ՌԻՄԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 27 | ՌԻՄԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
30 սեպտեմբերի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Կ. Բալայանի
Ուսումնասիրելով քաղաքացի Ռիմա Նախշքարյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Ռիմա Նախշքարյանը 16. 09. 2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ, 233-րդ և 234-րդ հոդվածների դրույթների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին։ I. Դիմումում նշված օրենսգրքի 231-րդ հոդվածի /նախկին խմբագրությամբ 230- րդ հոդված/ կապակցությամբ դատական կազմն արձանագրում է հետևյալը. Հոդվածը կրում է «Վճռաբեկ բողոքի բովանդակությունը» անվանումը և կարգավորում է վճռաբեկ բողոքի բովանդակությանն առնչվող
իրավահարաբերությունները։ Այդ հոդվածի 1-ին մասն ամբողջությամբ քննության առարկա է հանդիսացել սահմանադրական դատարանում և վիճարկվող դրույթի վերաբերյալ առկա է ՍԴՈ-690 որոշումը, որով այն ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հետագայում վիճարկվող դրույթն էական փոփոխություններ չի կրել /«կիրառվել» բառից հետո ավելացել է «և դրանց հիմնավորումները» արտահայտությունը/։
ՍԴՈ-765 որոշմամբ 231-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-233 օրենքի 16-րդ հոդվածով օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Վճռաբեկ բողոքն ստորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը»։
Այսպիսով, դիմումի հիման վրա գործը 231-րդ հոդվածի մասով, քննության ընդունման ենթակա չէ այն պատճառաբանությամբ, որ այդ հոդվածի առնչությամբ առկա են սահմանադրական դատարանի ՍԴՈ-690, ՍԴՈ-765 որոշումները («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետ)։
II. Դիմումում նշված օրենսգրքի 233-րդ հոդվածի /նախկին խմբագրությամբ 231.1. հոդված/ կապակցությամբ դատական կազմը նշում է, որ տվյալ հոդվածը, որն ունի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերնագիրը և կարգավորում է վճռաբեկ բողոքի վերադարձման հետ կապված իրավահարաբերությունները, նախկինում քննության է առնվել ՀՀ սահմանադրական դատարանի կողմից և առկա են սահմանադրական դատարանի որոշումներ։ Այսպես.
սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 1-ին և 3-րդ կետերի դրույթները /233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և 3-րդ մասը/ ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող և հետագայում փոփոխության չեն ենթարկվել։
ՍԴՈ-754 որոշմամբ 233-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Ներկայումս հիշյալ հոդվածում նման դրույթ առկա չէ։
ՍԴՈ-765 որոշմամբ 233-րդ հոդվածի 2-րդ մասը մասնակի ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Դրույթը հետագայում չի փոփոխվել։ Այս նույն որոշմամբ 233-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող /հետագայում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-233 օրենքի 17-րդ հոդվածով 233-րդ հոդվածի 1-ին մասի 4- րդ կետից հանվել է «կամ վճռաբեկ դատարանի սահմանած» բառերը/։ Այսպիսով, դիմումի հիման վրա գործը 233-րդ հոդվածի մասով, քննության ընդունման ենթակա չէ այն հիմնավորմամբ, որ այդ հոդվածի առնչությամբ առկա են սահմանադրական դատարանի ՍԴՈ-690, ՍԴՈ-754, ՍԴՈ-765 որոշումները («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետ)։ III. Դիմումում նշված օրենսգրքի 234-րդ հոդվածում /նախկին խմբագրությամբ 231.2.-րդ հոդված/ նախատեսված դրույթը սահմանում է վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հիմքերը։
Նշված դրույթի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշումը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի /ներկայիս խմբագրությամբ 234-րդ հոդված/ բոլոր դրույթները քննության առարկա են հանդիսացել և ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։ Հետագայում այս հոդվածը նույնպես փոփոխության չի ենթարկվել։
Այսպիսով, դիմումի հիման վրա գործը 234-րդ հոդվածի մասով, քննության ընդունման ենթակա չէ այն հիմնավորմամբ, որ այդ հոդվածի առնչությամբ առկա է սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշումը («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետ)։
IV. Բացի դրանից, անհրաժեշտ է նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Ինչպես վկայում է դիմումի ուսումնասիրությունը, դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր որ սահմանադրական իրավունքներն են խախտվել խնդրո առարկա դրույթներով, ինչպես նաև ներկայացված չէ անմիջական պատճառահետևանքային կապը վիճարկվող դրույթների և դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև։
Դատական կազմը գտնում է, որ դիմումը վերոնշյալ դրույթների մասով ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Հետևաբար, առկա է նշված դրույթների մասով դիմումի քննության ընդունումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն մերժելու հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղաքացի Ռիմա Նախշքարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
30 սեպտեմբերի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-27
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-27
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
