«ՍՈՒՊՅԱՆ ԹԱՐԱՄՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 ապրիլի 2023թ. ՍԴԱՈ - 28 | «ՍՈՒՊՅԱՆ ԹԱՐԱՄՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՍՈՒՊՅԱՆ ԹԱՐԱՄՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Սուպյան Թարամովի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2023 թվականի մարտի 27-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սուպյան Թարամովի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասն այնքանով, որքանով ուղղակիորեն չի սահմանում, որ անձին, այդ թվում ազգությամբ հային, ՀՀ քաղաքացիություն չի տրամադրվում, եթե առկա է այդ անձի կողմից այլ անձանց իրավունքներն ու ազատությունները հանցագործության կատարմամբ վնասելու մասին վկայող տվյալ, և դրանով իսկ ինչպես իրավունքի հասցեատիրոջ, այնպես էլ իրավունքի իրացումն ապահովող մարմնի պետության համար բավարար չափով հստակ ու կանխատեսելի չի սահմանում, թե արդյոք հանցանք կատարած լինելու բերումով հետախուզման մեջ գտնվող անձը կարող է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, թե ոչ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող ու անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0831/11/21 դատական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ իր նկատմամբ Սահմանադրության 79-րդ հոդվածին առերևույթ հակասող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառումն այն բովանդակությամբ, որ տվյալ դրույթը չի նախատեսում հետախուզման մեջ գտնվող անձին ՀՀ քաղաքացիություն շնորհելու արգելք, հանգեցրել է իր գործի սխալ լուծման, որի արդյունքում խախտվել է իր Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Դիմողը փաստում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասում նշված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամադրելը մերժելու հիմք հանդիսացող իրավիճակներից է նաև այն դեպքը, երբ քաղաքացիություն հայցողն այլոց իրավունքներին և ազատություններին է վնասում, այն է կատարում է հանցագործություն: Դիմողն ընդգծում է, որ «(...) քրեադատավարական կարգով հետախուզման մեջ գտնվելու հանգամանքն արդեն իսկ վկայում է այն մասին, որ առկա է ապացույցների բավարար համակցություն այն փաստի վերաբերյալ, որ անձը կատարել է հանցագործություն կամ, ինչպես ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասում է արձանագրված, վնասել է այլոց իրավունքներն ու ազատությունները, հետևաբար անձի քրեադատավարական հիմքով հետախուզման մեջ գտնվելու փաստը նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելը մերժելու հիմք է նախատեսված ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով»: Դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասը չի համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ ուղղակիորեն չի սահմանում, որ անձին (այդ թվում ազգությամբ հային) ՀՀ քաղաքացիություն չի շնորհվում, եթե առկա է այդ անձի կողմից այլ անձանց իրավունքներն ու ազատությունները հանցագործության կատարմամբ վնասելու մասին վկայող տվյալ: Ըստ Դիմողի վիճարկվող դրույթն ինչպես իրավունքի հասցեատիրոջ, այնպես էլ իրավունքի իրացումն ապահովող մարմնի պետության համար բավարար չափով հստակ ու կանխատեսելի չի սահմանում, թե արդյո՞ք հանցանք կատարած լինելու բերումով հետախուզման մեջ գտնվող անձը կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերել, թե ոչ: Միաժամանակ, վկայակոչելով մեկ այլ թիվ ՎԴ/2702/05/19 վարչական գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները Դիմողը փաստում է, որ Վճռաբեկ դատարանը ոչ միայն չի որոշակիացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառումը, այլև նշված հոդվածի պրակտիկ կիրառման կապակցությամբ առաջացրել է լրացուցիչ անորոշություններ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ Սահմանադրական դատարանը բացահայտել է «կիրառում» հասկացությունը, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը: Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակներում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական դրույթի վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս հիմնաքարային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը: Վերոնշյալ դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի հիշատակված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ԵԴ/0831/11/21 դատական գործի շրջանակում Դիմողի նկատմամբ վերջինիս կողմից վիճարկվող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառված լինելը։ Այսպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը» վերտառությամբ 13-րդ հոդվածով նախատեսված է ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը, իսկ դրա Դիմողի կողմից վիճարկվող 7-րդ մասով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու հիմքերը, ուստի վերոգրյալ հոդվածը վերաբերելի և կիրառելի կարող է լինել միայն այն անձի նկատմամբ, որը ցանկանում է ստանալ ՀՀ քաղաքացիություն և դրա վերաբերյալ ներկայացրել է համապատասխան դիմում, իսկ նույն հոդվածի 7-րդ մասը այն անձի նկատմամբ, որի ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ենթակա է մերժման, եթե առկա է համապատասխան հիմքը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ և´դիմումի, և´ դիմումին կից ներկայացված թիվ ԵԴ/0831/11/21 դատական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Դիմողը չի դիմել և որևէ կերպ ներգրավված չէ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում: Նման պայմաններում Դիմողի կողմից վիճարկվող դրույթը որևէ պարագայում չէր կարող անմիջական իրավական հետևանքներ առաջացնել վերջինիս համար: Անդրադառնալով թիվ ԵԴ/0831/11/21 դատական գործին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ գործի շրջանակներում կայացված դատական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն վերաբերելի է քննիչի կողմից 2021 թվականի օգոստոսի 31-ին կայացված քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմանը: Նշված քրեական գործի հարուցման առանցքը կազմում է այլ անձանց Արմեն Սարկիսովին և Արշակ Մաթևոսովին, ՀՀ քաղաքացիություն շնորհելու և դրա կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի համապատասխան որոշման օրինականության հարցը: Նշված որոշմամբ քննիչն արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով չի նախատեսվում հետախուզման մեջ գտնվող անձին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժման արգելք, որպիսի դիրքորոշումն ընդունելի է համարվել նաև թիվ ԵԴ/0831/11/21 դատական գործի շրջանակներում կայացված դատական ակտերով: Ուստի թիվ ԵԴ/0831/11/21 դատական գործի շրջանակը սահմանափակվում է այլ անձանց Արմեն Սարկիսովին և Արշակ Մաթևոսովին, ՀՀ քաղաքացիություն շնորհելու օրինականության, ինչպես նաև հետախուզության մեջ գտնվելը որպես ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու հիմք նախատեսված լինել կամ չլինելու հարցերով: Հաշվի առնելով թիվ ԵԴ/0831/11/21 դատական գործի շրջանակները Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթը չէր կարող կիրառվել Դիմողի նկատմամբ, քանի որ Դիմողը չի դիմել և սույն գործի շրջանակներում որևէ կերպ ներգրավված չէ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում: Ինչ վերաբերում է Դիմողի կողմից սույն դիմումով ներկայացված վերջինիս կողմից նշված անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու պարագայում իր համար հնարավոր ոչ բարենպաստ իրավական հետևանքներ առաջացած լինելու հարցին, ապա այդ առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ անգամ նման հետևանքներ առաջացած լինելու պարագայում դրանք որևէ կերպ չեն կարող բնորոշվել և դիտարկվել որպես Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթի կիրառման հետևանքով նրա համար առաջացած ոչ բարենպաստ իրավական հետևանքներ, քանի որ դրանք ունեն սույն գործի հետ չփոխկապակցված, անուղղակի բնույթ: Այս համատեքստում Դիմողի համար առաջացող կամ առաջացած բոլոր հնարավոր իրավական հետևանքներն առնվազն վերաբերելի չեն սույն գործին, քանի որ ուղղակիորեն չեն բխել Դիմողի նկատմամբ վերջինիս կողմից վիճարկվող դրույթի կիրառումից: Հաշվի առնելով ողջ վերոգրյալը, Դիմողի դիրքորոշումները, ինչպես նաև դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող նորմի իր նկատմամբ կիրառված լինելը։ Այսպիսով Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը, մասնավորապես Դիմողի կողմից վիճարկվող դրույթը չի կիրառվել վերջինիս նկատմամբ, հետևաբար Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Սուպյան Թարամովի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
11 ապրիլի 2023 թվականի
ՍԴԱՈ-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 ապրիլի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
