Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԷԼԻՎԵՅԹՈՐ ՇԵՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԷԼԻՎԵՅԹՈՐ ՇԵՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-928 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 փետրվարի 2024թ. ՍԴԴԿՈ - 9 | «ԷԼԻՎԵՅԹՈՐ ՇԵՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 28 փետրվարի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի,

Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի,

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով «Էլիվեյթոր Շեն» ՍՊԸ անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Էլիվեյթոր Շեն» ՍՊԸ (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2024 թվականի փետրվարի 20-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...) 13.04.2023 թվականին գործող խմբագրությամբ թիվ ՀՕ-51-Ն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի վեցերորդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և հակասահմանադրական»:

2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/0973/04/19 սնանկության գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը հակասահմանադրական է, քանի որ չի համապատասխանում Սահմանադրությամբ երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին այն առումով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում՝ ընդհանրապես, և վիճարկվող դրույթում՝ մասնավորապես, նշված չէ բողոքարկման ժամկետի հաշվարկման կարգը. անորոշ է՝ սնանկության գործով դատական ակտի բողոքարկման 15-օրյա ժամկետի մեջ ներառվու՞մ են ոչ աշխատանքային օրերը, թե՞ ոչ:

Դիմողը գտնում է, որ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը սահմանող օրենսդրական նորմի որոշակիության խնդրի առկայության պայմաններում տվյալ խնդիրը չպետք է լուծում ստանա միայն Վճռաբեկ դատարանի դիրքորոշմամբ: Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն անհամաչափորեն սահմանափակում է անձի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ Դիմողի՝ իրավակիրառ պրակտիկայում դատական ակտի բողոքարկման դատավարական ժամկետում ոչ աշխատանքային օրեր ներառելը համարժեք չէ դատական պաշտպանության հիմնական իրավունքի նշանակությանը:

Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմի, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության հակասահմանադրականությունը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ սնանկության վարույթի շրջանակներում վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտով կիրառվել է հայցային վաղեմություն, որի արդյունքում կայացվել է պահանջի գրանցումը մերժելու մասին որոշում: Այս համատեքստում Դիմողը գտնում է, որ որոշակի չէ, թե ՀՀ սնանկության դատարանի կողմից հայցային վաղեմության կիրառմամբ կայացված դատական ակտն ինչպիսի՞ դատական ակտ է եղել, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով հայցային վաղեմություն կիրառելու և դրա արդյունքում դատական ակտ կայացնելու կանոններ չկան: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ իր համար որոշակի չի եղել նաև դատավարական իր իրավունքներն իրացնելու, այն է՝ դատական ակտը բողոքարկելու ժամկետների հաշվարկը ճիշտ կատարելը, որի արդյունքում զրկվել է դատական պաշտպանության հիմնարար իրավունքից:

Դիմողի պնդմամբ՝ հայցային վաղեմություն կիրառելու և դրա արդյունքում կայացվող դատական ակտի տեսակի վերաբերյալ իրավակարգավորումները նախատեսված են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, որի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու արդյունքում կայացվող վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Միաժամանակ Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ պետք է որոշակիացվեին նաև այն դատական ակտերի բողոքարկման ժամկետները, որոնք թեև կայացվել են սնանկության վարույթի շրջանակում, սակայն դրանց բողոքարկման ժամկետներին և հաշվարկման կարգին վերաբերող կանոնները սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում՝ նման դիմումներով բարձրացված հարցերը չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ դուրս են վերջինիս իրավասության շրջանակից:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սնանկության վարույթի շրջանակում հայցային վաղեմություն կիրառելու, դրա քննության ու արդյունքում դատական ակտ կայացնելու վերաբերյալ չունի որևէ դատավարական կարգավորում: Ի տարբերություն վերջինիս՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ կարգավորում է հայցային վաղեմության քննության դատավարական ընթացակարգը, դրա արդյունքում կայացվող դատական ակտը ու դրա բողոքարկման մեկամսյա ժամկետը:

(...)

Ստացվում է, որ հայցային վաղեմություն կիրառելու և դրա արդյունքում կայացվող դատական ակտի տեսակի վերաբերյալ իրավակարգավորումները նախատեսված են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ըստ որի՝ հայցային վաղեմություն կիրառելու արդյունքում կայացվող վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում»:

Բացի դրանից, Դիմողը վկայակոչել է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «(...) Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայցային վաղեմություն կիրառելու արդյունքում կայացված դատական ակտը դիտարկել է 13.04.2023 թվականին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի շրջանակում, մինչդեռ հայցային վաղեմություն կիրառելու ու դրա արդյունքում կայացվող դատական ակտի վերաբերյալ իրավակարգավորում նշված չէ ոչ միայն տվյալ հոդվածում, այլ ընդհանրապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքում»:

Ինչպես ակնհայտ է վերոգրյալից, ինչպես նաև Դիմողի կողմից ներկայացված մյուս դիրքորոշումներից, վերջինս, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՍնԴ/0973/04/19 սնանկության գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Հարկ է նաև ընդգծել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը փաստում է, որ տվյալ օրենքով հստակ տարանջատված են այն դեպքերը, երբ օրենսդիրը դատավարական ժամկետների հաշվարկը պայմանավորել է միայն աշխատանքային օրերով, և այն դեպքերը, երբ դատավարական ժամկետների հաշվարկում ներառել է նաև ոչ աշխատանքային օրերը: Մասնավորապես՝ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը դատավարական ժամկետների հաշվարկը պայմանավորել է միայն աշխատանքային օրերով, դա հստակ արձանագրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթում՝ «աշխատանքային օր» ձևակերպմամբ, և հակառակը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասը և 69-րդ հոդվածի 1-ին մաս):

Դատավարական ժամկետների հարցը հստակորեն կարգավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Մասնավորապես՝ վերջինիս 115-րդ հոդվածի 1-ին մասի և 116-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համադրված վերլուծությունից հետևում է, որ օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ընդգրկվում ոչ աշխատանքային օրերը, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի կամ անխուսափելիորեն վրա հասած իրադարձության հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը և ավարտվում է համապատասխան դատավարական ժամկետի վերջին օրը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դատավարական ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է:

Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ պարագայում Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՍնԴ/0973/04/19 սնանկության գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Էլիվեյթոր Շեն» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Հ. Թովմասյան

Ա. Վաղարշյան

28 փետրվարի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-9

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-9
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել