Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ՝ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ) 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

«ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ՝ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ) 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-502 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-50)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 50 | «ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ՝ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ) 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ՝ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ) 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Նազարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին, ուժը կորցրել՝ 2022 թվականի հուլիսի 1-ին) 371-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռոբերտ Նազարյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասը և դրա հետ անմիջականորեն փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասն՝ այնքանով, որքանով 2003թ. ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենքի 371-րդ հոդվածի 3-րդ մասը և դրա հետ անմիջականորեն փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զենքի կամ ռազմամթերքի յուրացման կամ վատնման սուբյեկտին չեն նախատեսում բավարարության այն աստիճանի հստակությամբ, որից կարելի կլինի կանխորոշել կամ արձանագրել, որ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զենքի կամ ռազմամթերքի յուրացման կամ վատնման սուբյեկտը հատուկ է՝ հանձին զինծառայողի»:

2. Ներկայացնելով թիվ ՍԴ1/0010/01/24 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է իրավական հարցադրում առ այն, թե արդյո՞ք 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 371-րդ հոդվածի 3-րդ մասը և դրա հետ անմիջականորեն փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասը համապատասխանում են Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ որոշակիության սկզբունքին, այն է՝ արդյո՞ք վիճարկվող վերոնշյալ դրույթները ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զենքի կամ ռազմամթերքի յուրացման կամ վատնման սուբյեկտին նախատեսում են բավարարության այն աստիճանի հստակությամբ, որից կարելի է կանխորոշել կամ արձանագրել, որ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զենքի կամ ռազմամթերքի յուրացման կամ վատնման սուբյեկտը հատուկ է՝ հանձին զինծառայողի:

Դիմողը պնդում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխան կարգավորումից հնարավոր չէ Սահմանադրությամբ երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքի՝ հստակության և կանխատեսելիության բովանդակային բաղադրիչների ծավալին համապատասխանող արձանագրում կատարել այն մասին, որ տվյալ դրույթով սահմանված իրավակարգավորմամբ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսել է, որ տվյալ օրենսգրքի 32-րդ գլխում նախատեսված հանցակազմերի սուբյեկտը հատուկ է՝ հանձին զինծառայողի՝ անկախ տվյալ գլխում նախատեսված կոնկրետ հանցակազմում «զինծառայող» եզրույթի նշված լինելու հանգամանքից:

Դիմողը գտնում է, որ եթե ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված համապատասխան իրավակարգավորմամբ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսել է, որ, օրինակ, տվյալ օրենսգրքի 372-րդ հոդվածով նախատեսված արարքի սուբյեկտը հատուկ է, այն է՝ զինծառայողը, ապա տվյալ հոդվածի 1-ին մասում «զինծառայողի կողմից» եզրույթը պետք է բացակայեր այն պատճառաբանությամբ, որ նույն օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասով արդեն իսկ սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխում նախատեսված հանցակազմերի, այդ թվում՝ 372-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտը:

Ըստ Դիմողի՝ ի տարբերություն վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան՝ 536-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությանը խիստ համապատասխան կերպով սահմանում են, որ զենքը կամ ռազմամթերքը հափշտակելու, այդ թվում՝ դրանք ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հափշտակելու սուբյեկտը հատուկ է, և որպես այդպիսին կարող է հանդիսանալ բացառապես զինծառայողը, որը ևս փաստում է, որ վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապակցված նույն հոդվածի 3-րդ մասն իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությանը խիստ համապատասխան կերպով չեն նախատեսել այն, որ զենքը կամ ռազմամթերքը յուրացնելու կամ վատնելու, այդ թվում՝ դրանք ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում յուրացնելու կամ վատնելու սուբյեկտը հատուկ է՝ հանձին զինծառայողի:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ մինչև ՀՀ քրեական օրենսգրքի ուժը կորցնելը, այն է՝ 2022 թվականի հուլիսի 1-ը, զինծառայողի կողմից կատարված՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զենքի կամ ռազմամթերքի հափշտակությունը, այդ թվում՝ դրսևորված յուրացման կամ վատնման ձևով, որակման էր ենթակա իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի բովանդակությունը բավարարող և միջին ծանրության հանցագործություն հանդիսացող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, այլ ոչ թե իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի բովան-դակությունը չբավարարող և ծանր հանցագործություն հանդիսացող՝ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասով:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նշված օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի/դրույթների (սույն պարագայում նաև՝ դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը/դրույթները (սույն պարագայում նաև՝ դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է/են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

թեև Դիմողը վկայակոչել է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ որոշակիության սկզբունքի խախտման վերաբերյալ պնդումներ, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման փաստը, հետևաբար և՝ տվյալ փաստի և վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության սահմանափակման լույսի ներքո, որը սույն պարագայում տեղի չի ունեցել։

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 371-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին, հետևաբար և՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին:

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ռոբերտ Նազարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին, ուժը կորցրել՝ 2022 թվականի հուլիսի 1-ին) 371-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

2 ապրիլի 2025 թվականի

ՍԴԱՈ-50

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-50
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել