Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳՈՒՐԳԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳՈՒՐԳԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-21126 հոկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-211)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հոկտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 211 | «ԳՈՒՐԳԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԳՈՒՐԳԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գուրգեն Մեսրոպյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Գուրգեն Մեսրոպյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մայիսի 27-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. « (…)

2. Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 135-րդ հոդվածի 4-րդ մասի և 388-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 171-րդ հոդվածներին»:

2. Դիմողը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ կայացված դատական ակտը որևէ առնչություն չունի գործի լուծման հետ, ըստ էության բացառվում է այն հետաձգված կարգով բողոքարկելու հնարավորությունը, քանի որ տվյալ դատական ակտում թույլ տրված խախտումը, ինչպիսին էլ որ լինի, չի հանգեցնելու գործի սխալ լուծման, այսինքն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հիմնական բաղադրիչների պահպանումը կարող է ապահովվել տվյալ որոշումը միայն ու բացառապես անմիջականորեն բողոքարկելու հնարավորության առկայության պարագայում: Ըստ դիմողի անկախ առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի կողմից կայացվելու հանգամանքից հակընդդեմ ապահովում կիրառելու մասին որոշումը հնարավոր չէ վիճարկել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում հետաձգված բողոքարկման կարգով, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ ու 135-րդ հոդվածի 4-րդ մասերի և 388-րդ հոդվածի ուժով առկա չէ տվյալ որոշումն անմիջականորեն բողոքարկելու հնարավորություն, դիմողը նշում է, որ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի կողմից հակընդդեմ ապահովում կիրառելու մասին որոշումն ընդհանրապես ենթակա չէ բողոքարկման: Դիմողը նշում է, որ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում, իսկ հակընդդեմ ապահովումը մերժելու մասին որոշման դեպքում նման հնարավորություն նախատեսված է: Ըստ դիմողի նման պայմաններում խաթարվում են գործին մասնակցող անձանց մրցակցության, ինչպես նաև օրենքի և դատարանի առջև հավասարության դատավարական սկզբունքները: Բանն այն է, որ եթե կողմի ներկայացրած հակընդդեմ ապահովում կիրառելու մասին որոշումը բավարարվում է, մյուս կողմը զրկված է դրա դեմ վերաքննիչ և/կամ վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունից, այլ կերպ ասած այդ որոշումից «պաշտպանվելու» իրավունքից, մինչդեռ համապատասխան միջնորդությունը ներկայացրած կողմը հնարավորություն ունի միջնորդությունը մերժվելու դեպքում մերժելու մասին որոշումը բողոքարկել: Ըստ դիմողի նման պայմաններում ակնհայտ է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 135-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև 388-րդ հոդվածը ոչ միայն հակասում են Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին, այլև որոշ դեպքերում պայմաններ են ստեղծում Վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրության 171-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար ընդհուպ մինչև անհնարինության աստիճան խոչընդոտելու տեսանկյունից:

3. Պատասխանողը հայտնում է, որ հաշվի առնելով այն իրողությունը, որ հայցի ապահովման միջոցների կիրառման արդյունքում դատարանի որոշմամբ սահմանված սահմանափակումների, արգելքների կամ հրամայականների հասցեատերը կարող է կրել շոշափելի գույքային վնասներ, օրենսդիրը նախատեսել է նման վնասները հատուցելու պահանջով գործը քննած դատարան հայց ներկայացնելու վերջինիս իրավունքը, իսկ դրա արդյունավետ դատական պաշտպանությունը երաշխավորելու նպատակով սահմանել է, որ գործին մասնակցող անձը, ում դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, կարող է նույն վարույթի ընթացքում միջնորդություն ներկայացնել իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից դրամական ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ: Անդրադառնալով հակընդդեմ ապահովում կիրառելու մասին դատարանի որոշման բողոքարկման հնարավորությանը պատասխանողը նշում է, որ օրենսդիրը նախատեսել է բողոքարկման հնարավորություն հայցի ապահովման կապակցությամբ դատարանի կայացրած այն որոշումների համար, որոնց արդյունքում էական վտանգի տակ կարող է հայտնվել գործի քննության արդյունքում կայացվելիք եզրափակիչ դատական ակտի կատարումը կամ անդառնալի վնաս պատճառվել միջնորդությունը ներկայացրած անձին, և նա չունի իր շահերի պաշտպանության այլընտրանք: Ինչպես հակընդդեմ ապահովման դեպքում, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում ևս օրենսդիրը նախատեսել է դատական ակտի բողոքարկումը միայն միջնորդության մերժման մասով: Ի հավելումն ասվածի պատասխանողը հայտնում է, որ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն չընձեռելը նպատակ ունի նաև կանխել գործի քննության անհարկի ձգձգումը և ապահովել դատավարական ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործումը:

4. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից ելնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. 4.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Վերոնշյալ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Անհատական դիմումների ընդունելիության պայմանների վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ ՍԴԱՈ-199 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն իրավունքի պաշտպանության միջոցներն սպառելու և վերջնական դատական ակտով վիճարկվող նորմի կիրառված լինելու, ինչպես նաև վիճարկվող նորմի սահմանադրականության ստուգման արդյունքում այն հակասահմանադրական ճանաչելու իրավական հետևանքների համալիր նպատակը` անհատական դիմումների հիման վրա, իրավական ակտերի սահմանադրականության կոնկրետ վերահսկողության միջոցով Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված մարդու և քաղաքացու հիմնական սահմանադրական իրավունքների պաշտպանությամբ Սահմանադրության գերակայության ապահովումն է։ Կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում, ինչպիսին սույն գործով իրականացվող վարույթի նպատակն է, նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով (2010 թվականի հոկտեմբերի 19, ՍԴՈ-921)։ Սահմանադրական կոնկրետ վերահսկողությունը Սահմանադրական դատարանի սահմանադրական այն լիազորությունն է, որը կիրառվում է դատական պաշտպանության միջոցների սպառմամբ սահմանադրական հիմնարար իրավունքի ենթադրյալ խախտումից հետո դատական պաշտպանության այլ միջոցների գործադրմամբ այդ իրավունքի վերականգնման անհնարինության դեպքում։ Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները Սահմանադրական դատարանը 2010 թվականի նոյեմբերի 30-ին կայացրած ՍԴՈ-927 որոշմամբ փաստել է, որ այն դեպքում, երբ դիմողի նկատմամբ կայացրած դատական ակտերի վերլուծությունից բխում է, որ խնդրո առարկա հանրային-իրավական վեճը, ըստ էության, սպառված է, ապա տվյալ պարագայում դիմողի կողմից վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի բարձրացումը, ըստ էության, չի հետապնդում սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության նպատակ, ուստի հիմք ընդունելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտել է, որ վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի քննարկումը խնդրո առարկա գործի լուծման տեսանկյունից որևէ գործնական իրավական հետևանքի հանգեցնել չի կարող: Վերոգրյալի տրամաբանությամբ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքն ուղղակիորեն փոխկապակցված է կոնկրետ գործի և այդ գործի շրջանակներում իրավունքների պաշտպանության և/կամ վերականգնման հնարավորության հետ, ըստ այդմ անհատական դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել բացառապես կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում: 4.2. Սույն գործով դիմումի ներկայացման համար նախադրյալ հանդիսացած թիվ ԿԴ3/0705/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունից հետևում է, որ տվյալ գործով ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Գուրգեն Մեսրոպյանի (սույն գործով դիմողի) կողմից 2020 թվականի հունիսի 29-ին հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ Դատարան): Դատարանի 2020 թվականի հունիսի 30-ի որոշմամբ Գուրգեն Մեսրոպյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է: Նշված որոշման դեմ Գուրգեն Մեսրոպյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 10-ին որոշում է կայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու վերաբերյալ: 2020 թվականի հոկտեմբերի 26-ին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը միջնորդություններ է ներկայացրել դատարան հայցի ապահովման միջոցը վերացնելու, հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու, հակընդդեմ ապահովում կիրառելու մասին: Դատարանի 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ նշված միջնորդությունները մերժվել են: Այդ որոշման դեմ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի կողմից բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է: Մասնավորապես, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է. « ... «Հայցի ապահովման միջոցը վերացնելու, հակընդդեմ ապահովման միջոց կիրառելու միջնորդությունները քննարկելու մասին» որոշումը բողոքարկված հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով, վերացնել Դավիթ Մհերի Սեդրակյանի [ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի] հակընդդեմ ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Գուրգեն Մեսրոպյանին պարտավորեցնել սույն որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ փոխանցել 80.662.886 (ութսուն միլիոն վեց հարյուր վաթսուներկու հազար ութ հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ որպես հակընդդեմ ապահովման գումար և դատարանին ներկայացնել գումարի փոխանցման փաստը հավաստող ապացույց»: 2021 թվականի փետրվարի 16-ին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը դատարան է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի 10-ին կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն: Դատարանի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» 2021 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ վերացվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները: Նշված որոշման կայացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Գուրգեն Մեսրոպյանը մինչև 2021 թվականի փետրվարի 18-ը ներառյալ Դատարանի դեպոզիտ չի փոխանցել 80.662.886 (ութսուն միլիոն վեց հարյուր վաթսուներկու հազար ութ հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ որպես հակընդդեմ ապահովման գումար: 4.3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 5-6-րդ մասերի համաձայն

«1. Գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, կարող է միջնորդություն ներկայացնել իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ:

5. Հակընդդեմ ապահովման միջնորդությունը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը պարտավոր է հակընդդեմ ապահովման գումարը փոխանցել դատարանի դեպոզիտ այդ մասին որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում և դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարվելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ, առանց դատական նիստ հրավիրելու, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին»: Վերոշարադրյալ իրավանորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ հակընդդեմ ապահովումը քաղաքացիական դատավարության ինքնուրույն ինստիտուտ չէ և կիրառվում է բացառապես հայցի ապահովման առկայության պարագայում, անձի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցի հետևանքով հնարավոր վնասների հատուցման նպատակով: Քննարկվող դեպքում թիվ ԿԴ3/0705/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում դիմողի կողմից հակընդդեմ ապահովման գումարը դատարանի դեպոզիտ փոխանցելու և այդ փաստը հավաստող ապացույցը դատարան չներկայացնելու հիմքով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ հայցի ապահովման միջոցը վերացվել է, որպիսի պայմաններում դիմողի առնչությամբ կայացված հակընդդեմ ապահովման վերաբերյալ որոշումը դարձել է առարկայազուրկ (որի անբողոքարկելիության հետ էր դիմողը կապում իր ենթադրյալ իրավունքների խախտման հանգամանքը), քանի որ հայցի ապահովման և հակընդդեմ ապահովման դատավարական ինստիտուտները փոխկապակցված են, և վերջինիս կիրառումն ուղղակիորեն պայմանավորված է հայցի ապահովման առկայությամբ։ Միևնույն ժամանակ, հակընդդեմ ապահովման վերաբերյալ դատարանի որոշման հնարավոր վերանայումը նոր հանգամանքի հիմքով, կոնկրետ դեպքում, օրինակ, Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կայացման պարագայում, անկախ այդ հիմքով վերանայման արդյունքներով հակընդդեմ ապահովման վերաբերյալ ակնկալվող որոշման բնույթից, գործող քաղաքացիա-դատավարական կարգավորումների դեպքում ինքնաբերաբար չի հանգեցնելու նաև հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման վերականգնմանը դրանով իսկ տվյալ պարագայում նախադրյալ հանդիսանալով դիմողի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման համար: Նման պայմաններում Սահմանադրական դատարանի գնահատմամբ դիմողի բարձրացրած հարցը վերածվում է վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում քննության ենթակա հարցի: Այլ կերպ դիմողը փաստացի կատարել է վերացական սահմանադրական վերահսկողությանը բնորոշ հարցադրումներ չհանդիսանալով վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Գուրգեն Մեսրոպյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 հոկտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-211

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հոկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-211
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել