Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 149-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 152-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-Ի
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 149-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 152-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-Ի

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-5522 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 55 | «ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 149-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 152-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ

Ամբողջ Տեքստ

«ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴ-ՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 149-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 152-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀ-ՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 146-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 149-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 152-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՄԱՍԵՐՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 152-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 152-րդ հոդվածի 1-ին մասի մասերով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Արթուր Ստեփանյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Սիրանուշ Սահակյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունվարի 10-ին, որով Դիմողը խնդրել է.

«1. «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը համաձայն որի՝ երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունենալու հանգամանքը որոշվում է դատավորի կողմից այլ կարգապահական խախտում կատարելու պահի դրությամբ՝ առանց հաշվի առնելու Դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ կարգապահական տույժեր ստանալուց հետո մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկվելը սահմանված այն ժամանակահատվածը, որի անցնելուց հետո կարգապահական տույժ(եր)ը համարվում են մարված։

2. «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ նշված իրավանորմով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառվել՝ առանց Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության հարցը քննության առարկա դարձնելու։

3. «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը համաձայն որի՝ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դուրս գալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններից՝ դատավորին ինքնուրույն վերագրելով էական կարգապահական խախտում կատարելու գործողություն, և իր դատական ակտի հիմքում դնել դատական քննության ընթացքում չհետազոտված ապացույցներ:

(…)

5. «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը համաձայն որի՝ իրավական շահ չունեցող անձի հաղորդման հիման վրա կարող է կարգապահական վարույթ հարուցվել դատավորի նկատմամբ:

6. «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով «դատական իշխանության վարկաբեկման, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության նվազեցման» օրենսդրական ձևակերպումների ընդհանրական և վերացական լինելը, ինչը դատավորին զրկում է իր վարքագծի բնույթը հասկանալու և դրա իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից:

7. «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև նշված դրույթի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ ի պաշտոնե գործելիս թույլ տրված ողջամիտ ժամկետի խախտումը կարող է հանգեցնել «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնի խախտման:

8. «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու պարտականությունը խախտած դատավորի արարքը կարող է որակվել Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտում»։

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 10-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Օրենսգրքի՝ «Դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները» վերտառությամբ 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է.

«1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝

1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց»:

Օրենսգրքի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը» վերտառությամբ 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված է.

«6. Էական կարգապահական խախտում է՝

(...)

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.

3) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը»:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասը նոր խմբագրությամբ է շարադրվել 25.03.2020 թ. ընդունված ՀՕ-197-Ն օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ կետով: Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետը փոփոխվել է 07.12.2022 թ. ընդունված ՀՕ-556-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով:

Օրենսգրքի՝ «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները» վերտառությամբ 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է.

«1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը»:

Օրենսգրքի՝ «Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը» վերտառությամբ 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է.

«1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

(...)

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում»:

Օրենսգրքի՝ «Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության սահմանները» վերտառությամբ 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է.

«1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

3. Դիմողի դիրքորոշումները

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի առնչությամբ Դիմողը, մասնավորապես, նշում է, որ նշված օրինադրույթը պարունակում է իրավական անհստակություն, անորոշություն այնքանով, որքանով նշված իրավադրույթից պարզորոշ չէ, թե արարքը որպես էական կարգապահական խախտում գնահատելիս երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունենալու հանգամանքը ո՞ր պահի դրությամբ է որոշվում՝ դատավորի կողմից ենթադրյալ կարգապահական խախտում կատարելու, թե՞ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահի դրությամբ: Ըստ Դիմողի՝ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի համաձայն՝ կարգապահական տույժ ունենալու հանգամանքը որոշվել է կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահի դրությամբ, հակառակ այն հանգամանքի, որ քննարկվող գործով դատավորի՝ կարգապահական տույժեր ունենալու հանգամանքը որոշվել է միջնորդությամբ ներկայացված խախտումների կատարելու պահի դրությամբ: Դիմողը եզրակացնում է, որ սույն գործով Բարձրագույն դատական խորհուրդը (ստորև նաև՝ Խորհուրդ) շեղվել է իր իսկ կողմից ձևավորած իրավակիրառ պրակտիկայից և համապատասխան իրավանորմը դատավորի նկատմամբ կիրառել է կամայական կերպով:

Վերոնշյալի համատեքստում Դիմողն արձանագրում է. «(...) Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետը պարունակում է իրավական այնպիսի անհստակություն և անորոշություն, որ դատավորի համար կարգապահական վարույթի քննության արդյունքներով կանխատեսելի չի եղել նշված իրավադրույթի հնարավոր կիրառումը:

(...) կամայական հիմքերով պաշտոնից չազատվելու իրավունքը ապահովելու տեսանկյունից կարևոր է, որպեսզի դատավորի համար կանխատեսելի լինի, թե ո՞ր դեպքում իր նկատմամբ կարող է կիրառվել Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետը և ինչ ժամանակահատված հետո վերջինս կարող է համարվել կարգապահական տույժ չունեցող: Այնինչ, (...) Բարձրագույն դատական խորհուրդը կամայական կերպով է մեկնաբանում նշված իրավադրույթը՝ իր կողմից ձևավորված իրավակիրառ պրակտիկայի համաձայն՝ կարգապահական տույժ ունենալու հանգամանքը որոշելով կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահի, իսկ քննարկվող դեպքում՝ կարգապահական խախտումը կատարելու դրությամբ»:

Դիմողը նշում է. «(...) Դատավորի նկատմամբ կիրառված Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի մեկնաբանությունն այնպիսին է, որ խախտում է իրավական որոշակիության սկզբունքը և կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելքը, քանի որ (...) մեկնաբանության պարագայում դատավոր Արթուր Ստեփանյանը պետք է համարվեր կարգապահական տույժ չունեցող, հետևաբար նաև նրա նկատմամբ չկիրառվեր նշված իրավադրույթը»:

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին՝ հաշվի առնելով նաև նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված համապատասխան մեկնաբանությունը:

Դիմողը բարձրացրել է Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը՝ հաշվի առնելով նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ նշված իրավանորմով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառվել՝ առանց Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության հարցը քննության առարկա դարձնելու: Այդ առնչությամբ Դիմողը գտնում է, որ Խորհրդի կողմից դատավորի լիազորությունները դադարեցնելու «դատական հայեցողության» սահմանները նախ և առաջ պայմանավորված են Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված փաստակազմի առկայությամբ, այսինքն՝ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը կարող է կիրառվել, եթե դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Խորհուրդը հաստատում է վերոհիշյալ փաստակազմի առկայությունը: Դիմողի դիտարկմամբ՝ սույն դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Խորհրդին ներկայացված միջնորդությամբ քննության առարկա չի դարձվել դատավորի կողմից էական կարգապահական խախտում կատարելու հանգամանքը: Դիմողը նշում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս քննության առարկա չի դարձել նրա արարքում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված փաստակազմի առկայության հարցը, ինչի հիման վրա Դիմողը եզրակացնում է, որ չի ապահովվել Դատավորի լսված լինելու իրավունքը: Դիմողը նշում է նաև, որ Խորհուրդը չի լսել վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը՝ ինքնուրույն գնահատելով Դատավորի արարքում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը:

Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ Դիմողը պնդում է, որ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է վարույթ հարուցած մարմնի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ համապատասխան միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներով. հետևաբար՝ Խորհուրդը կաշկանդված է տվյալ միջնորդությամբ, իսկ սույն պարագայում վարույթ հարուցած մարմինն իր միջնորդությամբ չի անդրադարձել խախտումն էական գնահատելու հարցին: Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) Այս պայմաններում, Բարձրագույն դատական խորհուրդը չէր կարող փոխել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմանները, որոնցով Դատավորին չէր վերագրվում Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված էական կարգապահական խախտում:

(…)

(…) Հարկ է նաև ընդգծել, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դատավորին վերագրվող կարգապահական խախտման սահմաններից դուրս չգալու պարագայում միջնորդությամբ ներկայացված արարքը համարվելու էր սովորական կարգապահական խախտում, որի համար Բարձրագույն դատական խորհուրդը չէր կարող Դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով դադարեցնել Դատավորի լիազորությունները: Հետևաբար, Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին վերագրվող կարգապահական խախտման սահմաններից դուրս գալը, որն ուղեկցվել է նաև դատավորի կողմից էական կարգապահական խախտում կատարելու հանգամանքը քննության առարկա չդարձնելով, ի չիք է դարձրել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքները»:

Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առնչությամբ Դիմողը, մասնավորապես, նշում է, որ նույնաբովանդակ կարգավորում ունեցող այլ իրավանորմերով հստակորեն սահմանված է անձի կողմից հաղորդում կամ հայց դատարան ներկայացնելիս իրավական շահագրգռվածության պահանջ, մինչդեռ վիճարկվող իրավակարգավորումը, հաշվի առնելով Խորհրդի կողմից ձևավորված իրավակիրառ պրակտիկան, հնարավորություն է տալիս դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել ցանկացած անձի հաղորդման հիման վրա:

Դիմող նշում է նաև. «(…) իրավական շահագրգռվածության պահանջը պայմանավորված է այն կանխավարկածով, որ հաղորդում ներկայացնելը ենթադրում է իրավունքների խախտման առկայություն կամ խախտման վտանգ, ամեն դեպքում հաղորդում ներկայացնելը չի կարող լինել ինքնանպատակ: Նշված դատողությունը հիմնվում է նաև այն փաստի վրա, որ «ցանկացած անձ», որը մասնակից չէ տվյալ դատական գործով վարույթին, չի կարող իմանալ, թե արդյոք նշված արարքը կասկածի տակ դնում է տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ կարող է հեղինակազրկել դատական իշխանությունը, թե ոչ, որպիսի հանգամանքների բացակայությունը նվազ կարևորության պատճառով չի համարվում կարգապահական խախտում:

(…) Մյուս կողմից, եթե «ցանկացած անձ» իր համար անբարենպաստ դատական ակտ կայացվելու կամ այդ մասին ենթադրելու դեպքում հնարավորություն ունենա դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությամբ կամ որևէ այլ գործողության կատարմամբ ներկայացնել հաղորդում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, ապա այդ կերպ կվտանգվի դատավորի անկախության երաշխիքները:

(…) Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը պարունակում է այնպիսի իրավական անորոշություն, որի պայմաններում դատավորները կարող են «թիրախավորվել» «ցանկացած անձի» կողմից և մշտապես ենթարկվել կամայական կարգապահական հետապնդումների»:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առնչությամբ Դիմողը նշում է, որ տվյալ դրույթը պարունակում է ընդհանրական, վերացական և գնահատողական այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են՝ «վարկաբեկող», «վստահությունը նվազեցնող» ձևակերպումները, որոնց գնահատման չափորոշիչներ սահմանված չեն: Նշվածով պայմանավորված, ըստ Դիմողի, դատավորները չեն կարող որոշել իրենց վարքագծի համապատասխանությունը նման ձևակերպումներին: Դիմողը պնդում է, որ նման ձևակերպումների պայմաններում դատավորի ցանկացած գործողություն կարելի է որակել որպես դատական իշխանությունը վարկաբեկող, հետևաբար՝ դատավորը չի կարող կանխատեսել, թե կոնկրետ իրավիճակում իր ո´ր գործողությունը կդիտվի որպես դատական իշխանությունը վարկաբեկող կամ դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող:

Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պարտականությունը չի վերաբերում դատավորի՝ ի պաշտոնե գործելիս իրականացվող գործողություններին: Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտման հիմքերը, այդ թվում՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, չեն ներառում Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու վարքագծի կանոնը, ինչը նշանակում է, որ օրենսդիրը նշված խախտումը չի համարել էական կարգապահական խախտում: Հետևաբար՝ տվյալ դրույթով նախատեսված սովորական կարգապահական խախտումը չի կարող նույնացվել էական կարգապահական խախտում համարվող՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ և հանգեցնել դատական իշխանության վարկաբեկման կամ դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության նվազեցման:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի առնչությամբ Դիմողը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ նշված վիճարկվող դրույթը կիրառվում է Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու պարտականությունը չկատարելու արարքի համար, ստեղծվում է իրավական անորոշություն, անհստակություն այն առումով, որ մի կողմից՝ Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքը չի ներառվում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտումների շարքում, մյուս կողմից՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու պարտականությունը չկատարելը Խորհրդի մեկնաբանությամբ համարվում է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտում: Այդ առնչությամբ Դիմողը նշում է. «(…) Այս պայմաններում իմաստազուրկ է դառնում նաև Օրենսդրի կողմից Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով և 70-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն արարքների առանձնացումը, որոնք կարող են համարվել էական կարգապահական խախտում, քանի որ Խորհրդի մեկնաբանության դեպքում ստացվում է, որ Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի իմաստով էական կարգապահական խախտում կարող է համարվել նաև նշված իրավանորմում չներառված՝ Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքը»:

Դիմողը նշում է նաև, որ Խորհրդի կողմից վիճարկվող օրինադրույթների կիրառման արդյունքում խախտվել է նաև իր՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքը:

Ի լրումն ներկայացված դիմումի՝ Դիմողը բարձրացրել է նաև Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրության 78-րդ հոդվածին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված համապատասխան մեկնաբանությունը: Ըստ այդմ՝ Դիմողը խնդրում է նաև.

«1. «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատարանների գերծանրաբեռնվածծությամբ և այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դատավորի կողմից ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու դատավարական պահանջի խախտումը դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի է և պետք է հանգեցնի լիազորությունների դադարեցում կարգապահական տույժի կիրառման»:

4․ Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող) Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված համապատասխան մեկնաբանության՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին ենթադրյալ հակասության հարցի առնչությամբ, մասնավորապես, նշում է. «Երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը ընդգծում է կարգապահական խախտում թույլ տալու պարբերականությունը, հաճախակիությունը և դատավորի հետևողական չլինելը: Հանրային նշանակության դերով պայմանավորված համաչափ և արդարացված է այն սահմանափակումը, որ պարբերականությունը գնահատվում է խախտում կատարելու պահով և ոչ թե այդ խախտման համար պատասխանատվության ենթարկելու պահով: Բոլոր դեպքերում որպես էական կարգապահական խախտում՝ երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը և այն որակելու համար ժամկետային սահմանափակում չնախատեսելը նորմի որոշակիության տեսանկյունից խնդրահարույց չէ: Դիմողի փաստարկները առավել միտված են այդ նորմի կիրառման իրավաչափության հարցին»:

Պատասխանողն Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ Դիմողի կողմից ներկայացված փաստարկների առնչությամբ գտնում է. «(…) Դիմողի այդ փաստարկներն առավել միտված են հիմնավորելու նորմի ոչ իրավաչափ կիրառությունը, ինչը նորմի սահմանադրականության հարց ինքնին չի առաջացնում:

Բոլոր դեպքերում քննարկվող նորմի կարգավորումից հետևում է, որ էական կարգապահական խախտման փաստի առկայության դեպքում կիրառելի կլինի լիազորությունների դադարեցման տույժի տեսակը, սակայն այդ փաստի ապացուցված լինելու կամ հիմնավորվածության հանգամանքը պետք է քննարկվի գործի ըստ էության քննության ժամանակ, որը սակայն նորմի սահմանադրականության հարց չի առաջացնում»:

Այն հարցի կապակցությամբ, որ Խորհուրդը դատավորի կողմից էական կարգապահական խախտում կատարելու հարցի առնչությամբ չի ապահովել դատավորի լսված լինելու իրավունքը, փոխարենը՝ ինքնուրույն է գնահատել դատավորի արարքում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը, Պատասխանողը, մասնավորապես, նշում է. «(…) իրավակիրառը վիճարկվող նորմը չի կիրառել այնպիսի մեկնաբանությամբ, որը կհանգեցնի պատասխանատվության ենթարկվող անձի արդար դատաքննության իրավունքի, մասնավորապես՝ գործի քննության ընթացքում լսված լինելու իրավունքի սահմանափակմանը»: Պատասխանողը գտնում է, որ Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումներն առնչվում են ոչ թե նորմի հակասահմանադրականության հիմնավորմանը, այլ առավելապես միտված են հիմնավորելու, որ Խորհրդի կողմից «(...) ենթադրաբար չի պահպանվել հարցի քննարկման օրինական ընթացակարգը, որը ինքնին չի հանգեցնում նորմի սահմանադրականության հարցին»:

Պատասխանողը գտնում է նաև. «(…) Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառումը այն պայմաններում, երբ քննարկվում է արարքը, ապահովվում է այդ կատարված արարքի վերաբերյալ արարքը կատարող անձի լսված լինելու իրավունքը, որից հետո արարքը գնահատվում է որպես էական կարգապահական խախտում, Սահմանադրականության հարցի տեսանկյունից (մասնավորապես արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի ապահովման) խնդրահարույց չէ»:

Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության հարցի առնչությամբ՝ այն հիմնավորմամբ, որ Խորհուրդը դուրս է եկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններից, Պատասխանողը նշում է. «(…) գործի քննության շրջանակներում առկա ապացույցների հետազոտմանը դատավորը պետք է մասնակցեր, իսկ եթե առկա է եղել «բաց տվյալներ», որոնք դատավարությունում կարող են գնահատվել որպես ապացուցման կարիք չունեցող փաստ կամ հանրահայտ փաստ, ապա դրանց՝ որոշակի գործի շրջանակներում կիրառելու վերաբերյալ կողմերը (դատավարության մասնակիցները, քննարկվող դեպքում դատավորը) պետք է տեղեկացված լինեն և այդ հանգամանքների կամ դրանց կիրառման մասին իրենց դիրքորոշումը ներկայացնելու իրավունքից զրկված չլինեն: Նկարագրվածը ուղղակիորեն բխում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից: Հետևաբար, Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասը այն մեկնաբանությամբ, որ հնարավորություն է տալիս չհետազոտված ապացույցներ հիմք ընդունել՝ դատավորի արարքը հիմնավորելու համար, սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է»:

Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության առնչությամբ, որի համաձայն՝ գործով շահագրգիռ անձ չհանդիսացող անձի հաղորդումը կարող է հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, Պատասխանողը նշում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելու իրավունքը պատկանում է ցանկացած անձի: Օրենսդիրը նշված իրավունքի իրացումը չի պայմանավորել կոնկրետ գործով շահագրգիռ անձ լինելու հանգամանքով: Պատասխանողը պնդում է. «(...) անձին հաղորդում ներկայացնելու իրավունք վերապահելու նպատակն է ապահովել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների կողմից այդ լիազորության իրացումը:

(…)

(…) դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման արձանագրումը ոչ միայն «շահագրգիռ» այլ նաև «ցանկացած» անձի իրավունք և պարտականությունն է, քանի որ այդ խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն ու անաչառությունը, հանրության մոտ առաջացնում անվստահություն դատական իշխանության անկախության և անաչառության սկզբունքների նկատմամբ՝ հանրության աչքերում արդարադատության իրականացումը դարձնելով անկանխատեսելի և անարդյունավետ իրավունքի պաշտպանության միջոց: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակը ոչ թե «շահագրգիռ» անձանց խախտված իրավունքների վերականգնումն է, այլ «ցանկացած» անձի՝ դատավորի կողմից իրավունքի և լիազորությունների հետագա չարաշահումներից զերծ պահելն է»:

Անդրադառնալով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ենթադրյալ հակասահմանադրականության խնդրին այնքանով, որքանով «դատական իշխանության վարկաբեկման, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության նվազեցման» օրենսդրական ձևակերպումները, ըստ Դիմողի, վերացական են և զրկում են դատավորին իր վարքագծի բնույթը հասկանալու և դրա իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից, Պատասխանողը գտնում է, որ օրենսդիրն ապահովում է կիրառվող կարգապահական տույժի և կատարված խախտման միջև համաչափության գնահատման հնարավորությունը:

Դիմողի այն պնդման առնչությամբ, որի համաձայն՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, ըստ որի՝ ի պաշտոնե գործելիս թույլ տրված ողջամիտ ժամկետի խախտումը կարող է հանգեցնել Օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնի խախտման, հակասում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին՝ Պատասխանողը նշում է, որ իրավական որոշակիությունը ենթակա չէ բացարձականացման, և անորոշության որոշակի տարրեր պարունակող իրավակարգավորումն ինքնին խնդրահարույց չէ, որպիսի պայմաններում անհրաժեշտ որոշակիության ծավալը լրացնելու և իրավակարգավորման կիրառման համար անհրաժեշտ ու բավարար բովանդակություն հաղորդելու առաքելությունը վերապահված է իրավակիրառին:

Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի սահմանադրականության հարցի առնչությամբ՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու պարտականության խախտումը կարող է որակվել որպես էական կարգապահական խախտում, Պատասխանողը գտնում է, որ նշված նորմի կամ դրան տրված մեկնաբանության սահմանադրականության հարց առկա չէ, և Դիմողը բարձրացրել է նորմի կիրառման իրավաչափության հարց:

Պատասխանողը խնդրել է սույն գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:

5. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Ուսումնասիրելով սույն անհատական դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործին առնչվող այլ փաստաթղթեր և նյութեր` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 152-րդ հոդվածի 1-ին մասի մասերով, ենթակա է կարճման ներքոնշյալ հիմքով և պատճառաբանություններով.

Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնց քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն գործով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 152-րդ հոդվածի 1-ին մասի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է նշված դրույթների կիրառման իրավաչափության հարցեր: Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումում, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) ԲԴԽ-61-Ո-Կ-8 գործով դատավորի երկու նկատողություն ունենալու հանգամանքը որոշվել է ենթադրյալ կարգապահական խախտումը կատարելու պահի դրությամբ, այն դեպքում, երբ Դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով նշված երկու նկատողությունները պետք է մարված լինեին, իսկ դատավորը համարվեր կարգապահական տույժ չունեցող»:

Դիմողը նշել է նաև. «(...) Դատավորի կողմից էական կարգապահական խախտում կատարելու հանգամանքը ԲԴԽ-61-Ո-Կ-8 գործով չի եղել գործի քննության առարկա, նշված հարցի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը չի ապահովել Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչպես նաև չի լսել դատավարության մյուս մասնակցի՝ վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը, ինչի փոխարեն ինքնուրույն է գնահատել Դատավորի արարքում Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը»:

Բացի դրանից, Դիմողը ներկայացրել է պնդում առ այն, որ «(...) Բարձրագույն դատական խորհուրդը չէր կարող փոխել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմանները, որոնցով Դատավորին չէր վերագրվում Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված էական կարգապահական խախտում։

(...)։

(...) Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դատավորին վերագրվող կարգապահական խախտման սահմաններից դուրս չգալու պարագայում միջնորդությամբ ներկայացված արարքը համարվելու էր սովորական կարգապահական խախտում, որի համար Բարձրագույն դատական խորհուրդը չէր կարող Դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով դադարեցնել Դատավորի լիազորությունները։ (...)»:

Դիմողը նշել է նաև. «(...) Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտման հիմքերը, որոնց թվում է նաև Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, չեն ներառում Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված՝ ողջամիտ ժամկետում գործի քննելու վարքագծի կանոնը, ինչը նշանակում է, որ Օրենսդիրը նշված խախտումը չի համարել էական կարգապահական խախտում, հետևաբար նաև՝ Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված սովորական կարգապահական խախտումը չի կարող նույնացվել էական կարգապահական խախտում համարվող՝ Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ և հանգեցնել դատական իշխանության վարկաբեկման կամ դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության նվազեցման»:

Հաշվի առնելով Դիմողի վերոնշյալ, ինչպես նաև սույն անհատական դիմումում արտացոլված համանման դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում Խորհրդի 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման բովանդակությանը՝ չներկայացնելով որևէ հիմնավոր փաստարկ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև 152-րդ հոդվածի 1-ին մասի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, հակասահմանադրականության վերաբերյալ. որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման և այդ համատեքստում Խորհրդի գործողությունների իրավաչափությանը: Վերոնշյալ օրինադրույթների առնչությամբ՝ հաշվի առնելով նաև դրանց տրված մեկնաբանությունները՝ Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների, հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, սահմանադրականության գնահատում, այլ Խորհրդի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման և այդ համատեքստում Խորհրդի գործողությունների իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Հետևաբար՝ սույն անհատական դիմումով՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 152-րդ հոդվածի 1-ին մասի մասերով, բարձրացված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը, ուստի՝ սույն գործի վարույթը մասամբ՝ Օրենսգրքի հիշյալ դրույթների մասով, ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 152-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 152-րդ հոդվածի 1-ին մասի մասերով, կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

22 ապրիլի 2025 թվականի

ՍԴԱՈ-55

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-55
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել