ՕՎՍԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 մայիսի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 15 | ՕՎՍԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
4 մայիսի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Կ. Բալայանի
Ուսումնասիրելով քաղաքացի Օվսանա Գալստյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Օվսանա Գալստյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի ապրիլի 17-ին)` խնդրելով. «1. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 5, 6 և 91, 93, 18-րդ հոդվածներին, 101- րդ հոդվածի 7-րդ ենթակետին հակասող և անվավեր ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը,
2. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3 և 83.5, 5, 6 և 91, 93, 18-րդ հոդվածներին, 101-րդ հոդվածի 7-րդ ենթակետին հակասող և անվավեր ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով չի նախատեսում Սահմանադրական դատարան դիմելու մասին դատավարության կողմի (կիրառման ենթակա դրույթի ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ ողջամիտ կասկած պարունակող) միջնորդության առկայության պայմաններում դատարանի` գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու պարտականությունը կամ այդպիսի միջնորդության առկայության պայմաններում դրան պատշաճ պատասխան տալու պարտականությունը,
3. ՀՀ Սահմանադրության 1-ին, 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը,
Կամ
4. Բացահայտել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը»:
1. Ըստ դիմողի` ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներում ամրագրված դատական պաշտպանության իրավունքից բխում է դատարանների` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու պարտականությունը` կիրառման ենթակա իրավական ակտի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ կասկածի դեպքում, հատկապես, եթե առկա է օրենքի դրույթի վերաբերյալ դատավարության կողմի արտահայտած` ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ կասկած:
Դիմողը գտնում է, որ դատական մարմինների սահմանադրական խնդիրն է մարդու իրավունքների և պաշտպանողի դիրքերում հանդես գալը, իսկ կիրառման ենթակա դրույթների կոնկրետ սահմանադրական վերահսկողությունը նպատակաուղղված է կանխել դատարանի կողմից կոնկրետ վեճի լուծումը ենթադրյալ հակասահմանադրական օրենքի հիման վրա:
Դիմողի կարծիքով` դատարանների կողմից իրավակիրառական պրակտիկայում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասին հաղորդվել է այնպիսի իմաստ, ըստ որի` այն դատարաններին իրավունք է վերապահում գործը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու մասին հարուցված միջնորդությունը քննարկելիս դրսևորել լայն հայեցողություն կամ լռելյայն մերժել միջնորդությունը` չպատճառաբանելով այն:
Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի ենթադրյալ հակասահմանադրականությանը` դիմողը նշում է, որ վարչական դատարանը խնդրո առարկա նորմին հաղորդել է այնպիսի իմաստ, ըստ որի` հանրային իրավահարաբերություններից ծագած վեճը ենթակա չէ վարչական դատարանի քննությանը, եթե հայցի պահանջի շարադրանքը կամ ձևակերպումը չի տեղավորվում հայցատեսակների կաղապարներում:
Դիմողն իր դիմումում ներկայացրել է նաև այլ փաստարկներ:
Դիմողը միաժամանակ ներկայացրել է միջնորդություն պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ.
2.1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի առնչությամբ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ խնդրո առարկա իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում:
Միաժամանակ, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:
Բացի դրանից, դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են: Հետևաբար, վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման`«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու`«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
2.2. Դիմողի կողմից վիճարկվող` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ`
դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7- րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Օվսանա Գալստյանի անհատական դիմումով գործը`
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի մասով ընդունել քննության:
2. Քաղաքացի Օվսանա Գալստյանին ազատել պետական տուրքի վճարումից:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
4 մայիսի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-15
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 մայիսի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-15
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
