Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ԳԼԽԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ԳԼԽԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-25414 դեկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-254)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 դեկտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 254 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ԳԼԽԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ԳԼԽԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱ-ՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1.

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ նաև Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հուլիսի 12-ին։

Դիմողն իր «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու մասին» 2021 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ խնդրել է որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի Սահմանադրության 75-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխանության հարցն այնքանով, որքանով հնարավորություն չի նախատեսվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխով պատշաճ սահմանված դատավարական նորմերի կիրառմամբ քննության առարկա դարձնել նորմատիվ իրավական ակտի (կամ դրա դրույթի) իրավաչափության հարցը դրա ընդունման համար հիմք հանդիսացած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցած, սակայն ուժը կորցրած (գործողությունը դադարած) նորմատիվ իրավական ակտին (կամ դրա դրույթին) համապատասխանության տեսանկյունից:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Թիվ ՎԴ/10366/05/19 վարչական գործի շրջանակներում Ա. Անտինյանը դիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության` խնդրելով 08.04.2010թ. թիվ 393-Ն որոշմամբ սահմանված «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգի» 3-րդ կետի վերջին պարբերությունն անվավեր ճանաչել:

Վարչական դատարանի 22.06.2020թ. որոշմամբ Ա. Անտինյանի դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության 08.04.2010թ. թիվ 393-Ն որոշմամբ սահմանված «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգի» 3-րդ կետի վերջին պարբերությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է այն ճանաչելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերի (բացի ՀՀ Սահմանադրությունից) նորմերին համապատասխանող:

Վարչական դատարանի 22.06.2020թ. որոշման դեմ Ա. Անտինյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերաքննիչ վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել 17.09.2020թ. որոշմամբ: Վերաքննիչ վարչական դատարանը, կասեցնելով թիվ ՎԴ/10366/05/19 վարչական գործի վարույթը, դիմել է Սահմանադրական դատարան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի քննության հատուկ վարույթի կարգավորումներում օրենսդիրը չի նախատեսել այնպիսի դատավարական ընթացակարգեր և կառուցակարգեր, որոնց միջոցով դատարանը հնարավորություն կունենա ստուգել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (կամ դրա դրույթի) իրավաչափության հարցը որոշակի ժամանակահատվածում գործած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցած այն նորմատիվ իրավական ակտի համեմատ, որն ուժը կորցրել է գործողությունը դադարել է:

Դիմողի գնահատմամբ խնդրո առարկա իրավական կառուցակարգերի բացակայությունն անհամատեղելի է իրավական պետության կողմից որդեգրած սկզբունքների և մոտեցումների հետ, քանզի դրանով անհամաչափորեն և չարդարացված ձևով սահմանափակվում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Դիմողը, Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ վկայակոչելով, պնդում է, որ քննարկվող դեպքում անհրաժեշտ դատավարական ընթացակարգերի և կառուցակարգերի բացակայությունն օրենսդրական բաց է, որի արդյունքում խախտվում են մարդու հիմնական իրավունքները:

Միևնույն ժամանակ, Դիմողն արձանագրում է, որ ինչպես նախկինում գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները չեն բացառում որոշակի հարցի լուծման համար ոլորտը կարգավորող այն իրավական ակտի կիրառումը, որն արդեն իսկ ուժը կորցրել է:

4. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումները, նշում է, որ օրենսդրական բացի Սահմանադրությանը հակասելու մասին խոսք կարող է լինել, եթե այդ բացը հնարավոր չէ հաղթահարել իրավունքի կամ օրենքի անալոգիայի միջոցով: Ըստ պատասխանողի առանց իրավունքի կամ օրենքի անալոգիայի հնարավոր չէ լիարժեք մեկնաբանել իրավանորմը:

Պատասխանողը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրն ուղղակիորեն չի նախատեսել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (կամ դրա դրույթի) իրավաչափության ստուգման հնարավորությունը որոշակի ժամանակահատվածում գործած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող այն նորմատիվ իրավական ակտի համեմատ, որն ուժը կորցրել է, այնուամենայնիվ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերլուծությունից պարզ է դառնում, որ նման գործերը քննվում են օրենքի անալոգիայի կիրառմամբ, ինչն էլ, ըստ էության, սույն գործով արել է վարչական դատարանը:

Ելնելով վերոգրյալից պատասխանողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլուխը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

5. Դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունից ելնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

5.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր:

Դատարանի Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն ամրագրված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում, ըստ որի «Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

Մեջբերված սահմանադրական դրույթը նույն բովանդակությամբ վերարտադրվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում: Նշված հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումում դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով»:

Սահմանադրական դատարանն իր 05.08.2021թ. ՍԴԱՈ-175 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, ինչպես նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

Զարգացնելով Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանն իր 26.10.2021թ. ՍԴԱՈ-212 աշխատակարգային որոշմամբ հայտնել է, որ «... Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած»-ի առկայությունը դատարանի կողմից հիմնավորված կարող է լինել, եթե դատարանի կողմից, ի թիվս դիմումին ներկայացվող այլ պայմանների, բավարար հիմնավորումներ են ներկայացվել առ այն, որ Սահմանադրական դատարանի ստուգմանն առաջադրվող նորմերի անորոշությունն անհնար է հաղթահարել դատարանի կողմից իր լիազորությունների գործադրմամբ իրավական նորմի բավարար հստակությունն ապահովող սպառիչ դատական մեկնաբանություն տալով։ Այսինքն Սահմանադրական դատարան դիմող դատարանը պարտավոր է հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ ինչպե՛ս է փորձել մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերը, և վիճարկվող նորմերի իր կողմից մեկնաբանման մեթոդաբանական ողջ գործիքակազմի կիրառմամբ դրանք ի՛նչ վերջնական իրավական բովանդակություն են ստացել հիմնավորելով այդ բովանդակության անհամապատասխանությունը Սահմանադրությանը»։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հիշյալ հանգամանքները պետք է սպառիչ կերպով արտացոլված լինեն համապատասխան դատական ակտում, ընդ որում դատարանների որպես Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների դիմումներին ներկայացվող նման պահանջն ինքնանպատակ չէ: Կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին կարող է խոսվել այն պարագայում, երբ դատարանը համոզվի, որ դատական մեկնաբանմամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը։ Այլապես նման հիմնավորումների բացակայությունը կարող է գնահատվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի, այն է նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածների բացակայություն:

5.2. Քննության առարկա գործի շրջանակներում Դիմողը բարձրացրել է օրենսդրական բացի խնդիր: Սահմանադրական դատարանն իր 08.04.2014թ. ՍԴՈ-1143 որոշմամբ նշել է. «Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը»:

Իր մեկ այլ 05.02.2010թ. ՍԴՈ-864 որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:

Զարգացնելով հիշատակված իրավական դիրքորոշումը Սահմանադրական դատարանն իր 14.09.2010թ. ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է. «Օրենսդրական բացի սահմանադրականության հարց քննելիս սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե տվյալ օրենսդրական բացը հանդիսանում է իրավակարգավորման թերությունը, թե՞ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը:

(…)

... օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավա-կարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»:

Այսպիսով, ըստ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների օրենքի այս կամ այն «բացի» սահմանադրականության հարցը Սահմանադրական դա-տարանում քննության առարկա կարող է լինել, եթե

- վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք,

- առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը,

-իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը,

- օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, բացի հաղթահարումն իրավաստեղծ մարմնի իրավասության շրջանակներում չէ:

Վերահաստատելով օրենսդրական բացի վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները, ընդունելով որ սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը, ի թիվս այլնի, կարող է պայմանավորված լինել նաև օրենքի բացով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում օրենքի բացի և դրա արդյունքում դրա սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին ևս կարող է խոսվել միայն այն դեպքում, երբ դատարանը հանգի այն եզրակացության, որ դատական մեկնաբանման որևէ մեթոդի կիրառմամբ անհնար է հաղթահարել այդ բացը:

5.3. Տվյալ դեպքում, դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրա համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը ստուգելու լիազորությունը դիտարկել է իբրև ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական գործող ակտին համապատասխանության ստուգում բացառելով ընդունման համար հիմք հանդիսացած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցած, սակայն ուժը կորցրած (գործողությունը դադարած) նորմատիվ իրավական ակտին համապատասխանության ստուգումը:

Թիվ ՎԴ/10366/05/19 վարչական գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ վարչական դատարանը Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի կանոնները կիրառել է այնպիսի մեկնաբանությամբ, որով լուծել է ավելի ցածր նորմատիվ իրավական ակտի` դրա համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող, սակայն գործողության մեջ չգտնվող/ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտին համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործը կայացնելով գործն ըստ էության լուծող դատական ակտ: Այդ պայմաններում Դիմողը, ի թիվս այլնի, պետք է պատշաճ կերպով հիմնավորումներ ներկայացներ այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի կանոնների վարչական դատարանի ընտրած դատական մեկնաբանման կանոնի կիրառմամբ ևս անհնար է եղել հաղթահարել այդ գլխի Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը: Այլ կերպ դիմումը պետք է պարունակեր նաև հիմնավորումներ առ այն, թե կոնկրետ դեպքում Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից ինչո՞վ է խնդրահարույց դատական մեկնաբանման այդ կանոնի կիրառումը:

5.4. Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից հիմնավորում չի ներկայացվել առ այն, թե որքանո՞վ է անհնար եղել իր կողմից մատնանշված ենթադրյալ օրենսդրական բացը դատական մեկնաբանությամբ հաղթահարելը, որի պատճառով դիմել է Սահմանադրական դատարանի կողմից վիճարկվող նորմերի սահմանադրականության ստուգման միջոցին:

Հետևաբար Դիմողի դատական մեկնաբանության միջոցով օրենսդրական բացի վերաբերյալ կասկածը փարատելու անհնարինության մասին հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի սույն դիմումով առկա է գործի վարույթը կարճելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.

«ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

14 դեկտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-254

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 դեկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-254
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել