Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆՈՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1-ԻՆ, 3-ՐԴ, 10-ՐԴ ԵՎ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ Վ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՆՈՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1-ԻՆ, 3-ՐԴ, 10-ՐԴ ԵՎ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ Վ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3818 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 ապրիլի 2023թ. ՍԴԱՈ - 38 | «ՆՈՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1-ԻՆ, 3-ՐԴ, 10-ՐԴ ԵՎ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՆՈՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1-ԻՆ, 3-ՐԴ, 10-ՐԴ ԵՎ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Նորա Կիրակոսյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 3-րդ, 10-րդ և 192-րդ հոդվածների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում առկա օրենսդրական բացի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի մարտի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Նորա Կիրակոսյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «(…) որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 3-րդ, 10-րդ և 192-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը. (...) ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի բացի ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/5793/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը փաստում է, որ իր համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել տվյալ գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 3-րդ, 10-րդ և 192-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի բացը, որոնք ուղղակիորեն հակասում են Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածներին: Դիմողը նշում է, որ խնդրո առարկա իրավադրույթի կիրառման արդյունքում փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որում իր նկատմամբ կիրառվում է հանրային իշխանական լիազորություն հանրային շահի իրացման կապակցությամբ և դրա վկայակոչմամբ: Դիմողն ընդգծում է, որ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված կարգավորումներով ինքը զրկված է իր վերաբերյալ հանրային շահի ոլորտում և դրա սպասարկման անվան տակ պետաիշխանական լիազորություններով օժտված մարմնի կողմից կայացվող որոշումների իրավաչափության վիճարկման հնարավորությունից և ունի միայն մեկ ընտրություն ընդունելու կամ չընդունելու այդ մարմնի հայեցողությամբ ընտրված գնահատման մեթոդի արդյունքում որոշված գումարը: Ըստ Դիմողի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի իր կողմից բարձրացված հարցով արդարադատության իրականացումն ընդդատյա է քաղաքացիական դատարանին, որի շրջանակներում կիրառվող օրենսդրության համաձայն պետաիշխանական լիազորություններ կրող և դրանք կիրառող սուբյեկտը չի կրում իր որոշումներն ու գործողությունները, ինչպես նաև անգործությունը և դրա իրավաչափությունն ու համաչափությունը հիմնավորելու պարտականություն, և այդ ողջ բեռը դրվում է իր վրա այն պարագայում, երբ ինքն ունի սահմանափակված իրավունքներ և ենթարկվում է պետաիշխանական հարկադրանքի ազդեցության, հակասում է Սահմանադրությանը: Դիմողը նշում է. «Վիճարկվող նորմերի Դատարանի կողմից կիրառված մեկնաբանության արդյունքում Դիմողի վեճի ծավալը ենթարկվում է այնպիսի փոփոխության, որի հետևանքով վերջինս կարող է վիճարկել Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից ընտրված գնահատման մեթոդի արդյունքը և չունի հնարավորություն ընդհանուր իրավասության դատարանում քննարկման առարկա դարձնել այդ որոշման իրավաչափությունը: Այսպիսի մեկնաբանության հետևանքով խախտվում են Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված իրավունքները (...)»: Ըստ Դիմողի խնդրո առարկա օրենսդրական կարգավորումները կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը հակասում է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածին այնքանով, որքանով չի երաշխավորում հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կերաշխավորեին Սահմանադրությամբ սահմանված սկզբունքներն ու իրավունքները: Դիմողը փաստում է, որ իր նկատմամբ կիրառված նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում սահմանափակվում են իր սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության իրավունքը և, այդ կապակցությամբ արդար դատաքննության իրավունքը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի այսուհետ Օրենք 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Թվարկված հիմքերից որևէ մեկի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված դրույթների, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում» (ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշում, 17.03.2009 թ.): Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունները, արձանագրում է, որ թիվ ՎԴ/5793/05/22 գործով Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի դեմ Նորա Կիրակոսյանի կողմից ներկայացված հայցադիմումը վերահասցեագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2022թ. որոշման համաձայն Նորա Կիրակոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի գրություն-ծանուցումները և պայմանագրերի նախագծերը, ինչպես նաև այդ ծանուցումն իրականացնելուն ուղղված պատասխանողների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ, և գործի քննությունը գտնվում է նախնական դատական նիստերի անցկացման փուլում: Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կոնկրետ գործով դատարանի վերջնական ակտն առկա չէ, Դիմողը չի պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու անհատական դիմումին ուղղված սահմանադրական պահանջը, ինչը, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Նորա Կիրակոսյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 3-րդ, 10-րդ և 192-րդ հոդվածների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում առկա օրենսդրական բացի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

18 ապրիլի 2023 թվականի

ՍԴԱՈ-38

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-38
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել