Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼԱՐՎԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼԱՐՎԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3828 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 հուլիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 38 | «ԼԱՐՎԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 28 հուլիսի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով «Լարվար» արտադրական կոոպերատիվի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Լարվար» արտադրական կոոպերատիվը (այսուհետ Կոոպերատիվ), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հուլիսի 15-ին), խնդրել է հետևյալը. «(...) Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի «Բռնագանձման ծանուցման վավերապայմանների, պահանջների բացակայության», «Բռնագանձման ծանուցումը հանձնելուց անմիջապես հետո գրավադրված շարժական գույքը գրավառուի տիրապետմանը անցնելու», ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի «Միայն վաճառքի դեպքում գրավատուի բռնագանձման գործընթացը կամ գույքի իրացումը դադարեցնելու հնարավորություն նախատեսելու», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի «Նոտարական կարգով վավերացված պայմանագրի առկայության դեպքում պատշաճ վարչարարություն չիրականացնելու, անձի լսված լինելու իրավունքը չապահովելու» և «որպես բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը համարելու» մասերով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 50-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 249-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «բռնագանձման ծանուցում» արտահայտությունը, սակայն չի բացահայտել, թե ինչ պահանջներ, ինչ վավերապայմաններ պետք է պարունակի փաստաթուղթը առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցում որակվելու համար։ Միաժամանակ նշում է, որ Օրենսգրքով հստակ սահմանված չէ, թե արդյո՞ք այդ փաստաթղթում պետք է հստակորեն բացահայտվի գույքն արտադատական կարգով բռնագանձելու մասին գրավառուի մտադրությունը, թե՞ բավարար է նշում այն մասին, որ եթե պարտավորությունն ինչ-որ ժամկետում չկատարվի, ապա գրավառուն կարող է նախաձեռնել դատական կամ արտադատական կարգով բռնագանձման գործընթաց։ Ավելին Օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է նաև, որ արտադատական կարգով բռնագանձման գործընթացն սկսելու հիմք է գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքը չբացահայտելով, թե արդյո՞ք բոլոր խախտումները, այդ թվում նաև, օրինակ, մեկօրյա կետանցը կարող են հիմք հանդիսանալ, որ գրավառուն նախաձեռնի արտադատական կարգով բռնագանձման գործընթաց, թե՞ պետք է խախտումը լինի էական։ Ըստ դիմողի բռնագանձման ծանուցում ուղարկելու հանգամանքն օրենսդիրը դիտարկել է բավարար սեփականության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու համար, սակայն բռնագանձման ծանուցման անորոշության պայմաններում ըստ էության հնարավոր չէ երաշխավորել սեփականության իրավունքի և գրավառուի դատարան դիմելու իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։ Միաժամանակ Օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունից հնարավոր չէ հասկանալ, թե ո՞ր պահից է ծագում գույքը գրավառուի տիրապետմանն անցնելու իրավունքը, այլ կերպ ասած հնարավոր չէ հասկանալ, թե արդյոք բռնագանձման ծանուցումը հանձնելուց անմիջապես հետո գրավառուն իրավունք ունի՞ գույքը տիրապետելու, թե՞ պետք է սպասի, որ անցնի բռնագանձման ծանուցման վիճարկման ժամկետը։ Ըստ դիմողի Օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությամբ խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ պարզ չէ, թե երկամսյա ժամկետը ո՞ր պահից է հաշվարկվում գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու՞ց, թե՞ բռնագանձման ծանուցումը պարտապանին և գրավատուին հանձնելուց հետո։ Նման պայմաններում հնարավոր չէ ապահովել գրավատուի գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Դիմողը, անդրադառնալով Օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությանը, նշում է, որ երբ աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չի կատարվում, և երբ գրավառուն օգտվում է գույքն իրեն հանձնելու իրավունքից, ապա գրավատուն զրկվում է գույքի բռնագանձումը և դրա իրացումը դադարեցնելու իրավունքից կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է, քանի որ այդ դեպքում գրավի առարկան չի վաճառվում, այլ հանձնվում է գրավառուին արդյունքում ակնհայտորեն ոտնահարելով գրավատուի սեփականության իրավունքը։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի առնչությամբ դիմողը նշում է, որ այդ նորմերին տրված այնպիսի մեկնաբանությունը, որ եթե առկա է նոտարական կարգով կնքված պայմանագիր, ապա վարչական մարմինն այլևս հարուցված վարչական վարույթի շրջանակում չպետք է իրականացնի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չպետք է ապահովի անձի լսված լինելու իրավունքը, հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորված պատշաճ վարչարարության սկզբունքին։ Ըստ դիմողի անկախ ծանուցման եղանակից այն պետք է լինի այնպիսին, որ հնարավոր լինի ապացուցել գրավատուին բռնագանձման ծանուցման մասին ոչ միայն տեղեկացնելու, այլև վերջինիս կողմից իրապես տեղեկացված լինելու փաստական հանգամանքը, որպիսի ընթացակարգ Օրենքի վիճարկվող նորմերով սահմանված չէ։ Օրենքի վիճարկվող դրույթներն ուղղակի միջամտություն են անձի սեփականության իրավունքին, չեն նախատեսում պատշաճ վարչարարության իրականացման, գրավատուի լսված լինելու իրավունքի ապահովման և բռնագանձման ծանուցումն անձամբ ստացված լինելու հավաստիացման կարգ։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է մասնագիտացված դատարանում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Լարվար» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի, 252-րդ հոդվածի 1-ին մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

28 հուլիսի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-38

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-38
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել