«ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-52)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 ապրիլի 2026թ. ՍԴԱՈ - 52 | «ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սերգեյ Մինասյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի մարտի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սերգեյ Մինասյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արամազդ Կիվիրյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածը այնքանով, որքանով չի նախատեսում «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման անմիջական բողոքարկման հնարավորություն ճանաչել ՀՀ Սահմանադրության 5-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0061/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի նախատեսում «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն, հակասում է Սահմանադրության 5, 61, 63, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին:
Դիմողը գտնում է, որ օրենսդիրը «Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու, գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը չի նախատեսել վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա որոշումների շարքում, որը հանգեցրել է Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքի խախտման:
Դիմողը պնդում է, որ տվյալ դեպքում ստացվում է, որ մի կողմից օբյեկտիվորեն հնարավոր չէ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման «հետաձգված բողոքարկման» շրջանակներում արդյունավետ վիճարկումը, քանի որ մինչև վերջնական դատական ակտի կայացումը գործն ըստ էության ամբողջությամբ կքննվի, կողմերը կկրեն ժամանակային և ֆինանսական էական ծախսեր, իսկ հետագայում, եթե վերջնական դատական ակտի շրջանակներում հայցային վաղեմություն կիրառվի, դատավարական այդ ամբողջ ընթացակարգը կդառնա անիմաստ, իսկ մյուս կողմից՝ գործող իրավակարգավորումների պայմաններում բացակայում է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման անմիջական բողոքարկման հնարավորությունը:
Ըստ Դիմողի՝ օրենսդրի կողմից առանձին դատական ակտերի բողոքարկման հնարավորության բացառումը բխում է դատավարությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, սակայն տվյալ պարագայում հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումն անմիջականորեն բողոքարկելու իրավական հնարավորությունը թույլ է տալիս զերծ մնալ անհարկի դատավարական գործողությունների ձգձգումներից, քանի որ հայցային վաղեմություն կիրառելու դեպքում ստացվում է առանց ձգձգումների ավարտված գործ, իսկ հակառակ դեպքում, մինչև տվյալ գործով վերջնական դատական ակտի կայացումը, ուղղակիորեն խոսք չի կարող գնալ ողջամիտ ժամկետում գործի քննության իմաստով բողոքարկման իրավունքի մասին:
Դիմողը նշում է, որ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու պարագայում անձը պետք է ունենա մինչև եզրափակիչ դատական ակտի կայացումը տվյալ որոշումը բողոքարկելու իրավական հնարավորություն:
Դիմողը գտնում է, որ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումն ուղղակիորեն առնչվում է դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքի հետ և ենթակա է բողոքարկման վերադասության կարգով՝ հաշվի առնելով և կարևորելով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ անձին նման որոշումը բողոքարկելու իրավունքից զրկելը ոչ իրավաչափ է:
Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով երաշխավորված՝ համաչափության և որոշակիության սկզբունքներին:
Ըստ Դիմողի՝ դատավարության մասնակիցը պետք է հնարավորություն ունենա վիճարկելու Հակակոռուպցիոն դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը վերադաս դատական ատյաններում, քանի որ Սահմանադրությամբ երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, և Հակակոռուպցիոն դատարանի համապատասխան միջանկյալ դատական ակտի բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անձին ոչ իրավաչափորեն զրկում է արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի բաղադրատարր՝ դատական ակտը վերադաս դատական ատյաններում բողոքարկելու իրավունքից:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում նաև՝ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 5, 61, 63, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
այսպես` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին համապատասխանությունը, բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 5-րդ հոդվածին, ապա հարկ է արձանագրել, որ այն ամրագրված է Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:
Այսպիսով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար և՝ Սահմանադրության 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին:
Այսինքն` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Սերգեյ Մինասյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 ապրիլի 2026 թվականի
ՍԴԱՈ-52
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-52
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
