Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՈՒՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԹԱՐՈՂ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼ» ԴՐՈՒՅԹԻ՝ ԴՐԱՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՈՒՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԹԱՐՈՂ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼ» ԴՐՈՒՅԹԻ՝ ԴՐԱՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-820 հունվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 հունվարի 2026թ. ՍԴԱՈ - 8 | «ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՈՒՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԹԱՐՈՂ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼ» ԴՐՈՒՅԹԻ՝ ԴՐԱՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՈՒՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԹԱՐՈՂ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼ» ԴՐՈՒՅԹԻ՝ ԴՐԱՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մհեր Հակոբյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» դրույթի՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը,ՊԱՐԶԵՑ.

1. Մհեր Հակոբյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի սեպտեմբերի 2-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում խնդրել է.

«(…) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» դրույթը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6 հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 78-79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր»։

2. Վիճարկվող իրավանորմի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին, ուժի մեջ մտել՝ 2018 թվականի ապրիլի 9-ին:

Օրենսգրքի՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը» վերտառությամբ 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է.

«1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`

(…)

6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.»:

Օրենսգրքի վիճարկվող դրույթը վերոբերյալ խմբագրությամբ է շարադրվել 2024 թվականի փետրվարի 7-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով (Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2024 թվականի մարտի 1-ին, ուժի մեջ մտել՝ 2024 թվականի մարտի 14-ին)։

Մինչ սույն խմբագրությունը վիճարկվող դրույթն ունեցել է հետևյալ բովանդակությունը.

«1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`

(…)

6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.»։

3. Գործի դատավարական նախապատմությունը

Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ` Դատարան), քննելով թիվ ԵԴ/6269/02/22 քաղաքացիական գործն ըստ Մհեր Հակոբյանի հայցի ընդդեմ «Ֆուլ Հաուս Մարկետ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, 15.10.2024 թ. վճռով հայցը մերժել է՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«(...) Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի ապացույց Ընկերությանը պատկանող խանութից 30.10.2021 թվականին ընդհանուր 29.400 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ գնելու մասին: Ինչ վերաբերում է հայցվորի վկայակոչած ՀԴՄ կտրոնի լուսապատճենին, ապա Դատարանն արձանագրում է, որ հայցվորը չի ներկայացրել դրա բնօրինակ փաստաթուղթը, ուստիև Դատարանը պատճենի հիման վրա հաստատված չի համարում այդ փաստը:

Սույն գործով ապրանք գնած լինելու փաստի ապացուցման բեռն ընկած էր հայցվորի վրա: Այսինքն` հայցվորը պարտավոր էր ապացուցել, որ Ընկերությանը պատկանող խանութից 30.10.2021 թվականին գնել է ընդհանուր 29.400 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ, ինչը ողջ դատաքննության ընթացքում չի ապացուցվել: Ավելին՝ պատասխանողը դատաքննության ժամանակ չի ընդունել, որ իրեն պատկանող խանութից հայցվորը ապրանք է գնել: Ընդ որում, ապրանք գնած լինելու փաստը չապացուցվել նաև վկայի ցուցմունքով: Այսինքն` նշված փաստը մնացել է վիճելի, որի բացասական հետևանքները, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի, պետք է կրի այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը` հայցվորը:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ հայցը հիմնավորված չէ, ուստի այն ենթակա է մերժման» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննության առնելով թիվ ԵԴ/6269/02/22 քաղաքացիական գործով Դատարանի 15.10.2024 թ. վճռի դեմ Մհեր Արարատի Հակոբյանի ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, 06.12.2024 թ. որոշել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել։

Սույն որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է.

«Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի փոփոխության նոր խմբագրությունը՝ հաշվի առնելով, որ վճռի կայացման պահին՝ 15․10․2024 թվականին, այն արդեն գործողության մեջ էր։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:

Վերաքննիչ դատարանը նշում է, որ բողոք բերած անձը չի հիմնավորել, թե արդար դատաքննության իրավունքը կազմող որ բաղադրիչը խաթարող և ինչ դատական սխալ է թույլ տվել Դատարանը: Ընդ որում, վերաքննիչ բողոքում որևէ նշում կամ հիմնավորում չկա հայցվորի` արդար դատաքննության իրավունքի խախտման մասին:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրակացության, որ սույն բողոքի ընդունումը պետք է մերժել» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

Վճռաբեկ դատարանը 27.05.2025 թ. որոշել է թիվ ԵԴ/6269/02/22 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 06.12.2024թ. «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Մհեր Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

4. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված՝ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» ձևակերպմամբ դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75, 78 և 79-րդ հոդվածներին։

Ի թիվս այլնի` Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող իրավակարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին այնքանով, որքանով «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» դրույթի բովանդակությունն օրենսդրորեն բացահայտված չէ։ Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) նույնիսկ դատական մեկնաբանության միջոցով, հնարավոր չէ որոշել, թե ոչ մեծ հայցապահանջներով վերաքննիչ բողոք բերելու համար դատավարական իրավունքի նորմի որ խախտումն է համարվում սովորական և որն է համարվում առավել ծանր կամ ոչ սովորական կամ, օրինակ՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման հիմքով ներկայացված վերաքննիչ բողոքն արդյոք համապատասխանում է այս չափանիշին, եթե նույնիսկ գործի ելքը ճիշտ է որոշված։ Այսինքն, քննարկման առարկա հանդիսացող դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին»։

Ավելին, Դիմողի գնահատմամբ՝ ոչ մեծ հայցապահանջների գործերով դատական ակտերի վերանայման նման տարբերակված կարգավորումը վկայում է, որ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով տրված իրավակարգավորումը, հատկապես՝ ՀՕ-82 օրենքով տրված ձևակերպումը, օրենսդրի կողմից Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1037 որոշման պահանջների ոչ լիարժեք արդյունքն է:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթում կատարված հիշատակված փոփոխությունների իրավական հետևանքները չեն կարող տարածվել մինչ դրանց օրինական ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա։

Ըստ Դիմողի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը խախտել է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն այնքանով, որքանով մերժում է համապատասխան վերաքննիչ բողոքների վարույթ ընդունումը՝ անկախ այն հանգամանքից, որ համապատասխան հայցադիմումները ներկայացվել են նախքան վիճարկվող դրույթում խնդրո առարկա փոփոխությունների ուժի մեջ մտնելը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դիմողն արձանագրում է, որ «(…) 07.02.2024 թվականին ընդունված և 14.03.2024 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-82-Ն ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված օրենսդրական փոփոխությունները չեն տարածվում այն գործերի քննության վրա, որոնցով հայցադիմումներն ընդունվել են վարույթ մինչև 14.03.2024 թվականը։

(…)

(…) սույն գործով հայցադիմումը ներկայացվել է Դատարան մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունները»։

Դիմողը մատնանշում է, որ ի հեճուկս օրենսդրական կարգավորումների նպատակային նշանակության՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրվել է հետադարձ ուժ, ինչը և հակասում է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին այնքանով, որքանով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժով օժտելը սահմանափակում է անձի՝ դատարանի մատչելիության, մասնավորապես՝ վերաքննության կարգով բողոքարկման իրավունքը։ Մինչդեռ, ըստ Դիմողի` հաշվի առնելով սույն հարցի առնչությամբ ձևավորված դատական պրակտիկան՝ խնդրո առարկա դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և չի կարող հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով։

Վերոգրյալն ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է. «(…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դրույթը՝ «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող սխալ», դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6 հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 78-79-րդ հոդվածներին ու անվավեր է, քանի որ չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և անհամաչափորեն սահմանափակում է դատական պաշտպանության անձանց սահմանադրական իրավունքը, ինչպես նաև՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հետադարձ ուժ է տրվում այդ նորմին, այնինչ՝ վերջինս անձանց իրավական վիճակը վատթարացնող նորմ է»։

5. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), անդրադառնալով սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում վիճարկվող իրավակարգավորման նշանակությանը, արձանագրում է, որ օրենսդրի կողմից որդեգրված մոտեցման համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված վերաքննիչ բողոքում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից հիմնավորվում է առաջին ատյանի դատարանի թույլ տված արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալի առկայությունը, ապա վերաքննիչ բողոքի ընդունումը խնդրո առարկա հիմքով չի կարող մերժվել:

Սույնի համատեքստում Պատասխանողը նշում է. «(…) վիճարկվող դրույթում պահպանվել է սահմանադրաիրավական պահանջը, այն է՝ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իրավակարգավորիչ համատեքստում օրենսդրի կողմից բողոքարկման իրավունքի սահմանափակումից նախատեսվել է բացառություն բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ՝ այդպիսով վերաքննիչ դատարաններին լիազորելով վարույթ ընդունել այն բոլոր վերաքննիչ բողոքները, որոնցով անձը կհիմնավորի իր սահմանադրական իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալի առկայությունը»:

Հիմք ընդունելով վերոնշյալ դիրքորոշումները՝ Պատասխանողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 6-րդ մասը լիովին համապատասխանում է Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75, 78 և 79-րդ հոդվածներին:

Պատասխանողը, վկայակոչելով վերաբերելի իրավակարգավորումներն ու մեջբերելով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների համապատասխան որոշումներն ու դրանցում ամրագրված վերաբերելի դիրքորոշումները, արձանագրում է. «Վերոնշյալի համակարգային մեկնաբանությունը վկայում է այն մասին, որ Օրենքը ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ընդ որում, Օրենքով կատարվել է վերապահում առ այն, որ որոշ դրույթների գործողությունը տարածվում է մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա, որը չի ներառել Դիմողի կողմից վիճարկվող դրույթը: Այսինքն՝ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դրույթի գործողությունը տարածվել է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա, ուստի, մինչ այդ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա տարածվում են մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ դրույթը, տվյալ դեպքում այն է՝ Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե՝ (…) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:

Ուստի, Օրենսգրքի վիճարկվող դրույթը (փոփոխությունների արդյունքում) հետադարձ ուժ չի ստացել և հետևաբար վիճարկվող նորմը Սահմանադրության 73-րդ հոդվածի տեսանկյունից խնդրահարույց չէ»:

Վերոգրյալի եզրափակմամբ՝ Պատասխանողը խնդրում է. ««Մհեր Հակոբյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» դրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:

6. Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով.

6.1. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նշված նորմի հիման վրա Սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պահանջները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Օրենսգրքի վիճարկվող՝ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը» վերտառությամբ 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ամրագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, ի շարս այլնի, նաև այն դեպքում, եթե վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հիշատակվող դրույթի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը, իբրև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու խնդրո առարկա կանոնից բացառություն, սահմանել է սոսկ այն դեպքը, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:

Այս համատեքստում կարևորվում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում պարտավոր է հիմնավորել նման դատական սխալի առկայությունը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ, իր հերթին, գնահատում է վերաքննիչ բողոքի շրջանակներում առաջին ատյանի դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տրված լինելու հանգամանքի առկայության հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները:

Վերոգրյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված լինելու հանգամանքը, նախ, պետք է հիմնավորվի բողոք բերող անձի կողմից վերաքննիչ բողոքի շրջանակներում, ապա, որպես այդպիսին, գնահատվի Վերաքննիչ դատարանի կողմից:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ Դիմողի՝ վիճարկվող դրույթում պարունակվող «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» ձևակերպման ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիրքորոշումներին, որոնք առավելապես բովանդակում են իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի ենթադրյալ խախտման մասին եզրահանգումներ այն հաշվառմամբ, որ օրենսդրի կողմից չեն որոշակիացվել «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալի» հստակ չափանիշները։

Սահմանադրության՝ «Որոշակիության սկզբունքը» վերտառությամբ 79-րդ հոդվածն ամրագրում է հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակող օրենսդրական կարգավորումների սահմանափակման հիմքերի և ծավալի սահմանման, դրանց բավարար չափով որոշակի, հստակ և կանխատեսելի լինելու աներկբա սահմանադրաիրավական պահանջը, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հիշատակված սահմանադրաիրավական նորմը, այնուամենայնիվ, չի բացառում օրենսդրական կարգավորումների շրջանակներում այնպիսի եզրույթների և ձևակերպումների առկայությունը, որոնք լրացուցիչ մեկնաբանման կամ գնահատման կարիք ունեն, որպիսի պայմաններում անառարկելի է իրավակիրառ պրակտիկայում համապատասխան իրավանորմերին տրվող/հաղորդվող մեկնաբանության առանցքային նշանակությունը:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին, մասնավորապես, նշելով.

- «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց՝ իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49)» (2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշում (սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը վերահաստատվել է Սահմանադրական դատարանի 2019 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1452, 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշումներով),

- «(…) իրավական որոշակիությունը չպետք է բացարձականացնել, և անորոշության որոշակի տարրեր պարունակող իրավակարգավորումն ինքնին խնդրահարույց չէ, որպիսի պայմաններում անհրաժեշտ որոշակիության ծավալը լրացնելու ու իրավական կարգավորման կիրառման համար անհրաժեշտ ու բավարար բովանդակություն հաղորդելու առաքելությունը վերապահված է իրավակիրառին» (2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴՈ-1669 որոշում),

- «(…) իրավական որոշակիության սկզբունքի ապահովման առումով ընդհանուր տրամաբանությունը հանգում է այն գաղափարին, որ թեև իրավական որոշակիությունն անհրաժեշտ է, այնուամենայնիվ, այդ սկզբունքը չի բացառում իրավական ակտերում այնպիսի ձևակերպումների կամ եզրույթների առկայությունը, որոնք գնահատողական բնույթ ունեն և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առավել հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում» (2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշում):

Վիճարկվող դրույթի առնչությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալները կարող են ունենալ բազմաբնույթ դրսևորումներ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այդպիսի հանգամանքների շրջանակի սպառիչ որոշակիացումն իրավունքի հարափոփոխ զարգացման համատեքստում իրավական քաղաքականության տեսանկյունից աննպատակահարմար է, քանի որ սահմանափակում է դատական իրավակիրառ գործունեության մեկնաբանողական ճկունությունը, իսկ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից՝ անհնար է:

Ավելին, Սահմանադրական դատարանը փաստում է, որ բարձրացված հարցադրմանն անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 16-ին կայացրած որոշմամբ՝ նշելով. «(...) օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացման սահմանափակումը պայմանավորել է տվյալ քաղաքացիական գործի գույքային պահանջի՝ «վեճի առարկայի արժեքով»: Մասնավորապես, որպես վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք օրենսդիրը սահմանել է բողոքարկվող քաղաքացիական գործով գույքային պահանջի հստակ չափ, այն է՝ վեճի առարկայի արժեքի նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցելու պայմանը: Այսինքն՝ գույքային պահանջով վերաքննությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:

Միաժամանակ, օրենսդիրն ընդհանուր կանոնից նախատեսել է բացառություն այն դեպքում, երբ թեև բողոքարկվող գործով գույքային պահանջի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, այնուամենայնիվ վերաքննիչ բողոք բերած անձն իր բողոքում հիմնավորել է առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալի առկայությունը: Այսինքն, տվյալ բացառությամբ օրենսդիրը որդեգրել է այն մոտեցումը, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված վերաքննիչ բողոքում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից հիմնավորվում է առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալի առկայությունը, ապա վերաքննիչ բողոքի ընդունումը վերը նշված հիմքով չի կարող մերժվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված բացառությունը՝ պայմանավորված արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալի առկայությամբ, ինքնանպատակ չէ, այլ այն կոչված է ապահովելու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված արդարադատության իրականացումը, ինչն իր հերթին իրականացվում է դատարանների կողմից՝ կայացվող դատական ակտերի միջոցով, պահպանելով այդ ակտերի օրինականության, հիմնավորվածության և արդարացիության պահանջը:

Ըստ այդմ էլ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալն իրենից ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան ուղղակի նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումն է: Այս խախտման էությունն այն է, որ այդ խախտումը ոչ միայն ի սկզբանե կանխորոշում է ցանկացած գործի ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը, դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին, այլև՝ համապատասխան ազդեցություն թողնելով տվյալ գործի ելքի վրա, վկայում է յուրաքանչյուր անձի սահմանադրորեն երաշխավորված հիմնարար իրավունքի անիրացվելիության մասին: Այլ կերպ ասած, այս խախտման առկայության դեպքում գործնականում չեն իրացվում սահմանադրորեն երաշխավորված հիմնարար իրավունքները, ինչի արդյունքում էլ չեն պահպանվում և ապահովվում ՀՀ Սահմանադրությամբ սահմանված դատավարական երաշխիքները:

«Վեճի առարկայի արժեք» եզրույթը մեկնաբանելիս` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմանը, որի շրջանակներում բացահայտվել է նաև նշված հասկացության իրավական բովանդակությունը: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով [17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, որոշման 6-րդ կետում իրավաչափ է համարել հայցագնի չափով պայմանավորված` քաղաքացիական գործերով վերաքննության իրավունքի սահմանափակումը: Նշված խնդրի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը, ինչպես նաև [17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի համակարգային մեկնաբանությունը նույն օրենսգրքի այլ հոդվածների, մասնավորապես` [17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ կետի հետ թույլ է տվել ՀՀ վճռաբեկ դատարանին արձանագրել, որ [17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված վերաքննության իրավունքի իրացման սահմանափակումը վերաբերում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող հայցագին ունեցող քաղաքացիական գործերին, այլ կերպ ասած` «վեճի առարկայի արժեք» հասկացությունը ենթադրում է քաղաքացիական գործով հայցագնի չափը (տե՛ս, Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության ընդդեմ Աննա Թութունջյանի թիվ ԵԿԴ/2847/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2013 թվականի որոշումը)» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

Անդրադառնալով Դիմողի այն դիտարկումներին, որ վիճարկվող դրույթին Վերաքննիչ դատարանի կողմից տրվել է այնպիսի հակասահմանադրական մեկնաբանություն, որի պարագայում խնդրո առարկա դրույթը հետադարձությամբ կիրառվել է Դիմողի նկատմամբ՝ անհամաչափորեն միջամտելով վերջինիս սահմանադրական իրավունքներին, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի խնդրո առարկա դրույթը վիճարկվող խմբագրությամբ շարադրվել է 2024 թվականի փետրվարի 7-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով (Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2024 թվականի մարտի 1-ին, ուժի մեջ մտել՝ 2024 թվականի մարտի 14-ին)։

Հիշատակված օրենքի՝ «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» վերտառությամբ 59-րդ հոդվածը սահմանում է.

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ, 10-րդ, 13-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-26-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը»:

Օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:

Ըստ թիվ ԵԴ/6269/02/22 քաղաքացիական գործի՝ դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ Դիմողի կողմից ուղարկված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ստացել է 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ վիճարկվող դրույթում կատարված օրենսդրական փոփոխությունների օրինական ուժի մեջ մտնելուց՝ 2024 թվականի մարտի 14-ից հետո:

Սույն գործի դատավարական նախապատմության ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրակացնել, որ դատարանների կողմից վիճարկվող դրույթին տրված որևէ հատուկ մեկնաբանություն բացակայում է:

Ի հավելումն վերոգրյալի՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը լոկ արձանագրել է խնդրո առարկա դրույթում օրենսդրական փոփոխությունները՝ նշելով. «Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի փոփոխության նոր խմբագրությունը՝ հաշվի առնելով, որ վճռի կայացման պահին՝ 15․10․2024 թվականին, այն արդեն գործողության մեջ էր», միաժամանակ, մատնանշելով, որ վերաքննիչ բողոքում բացակայում են «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» թույլ տրված լինելու համապատասխան հիմնավորումները. «Վերաքննիչ դատարանը նշում է, որ բողոք բերած անձը չի հիմնավորել, թե արդար դատաքննության իրավունքը կազմող որ բաղադրիչը խաթարող և ինչ դատական սխալ է թույլ տվել Դատարանը: Ընդ որում, վերաքննիչ բողոքում որևէ նշում կամ հիմնավորում չկա հայցվորի` արդար դատաքննության իրավունքի խախտման մասին»:

Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն դիմումի շրջանակներում Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը որևէ կերպ չի հիմնավորում, որ իր՝ համապատասխան սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտումն անմիջականորեն պայմանավորված է հենց վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) ենթադրյալ հակասահմանադրականությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում վիճարկվող դրույթի և Դիմողի իրավունքների հնարավոր խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապը բացակայում է, ուստի՝ դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը սույն գործի վարույթը կարճելու հիմք է։

6.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության՝ «Սահմանադրական դատարան դիմելը» վերտառությամբ 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նշված պահանջն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ օրենսդիրը սահմանել է անհատական դիմումին ներկայացվող հստակ պահանջներ, որոնց առկայությունն անհրաժեշտ պայման է դիմումը քննության ընդունելու համար: Այդ պահանջների շարքում, ի թիվս այլնի, կարևորվում է վիճարկվող դրույթի՝ դիմողի նկատմամբ կիրառված լինելու հանգամանքը, քանի որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում անձը չի կարող բարձրացնել ցանկացած դրույթի սահմանադրականության հարց:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել Սահմանադրական դատարանի՝ 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ «(...) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»։

Նկատի ունենալով, որ խնդիրը վերաբերում է վիճարկվող դրույթի կիրառված լինելու հանգամանքին, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այդ հարցի շուրջ ներկայացնել նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, որոնք հանգում են հետևյալին.

իրավանորմի կիրառված լինելու հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշումներ արտահայտել է իր՝ 04.04.2008 թ. ՍԴՈ-747 որոշմամբ: Մասնավորապես՝ նշված որոշմամբ ամրագրվել է. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենքի կիրառումը պետք է անձի համար առաջացնի համապատասխան իրավական հետևանքներ, ընդ որում՝ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը վիճարկում է դրույթի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ապա դիմումում պետք է հստակ հիմնավորվի, որ վիճարկվող դրույթը կիրառվել է հենց դիմողի կողմից վկայակոչված մեկնաբանությամբ՝ առաջացնելով համապատասխան իրավական հետևանքներ: Նշվածը ենթադրում է, որ օրենքի դրույթի ձևականորեն վկայակոչումը՝ առանց դրան մեկնաբանություն տալու կիրառման պարագայում, կամ Դիմողի կողմից վիճարկվող մեկնաբանությունից բովանդակային առումով տարբերվող մեկնաբանությամբ նորմի լոկ կիրառումը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով և Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումների շրջանակներում չի կարող մեկնաբանվել որպես «իր նկատմամբ կիրառված», եթե դիմողի համար առաջացած հետևանքները ծագել են օրենքի դրույթի՝ առանց դրա վիճարկվող մեկնաբանությամբ կիրառման արդյունքում կամ վիճարկվող մեկնաբանությունից բովանդակային առումով շեղվող մեկնաբանությամբ կիրառված լինելու պարագայում:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ դիրքորոշումը վերաբերելի է բացառապես այն իրավիճակներին, երբ սահմանադրական արդարադատություն հայցող անձն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է նորմը՝ միայն իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

սույն գործով ներկայացված դատական ակտերի ուսումնասիրման արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ նախ՝ դիմումում առկա է պատճառահետևանքային խզում, քանի որ դիմումի շրջանակներում ներկայացված պատճառաբանությունների շղթան առավելապես վերաբերում է համապատասխան կարգավորումների հետադարձությամբ կիրառմանը, մինչդեռ դիմումի եզրափակիչ մասում Դիմողը վիճարկում է Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» դրույթը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, սահմանադրականությունը: Այսպես. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ «վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը» սահմանադրականության մասով Դիմողի պատճառաբանություններն առավելապես կառուցվում են սույն կարգավորման հետադարձությամբ կիրառմանը, իսկ նույն նորմի՝ «բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» մասի սահմանադրականությունը վիճարկվում է դրան՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության համատեքստում՝ դիմումի խնդրամասում:

Թիվ ԵԴ/6269/02/22 քաղաքացիական գործի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս արձանագրել, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննության առնելով սույն քաղաքացիական գործով Դատարանի 15.10.2024 թ. վճռի դեմ Մհեր Արարատի Հակոբյանի ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, 06.12.2024 թ. որոշել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել։

Սույն որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է.

«Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի փոփոխության նոր խմբագրությունը՝ հաշվի առնելով, որ վճռի կայացման պահին՝ 15.10.2024 թվականին, այն արդեն գործողության մեջ էր։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:

Վերաքննիչ դատարանը նշում է, որ բողոք բերած անձը չի հիմնավորել, թե արդար դատաքննության իրավունքը կազմող որ բաղադրիչը խաթարող և ինչ դատական սխալ է թույլ տվել Դատարանը: Ընդ որում, վերաքննիչ բողոքում որևէ նշում կամ հիմնավորում չկա հայցվորի` արդար դատաքննության իրավունքի խախտման մասին:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրակացության, որ սույն բողոքի ընդունումը պետք է մերժել» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ «բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» ձևակերպմանը Դիմողի կողմից վիճարկվող մեկնաբանություն չի տրվել, հետևաբար՝ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» դրույթի մասով՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, վերջինիս նկատմամբ չի կիրառվել՝ Դիմողի կողմից վիճարկվող մեկնաբանությամբ:

Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը՝ Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» դրույթի մասով՝ հաշվի առնելով դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ենթակա է կարճման, քանի որ նշված դրույթը վիճարկվող մեկնաբանությամբ Դիմողի նկատմամբ չի կիրառվել, ուստի՝ Դիմողն իրավասու չէ այդ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Մհեր Հակոբյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված «արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ» դրույթի՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

20 հունվարի 2026 թվականի

ՍԴԱՈ-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հունվարի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել