Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ Ա) ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ Ա) ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-19928 սեպտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-199)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 սեպտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 199 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ Ա) ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ Ա) ԵՆԹԱԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի ապրիլի 6-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դիմումը, որով դիմողը խնդրել է. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր այնքանով, որքանով այն չտարբերակված և անհամաչափ բարձր պետական տուրք է նախատեսում վճռի միայն պատճառաբանական մասի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար երբ բողոք բերող անձի կողմից վճռի եզրափակիչ մասով բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում»: Դիմողի պնդմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ և 79-րդ հոդվածներին հետևյալ պատճառաբանությամբ. վիճարկվող նորմի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համակարգային մեկնաբանման արդյունքում կարելի է փաստել, որ օրենսդիրն իրավական հնարավորություն է ընձեռել վճիռը բողոքարկել պատճառաբանական մասով առանց անդրադառնալու վճռի եզրափակիչ մասին, մինչդեռ վիճարկվող նորմով ամրագրված իրավակարգավորումն անհամաչափ դատական ծախսով (հայցագնի երեք տոկոսի չափ պետական տուրքի գումար) ծանրաբեռնում է հիշատակված իրավունքի իրացումը: Ավելին, վիճարկվող նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական պահանջին, որի արդյունքում իրավակիրառ պրակտիկայում դրան հաղորդած մեկնաբանությունը հակասում է օրենսդրի կամքին: Ըստ դիմողի դատական ակտի պատճառաբանական մասի վերանայման պահանջի պատճառը դատարանի կողմից թույլ տրված ենթադրյալ թերացումն է, որը վերանայելու համար վիճարկվող դրույթով անհամաչափ ծախս է դրված դատավարության կողմի վրա գանձվող պետական տուրքի չափն առանց որևէ իրավաչափ հիմքի կապելով երկու մասնավոր անձանց միջև վեճի առարկայի արժեքի հետ: Կողմերի վրա նման ֆինանսական բեռ դնելով Օրենքը չի հետապնդում Սահմանադրությամբ երաշխավորված որևէ իրավաչափ նպատակ, որի արդյունքում խախտվում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Չտարբերակելով վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարի չափն այն իրավիճակների համար, երբ բողոք է ներկայացվում վճռի միայն պատճառաբանական մասի դեմ և բողոք բերող անձի կողմից չեն վիճարկվում առաջին ատյանի դատարանում բավարարված կամ չբավարարված պահանջները վիճարկվող նորմը դատավարության մասնակցի համար առաջացնում է սոցիալական անհամաչափ բեռ գործով շահագրգռված այլ անձանց համար չստեղծելով իրենց իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրացման համար բավարար երաշխիքներ: Եթե անգամ հակառակ կողմը բողոք ներկայացներ վճիռն անփոփոխ թողնելու և ճիշտ պատճառաբանելու վերաբերյալ, ապա պատասխանողի կողմից նույնածավալ փաստարկներ կարող էին ներկայացվել վերաքննիչ բողոքի պատասխանում առանց պետական տուրքի վճարման: Պատասխանողի Ազգային ժողովի դիրքորոշմամբ վիճարկվող նորմը համապատասխանում է Սահմանադրությանը հետևյալ պատճառաբանությամբ. հիշատակելով Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածները, Օրենքի 2-րդ և 7-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, վերլուծելով Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատարան դիմելու իրավունքի շրջանակի վերաբերյալ իրավական դիրքորոշումները, պատասխանողը հայտնում է, որ Օրենքը տարբերակում է գույքային և ոչ գույքային պահանջների առնչությամբ գանձվող պետական տուրքերը դրանց համար սահմանելով հաշվարկման տարբեր կարգ, որպիսի փաստը պայմանավորված է տվյալ պահանջների բնույթով և առանձնահատկություններով: Օրենսդրի կողմից դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն սահմանելը հետապնդում է լեգիտիմ նպատակ, այն է փոխհատուցել պետության կողմից արդարադատության իրականացման համար կատարված ծախսերը, ինչպես նաև կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը և դատարան դիմելու իրավունքի չարաշահումը: Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասը, պատասխանողն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը, քննության առնելով դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ կողմի բերած վերաքննիչ բողոքը, ըստ էության, անդրադառնում է ներկայացված բոլոր գույքային պահանջներին քննարկելով ստորադաս դատարանի պատճառաբանությունները բոլոր պահանջների մասով: Վճռի պատճառաբանական մասը հնարավոր չէ դիտարկել եզրափակիչ մասից առանձին, քանի որ եզրափակիչ մասը պատճառաբանական մասի տրամաբանական շարունակությունն է, դրանում կատարված վերլուծությունների վերջնարդյունքը: Միայն վճռի պատճառաբանական մասի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննության առնելիս վերաքննիչ դատարանն անդրադառնում է ներկայացված բոլոր գույքային պահանջներին, ուստի պետական տուրքի հաշվարկն ըստ հայցագնի արդարացված մոտեցում է: Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, հետազոտելով թիվ ԵԴ/3857/02/20 քաղաքացիական գործով դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերը, դրանց հիմքում դրված պատճառաբանությունները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջը հաշվի առնելով անձը պարտավոր է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո´ր իրավունքն է խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում (2018 թվականի դեկտեմբերի 4-ի ՍԴԱՈ-91 աշխատակարգային որոշման 3.2-րդ կետ): Կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում, ինչպիսին սույն գործով իրականացվող վարույթի նպատակն է, նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով (2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման 5-րդ կետ)։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում իրավունքի պաշտպանության միջոցներն սպառելու և վերջնական դատական ակտով վիճարկվող նորմի կիրառված լինելու, ինչպես նաև վիճարկվող նորմի սահմանադրականության ստուգման արդյունքում այն հակասահմանադրական ճանաչելու իրավական հետևանքների համալիր նպատակը` անհատական դիմումների հիման վրա, իրավական ակտերի սահմանադրականության կոնկրետ վերահսկողության միջոցով Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված մարդու և քաղաքացու հիմնական սահմանադրական իրավունքների պաշտպանությամբ Սահմանադրության գերակայության ապահովումն է։ Վերը նշված կարգավորումները սույն գործի հանգամանքների նկատմամբ կիրառելուց առաջ սույն գործով դիմումում նկարագրված դատավարական նախապատմության և դրա առնչությամբ փաստական հանգամանքների ուսումնասիրությամբ, Սահմանադրական դատարանը նկատում է, որ թիվ ԵԴ/3857/02/20 քաղաքացիական գործով հայցվորների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա` Վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր 2021 թվականի հունվարի 12-ի որոշմամբ բեկանել և փոփոխել է նույն քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հունիսի 19-ի վճիռը, որը կայացվել էր հօգուտ դիմողի, և որի պատճառաբանական մասի հետ անհամաձայն լինելով փորձել էր վերաքննության կարգով բողոքարկել այն։ Ընդ որում թիվ ԵԴ/3857/02/20 դատական գործի www.datalex.am կայքում դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունից երևում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը սույն գործով մասնակիորեն բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հունիսի 19-ի վճիռը և փոփոխել այն հակառակ դիմողի դիրքորոշման։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հունիսի 19-ի վճռի եզրափակիչ մասի հետ իր համաձայնությունը և ի պաշտպանության դրա իր դիրքորոշումները ներկայացնելով, դիմողը վերաքննիչ վարույթի ընթացքում հնարավորություն է ունեցել և արտահայտել է իր դիրքորոշումը, և այն հիմնավորող փաստարկները նաև բողոքարկված վճռի պատճառաբանական մասի վերաբերյալ, առաջարկել բողոքարկվող վճռի պատճառաբանական մասի իր խմբագրությունը։ Այնուհետև, 2021 թվականի մարտի 1-ին դիմողը վճռաբեկ բողոք է ներկայացրել թիվ ԵԴ/3857/02/20 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի հունվարի 12-ի որոշման դեմ, որը 2021 թվականի մարտի 31-ին, այսինքն սույն գործով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուց առաջ, վարույթ է ընդունվել Վճռաբեկ դատարանի կողմից, և, ըստ www.datalex.am կայքում դատական տեղեկատվական համակարգի տեղեկատվության, գտնվում է Վճռաբեկ դատարանում քննության ընթացքում։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմողը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով, դիմումի ընդունելիության պայման է վկայակոչել իր դատարան դիմելու սահմանադրական իրավունքի ենթադրյալ անհամաչափ սահմանափակումը պետական տուրքի չափի չտարբերակված մեծությամբ վճարելու անհամաչափորեն ծանր ֆինանսական պարտականությամբ։ Մինչդեռ, դիմողի քաղաքացիական գործի վերը նշված հանգամանքների ուսումնասիրությամբ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման մասին պնդումը առարկայազուրկ է, քանի որ դիմողը թեպետ ոչ իր վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում, այնուամենայնիվ, ունեցել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի քննությանն իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն վերաքննիչ դատարանում վարույթի ընթացքում։ Որից հետո նրա ներկայացրած վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունվելով, դիմողը իրական հնարավորություն է ձեռք բերել դատարան դիմելու իրավունքի ենթադրյալ խախտումը կամ դրա իրավական հետևանքները Վճռաբեկ դատարան ներկայացնել իր իրավունքի ենթադրյալ խախտումը վերացնելու համար, այլ խոսքով իրացրել է դատարան դիմելու իր իրավունքը, իրեն հասու և արդյունավետ այլ միջոցներ։ Հետևաբար, դատարան դիմելու սահմանադրական իրավունքի սահմանափակման վերաբերյալ դիմողի պնդումները, որոնք հիմնված են եղել բացառապես իր կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու արդյունքում իր օգտին կայացված դատական ակտի պատճառաբանական մասի կապակցությամբ իր փաստարկները քննության առարկա չդարձնելու վրա, անհիմն են։ Թեպետ, Սահմանադրական դատարանը չի կարող բացառել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում դատական ակտերի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքարկման վարույթներով նախատեսված կանոնների սահմանափակող ազդեցությունը դիմողի դիրքորոշումն ամբողջ ծավալով քննության առարկա դարձնելու հնարավորության վրա այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի ներկայացրած փաստարկները վերաքննության կամ վճռաբեկության կարգով իրականացվող վարույթներում քննության առարկա չեն դառնում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքով բարձրացվող հիմքում ներառված չլինելու կամ այդ հիմքին չվերաբերելու պատճառով։ Սակայն սույն գործին վերաբերելի մասով դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիրքորոշումներում իր սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտման առկայության միակ փաստարկ է նշել վիճարկվող իրավական նորմով նախատեսված գումարի չտարբերակված չափը, որի չվճարելը, ըստ դիմողի, հանդիսացել է դիմողի դատարան դիմելու իրավունքն ամբողջ ծավալով սահմանափակելու պատճառը։ Թեև Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին կից թիվ ԵԴ/3857/02/20 քաղաքացիական գործով 2021 թվականի հունվարի 12-ի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անտեսել է դիմողի ներկայացրած որոշ փաստարկներ, դրանք վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին վերաբերելի չլինելու պատճառաբանությամբ, Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում և պատասխանողի առարկությունների վերաբերյալ դիմողի դիրքորոշումներում չկան որոշակի նշումներ այն մասին, թե արդյոք դիմողի լսված լինելու իրավունքի ենթադրյալ խախտումը վերաբերում էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից հիշյալ որոշմամբ անտեսված փաստարկի։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանը նկատում է, որ դիմողի կողմից Սահմանադրական դատարանին չի ներկայացվել որևէ հիմնավորում առ այն, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար իր կողմից վկայակոչված պայմանի չհաղթահարելը հանգեցրել է դատարանների առջև իր դիրքորոշումն այլ կերպ ներկայացնելու անհնարինության կամ դատարանների կողմից հօգուտ իրեն այլ դատական ակտ կայացնելու լիազորության բացառման։ Սահմանադրական կոնկրետ վերահսկողությունը Սահմանադրական դատարանի սահմանադրական այն լիազորությունն է, որը կիրառվում է դատական պաշտպանության միջոցների սպառմամբ սահմանադրական հիմնարար իրավունքի ենթադրյալ խախտումից հետո դատական պաշտպանության այլ միջոցների գործադրմամբ այդ իրավունքի վերականգնման անհնարինության դեպքում։ Հետևաբար, դիմողի սահմանադրական հիմնարար իրավունքի ենթադրյալ խախտման առկայությունը վկայող հիմնավորումների վերը նկարագրված բացակայության պայմաններում, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով դիմողի կողմից չի ներկայացվել բավարար փաստարկներ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված անհատական դիմումի քննության համար անհրաժեշտ «հիմնական իրավունքների … խախտման» պայմանը հիմնավորելու համար, ինչի արդյունքում սույն դիմումով գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա։ Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 69-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

28 սեպտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-199

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 սեպտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-199
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել