««ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 367-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 466-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-199)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 դեկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 199 | ««ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 367-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 466-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 367-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 466-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասի և 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Սահակյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Թիվ ԵԴ2/8428/02/24 քաղաքացիական գործով
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 03.12.2024 թվականի վճռով և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2025 որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերին, ինչպես նաև 367-րդ հոդվածի երկրորդ մասին տրված մեկնաբանությունները ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի առաջին մասին, 75-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին հակասող»։
2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/8428/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը և անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին՝ Դիմողը նշում է, որ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում վիճարկվող դրույթին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված մեկնաբանությունից բխում է, որ պետության կարիքների համար կնքվող պայմանագրի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դրույթները մասնավորապես, կամ մատակարարման պայմանագրին վերաբերող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դրույթներն ընդհանրապես, իրավունք են տալիս պատվիրատուին, առանց դատարան դիմելու կամ առանց պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու եղանակների կենսագործման, ուղղակի միակողմանի լուծել պայմանագիրը, քանի որ իրավահարաբերությունն ունի «Գնումների մասին» օրենքով նախատեսված առանձնահատկությունները:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը, ինչպես նաև վերաբերելի մի շարք այլ դրույթներ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մեկնաբանվել են որոշակիության սկզբունքին տրամագծորեն հակասող կերպով, որպիսի պայմաններում ՀՀ դատարանները եկել են այնպիսի եզրահանգման, որը հանգեցրել է իր` Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման, քանի որ անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բովանդակության շրջանակում ամրագրված է պետության պոզիտիվ պարտականությունը, այն է՝ ապահովել այդ իրավունքը թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս:
Ըստ Դիմողի՝ ՀՀ դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ տրված սխալ մեկնաբանության արդյունքում խախտվել է տվյալ դրույթների կենսունակությունը՝ թույլ տալով, որ դրանք կրեն ձևական բնույթ:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին ՀՀ դատարանները տվել են սխալ մեկնաբանություն` անտեսելով դրանց օրենսդրական նպատակը և խոչընդոտելով Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված սահմանադրաիրավական պահանջի լիարժեք իրացումը: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ ՀՀ դատարանները, սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի չեն առել նույն հոդվածի 2-րդ մասի պահանջները` ամբողջությամբ խեղաթյուրելով տվյալ դրույթների բովանդակությունը, դրա սահմանման հիմքում օրենսդրի դրած նպատակային նշանակությունը: Արդյունքում, ըստ Դիմողի՝ խախտվել են իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված հիմնական իրավունքները և 75-րդ հոդվածով սահմանված երաշխիքները:
Անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասին՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը ձևակերպված է այնչափ ճշգրիտ և որոշակի, որ չի կարող ստեղծել այնպիսի մեկնաբանման առիթ, որ դրանում ամրագրված կարգավորումները կիրառելի լինեն բացառապես կողմերի միջև կնքված պայմանագրում նախատեսվելու դեպքում:
Դիմողը գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի եզրահանգումն առ այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 367-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի կատարումից հրաժարման իրավունքը պետք է անպայման նախատեսված լինի կողմերի միջև կնքված պայմանագրով, այսինքն՝ այս առիթով դատարանը սահմանափակվել է բացառապես այս ձևակերպմամբ և մեկնաբանությամբ, հանգեցրել է վիճարկվող դրույթի հակասահմանադրական մեկնաբանության:
Դիմողը պնդում է, որ դատարանի նման մեկնաբանությամբ ամբողջությամբ իմաստազրկվում և խաթարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 367-րդ հոդվածով երաշխավորված՝ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարման հիմքով պայմանագիրը լուծելու իրավական երաշխիքը, այն էլ այն պայմաններում, երբ քննարկվող իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավանորմերով և կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսվել է պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու մատակարարի (իր) իրավունքը:
Ողջ վերոշարադրյալի արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, ինչպես նաև 367-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում հաղորդվել է նեղ մեկնաբանություն՝ այդպիսով խոչընդոտելով Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված սահմանադրաիրավական պահանջի լիարժեք իրացումը, որի արդյունքում սահմանափակվել են իր՝ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները՝ զրկելով օրենքով սահմանված իրական պաշտպանությունից և իրադրության նկատմամբ համապատասխան օրինական միջոցառումներ կիրառելու հնարավորությունից:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասին և 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/8428/02/24 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Այսպես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասին և 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը: Ավելին, խնդրո առարկա քաղաքացիական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ դատարանները վիճարկվող դրույթներին որևէ նոր մեկնաբանություն չեն տվել, այլ կիրառել են դրանք՝ հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներն ու առանձնահատկությունները:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասի և 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
19 դեկտեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-199
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-199
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
