ԱՐՍԵՆ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 օգոստոսի 2023թ. ՍԴԴԿՈ - 28 | ԱՐՍԵՆ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 10 օգոստոսի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Արսեն Դավթյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արսեն Դավթյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հուլիսի 19-ին) խնդրելով. «ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածը այնքանով որքանով չի նախատեսում առանց եզրափակիչ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի անձի վիճակը այլ կերպ բարելավ օրենքին հետադարձ ուժ տալու պայման ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին հակասող: ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածը այնքանով որքանով չի նախատեսում օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի անձի վիճակը այլ կերպ բարելավ օրենքին հետադարձ ուժ տալու պայման ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ և 72-րդ հոդվածին հակասող»։
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0858/01/19 քրեական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը, մասնավորապես, նշել է, որ օրենսդրի կողմից անձի վիճակը այլ կերպ բարելավող օրենքը, սահմանափակելով օրենքում նշված լինելու հանգամանքով այն է բացառիկ դեպքերում օրենքով նախատեսված լինելու հանգամանքով խախտել է ՀՀ Սահմանադրության 71-րդ, 72-րդ և 78-րդ հոդվածների պահանջները»: Դիմողը գտնում է, որ այնքանով, որքանով օրենսդրի կողմից չի սահմանվել այլ կերպ բարելավող օրենքի կիրառման պարտադիր պահանջն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում, անհամաչափորեն սահմանափակվում է ցանկացած անձի անձնական անձեռնմխելիության և ազատ տեղաշարժի ինտենսիվությունը, և չի կարող համարվել պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ նախանշված հանցավորության դեմ պայքարի նպատակի իրագործման համար: Դիմողի պնդմամբ տվյալ պարագայում խոսքը վերաբերում է անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքին, սակայն իրավակիրառողի կողմից այն չի կարող կիրառվել անգամ այն պարագայում, երբ անձի նկատմամբ չկա կայացված վերջնական դատական ակտ: Ըստ Դիմողի անձի այնպիսի իրավունքների սահմանափակումը, ինչպիսիք են անձնական անձեռնմխելիության և ազատ տեղաշարժվելու իրավունքներն այն ինտենսիվությամբ, որ նախատեսված է նախկին օրենքով այն իրավիճակում, երբ իրավակիրառողը զրկվել է առավել բարենպաստ նոր օրենքի կիրառման հնարավորությունից, հակասում է տվյալ իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին: Դիմողն ընդգծում է, որ Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ կետը, որը նախատեսում է այլ կերպ բարելավող օրենքի կիրառում միայն այնպիսի իրավիճակներում, երբ դրանք կոնկրետ կնշվեն նոր օրենքում, հակասում է Սահմանադրությամբ նախատեսված մի շարք իրավունքների համաչափության սկզբունքին: Դիմողի պնդմամբ Քրեական նոր օրենսգրքով օրենսդիր մարմնի իրավական գնահատականը կաշառք ստանալու չափերի վերաբերյալ, էականորեն փոխվել է: Ըստ Դիմողի այդ փոփոխությունները պետք է ուղղակիորեն տարածում գտնեն նաև իրավակիրառ պրակտիկայում, մասնավորապես իրեն մեղսագրված արարքը կաշառք ստանալն առանձնապես խոշոր չափով, նոր օրենսգրքով ենթակա է այլ իրավական գնահատականի կաշառք ստանալը խոշոր չափով: Վերոգրյալի համատեքստում Դիմողը գտնում է, որ եթե «ՀՀ [նախկին] քրեական օրենսգրքի ընդունված 18.04.2003 թվականին 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համար պատիժ է սահմանված ազատազրկում` յոթից տասներկու տարի ժամկետով, ապա ՀՀ քրեական օրենսգրքի ընդունված 05.05.2021 թվականին 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համար պատիժ է սահմանվել ազատազրկում չորսից տասը տարի ժամկետով»: Վերոգրյալի հաշվառմամբ Դիմողը եզրահանգում է, որ իր արարքի որակումն առանձնապես ծանր հանցագործությունից փոխվել է ծանր հանցագործության: Բացի դրանից, Դիմողը գտնում է, որ տվյալ պարագայում ամբողջությամբ կիրառելի են օրենքի հետադարձ ուժի կանոնները, քանի որ իրավական առումով խոսքը վերաբերում է երկու տարբեր հանցակազմերի. մի դեպքում առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն, որն առանձնապես ծանր հանցագործություն է, մյուս դեպքում խոշոր չափով կաշառք ստանալուն, որը ծանր հանցագործություն է: Դիմողի պնդմամբ Քրեական նոր օրենսգրքով իր վիճակն այլ կերպ բարելավվել է, որը դրսևորվել է իրեն վերագրվող արարքի քրեաիրավական գնահատականի փոփոխմամբ դրանից բխող քրեաիրավական հետևանքներով:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` նաև Օրենք) 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի դատական կազմի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ բացահայտել է «կիրառում» հասկացությունը, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։ Այսպիսով, անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական դրույթի վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս հիմնաքարային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի կիրառման հետևանքով հենց Դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը: Վերոնշյալը համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ԵԴ/0858/01/19 քրեական գործի շրջանակում Դիմողի նկատմամբ Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի կիրառումն այն համատեքստում, որն առնչվում է բացառապես օրենքով նախատեսված դեպքերում հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրության հետադարձ ուժի կիրառելիությանն այն դեպքում, երբ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ: Հետևաբար` նշված մասով սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված Դիմողի Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով: 3.2. Դիմողի կողմից բարձրացված Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի սահմանադրականության հարցի կապակցությամբ այնքանով, որքանով տվյալ հոդվածով չի նախատեսվում, օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության պարագայում, անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքին հետադարձ ուժ տալու պայման, հարկ է արձանագրել հետևյալը. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է անհատական դիմումին ներկայացվող հիմնավորվածության պահանջը, ըստ որի` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և համապատասխան հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»: Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ պահանջները պահպանված չեն: Մասնավորապես Դիմողը, սույն անհատական դիմումի շրջանակում խնդրելով Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածը (այն համատեքստում, որ տվյալ հոդվածով չի նախատեսվում, օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության պարագայում, անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքին հետադարձ ուժ տալու պայման) ճանաչել Սահմանադրության 72 և 78-րդ հոդվածներին հակասող, չի ներկայացրել բավարար հիմնավորումներ իր որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի և տվյալ փաստի և վիճարկվող դրույթի Սահմանադրությանը ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արսեն Դավթյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Հ. Թովմասյան
Անդամներ Է. Շաթիրյան
Վ. Գրիգորյան
10 օգոստոսի 2023 թվականի
ՍԴԴԿՈ–28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
