ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 64 — Ապացույցներ պահանջելը 1.
Ամփոփում
Հոդված 64. Ապացույցներ պահանջելը 1. Գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան: 2. Գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել համապատասխան ապացույցը, կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի որոշման արգելված է օրենքով, կարող է գործին մասնակից չհանդիսացող անձից այդ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան:
Ամբողջ Տեքստ
Հոդված 64. Ապացույցներ պահանջելը 1. Գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան:
2. Գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել համապատասխան ապացույցը, կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի որոշման արգելված է օրենքով, կարող է գործին մասնակից չհանդիսացող անձից այդ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդության մեջ պետք է նշվեն համապատասխան ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաև այդ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստը հաստատող հիմնավորումը:
4. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացույցը պահանջելու մասին որոշում, որում նշվում են` 1) քաղաքացիական գործի համարը և գործին մասնակցող անձանց համապատասխանաբար անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաև հայրանունը (այսուհետ՝ անուն) կամ անվանումը, 2) այն ապացույցները, որոնք պետք է ներկայացվեն դատարան, 3) ապացույցները ներկայացնելու ժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ներկայացման կարգը, 4) դատարանի որոշումը չկատարելու համար սույն հոդվածով նախատեսված հետևանքների մասին պարզաբանում: 4.1. Դատարանը կարող է ապացույց պահանջելու մասին միջնորդությունը բավարարել առանց ապացույց պահանջելու մասին առանձին ակտի ձևով որոշման կայացման, եթե դատարանը պահանջվող տեղեկատվությունը կարող է ստանալ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված կարգով:
5. Առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ՝ նշելով առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում որոշման կատարման անհնարինության պատճառները: Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է սահմանել որոշման կատարման նոր ժամկետ:
6. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է հարգելի ճանաչել ապացույցը չներկայացնելու պատճառները:
7. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու համար նոր ժամկետ չսահմանելու կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում առաջին ատյանի դատարանը ապացույց պահանջելու մասին որոշման հարկադիր կատարման դիմումն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման, իսկ այդ անձի նկատմամբ նշանակում է տուգանք:
8. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: (64-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-129-Ն, լրաց.
23.12.22 ՀՕ-576-Ն, փոփ.
11.04.24 ՀՕ-193-Ն ) (23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
