ն օրենքի 32-րդ հոդվածի և Օրենքի 42-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) մասով, ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:
3.2. Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վիճարկված Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասին, ապա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/8729/05/21 վարչական գործով Դիմողին փոխհատուցում տրամադրելու մասով կիրառելի է համարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը: Անդրադառնալով նշյալ հոդվածին՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ «(...) օրենսդիրը նախատեսել է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերով աշխատողի խախտված իրավունքները վերականգնելու երկու հնարավոր կառուցակարգ: Առաջին դեպքում աշխատողը վերականգնվում է նախկին աշխատանքում՝ ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, իսկ երկրորդ դեպքում նախկին աշխատանքային հարաբերությունները չեն վերականգնվում, և աշխատողը ստանում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում: Ընդ որում, նշված կառուցակարգերը չեն կարող գործել միաժամանակ, քանի որ բացառում են միմյանց: Այսինքն՝ աշխատանքում վերականգնվելու պահանջը չբավարարվելու պայմաններում ինքնաբերաբար սկսում է գործել աշխատողի՝ չվերականգնելու դիմաց հատուցում ստանալու իրավունքը» (թիվ ՎԴ/2635/05/19 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշում):
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/8729/05/21 վարչական գործով ինչպես վերաքննիչ վարչական դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերին, վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների իրավաչափությանը, որի ստուգումը Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չէ:
Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
«Արմեն Հարությունյանի դիմումի հիման վրա՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ին ընդունված ՀՕ-16-Ն օրենքի 32-րդ հոդվածի և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ին ընդունված ՀՕ-40-Ն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
14 մայիսի 2024 թվականի
ՍԴԱՈ-87
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-87
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
