Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՖԻՇԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՖԻՇԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5016 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-50)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 50 | «ՖԻՇԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 16 սեպտեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով «ՖԻՇԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՖԻՇԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Միքայել Դանիելյան, Վարդան Վարդանյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի սեպտեմբերի 3-ին)՝ խնդրելով.

«1․ Գործն ընդունել քննության,

2․ Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 170-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/8687/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) քաղաքացիական դատավարության շրջանակներում հայցի հիմքի ու առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը՝ պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու հիմքով չքննարկելու մասին միջանկյալ դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 170-րդ հոդվածով անմիջական բողոքարկման ենթակա չլինելն առաջնահերթ հանգեցնում է դատարան դիմած անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության, ներառյալ նաև՝ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման խաթարմանը՝ պայմանավորված թե՛ այդ որոշման վարութային առանձնահատկություններով և թե՛ դրանով անձի համար վրա հասնող հետևանքներով»:

Դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկն ամբողջական չէ, «(...) քանի որ դրանում ներառված չեն գործի քննության ընթացքում ներկայացվող՝ պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու միջնորդության մերժման որոշումը և հայցի հիմքի/առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը, որոնք պետք է առկա լինեին տվյալ ցանկում, ավելին՝ նշյալ որոշումների անմիջական բողոքարկման հնարավորությունը սահմանված չէ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածով, այնինչ, ինչպես նշվեց, դրանք պետք է լինեին անմիջական բողոքարկման ենթակա դատական ակտեր՝ հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի 2024 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1725 որոշմամբ միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիության կարգի մասով սահմանված չափորոշիչները (...)»:

Դիմողը պնդում է, որ «(...) այն դեպքերում, երբ միջանկյալ դատական ակտի առաջացրած հետևանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ դրա անմիջական բողոքարկման հնարավորություն չսահմանելու դեպքում չեն երաշխավորվելու և անխախտ չեն մնալու անձի դատական պաշտպանության արդյունավետությունն ու արդար դատաքննության իրավունքը, ապա նման միջանկյալ դատական ակտերի համար պետք է սահմանել բողոքարկման անմիջական կարգ, իսկ օրենսդրի հակառակ մոտեցումը ենթակա է սահմանադրական վերահսկողության, որի արդյունքում համապատասխան իրավադրույթները կարող են ճանաչվել ու պետք է ճանաչվեն Սահմանադրությանը հակասող ու անվավեր»:

Ըստ Դիմողի՝ «Սույն դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև նույն օրենսգրքի 170-րդ հոդվածով՝ գործի քննության ընթացքում ներկայացվող՝ պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը չքննարկելու մասին որոշումը նախատեսված չեն որպես անմիջական բողոքարկման հնարավորություն ունեցող դատական ակտեր՝ այն պարագայում, երբ անմիջական բողոքարկման պարտադիրությունը բխում է ինչպես տվյալ որոշումների վարույթային առանձնահատկություններից, այնպես էլ տվյալ որոշումների արդյունքում դատավարության մասնակիցների համար վրա հասնող հետևանքներից, հետևաբար այդ որոշումները քննարկվող իրավանորմերով որպես անմիջական բողոքարկման ենթակա դատական ակտեր չնախատեսելը մեր գնահատմամբ առաջացնում է Դիմողի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտում (...)»:

Դիմողի պնդմամբ՝ քննարկվող իրավիճակում վարութային առանձնահատկություններն իրենց բնույթով այնպիսին են, որ համապատասխան որոշումը պետք է ներառված լիներ անմիջական բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շարքում՝ այդ եղանակով ապահովելով իր արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների անարգել և լիարժեք իրացումը:

Դիմողը նշում է, որ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում ստացվում է մի իրավիճակ, համաձայն որի՝ ինքը «(...) պետք է սպասի այնքան ժամանակ, որ գործով կայացվի եզրափակիչ դատական ակտ և վերջինս ունենա հնարավորություն՝ հետաձգված բողոքարկման տարբերակով բարձրացնելու իր նկատմամբ կայացված Որոշման ոչ իրավաչափ լինելու հարցը և ունենա հնարավորություն՝ գործը նոր քննության ընթացքում քննելու իր համար նախընտրելի հայցի առարկայով և հիմքով, իսկ այդ ամբողջ ընթացքում Դատարանում քննվելու է մի հայց, որը մեծ հաշվով այլևս հետաքրքրություն չի ներկայացնում Դիմողի համար, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է գործը ողջամիտ ժամկետում քննվելու սահմանադրական իրավունքի խախտման»:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը և 170-րդ հոդվածը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին՝ այնքանով, որքանով չեն սահմանում քաղաքացիական դատավարության շրջանակներում հայցի հիմքի/առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը չքննարկելու մասին միջանկյալ դատական ակտը՝ ներառյալ նաև պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու միջնորդության մերժման մասով (հիմքով), որպես անմիջական բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտ»:

Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացված միջնորդությամբ Սահմանադրական դատարանին խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից՝ այն հանգամանքի հաշվառմամբ, որ վերջինս սնանկ ճանաչվելու հիմքով իր նկատմամբ կիրառված սահմանափակումների արդյունքում զրկվել է իր գույքի և դրամական միջոցների տնօրինման, ինչպես նաև պետական տուրքի վճարման հնարավորությունից, ուստի՝ անկարող է վճարել ներկայացված դիմումի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

3. Ելնելով դիմումի և դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(...) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (...)»:

Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ օրենսդիրն Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանել է առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող այն որոշումների ցանկը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Այս առումով հարկ է նաև վկայակոչել Սահմանադրական դատարանի կողմից 2010 թվականի նոյեմբերի 2-ին կայացված ՍԴՈ-922 որոշումը, որով Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.

«(…) օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է՝ բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում՝ «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում։ Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման հետ կապված օրենսդրի կամքը հստակ է, և վերջինս քաղաքացիական դատավարության շրջանակներում ամբողջությամբ կանոնակարգել է գործն ըստ էության չլուծող այն դատական ակտերի ցանկը, որոնք ենթակա են անմիջական բողոքարկման:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ միջանկյալ դատական ակտերի բողոքարկման կարգի ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է, հետևաբար՝ հիմնավորված չէ Դիմողի կողմից իր իրավունքների ենթադրյալ խախտումները վիճարկվող դրույթներում առկա ենթադրյալ օրենսդրական բացով պայմանավորելը։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, համաձայն որի՝ վերջինիս համապատասխան իրավունքի խախտումը հետևանք է խնդրո առարկա՝ թիվ ԵԴ2/8687/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդության մերժմամբ պայմանավորված՝ հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդության չքննարկման, Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում վկայակոչել վերոհիշյալ գործով 2025 թվականի մայիսի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից կայացված՝ «Հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման առանցքում դրված հետևյալ հիմնավորումը.

«Սույն գործի շրջանակներում Հայցվորը «ՖԻՇԿՈ» ՍՊ ընկերությունն է, հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացրել է ոչ թե կազմակերպության սնանկության գործով կառավարիչը, այլ «ՖԻՇԿՈ» ՍՊ ընկերության կողմից անմիջականորեն լիազորված անձը:

Հետևաբար ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ առկա չէ պետական տուրքի վճարումից ազատելու հիմք:

Անդրադառնալով պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությանը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.

(...)

(...) Հայցվորը՝ որպես պետական տուրքի գծով արտոնություն ստանալու հիմք վկայակոչում է սնանկ ճանաչվելուց հետո իր գույքն ու դրամական միջոցները տնօրինելու հնարավորության սահմանափակումը՝ միաժամանակ չհիմնավորելով Հայցվոր ընկերության գույքային դրությունը»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1․ Բավարարել «ՖԻՇԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը։

2․ «ՖԻՇԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

16 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-50

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-50
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել