Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1927 մարտի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 մարտի 2020թ. ՍԴԴԿՈ - 19 | ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 մարտի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Դիլանյանի

Քննության առնելով Արա Սարգսյանի անհատական

դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արա Սարգսյանը 2020 թվականի մարտի 9-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.

« (…)

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի, այն է. հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է … դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա, դրույթը հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։

3. Դատախազության մասին ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածի և համակարգային առումով նրա հետ փոխկապակցված ՀՀ կառավարության 27.11.2000թ. թիվ 778 որոշմամբ հաստատված կարգի 1-ին մասի ա ենթակետի դրույթները, հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, համաձայն որի կարգի 1-ին մասի ա ենթակետում օգտագործվող նրանց եզրույթը որևէ կերպ չի կարող վերաբերել զինծառայողներին, այդ թվում դատախազներին, նրանց եզրույթը վերաբերում է բացառապես այդ դրույթով սահմանված կառույցներին, կարգի 1-ին մասի ա ենթակետով նախատեսված զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառման են ենթակա նրանց ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը, պայմանը վերաբերում է նույն ենթակետում նշված ուժային կառույցներին առընթեր կամ այդ ուժային կառույցներում գործող ուսումնական հաստատություններին, ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Կամ, վիճարկվող նշված դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչել հետևյալ մեկնաբանությամբ. կարգի 1-ին մասի ա ենթակետում օգտագործվող նրանց եզրույթը, վերաբերում է զինծառայողներին, այդ թվում դատախազներին, երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով ենթակա են հաշվառման ինչպես պաշտպանության նախարարությունում, դատախազությունում, ոստիկանության, ազգային անվտանգության և փրկարար ծառայություններում ծառայող անձանց ծառայության ժամանակահատվածը, այնպես էլ այդ անձանց ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը, անկախ այդ հաստատությունների գերատեսչական պատկանելիությունից:

4. Օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, դրույթը, հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ «Կարգի 1-ին մասի ա ենթակետում ինչպես նաև նրանց բառերով, իսկ նրանց բառից հետո նաև բութ նշանի կիրառմամբ, երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվարկման ենթակա ժամանակաշրջան միանշանակ սահմանել է զինծառայողի, նույնն է, թե դատախազի, ուսումնական հաստատությունում ուսման ժամանակաշրջանը, անկախ այդ հաստատության գերատեսչական պատկանելիությունից»: Դիմողի կարծիքով «Կարգի 1-ին մասի ա ենթակետում ինչպես նաև նրանց բառերից հետո նշվածը չի կարող վերաբերել և չի վերաբերում նույն ենթակետում նշված կառույցներին առընթեր կամ կառույցներում գործող ուսումնական հաստատություններին նրանց դերանունը, լինելով նրանք դերանվան հոլովումը, չի կարող վերաբերել անշունչ առարկաներին, այլ այն վերաբերում է ծառայողների /դատախազների/ ուսանած ուսումնական հաստատություններին»: Ըստ դիմողի Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 27.11.2000թ. թիվ 778 որոշմամբ հաստատված Կարգի 1-ին կետի ա ենթակետի դրույթները մեկնաբանել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի վատթարացնող դրութների պահանջներին համապատասխան, ակնհայտորեն փոխելով դրանց իմաստը, եզրահանգել է, որ Կարգի 1-ին կետի «ա» ենթակետում օգտագործվող նրանց եզրույթը որևէ կերպ չի կարող վերաբերել զինծառայողներին, քանի որ դա վերաբերում է բացառապես այդ դրույթով սահմանված կառույցներին, և տվյալ դրույթում որևէ խոսք զինծառայողի մասին առկա չէ: Դիմողը գտնում է, որ կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում ուսման տարիները պետք է հաշվառվեին որպես ծառայության ստաժ: Դիմողի պնդմամբ վարչական և դատական մարմինների վիճարկվող նորմերին տրված հակաիրավական մեկնաբանությունը հիմնավորված չէ, չի հետապնդում իրավաչափ նպատակ, հակասում է իրավական որոշակիության սահմանադրական և կոնվենցիոն դրույթներին: Դիմողը փաստում է, որ Վճռաբեկ դատարանն անհիմն, մակերեսային և վերացական պատճառաբանությամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են նրան, որ իրավակիրառողը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 1-ին կետի «ա» ենթակետի դրույթները մեկնաբանել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի վատթարացնող դրութների պահանջներին համապատասխան: Գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ և՛ Վարչական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 5-ի վճռում, և՛ Վերաքննիչ վարչական դատարանի 2019 թվականի հունիսի 14-ի որոշման մեջ վկայակոչված է նշյալ նորմը: Ընդ որում, Վարչական դատարանի վճռով Արա Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկված ընդհանուր ժամկետի վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցվորի երկարամյա ծառայության ստաժում որպես ծառայության ստաժ հաշվառելով Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում 21.08.1982թ. մինչև 24.11.1983թ., այնուհետև 06.12.1985թ. մինչև 12.07.1989թ. սովորելու ժամանակաշրջանները, իսկ 03.04.2008թ. մինչև 11.12.2012թ. Գյումրու քաղաքապետարանում աշխատելու ժամանակաշրջանը որպես ծառայության հետ չկապված ստաժ հաշվառելուն պարտավորեցնելու պահանջի մասին Հայցվորին միանվագ վճարելով կենսաթոշակի 03.04.2008թ. սկսած չվճարված գումարները, բավարարվել է, պարտավորեցվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը` կատարելու երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկված ընդհանուր ժամկետի վերահաշվարկ հայցվորի երկարամյա ծառայության ստաժում որպես ծառայության ստաժ հաշվառելով Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում 21.08.1982թ. մինչև 24.11.1983թ., այնուհետև 06.12.1985թ. մինչև 12.07.1989թ. սովորելու ժամանակաշրջանները, իսկ 03.04.2008թ. մինչև 11.12.2012թ. Գյումրու քաղաքապետարանում աշխատելու ժամանակաշրջանը որպես ծառայության հետ չկապված ստաժ, Հայցվորին միանվագ վճարելով կենսաթոշակի 03.04.2008թ. սկսած չվճարված գումարները: Իսկ Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ բեկանվել Վարչական դատարանի 05.11.2018 թ. վճիռը, և այն փոփոխվել է Արա Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության /երրորդ անձ` ՀՀ ֆինանսների նախարարություն/` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկված ընդհանուր ժամկետի վերահաշվարկ` հայցվորի երկարամյա ծառայության ստաժում որպես ծառայության ստաժ հաշվառելով Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում 21.08.1982 թ. մինչև 24.11.1983 թ., այնուհետև 06.12.1985 թ. մինչև 12.07.1989 թ. սովորելու ժամանակաշրջանները, կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժվել է: Վերոշարադրյալից բխում է, որ անհիմն են դիմողի այն փաստարկները, որ վիճարկվող դրույթը կիրառելով Վերաքննիչ վարչական դատարանը «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածի և Կարգի 1-ին կետի «ա» ենթակետի դրույթները մեկնաբանել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի վատթարացնող դրութների պահանջներին համապատասխան: Ինչ վերաբերում է «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածին, ապա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը վերջինիս վերաբերյալ իրավական հիմնավորումներ չի ներկայացրել: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մասով Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ըստ դիմողի փաստարկների Վճռաբեկ դատարանն անհիմն, մակերեսային և վերացական պատճառաբանությամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, կամայականորեն, առանց անհրաժեշտ հիմնավորումների շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից: Դիմողի փաստարկները ընդհանուր վերացական բնույթ են կրում չառաջադրելով կոնկրետ սահմանադրաիրավական վեճ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի հաշվառմամբ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ հիմնավորի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն ներկայացնել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր ո՞ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: 3.2. ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի «ա» ենթակետի վերաբերյալ Նշյալ դրույթի մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը բարձրացրել է դրա կիրառման իրավաչափության հարց: Դիմողի նկատմամբ անցանկալի իրավական հետևանքներ առաջացրել է վիճարկվող դրույթին Վերաքննիչ վարչական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը, մինչդեռ ըստ դիմողի Կարգի 1-ին կետի «ա» ենթակետում ինչպես նաև բառերով, իսկ նրանց բառից հետո նաև բութ նշանի կիրառմամբ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զիինվորական ծառայության ստաժում հաշվարկման ենթակա ժամանակաշրջանը միանշանակ սահմանվել է զինծառայողի, նույնն է, թե դատախազի, ուսումնական հաստատությունում ուսման ժամանակաշրջանը անկախ այդ հաստատության գերատեսչական պատկանելությունից: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար, այս առումով վիճարկվող դրույթի մասով առկա է անհատական դիմումի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արա Սարգսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

27 մարտի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մարտի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել