Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 120-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 120-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-381 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 մարտի 2024թ. ՍԴԱՈ - 38 | «ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 120-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 120-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի փետրվարի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արուսյակ Ալեքսանյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.

«Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ մեղադրյալը չի կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով համարվել կալանքից ազատված, եթե, թեև լրացել է կալանքի ժամկետը, չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը և անձը հայտնվել է ազատության մեջ, սակայն մինչև կալանքի ժամկետը լրանալը դատարանը սկսել է մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ քրեական գործով ՀՀ դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը մեկնաբանվել է այն բովանդակությամբ, որ մեղադրյալը չի կարող տվյալ դրույթի ուժով համարվել կալանքից ազատված, եթե, թեև լրացել է կալանքի ժամկետը, չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը, և անձը հայտնվել է ազատության մեջ, սակայն մինչև կալանքի ժամկետը լրանալը, դատարանը սկսել է մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը:

Դիմողը գտնում է, որ կալանքի ժամկետը լրանալու փաստն անվերապահորեն արձանագրում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ մեղադրյալին կալանքից ազատելու անվերապահ հիմքը կամ իրավիճակը, այսինքն՝ անձը ձեռք է բերում կալանքից ազատվածի կարգավիճակ, հետևաբար՝ նրա կալանքի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ կալանքի ժամկետը լրացել է, իսկ այդ պարագայում անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի ուժով չի կարող նույն մեղադրանքով, առանց նոր էական հանգամանքների կրկին կալանավորվել:

Դիմողի պնդմամբ՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին ՀՀ դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձի անձնական ազատության հիմնարար իրավունքի բովանդակությանը, հետևաբար՝ այն հանգեցրել է Դիմողի նշված հիմնական իրավունքի խախտմանը:

Դիմողը փաստում է, որ 2024 թվականի փետրվարի 13-ին Սահմանադրական դատարանի՝ www.concourt.am պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ 2024 թվականի փետրվարի 13-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, և ձայների հավասարության հետևանքով տվյալ գործով ըստ էության որոշում չի ընդունել, ուստի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Դիմողի անհատական դիմումը համարվել է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում:

Այս առումով Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 15-ի ՍԴՈ-1639 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, նշում է, որ այն դեպքում, երբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը լրանում է, սակայն անհատական դիմումի կապակցությամբ Սահմանադրական դատարանն ըստ էության որոշում չի ընդունում՝ ձայների հավասարության հետևանքով, որի ուժով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքով, անհատական դիմումը համարվում է մերժված, ապա Դիմողը պետք է նույն անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն ունենա՝ անկախ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը լրացած լինելու փաստից, որպեսզի կենսագործվի և պատրանքային բնույթ չկրի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1639 որոշմամբ արձանագրված՝ նույն սահմանադրաիրավական վեճի կապակցությամբ կրկին սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրականացնում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով: Ի թիվս այլ պայմանների՝ նույն օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետ, որի ընթացքում անձը կարող է դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

Գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործով վերջնական դատական ակտը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2023 թվականի ապրիլի 26-ին:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից միևնույն՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ անհատական դիմում մուտքագրվել է Սահմանադրական դատարան 2023 թվականի հոկտեմբերի 9-ին:

Սահմանադրական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 21-ի ՍԴԴԿՈ-55 դատական կազմի որոշմամբ «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել է քննության:

2024 թվականի փետրվարի 13-ին Սահմանադրական դատարանի՝ www.concourt.am պաշտոնական կայքում տեղադրվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «2024 թվականի փետրվարի 13-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Նշված գործով Սահմանադրական դատարանը ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունել, ուստի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Արուսյակ Ալեքսանյանի դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվում է նիստերի դահլիճում:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն դիմումը Դիմողի կողմից Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 6-ամսյա ժամկետի խախտմամբ: Մասնավորապես՝ դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի փետրվարի 14-ին, իսկ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով վերջնական դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումը, կայացվել է 2023 թվականի ապրիլի 26-ին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մարտի 15-ի ՍԴՈ-1639 որոշմամբ փաստել է. «Սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել, որ նորմի սահմանադրականության որոշման խնդրանքով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող որոշ սուբյեկտների համար (օրինակ` ֆիզիկական և իրավաբանական անձանց) Օրենքով հատկորոշված են հստակ ժամկետներ, հետևաբար` ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու պարագայում նույն հարցի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելիս նշված խումբ սուբյեկտները սահմանափակվելու են հիշյալ ժամկետների իմպերատիվ պահանջով, որպիսի պարագայում սահմանադրական արդարադատության իրավունքը, այնուամենայնիվ, պետք է գերակայի՝ երաշխավորելով դրա անխոչընդոտ իրացումը: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ խնդրի լուծումն առավելապես ենթադրում է օրենսդրական կանոնակարգումներ, որպիսի հարցն օրենսդիր մարմնի տիրույթում է և չի առնչվում սույն գործով խնդրո առարկա դրույթի սահմանադրականությանը» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում օրենսդրի կողմից համապատասխան օրենսդրական կարգավորումներ չեն կատարվել, որոնք հնարավորություն կընձեռեին Դիմողին՝ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու պարագայում նույն հարցի առնչությամբ օրենքով սահմանված ժամկետն սպառվելուց հետո կրկին սահմանադրական արդարադատություն հայցելու:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն ակնկալում է օրենսդիր մարմնի աչալրջությունն ու փութկոտությունը՝ սեղմ ժամկետներում ամրագրել համապատասխան օրենսդրական կարգավորումներ՝ երաշխավորելու սահմանադրական արդարադատություն հայցելու անձի սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը բաց թողնված լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

1 մարտի 2024 թվականի

ՍԴԱՈ-38

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 մարտի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-38
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել