Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-9310 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-93)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 հունիսի 2025թ. ՍԴԱՈ - 93 | «ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Աշոտ Հայրապետյանի դիմումի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Աշոտ Հայրապետյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ` փաստաբան Արմեն Թևանյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով որքանով, առանց բացառության (հաշվի չառնելով ՍԴՈ-1495, ՍԴՈ-1611, ՍԴՈ-1756 որոշումները և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 343-րդ հոդվածը) սահմանում է ի կատար ածված և բեկանված վճռով ստացած գույքը հայցվոր-պարտատիրոջ կողմից պատասխանող-պարտապանին կամ նրա կողմում հանդես եկող երրորդ անձին վերադարձնելու կարգավորում, ճանաչել Սահմանադրության 60, 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հունիսի 3-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:

Օրենքի՝ «Վճռի կատարման շրջադարձը» վերտառությամբ 26-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան»:

Վիճարկվող դրույթը չի փոփոխվել կամ լրացվել:

2. Գործի դատավարական նախապատմությունը

Թիվ ԵՄԴ/3200/02/15 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

2.1. 2014 թվականի օգոստոսի 10-ին Աշոտ Հայրապետյանը Մարտիրոս Մանուկյանին փոխառությամբ տվել է 15 000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլար: Ստացականով Մարտիրոս Մանուկյանը պարտավորվել էր վերադարձնել գումարը մինչև նույն թվականի հոկտեմբերի 30-ը: 2014 թվականի դեկտեմբերի 25-ին Մարտիրոս Մանուկյանը մահացել է:

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Աշոտ Հայրապետյանը հայցադիմում է ներկայացրել դատարան «Գումարի բռնագանձման պահանջի մասին»՝ ընդդեմ պատասխանող Կարինե Սարգսյանի՝ Մարտիրոս Մանուկյանի կնոջ: Հետագայում գործում ընդգրկվել են ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ն, ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք՝ Սուսաննա Մանուկյանը, Քրիստինե Մանուկյանը և էմմա Մանուկյանը՝ ընդդեմ Կարինե Սարգսյանի՝ փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջով :

2.2. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան), քննելով թիվ ԵՄԴ/3200/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Հայրապետյանի ընդդեմ Կարինե Սարգսյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման, բռնագանձումն անշարժ գույքերի վրա տարածելու, փոխհատուցմամբ բաժնեմասն առանձնացնելու, գումարը ներկայացված պահանջների բավարարմանն ուղղելու պահանջների մասին, և ըստ հայցի ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձանց` Սուսաննա Մանուկյանի, Քրիստինե Մանուկյանի և Էմմա Մանուկյանի ընդդեմ Կարինե Սարգսյանի` փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, 2017 թվականի ապրիլի 4-ին վճռել է.

«Աշոտ Ֆրունզեի Հայրապետյանի հայցն ընդդեմ Կարինե Սիմոնի Սարգսյանի ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի, Սուսաննա Մանուկյանի, Քրիստինե Մանուկյանի և Էմմա Մանուկյանի` գումարի բռնագանձման, բաժնեմասն առանձնացնելու, բռնագանձումը անշարժ գույքի վրա տարածելու պահանջների մասին և ըստ հայցի ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձանց` Սուսաննա Մանուկյանի, Քրիստինե Մանուկյանի, Էմմա Մանուկյանի ընդդեմ Կարինե Սարգսյանի` փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, բավարարել մասնակի:

Պատասխանող Կարինե Սարգսյանից հօգուտ Աշոտ Ֆրունզեի Հայրապետյանի բռնագանձել 15.000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը` որպես դրամական պարտավորության գումար:

Պատասխանող Կարինե Սարգսյանից հօգուտ Աշոտ Ֆրունզեի Հայրապետյանի հաշվարկել և բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները սկսած` 30.10.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

Թույլատրել Սուսաննա Մանուկյանին, էմմա Մանուկյանին և Քրիստինե Մանուկյանին շուկայական գնով վճարելու փոխհատուցում Կարինե Սարգսյանին ք. Երևան, Նոր Նորքի, Բաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 1 շենք, 29 բնակարանի սեփականության իրավունքով պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ Կարինե Սիմոնի Սարգսյանի սեփականության իրավունքը դադարեցնելու համար:

(…)» :

2.3. Դատարանը թիվ ԵՄԴ/3500/02/15 քաղաքացիական գործով 2017 թվականի հունիսի 9-ին ըստ հայցի Աշոտ Հայրապետյանի կայացրել է նաև լրացուցիչ վճիռ, ըստ որի՝ «Ի լրումն Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 04.04.2017թ. թիվ ԵՄԴ/3200/02/15 վճռի եզրափակիչ մասի` թույլատրել Սուսաննա Մանուկյանին, էմմա Մանուկյանին և Քրիստինե Մանուկյանին վճարելու փոխհատուցում Կարինե Սարգսյանին` 3.850.000 ՀՀ դրամի չափով, ք. Երևան, Նոր Նորքի, Բաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 1 շենք, 29 բնակարանի սեփականության իրավունքով պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ Կարինե Սիմոնի Սարգսյանի սեփականության իրավունքը դադարեցնելու համար» :

2.4. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Դատարանի՝ 04.04.2017 թ. վճռի և 09.06.2017 թ. լրացուցիչ վճռի դեմ Կարինե Սարգսյանի վերաքննիչ բողոքը, 2018 թվականի ապրիլի 5-ին որոշել է.

«1. Կարինե Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարել: Բեկանել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 04.04.2017 թվականի վճիռը և 09.06.2017 թվականի լրացուցիչ վճիռը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

(…)»:

Հիշյալ որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է. «(…) բողոքաբերը պատշաճ կարգով ծանուցված չի եղել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, իսկ Դատարանը չունենալով որևէ ապացույց, որով կհավաստվեր վերջինիս կողմից պատշաճ ծանուցված լինելու փաստը, գործը քննել և ավարտել է պատշաճ չծանուցված պատասխանողի բացակայությամբ:

Վերոգրյալից հետևում է, որ տվյալ դեպքում խախտվել է անձի` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքի իրականացման հնարավորությունը» :

2.5. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում թիվ ԵՄԴ/3500/02/15 քաղաքացիական գործի նոր քննության շրջանակներում Կարինե Սարգսյանը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և մերժել հայցը :

Գործի քննության ընթացքում Դատարանը, ընդառաջելով Աշոտ Հայրապետյանի միջնորդությանը, կայացրել է որոշում՝ դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան՝

«1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասի՝ այնքանով, որքանով չի նախատեսում բացառություն այն իրավիճակի համար, երբ պարտատերը տեղյակ չէ և օբյեկտիվորեն չունի պարտապանի մահվան փաստի մասին տեղեկանալու հնարավորություն, ապա ինչպես և ինչ եղանակով կարող է իր պահանջը ներկայացնել ժառանգին, ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու նպատակով,

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այնքանով, որքանով առկա է իրավական անորոշություն այն առումով, թե պահանջները պետք է ներկայացնել ժառանգության բացման օրվանից հետո վեց ամսյա ժամկետում, թե մինչև ժառանգության վկայագրի տրամադրումը, ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու նպատակով:

(…)»:

2019 թվականի օգոստոսի 28-ի ՍԴԱՈ-86 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն» ընդունել է քննության և, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նույն հարցին վերաբերվելու հիմքով՝ միավորել է այն Սահմանադրական դատարանի կողմից արդեն քննության ընդունված «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածն այնքանով, որքանով չի կարգավորում պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված՝ բաց թողնված վեցամսյա ժամկետը վերականգնելու հնարավորություն՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործին:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ՍԴՈ-1495 որոշմամբ գտել է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Դատարանը 2020 թվականի հուլիսի 30-ին վճռել է.

«Աշոտ Ֆրունզեի Հայրապետյանի հայցն ընդդեմ Կարինե Սիմոնի Սարգսյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման, բռնագանձումը Երևան քաղաքի Նոր Նորքի Բաղյան 2-րդ նրբանցքի 1 շենքի թիվ 29 բնակարանի վրա տարածելու, փոխհատուցմամբ բաժնեմասն առանձնացնելու և գումարը ներկայացված պահանջների բավարարմանն ուղղելու պահանջների մասին, մերժել հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

(…)»:

Նշված վճռով արձանագրվել է. «Սույն գործի փաստերի համաձայն՝ 10.08.2014 թվականին տրված ստացականով Մարտիրոս Մանուկյանը Աշոտ Հայրապետյանից ստացել է 15.000 /տասնհինգ հազար/ ԱՄՆ դոլար՝ մինչև 2014 թվականի հոկտեմբերի 30-ը վերադարձնելու պայմանով: Մարտիրոս Նորիկի Մանուկյանը մահացել է 25.12.2014 թվականին: Մարտիրոս Մանուկյանի մահից հետո նոտար` Թեհմինա Ավագյանի կողմից 15.07.2015 թվականին տրամադրվել է ժառանգության իրավունքի վկայագիր ժառանգատուի կնոջը` Կարինե Սարգսյանին: Փաստաբան Անի Գինոսյանի կողմից 27.07.2015 թվականին գրություն է ուղարկվել նոտարական պալատի նոտար Աննա Թովմասյանին և խնդրել տեղեկություն տրամադրել Մարտիրոս Մանուկյանի ժառանգական գույքն ընդունելու և ժառանգների մասին: 22.08.2015 թվականին Մալաթիա նոտարական տարածքի նոտար Աննա Թովմասյանը պատասխանել է դիմումին և հայտնել, որ Մարտիրոս Նորիկի Մանուկյանի մահից հետո նոտար Թեհմինա Ավագյանի կողմից 15.07.2015 թվականին տրամադրվել է ժառանգության իրավունքի վկայագիր ժառանգատուի կնոջը՝ Կարինե Սարգսյանին: Փաստաբան Անի Գինոսյանի կողմից 08.09.2015 թվականին գրություն է ուղարկվել Մարտիրոս Նորիկի Մանուկյանի ժառանգությունն ընդունած ժառանգ Կարինե Սարգսյանին և առաջարկվել վերադարձնել Աշոտ Հայրապետյանին պատկանող 15.000 ԱՄՆ դոլար գումարը: Գրությունը ստացվել է Կարինե Սարգսյանի կողմից սեպտեմբերի 10-ին: Հայցվոր Աշոտ Ֆրունզեի Հայրապետյանի ներկայացուցչի կողմից սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 14.10.2015 թվականին և Դատարանի 16.10.2015 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Աշոտ Հայրապետյանի հայցն ընդդեմ Կարինե Սարգսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Տվյալ դեպքում հայցվորի համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվել է Մարտիրոս Մանուկյանի ժառանգության բացման օրվանից, սակայն հայցադիմում է դատարան ներկայացվել իրավունքի պաշտպանության ժամանակահատվածի ավարտից հետո։

(…)

Միանշանակ և որոշակի է, որ ժառանգությունն ընդունելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն սկսում է հոսել ժառանգության բացման օրվանից, որը համընկնում է ժառանգատուի մահվան փաստի հետ, և այդ նույն օրվանից էլ պարտատերերը կարող են ներկայացնել իրենց պահանջները: Հետևաբար, կախված կոնկրետ իրավիճակից՝ պարտատերերը, սկսած ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում, կարող են ներկայացնել իրենց պահանջները ժառանգներին ինչպես ժառանգության վկայագիր ստանալուց առաջ, այնպես էլ հետո: Իսկ պարտքերի փաստացի հատուցումը հնարավոր է ժառանգների կողմից նշված վկայագիր ստանալուց հետո, երբ ժառանգներն արդեն կողմնորոշված կլինեն ժառանգությունն ընդունել-չընդունելու հարցում:

Ինչ վերաբերվում է հայցվոր կողմի պատճառաբանություններին, այն մասին, որ դիմել է նոտարական գրասենյակ, պարզել ժառանգությունն ընդունելու և ժառանգի մասին, պահանջ ներկայացրել նրան, ապա հայցվորի այդ գործողությունները կատարվել են ժառանգության բացման վեցամսյա ժամկետի լրանալուց հետո:

Հետևաբար, հիմնավոր են պատասխանողի կողմից ներկայացված դիմումը` հայցային վաղեմություն կիրառելու և հայցն այդ հիմքով մերժելու մասին»:

2.6. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով թիվ ԵՄԴ/3200/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 30.07.2020 թ. կայացված վճռի դեմ Աշոտ Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը, 2020 թվականի դեկտեմբերի 11-ին որոշել է.

«1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՄԴ/3200/02/15 քաղաքացիական գործով` 30.07.2020 թվականին կայացված վճիռը թողնել անփոփոխ՝ սույն որոշմամբ արձանագրված պատճառաբանություններով:

(…)»:

Հիշյալ որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է.

«(…) դեռևս 25.12.2014 թվականից սկսած վեցամսյա ժամկետում հայցվորը պետք է իր պահանջները ներկայացներ Մարտիրոս Մանուկյանի ժառանգ Կարինե Սարգսյանին, կամ ժառանգության բացման վայրի նոտարին, մինչդեռ վերջինս իր պահանջը ներկայացրել է հայցադիմումի տեսքով միայն 14.10.2015 թվականին, ժառանգության բացման պահից շուրջ ինն ու կես ամիս անց՝ բաց թողնելով պահանջները ներկայացնելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, ըստ այդմ՝ բաց թողնելով նաև իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունը։

(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը, թեև սույն գործով պարտատիրոջ կողմից իր պահանջը պարտապանի ժառանգին կամ ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացնելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու հիմքով հայցի բավարարումը մերժելու փոխարեն, այն մերժել է հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով, սակայն Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը հանգել է իրավաչափ հետևության հայցը մերժելու հարցում, ուստի թույլ չի տվել այնպիսի դատավարական կամ նյութական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա։ Հետևաբար Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն դատական ակտը բեկանելու համար»:

2.7. Վճռաբեկ դատարանի 2021 թվականի մայիսի 5-ի որոշմամբ թիվ ԵՄԴ/3200/02/15 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 11.12.2020 թ. որոշման դեմ Աշոտ Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

2.8. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի հունիսի 21-ի որոշմամբ Կարինե Սարգսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը՝ դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ, ընդունել է վարույթ և նույն թվականի օգոստոսի 3-ին կայացրել է որոշում դատական ակտի շրջադարձ կատարելու մասին, մասնավորապես՝

«Վերականգնել Կարինե Սիմոնի Սարգսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նոր Նորք, Բաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 1 շենք, 29 բնակարանի ¼ բաժնեմասի նկատմամբ, վերադարձնելով Սուսաննա Մանուկյանի, Էմմա Մանուկյանի և Քրիստինե Մանուկյանի կողմից որպես բնակարանի մասի փոխհատուցում Կարինե Սարգսյանին վճարված 3.850,000 ՀՀ դրամ գումարը:

(…)»:

2.9. Մինչ 02.11.2022 թ. դատական ակտի շրջադարձ կատարելու մասին վերը նշված 03.08.2021 թ. որոշումը չի կատարվել: Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք՝ Սուսաննա Մանուկյանը, Էմմա Մանուկյանը, Քրիստինե Մանուկյանը դիմել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ դատական ակտի շրջադարձ կատարելու խնդրանքով: Դատարանը 2023 թվականի մարտի 9-ին որոշել է.

«Դիմումը բավարարել.

Կարինե Սիմոնի Սարգսյանի պարտատեր Աշոտ Ֆրունզեի Հայրապետյանին պարտավորեցնել վերադարձնել ՀՀ ԴԱՀԿ ծառայության կողմից թիվ ԵՄԴ/3200/02/15 քաղաքացիական գործով թիվ 03471018 կատարողական վարույթով փոխանցված 3.652.750 ՀՀ դրամը գումարը՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1 շենքի 29 բնակարանի Կարինե Սիմոնի Սարգսյանի 1/4 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու համար վճարված Սուսաննա Մանուկյանի, էմմա Մանուկյանի և Քրիստինե Մանուկյանի կողմից:

(…)»:

Այդ որոշումն ընդունելիս դատարանը նկատի է ունեցել, որ «(…)ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ մերժելու մասին նոր վճիռ, ապա դատարանը պետք է կայացնի դատական ակտ` գույքը պարտապանին վերադարձնելու մասին: Քանի որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2017 թվականի լրացուցիչ վճռով թույլատրվել է Սուսաննա Մանուկյանին, Էմմա Մանուկյանին և Քրիստինե Մանուկյանին վճարելու փոխհատուցում Կարինե Սարգսյանին՝ 3.850.000 ՀՀ դրամի չափով, ք. Երևան, Նոր Նորքի, Բաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 1 շենք, 29 բնակարանի սեփականության իրավունքով պատկանող 1/4 բաժնեմասի նկատմամբ Կարինե Սիմոնի Սարգսյանի սեփականության իրավունքը դադարեցնելու համար, ուստի պետք է կատարել վճռի շրջադարձ»:

Միաժամանակ Դատարանը հիմք է ընդունել ՀՀ ԴԱՀԿ ծառայության 03.02.2023 թվականի թիվ 986/03 գրությունը, որով հաստատվում է.

«(…) Հարուցված կատարողական վարույթների կատարման շրջանակներում պահանջատերերի կողմից հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է վճարվել թիվ ԵՄԴ/3200/02/15 կատարողական թերթով սահմանված 3.850.000 ՀՀ դրամ գումարը՝ Կարինե Սիմոնի Սարգսյանի սեփականության իրավունքը դադարեցնելու համար:

Քանի որ պարտապան Կարինե Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵՄԴ/3200/02/15 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժնում հարուցվել է թիվ 03471018 կատարողական վարույթը, որտեղ պահանջատեր է հանդիսանում Աշոտ Հայրապետյանը, ուստի վերը նշված գումարից 3.652.750 ՀՀ դրամ գումարը փոխանցվել է Աշոտ Հայրապետյանի կողմից ներկայացված իրեն պատկանող բանկային հաշվեհամարին, իսկ 192.250 ՀՀ դրամ գումարը՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս» :

2.10. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Աշոտ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ թիվ ԵՄԴ/3200/02/15 քաղաքացիական գործով 09.03.2023 թ. «Դատական ակտի շրջադարձ կատարելու մասին» վերտառությամբ որոշման դեմ` ըստ հայցի՝ Աշոտ Հայրապետյանի ընդդեմ Կարինե Սիմոնի Սարգսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող), երրորդ անձինք՝ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊ ընկերության իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության, Սուսաննա Մանուկյանի, Քրիստինե Մանուկյանի և Էմմա Մանուկյանի՝ գումարի բռնագանձման, բռնագանձումը Երևան քաղաքի Նոր Նորքի Բաղյան 2-րդ նրբանցքի 1 շենքի թիվ 29 բնակարանի վրա տարածելու, փոխհատուցմամբ բաժնեմասն առանձնացնելու և գումարը ներկայացված պահանջների բավարարմանն ուղղելու պահանջների մասին, և ըստ երրորդ անձինք՝ Սուսաննա Մանուկյանի, Քրիստինե Մանուկյանի և Էմմա Մանուկյանի (այսուհետ նաև՝ Դիմողներ) ինքնուրույն պահանջի ընդդեմ Աշոտ Ֆրունզեի Հայրապետյանի, Կարինե Սիմոնի Սարգսյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նոր Նորքի Բաղյան 2-րդ նրբանցքի 1 շենքի թիվ 29 բնակարանի՝ պատասխանող Կարինե Սիմոնի Սարգսյանի բաժնեմասի դիմաց շուկայական գնով Կարինե Սիմոնի Սարգսյանին կամ նրա պարտատեր Աշոտ Ֆրունզեի Հայրապետյանին փոխհատուցում վճարել թույլատրելու, բնակարանի 1/4 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին, 20.10.2023 թ. որոշել է.

«1. Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Թիվ ԵՄԴ/3200/02/15 քաղաքացիական գործով Դատարանի 09.03.2023 թվականի «Դատական ակտի շրջադարձ կատարելու մասին» վերտառությամբ որոշումը վերացնել և վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ հարցն ուղարկել նույն Դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

(…)»:

2.11. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 08.02.2024 թ. որոշմամբ Սուսաննա, Էմմա և Քրիստինե Մանուկյանների վճռի շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումը մերժվել է:

2.12. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2024 թ. որոշմամբ Սուսաննա, Էմմա և Քրիստինե Մանուկյանների բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 08.02.2024 թ. որոշումը վերացվել է ու կայացվել է նոր դատական ակտ, որով որոշվել է կատարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 04.04.2017 թ. վճռի շրջադարձ, և Աշոտ Հայրապետյանից հօգուտ Սուսաննա, Էմմա ու Քրիստինե Մանուկյանների բռնագանձվել է 3․652․750 ՀՀ դրամ:

2.13. Վճռաբեկ դատարանի 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2024 թ. որոշման դեմ Աշոտ Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

3. Դիմողի դիրքորոշումները

Վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի վերաբերյալ Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված մի շարք իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դիմողը նշում է, որ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը հետապնդում է դատական սխալի արդյունքում պատասխանող-պարտապանին կամ նրա կողմում հանդես եկող երրորդ անձի խախտված իրավունքի վերականգնման, ինչպես նաև մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնման նպատակ:

Այս համատեքստում Դիմողը գտնում է, որ ի կատար ածված և հայցային վաղեմության հիմքով բեկանված դատական ակտի կատարման շրջադարձի պարագայում բացակայում է դատական սխալը, քանի որ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցի մերժումը ոչ մի կերպ չի փաստում այն, որ դատարանը, մինչ այդ հայցը բավարարելով, թույլ է տվել դատական սխալ:

Ըստ Դիմողի՝ հայցային վաղեմության հիմքով հայցը մերժելիս արձանագրվում է, որ առկա է հայցվորի իրավունքի խախտում, սակայն դատական պաշտպանության դիմելու ժամկետի բացթողմամբ պայմանավորված՝ դատարանն իրավասու չէ պաշտպանելու հայցվորի խախտված իրավունքը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դիմողը փաստում է, որ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը հետապնդում է խախտված իրավունքը կրողի իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու նպատակ, և ի կատար ածված և հայցային վաղեմության հիմքով բեկանված դատական ակտի կատարման շրջադարձի պարագայում հայցվոր-պարտատիրոջ կողմից բեկանված ակտի հիման վրա ստացած գումարը պատասխանող պարտապանին կամ նրա կողմում հանդես եկող երրորդ անձին վերադարձնելու պարտականությունը հանգեցնում է հայցվոր-պարտատիրոջ սեփականության իրավունքի խախտման:

Դիմողը, անդրադառնալով ի կատար ածված և հայցային վաղեմության հիմքով բեկանված դատական ակտի առկայության պայմաններում իր խախտված իրավունքների պաշտպանության հարցին և դրա համատեքստում վերլուծելով մի շարք օրենսդրական կարգավորումներ, գտնում է, որ քաղաքացիաիրավական օրենսդրությունը սահմանում է հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո կատարվածը չվերադարձնելու իրավունքի պաշտպանության միջոց, սակայն վիճարկվող դրույթը չի սահմանում հայցային վաղեմության հիմքով բեկանված վճռի կատարման շրջադարձի դեպքում կատարվածը չվերադարձնելու կառուցակարգ և ընթացակարգ:

Անդրադառնալով վիճարկվող դրույթին քննարկման առարկա քաղաքացիական գործի շրջանակներում դատարանների կողմից տրված մեկնաբանությանը՝ Դիմողը փաստում է, որ ձևավորվել է այնպիսի իրավակիրառ պրակտիկա, որը համահունչ չէ ՍԴՈ-1495, ՍԴՈ-1611, ՍԴՈ-1756 որոշումներում Սահմանադրական դատարանի կողմից հայցային վաղեմության ինստիտուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 343-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումից, քանի որ Սահմանադրական դատարանը և օրենսդիրը կարևորում են հայցային վաղեմության հիմքով հայցը մերժելու դեպքում հայցվորի սեփականության իրավունքը դադարած չլինելու և ստացածը չվերադարձնելու հանգամանքները, իսկ վիճարկվող կարգավորման շրջանակներում հաշվի չի առնվել հայցը մերժելու հիմքը, և առանց բացառության սահմանվել է հայցվոր-պարտատիրոջ սեփականության իրավունքի սահմանափակման վերաբերյալ կարգավորում:

Դիմողը նշում է նաև, որ քննարկման առարկա քաղաքացիական գործի շրջանակներում վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով իր կողմից ներկայացված հայցի մերժումն իրեն ոչ միայն զրկում է պահանջի իրավունքն արդյունավետ իրականացնելու կառուցակարգից օգտվելու հնարավորությունից, այլ նաև արդեն իսկ ձեռք բերված սեփականությունից:

4. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև` Պատասխանող), ներկայացնելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության և սեփականության իրավունքների առնչությամբ արտահայտված մի շարք իրավական դիրքորոշումներ և դրանց համատեքստում վերլուծելով վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը, նշում է, որ հիշյալ ինստիտուտի օրենսդրական ամրագրման նպատակն այլոց ապօրինի գործողություններից անձանց սեփականության իրավունքի պաշտպանությունն է:

Ըստ Պատասխանողի՝ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառման արդյունքում վերականգնվում է այն կողմի գույքային իրավունքը, որը խախտվել է դատական սխալի հետևանքով, և այդ իրավունքի վերականգնումը դատարանի պարտականությունն է: Այս առումով Պատասխանողը նաև գտնում է, որ հիշյալ ինստիտուտի բացակայության պայմաններում անձինք կարող են անարդարացիորեն զրկվել սեփականությունից, ինչը կհանգեցնի իրավական անորոշության և մի շարք հիմնարար իրավունքների հնարավոր ոտնահարման:

Պատասխանողը նաև կարծում է, որ վիճարկվող դրույթով ամրագրված ինստիտուտը միտված է ապահովելու դատական սխալի արդյունքում անձի խախտված իրավունքների, այդ թվում նաև՝ սեփականության իրավունքի վերականգնմանը, ինչը վկայում է, որ դատական սխալի արդյունքում խախտված իրավունքի վերականգնումը չի կարող մեկնաբանվել որպես մեկ այլ անձի իրավունքի խախտում:

Պատասխանողը պնդում է, որ վճռի կատարման շրջադարձի իրականացման համար բացառությունների սահմանումը կնշանակի, որ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ նոր դատական ակտը լիարժեք չէ, կամ դատարանը որևէ հանգամանքի չի անդրադարձել, և դրա հետևանքով այդ հանգամանքը ենթադրաբար պետք է դրվի որպես նորմի կիրառման բացառություն, ինչը, ըստ Պատասխանողի, վկայում է, որ առանձին բացառությունների սահմանումը չի բխում դատական սխալի արդյունքում խախտված իրավունքի ամբողջական վերականգնման նպատակից:

Ողջ վերոգրյալի համատեքստում՝ Պատասխանողը փաստում է, որ վիճարկվող դրույթն իր իրավակարգավորիչ բնույթով սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացման տեսանկյունից չի պարունակում որևէ խոչընդոտ և լիովին համապատասխանում է Սահմանադրությանը:

Միևնույն ժամանակ, Պատասխանողը փաստում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը, իրականում բարձրացնում է իր նկատմամբ կայացված դատական ակտի իրավաչափության հարց:

Վերոգրյալի առնչությամբ Պատասխանողը նշում է, որ Դիմողի կողմից վիճարկվող դրույթի՝ Դիմողի նկատմամբ կիրառման իրավաչափության հարցը բարձրացվելու հանգամանքի մասին է վկայում նաև այն, որ Դիմողը նշում է, որ վերաբերելի քաղաքացիական գործի քննության ընթացքում հայցային վաղեմության ինստիտուտը սխալ է կիրառվել. բեկանված գործի նոր քննության ընթացքում հայցային վաղեմության վերաբերյալ միջնորդությունը չպետք է քննարկվեր, քանի որ վճռի կատարման շրջադարձի դեպքում Դիմողը պարտապան չէր հանդիսանում:

Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Պատասխանողը խնդրում է ընդունել որոշում վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

Ուսումնասիրելով դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, թիվ ԵՄԴ/3200/02/15 քաղաքացիական գործի նյութերը, վիճարկվող դրույթը և դատական պրակտիկան, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նշված նորմի հիման վրա Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պահանջները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Վերոնշյալի համատեքստում դիմումի և վերաբերելի դատական ակտերի ուսումնասիրությունից հետևում է, որ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև, ըստ էության, բարձրացնում է հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով վճռի բեկանված լինելու պարագայում վճռի շրջադարձի, այն է՝ ի կատար ածված և բեկանված վճռով ստացած գույքը հայցվոր-պարտատիրոջ կողմից պատասխանող-պարտապանին կամ նրա կողմում հանդես եկող երրորդ անձին վերադարձնելը բացառելու հարց, որի համատեքստում իր համար առաջացած բացասական իրավական հետևանքները պայմանավորում է ի կատար ածված վճիռը՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով բեկանվելու և դրանով պայմանավորված՝ վճռի կատարման շրջադարձ կատարվելու հանգամանքով:

Մինչդեռ վերաբերելի դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ թիվ ԵՄԴ/3500/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողի օգտին կայացված և ի կատար ածված դատական ակտը բեկանվել է այլ հիմքով: Այսպես՝ համաձայն խնդրո առարկա դատական ակտերի՝ թիվ ԵՄԴ/3500/02/15 քաղաքացիական գործով հայցային վաղեմություն կիրառվել է գործի նոր քննության շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի վճռով, որի վերաքննիչ բողոքարկման արդյունքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 11-ին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «(…) դեռևս 25.12.2014 թվականից սկսած վեցամսյա ժամկետում հայցվորը պետք է իր պահանջները ներկայացներ Մարտիրոս Մանուկյանի ժառանգ Կարինե Սարգսյանին, կամ ժառանգության բացման վայրի նոտարին, մինչդեռ վերջինս իր պահանջը ներկայացրել է հայցադիմումի տեսքով միայն 14.10.2015 թվականին, ժառանգության բացման պահից շուրջ ինն ու կես ամիս անց՝ բաց թողնելով պահանջները ներկայացնելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, ըստ այդմ՝ բաց թողնելով նաև իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունը։

(…) Դատարանը, թեև սույն գործով պարտատիրոջ կողմից իր պահանջը պարտապանի ժառանգին կամ ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացնելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու հիմքով հայցի բավարարումը մերժելու փոխարեն, այն մերժել է հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով, սակայն Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը հանգել է իրավաչափ հետևության հայցը մերժելու հարցում, ուստի թույլ չի տվել այնպիսի դատավարական կամ նյութական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա։ Հետևաբար Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն դատական ակտը բեկանելու համար»:

Վերոհիշյալ որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի բեկանել խնդրո առարկա դատական ակտը՝ պատճառաբանելով, որ դատարանը հանգել է իրավաչափ հետևության հայցը մերժելու հարցում՝ միևնույն ժամանակ սույն դատական ակտի պատճառաբանության հիմքում դնելով այն, որ հայցի մերժման պատճառը պարտատիրոջ կողմից իր պահանջը պարտապանի ժառանգին կամ ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացնելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու հանգամանքն է, որի արդյունքում, փաստորեն, Դիմողը բաց է թողել իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունը։

Վերոգրյալից հետևում է, որ Դիմողի համար բացասական իրավական հետևանքներն առաջացել են ոչ թե հայցային վաղեմության ժամկետը, այլ պարտատիրոջ կողմից իր պահանջը պարտապանի ժառանգին կամ ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացնելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու պատճառով: Այլ կերպ՝ Դիմողի համար առաջացած բացասական իրավական հետևանքները ոչ թե վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության, այլ հենց Դիմողի կողմից դրսևորված վարքագծի արդյունք են, այն է՝ Դիմողն իր պահանջը պարտապանի ժառանգին կամ ժառանգության բացման վայրի նոտարին օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում չի ներկայացրել:

Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելը» վերտառությամբ 11-րդ գլխում զետեղված 1243-րդ հոդվածի բովանդակությանը, որը վերաբերում է ժառանգման իրավահարաբերություններում պարտատերերի կողմից պահանջներ ներկայացվելու կարգին: Հիշատակված հոդվածի 1-ին մասի ուժով պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:

Ուսումնասիրության առարկա կարգավորումն ինքնանպատակ չէ: Հաշվի առնելով, որ ժառանգումը համարվում է ընդհանուր (ունիվերսալ) իրավահաջորդություն՝ պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամանակային սահմանափակում դնելը կոչված է երաշխավորելու ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու իրավունքի իրացման համար բավարար որոշակիություն և հստակություն, որպեսզի սահմանված ժամկետի ընթացքում ժառանգն արդարացիորեն հնարավորություն ունենա լիարժեք իրացնել իր կամքը ժառանգությունն ընդունելու հարցում, կողմնորոշվել, թե արդյո՞ք ցանկանում է ընդունել ժառանգությունը՝ այդպիսով կրել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածով նախատեսված՝ ժառանգության հաշվին հատուցվող ծախսերը, թե՝ ոչ:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ ժառանգը պետք է հստակ պատկերացում ունենա ժառանգության զանգվածի մասին, քանզի ընդունելով ժառանգությունը` ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլ նաև պարտավորություն է ստանձնում իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրելու ժառանգատուի պարտավորությունների համար:

Խնդրո առարկա հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ՍԴՈ-1495 որոշմամբ նշել է.

«Օրենսգրքի [ՀՀ քաղաքացիական օրենսգիրք] 1225 և 1227-րդ հոդվածների համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն բացվելուց հետո 6 ամսվա ընթացքում ընդունի, ընդ որում՝ այն պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում, և մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ են մտնում, ի թիվս այլնի, նաև ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքային իրավունքները և պարտականությունները:

Նշված դրույթներից հետևում է, որ պարտատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության ժամկետային սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ կանխել անորոշությունն ու անարդարությունը, ինչը կարող է առաջանալ ժառանգության ընդունումից հետո ժառանգներին պահանջներ ներկայացվելու դեպքում։ Ժառանգատուի պարտատերերի կողմից ժառանգներին պահանջներ ներկայացնելու համար սահմանված վեցամսյա իրավադադարեցնող ժամկետը ոչ միայն նպատակ ունի կանոնակարգել քաղաքացիական շրջանառությունը, այլև ժառանգին հնարավորություն է տալիս ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի և ժառանգատուի պարտավորությունների հաշվառմամբ որոշելու իր ժառանգման իրավունքի իրացման հարցը:

(…)

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիտարկվող «պարտապան-պարտատեր» իրավահարաբերություններում պարտապանի ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու արդյունքում վնաս կրելու ռիսկը վերաբերում է պարտատերերին, ուստի վերջիններս՝ որպես շահագրգիռ անձինք, պետք է համապատասխան վարքագիծ դրսևորեն: Օրենքը չի արգելում պարտատիրոջը որոշակի պարբերականությամբ ինքնուրույն տեղեկանալու պարտապանի մասին, և վերջինիս կողմից պարտավորություն չկատարելը պետք է դրդի պարտատիրոջն ակտիվ գործողություններ կատարելուն, ընդ որում՝ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել և բավարար միջոցների առկայության և սահմանված ժամկետը բաց չթողնելու պայմաններում հատուցվել ինչպես ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու, այնպես էլ ժառանգությունը չընդունելու պարագայում, նույնիսկ ժառանգների բացակայության դեպքում պարտատերերը կարող են հավակնել իրենց հասանելիք պարտքերը ստանալուն»:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով սույն գործին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելով, զրկվել է պարտապան-ժառանգատուի ժառանգական զանգվածում ներառված և ժառանգին անցած գույքի արժեքի սահմաններում իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից (պարտատերը փաստացի իր վարքագծով, մասնավորապես՝ դրսևորած անգործությամբ հրաժարվել է իր պահանջից), քանզի նման պահանջ չներկայացնելով, այն, ըստ էության, չի փոխանցվել ժառանգին, հետևաբար՝ վերջինս պարտատիրոջ առջև չի «դիրքավորվել իբրև պարտապան»: Այլ խոսքով՝ պարտատիրոջ կողմից իր պահանջն օրենքով սահմանված ժամկետում և ընթացակարգով չներկայացվելը հանգեցրել է պարտատեր-պահանջ-պարտապան տրամաբանական շղթայի խզման, վերջնարդյունքում՝ պարտապանի ժառանգին տվյալ պահանջը ներկայացվելու անհնարինության, քանզի ժառանգը, ժառանգությունն ընդունելիս համապատասխան պահանջ ներկայացված չլինելու պայմաններում, չի ստանձնել նաև տվյալ պահանջը բավարարելու ժառանգատուի պարտավորությունը, այդպիսով՝ ձեռք չի բերել այդ պահանջի մասով քաղաքացիաիրավական իմաստով պարտապանի կարգավիճակ:

Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը, ձևականորեն բարձրացնելով Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է իր նկատմամբ վերոնշյալ իրավական կարգավորման կիրառման իրավաչափության հարց՝ հետապնդելով իր վարքագծի արդյունքում առաջացած բացասական իրավական հետևանքները սահմանադրական արդարադատության շրջանակներում չեզոքացնելու նպատակ:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական գանգատարկման շրջանակներում անթույլատրելի է սահմանադրական արդարադատությունը ծառայեցնել եռաստիճան դատական համակարգի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգմամբ Դիմողի համար անբարենպաստ հետևանքները չեզոքացնելուն. նման պրակտիկան խեղաթյուրում է սույն ինստիտուտի հիմքում Սահմանադրի դրած իմաստն ու բովանդակությունը՝ ձևախեղելով սահմանադրական արդարադատության բուն առաքելությունը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Աշոտ Հայրապետյանի դիմումի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

10 հունիսի 2025 թվականի

ՍԴԱՈ-93

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-93
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել