ՄԱՐԵՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 մարտի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 7 | ՄԱՐԵՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
21 մարտի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով Մարետա Առաքելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Մարետա Առաքելյանը 29.02.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված նորմերի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ և կիրառմամբ, ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ և 61-րդ հոդվածներին համապատասխանության հարցը: Ըստ դիմողի` վիճարկվող իրավական նորմերը չեն համապատասխանում սեփականության իրավունքի ճանաչման, երաշխավորման և պաշտպանության սահմանադրական մոտեցումներին:
Դիմողի կարծիքով` արտադատական կարգով գրավադրված գույքի իրացման դեպքում նախատեսված է սեփականատիրոջ կամքին հակառակ առանց դատարանի որոշման գրավառուի կողմից սեփականության բռնագանձում, որը ենթադրում է սեփականատիրոջ կամքին հակառակ սեփականության իրավունքից զրկում:
Ըստ դիմողի` սեփականության իրավունքից զրկումը պետք է իրականացվի դատարանի միջոցով` որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն: Մինչդեռ անձի սեփականության նկատմամբ գրավառու բանկի հավակնությունը ներկայումս ձևավորված դատաիրավակիրառ պրակտիկայում լուծվում է գրավառու բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող բռնագանձման գործընթացի համատեքստում, նրանց հայեցողությամբ և հանգեցնում է սեփականությունից զրկելու կամայականությունների և ապօրինությունների:
Դիմողը գտնում է, որ բանկը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող նորմերը, արտադատական կարգով բռնագանձել է իր գույքը` խախտելով իր սեփականության իրավունքը: Բանկը չի ծանուցել իր գրավի առարկայի բռնագանձման մասին, չի ուղարկել բռնագանձման ծանուցագրեր` դրանով իսկ զրկելով իրեն, որպես տան համասեփականատեր, գույքի բռնագանձման օրինականությունը վիճարկելու հնարավորությունից, ինչի արդյունքում ինքը փաստացիորեն զրկվել է սեփականության իրավունքի դատական պաշտպանության իրավունքից:
Միաժամանակ, դիմողը ներկայացրել է միջնորդություն պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա չեն Մարետա Առաքելյանի դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Մարետա Առաքելյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249- րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Մարետա Առաքելյանին ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
21 մարտի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 մարտի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-7
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
