Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԱՄԱՅԻՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԱՄԱՅԻՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-815 հունվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 հունվարի 2021թ. ՍԴԱՈ - 8 | «ԱՐԱՄԱՅԻՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐԱՄԱՅԻՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արամայիս Թումանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. Արամայիս Թումանյանի դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2020 թ. նոյեմբերի 30-ին, իսկ դատարան է մուտքագրվել 2020 թ. դեկտեմբերի 7-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»: Ըստ դիմողի հայցի հիմքը և/կամ առարկան փոփոխելու մասին միջնորդությունը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշմանը հետաձգված բողոքարկման հնարավորություն տալը չի ապահովում անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Դիմողը կարծում է, որ միջանկյալ դատական ակտերը, որոնք կասեցնում կամ ընդհատում են վարույթը, պետք է ունենան անմիջական բողոքարկման հնարավորություն, քանի որ միայն այդ եղանակով բողոքարկման դեպքում հնարավոր է ապահովել այդ ակտի հասցեատիրոջ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը։ Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրականացնում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով: Ի թիվս այլ պայմանների վերը նշված օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետ, որի ընթացքում անձը կարող է դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի, որը նախատեսում է Սահմանադրական դատարանում գործի քննությունը մերժելու հիմքերը, 6-րդ մասի համաձայն նման որոշում է կայացվում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ գործով վերջնական դատական ակտը «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2020 թ. մայիսի 22-ին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը»: Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի վերաբերյալ գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2020 թ. մայիսի 22-ին, Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը սկսվում է 2020 թ. մայիսի 23-ից և ավարտվում 2020 թ. նոյեմբերի 23-ին: Մինչդեռ Արամայիս Թումանյանի դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2020 թ. նոյեմբերի 30-ին: Հետևաբար, դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու համար: Ինչ վերաբերում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմողի միջնորդությանը, Սահմանադրական դատարանը արձանագրում է, որ ի տարբերություն քաղաքացիադատավարական, վարչադատավարական և քրեադատավարական օրենսդրության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարան դիմելու բաց թողնված ժամկետը վերականգնելու ինստիտուտ չի նախատեսում։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Արամայիս Թումանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

15 հունվարի 2021 թվականի

ՍԴԱՈ-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հունվարի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել